Օգնենք, որ լսեն Աստծուն
1. Ո՞ր գրքույկների մասին հայտարարվեց «Թող գա Աստծու Թագավորությունը» համաժողովում։ Ինչո՞վ են դրանք առանձնահատուկ։
1 «Թող գա Աստծու Թագավորությունը» մարզային համաժողովում հայտարարվեց երկու նոր գրքույկների մասին. «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» և պարզեցված տարբերակը՝ «Լսիր Աստծուն»։ Քանի որ այս հրատարակություններում տեքստի ծավալը փոքր է, դրանք կարող են թարգմանվել արագորեն և հեշտությամբ։ Երբ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը լույս տեսավ անգլերեն լեզվով, արդեն հավանություն էր տրվել այդ գրքույկը թարգմանելու 431 լեզուներով։
2. Ովքե՞ր կարող են օգուտներ քաղել այս գրքույկներից։
2 Հատկապես ովքե՞ր կարող են օգուտներ քաղել այս գրքույկներից։ Քննենք հետևյալ իրավիճակները, որ հաճախ են հանդիպում աշխարհի տարբեր վայրերում։
• Քարոզիչը առաջին այցելության կամ վերայցելության ժամանակ նկատում է, որ բնակիչը չի կարողանում կարդալ կամ էլ շատ վատ է կարդում։
• Քարոզիչը վկայություն է տալիս այնպիսի մարդկանց, ովքեր խոսում են այն լեզվով, որով մենք քիչ հրատարակություններ ունենք կամ ընդհանրապես չունենք։ Կամ էլ տարածքի բնակչության մեծ մասը չի կարողանում կարդալ այն լեզվով, որ լեզվով ազատորեն խոսում է։
• Քարոզիչը ժեստերի լեզվով վկայություն է տալիս իր տարածքում ապրող լսողության խնդիր ունեցող մարդու։
• Ծնողը ցանկանում է ճշմարտությունը սովորեցնել իր փոքր երեխային, որը դեռ չի կարողանում կարդալ։
3. Ի՞նչ բովանդակություն ունի «Լսիր Աստծուն» գրքույկը։
3 Գրքույկների բովանդակությունը։ «Լսիր Աստծուն» գրքույկը շատ քիչ տեքստ է պարունակում. յուրաքանչյուր էջի ներքևի մասում գրված է հիմնական մտքերը ընդգծող մեկ պարզ նախադասություն և աստվածաշնչային համար։ Ինչո՞ւ է այսպես։ Պատկերացրու՝ քեզ առաջարկել են մի գրքույկ, որը գրված է անհասկանալի լեզվով, նույնիսկ հնարավոր է՝ տառերը չես ճանաչում։ Կհետաքրքրի՞ այն քեզ, եթե նույնիսկ պարունակի գեղեցիկ նկարներ։ Հավանաբար՝ ոչ։ Նույն ձևով էլ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կարդալ, խուսափում են այն հրատարակություններից, որոնցում կա տեքստ։ Դրա համար էլ գրքույկի յուրաքանչյուր էջում հիմնական շեշտը դրվում է նկարների վրա. կնկատեք սլաքներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ հերթականությամբ է անհրաժեշտ քննարկումն անել։
4. Ի՞նչ բովանդակություն ունի «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը։
4 Երկու գրքույկների նկարներն էլ նույնն են։ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկը նախատեսված է ուսումնասիրություն անցկացնելու համար նրանց հետ, ովքեր վատ են կարդում կամ էլ նոր են սովորում կարդալ։ Ուսումնասիրություն անցկացնողն այս գրքույկը կարող է օգտագործել «Լսիր Աստծուն» գրքույկի հետ միասին։ Յուրաքանչյուր դաս բաղկացած է երկու էջից։ Դասի վերին ձախ անկյունում գրված է մի հարց, որի պատասխանը տրվում է դասի էջերում։ Կան նաև մեկնաբանություններ և աստվածաշնչյան համարներ։ Շատ էջերի ստորին անկյուններում կան շրջանակներ, որոնցում գրված են լրացուցիչ մտքեր ու համարներ, որոնք կարելի է քննարկել՝ ելնելով ուսումնասիրողի ընդունակություններից։
5. Ե՞րբ և ինչպե՞ս կարող ենք առաջարկել գրքույկները։
5 Ինչպես օգտագործել։ Երկու գրքույկներն էլ կարելի է առաջարկել տնետուն ծառայության ժամանակ, երբ էլ որ նպատակահարմար գտնես, նույնիսկ այն ժամանակ, երբ գրքույկը նախատեսված չէ տարածելու տվյալ ամսին (տե՛ս «Ինչպես կարելի է առաջարկել» շրջանակը)։ Կարող ես առաջարկել նաև վերայցելության ժամանակ։
6. Ինչպե՞ս պետք է անցկացնենք ուսումնասիրությունը այս գրքույկների միջոցով։
6 «Լսիր Աստծուն» գրքույկում չկան տպագրված հարցեր, հետևաբար ուսումնասիրությունը չի անցկացվի այնպես, ինչպես «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով ենք անցկացնում։ Ամեն երկրում էլ մարդիկ սիրում են պատմություններ լսել։ Ուստի գրքույկի նկարների միջոցով պատմիր այն, ինչ գրված է Աստվածաշնչում։ Բացատրիր նկարները։ Խոսիր խանդավառությամբ։ Հարցրու ուսումնասիրողին, թե նա ինչ է տեսնում և ինչ է մտածում։ Կարդա էջի ներքևում գրված համարները և տրամաբանիր նրա հետ։ Հարցեր տուր և համոզվիր, որ նա հասկանում է նյութը։ Եթե ուսումնասիրությունը անցկացվում է «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկով, յուրաքանչյուր նկար քննարկելիս կարդացեք գրված տեքստը և համարները։
7. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին առաջադիմելու։
7 Օգնիր ուսումնասիրողին առաջադիմելու։ Հուսով ենք՝ քննարկումների շնորհիվ ուսումնասիրողի մեջ կարդալ սովորելու ցանկություն կառաջանա, որպեսզի նա կարողանա ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերել Եհովայի մասին (Մատթ. 5։3; Հովհ. 17։3)։ Ուստի, եթե ուսումնասիրությունն անցկացնում ես «Լսիր Աստծուն» գրքույկի միջոցով, ժամանակի ընթացքում նրան կարող ես առաջարկել, թե արդյոք չէր ցանկանա քո օգնությամբ սովորել կարդալ։ Հետո կարող եք ուսումնասիրությունը շարունակել «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկով։ Անկախ այն բանից, թե որ գրքույկով ես ուսումնասիրություն անցկացնում, ուսումնասիրողը գրքույկն ավարտելուց հետո պատրաստ չի լինի մկրտվելու։ Հարկավոր է անցնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով կամ մեկ այլ հրատարակության միջոցով ուսումնասիրությանը, որպեսզի նա լիարժեք գիտելիքներ ձեռք բերի Աստվածաշնչից։
8. Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք Եհովային այս նոր գրքույկների համար։
8 Մարդիկ, եթե ուզում են հավիտյան ապրել, պետք է լսեն տիեզերքի Գերիշխանին (Ես. 55։3)։ Ավելին, Եհովան ինքն է ցանկանում, որ «ամեն տեսակ մարդիկ», այդ թվում նաև նրանք, ովքեր չեն կարողանում կարդալ, սովորեն, թե ինչպես լսեն իրեն (1 Տիմոթ. 2։3, 4)։ Անչափ շնորհակալ ենք Եհովային այս երկու գրքույկների համար, որոնց միջոցով կարող ենք մարդկանց սովորեցնել, թե ինչպես լսեն Աստծուն։
[շրջանակ 3-րդ էջի վրա]
Ինչպես կարելի է առաջարկել
Բնակչին ցույց տուր 2-րդ, 3-րդ էջերը և ասա. «Կցանկանայի՞ք ապրել այսպիսի տեղում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում գրված է, որ Աստված շուտով աշխարհը դարձնելու մի գեղեցիկ, խաղաղ վայր։ Այդ ժամանակ չի լինի ո՛չ աղքատ, ո՛չ հիվանդ։ Սակայն դրա համար հարկավոր է անել մի բան։ Տեսեք, թե ինչ է գրված այստեղ։ [Կարդա՛ Եսայիա 55։3, որը մեջբերված է 3-րդ էջում։] Այս խոսքերում Աստված ասում է՝ «ինձ մոտ եկեք և լսեք ինձ»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք նրան լսել»։ Բացիր 4-րդ և 5-րդ էջերը և քննարկիր այդ հարցի պատասխանը։ Եթե մարդը ժամանակ չունի, գրքույկը տուր նրան և պայմանավորվիր, որ վերադառնաս ու հարցի պատասխանը քննարկես նրա հետ։