Արդյունավետորեն կատարենք փողոցի ծառայությունը
1. Ո՞րն է Հիսուսին ընդօրինակելու կերպերից մեկը։
1 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը չէր վարանում խոսել նրանց հետ, ում հանդիպում էր ճանապարհին կամ այլ մարդաշատ վայրերում (Ղուկ. 9։57–61; Հովհ. 4։7)։ Նա ցանկանում էր իր կարևոր լուրի մասին հայտնել որքան հնարավոր է շատ մարդկանց։ Այսօր փողոցի ծառայությունը հրաշալի միջոց է օգնելու մարդկանց, որ աստվածային իմաստություն ձեռք բերեն (Առակ. 1։20)։ Մենք հաջողության կհասնենք, եթե նախաձեռնություն վերցնենք և խորաթափանց լինենք։
2. Ինչպե՞ս կարող ենք նախաձեռնություն վերցնել փողոցի ծառայության ժամանակ։
2 Նախաձեռնություն վերցրու։ Ավելի լավ է մոտենալ անցորդներին, քան կանգնած կամ նստած սպասել, որ նրանք մոտենան քեզ։ Ժպտա նրանց, տեսողական կապ հաստատիր, ինչպես նաև եղիր մեղմ և բարյացակամ։ Ծառայության ժամանակ մարդկանց երկուսով մոտենալու փոխարեն՝ գուցե ամեն մեկդ առանձին մոտենա որևէ անհատի։ Նաև անհրաժեշտ է նախաձեռնություն վերցնել հետաքրքրություն ցույց տված անհատի հետ կրկին խոսելու համար։ Ուստի, հնարավորության դեպքում, զրույցի վերջում նրբանկատորեն հարցրու, թե ինչպես կարող ես կապ հաստատել նրա հետ։ Որոշ քարոզիչներ կանոնավորաբար նույն տարածքում են փողոցի ծառայություն կատարում, ինչն էլ հնարավորություն է տալիս պարբերաբար խոսելու միևնույն անհատների հետ և շարունակելու զարգացնել նրանց հետաքրքրությունը։
3. Ինչպե՞ս կարող ենք խորաթափանց լինել փողոցի ծառայություն անելիս։
3 Խորաթափանց եղիր։ Ողջամիտ եղիր որոշելու համար, թե փողոցում որտեղ կանգնես կամ ում մոտենաս։ Կարիք չկա մոտենալու ամեն անցորդի։ Դիտունակ եղիր։ Օրինակ՝ եթե անհատը շտապում է, լավ կլինի թույլ տալ, որ շարունակի ճանապարհը։ Երբ վկայություն ես տալիս որևէ գործարար տարածքի մոտ, խորաթափանց եղիր, որպեսզի ավելորդ անհանգստություն չպատճառես շենքի մենեջերին։ Հաճախ ավելի արդյունավետ է լինում վկայություն տալ մարդկանց աշխատավայրից դուրս գալիս և ոչ թե աշխատանքի գնալիս։ Այնպես մոտեցիր անհատին, որ նա չվախենա կամ անակնկալի չգա։ Խորաթափանց եղիր նաև գրականություն առաջարկելիս։ Եթե մարդը այդքան էլ հետաքրքրված չէ, կարող ես պարբերագրի փոխարեն թերթիկ առաջարկել։
4. Ինչո՞ւ է փողոցի ծառայությունը հաճելի ու արդյունավետ ծառայության ձև։
4 Փողոցի ծառայությունը հնարավորություն է տալիս մեզ կարճ ժամանակում ցանել ճշմարտության սերմերը (Ժող. 11։6)։ Այս ծառայության ընթացքում թերևս զրուցես նաև նրանց հետ, ում չես կարողանում հանդիպել տնետան ժամանակ։ Դու էլ փոփոխություններ կատարիր, որպեսզի մասնակցես փողոցի ծառայությանը՝ ծառայության այս հաճելի ու արդյունավետ ձևերից մեկին։