Օգտագործիր թերթիկները՝ բարի լուրը տարածելու համար
1. Ի՞նչ դեր են ունեցել թերթիկները քարոզչական գործում։
1 Բարի լուրը տարածելու համար Եհովայի ժողովուրդը վաղուց է օգտագործում աստվածաշնչյան թեմաներով թերթիկներ։ 1880թ.-ին Չ. Ռասելը և նրա համագործակիցները սկսեցին հրատարակել «Աստվածաշունչ ուսումնասիրողների տրակտատ» կոչվող թերթիկները, որպեսզի դրանք տարածվեին «Դիտարան» պարբերագրի ընթերցողների կողմից։ Թերթիկներն այնքան կարևոր էին համարվում, որ երբ 1884թ.-ին Չ. Ռասելը Թագավորության գործը առաջ տանելու նպատակով հիմնեց շահույթ չհետապնդող մի իրավաբանական միավորում, «թերթիկ» բառը մտցվեց այդ միավորման անվան մեջ՝ «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերություն» (այժմ կոչվում է «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն» (Փենսիլվանիա))։ Արդեն 1918թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները տարածել էին ավելի քան 300 միլիոն թերթիկ։ Թերթիկները այսօր էլ վկայություն տալու արդյունավետ միջոց են։
2. Ինչո՞ւ են թերթիկներն արդյունավետ։
2 Ինչո՞ւ են արդյունավետ։ Թերթիկները գունավոր են, պարունակում են հակիրճ, բայց բովանդակալից տեղեկություն, որը գրավում է մարդու ուշադրությունը։ Դրանք հարմար են այն մարդկանց համար, ովքեր խուսափում են գրքերից կամ ամսագրերից։ Թերթիկները հեշտությամբ են առաջարկում նույնիսկ նոր քարոզիչները կամ երեխաները։ Բացի այդ, դրանք չափերով փոքր են և հարմար են մեզ հետ ունենալու համար։
3. Անձնական փորձից կամ էլ հրատարակություններից պատմիր մի դեպք, որը ընդգծում է թերթիկների արժեքը։
3 Շատերը ճշմարտությունն իմացել են թերթիկի միջոցով։ Օրինակ՝ Հայիթիում ապրող մի կին, փողոցում նկատելով գետնին ընկած մեր թերթիկներից մեկը, վերցրեց այն, կարդաց, հետո բացականչեց. «Ես գտել եմ ճշմարտությունը»։ Հետագայում նա գնաց Թագավորության սրահ, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և մկրտվեց։ Եվ այս ամենը ինչի՞ շնորհիվ. Աստծու Խոսքի՝ թերթիկում ամփոփված զորության։
4. Ո՞րը պետք է լինի մեր նպատակը, երբ տվյալ ամսին նախատեսված լինի թերթիկ առաջարկել։
4 Տնետուն։ Քանի որ թերթիկները վկայություն տալու արդյունավետ միջոց են, նոյեմբեր ամսից՝ դրանք ժամանակ առ ժամանակ կլինեն տվյալ ամսին տարածելու համար նախատեսված գրականության մեջ։ Մեր նպատակը պարզապես թերթիկներ բաժանելը չէ. դրանք պետք է օգտագործենք զրույց սկսելու համար։ Եթե առաջին այցելության կամ վերայցելության ժամանակ անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, կարող ենք ցույց տալ նրան, թե ինչպես է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվում «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի կամ էլ ուսումնասիրության համար նախատեսված այլ ձեռնարկի միջոցով։ Ինչպե՞ս կարող ենք տնից տուն ծառայության ժամանակ թերթիկներ առաջարկել։ Թերթիկները տարբեր են, ուստի պետք է տեղյակ լինենք դրանց բովանդակությանը։
5. Ինչպե՞ս կարող ենք թերթիկներն առաջարկել տնետան ժամանակ։
5 Մեր մատուցումը պետք է համապատասխանի տարածքին և հիմնված լինի այն թերթիկի վրա, որն առաջարկում ենք։ Կարող ես զրույցը սկսել՝ թերթիկը տալով բնակչին։ Առաջին էջը գրավիչ է, ուստի կարող է շարժել նրա հետաքրքրությունը։ Կամ էլ ցույց տուր մի քանի թերթիկ և առաջարկիր ընտրել իրեն հետաքրքրողը։ Եթե բնակիչը չի ուզում դուռը բացել, կարող ես թերթիկն (առաջին էջը) այնպես պահել, որ նա այն տեսնի, կամ էլ նրան ասա, որ կցանկանայիր դռան արանքում թերթիկ թողնել և կուզեիր իմանալ նրա կարծիքը դրա վերաբերյալ։ Եթե թերթիկի վերնագիրը հարց է, խնդրիր նրան կարծիք հայտնել այդ հարցի մասին։ Կամ ինքներս կարող ենք այնպիսի հարց մտածել, որը հետաքրքրություն կառաջացնի և կմղի բնակչին զրուցելու։ Եթե զրույց է սկսվում, թերթիկից կարող ես ընթերցել մի հատված։ Այն մասերում, որտեղ հարց կա, կանգ առ և առաջարկիր բնակչին, որ իր տեսակետն արտահայտի։ Գլխավոր համարները կարդա անմիջապես Աստվածաշնչից։ Որոշակի նյութ քննարկելուց հետո ավարտիր զրույցը և կոնկրետ պայմանավորվիր վերայցելության մասին։ Եթե ձեր ժողովում ընդունված է չբացված դռների մոտ գրականություն թողնել, ապա կարող ես թերթիկ թողնել, բայց այնպես, որ այն նկատելի չլինի ուրիշներին։
6. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել թերթիկները փողոցի ծառայության ժամանակ։
6 Փողոցի ծառայություն։ Թերթիկները կարող ենք օգտագործել նաև փողոցի ծառայության ժամանակ։ Որոշ անցորդներ շտապում են և հակված չեն կանգնելու ու զրուցելու։ Գուցե դժվար է որոշել՝ նրանք հետաքրքրված են, թե ոչ։ Քանի որ չգիտենք՝ նրանք կկարդան ամսագրերը, թե ոչ, դրանց փոխարեն լավ կլինի թերթիկ առաջարկել։ Քանի որ թերթիկի շապիկը գրավիչ է, իսկ տեղեկությունը՝ հակիրճ, մարդիկ, հետաքրքրասիրությունից մղված, գուցե կարդան այն, երբ մի քանի րոպե ազատ ժամանակ ունենան։ Ինչ խոսք, եթե մարդը չի շտապում, կարող ենք թերթիկից որոշակի նյութ քննարկել։
7. Պատմիր դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է թերթիկով ոչ պաշտոնական վկայություն տալ։
7 Ոչ պաշտոնական վկայություն։ Հեշտ է ոչ պաշտոնական վկայություն տալ թերթիկների օգնությամբ։ Մի եղբայր տնից դուրս գալիս միշտ մի քանի թերթիկ է վերցնում իր հետ։ Երբ հանդիպում է ինչ-որ մեկին, օրինակ՝ խանութի աշխատողին, նա պարզապես ընթերցելու բան է առաջարկում ու մի թերթիկ տալիս։ Մի ամուսնական զույգ պետք է մեկներ Նյու Յորք՝ տեսարժան վայրեր դիտելու։ Ամուսինները գիտեին, որ այնտեղ հանդիպելու են տարբեր երկրներից եկած մարդկանց, ուստի իրենց հետ վերցրին «Բոլոր ազգերը» գրքույկը և տարբեր լեզուներով թերթիկներ։ Երբ լսում էին, որ ինչ-որ մեկը խոսում է օտար լեզվով, կլիներ դա մայթում նստած մանրավաճառը, թե զբոսայգում կամ ռեստորանում իրենց կողքին նստածը, նրան իր մայրենի լեզվով թերթիկ էին առաջարկում։
8. Ի՞նչ առումով են թերթիկները նման սերմերի։
8 «Ցանիր քո սերմը»։ Թերթիկները կարելի է նմանեցնել սերմերի։ Հողագործը սերմը ցանում է առատորեն, որովհետև չգիտի, թե դրանցից որ մեկը ծիլ կտա ու կաճի։ Ժողովող 11։6-ում ասվում է. «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր, որովհետև չգիտես, թե որտեղ այն կհաջողվի, այստե՞ղ, թե՞ այնտեղ, կամ գուցե երկուսն էլ լավ կլինեն»։ Ուստի եկեք «գիտելիքներ տարածենք» թերթիկների միջոցով, որոնք անչափ արդյունավետ են քարոզչական գործում (Առակ. 15։7)։
[մեջբերում 3-րդ էջի վրա]
Քանի որ թերթիկները վկայություն տալու արդյունավետ միջոց են, նոյեմբեր ամսից՝ դրանք ժամանակ առ ժամանակ կլինեն տվյալ ամսին տարածելու համար նախատեսված գրականության մեջ։