Նոր թերթիկների գրավիչ դիզայնը
1. Ծառայության մեջ գրավիչ դիզայնով ի՞նչ նոր գործիքներ ունենք։
1 2013 թ. «Աստծու Խոսքը ճշմարտություն է» մարզային համաժողովին լույս տեսավ հինգ նոր թերթիկ։ «Թագավորության լուրը» շարքի 38-րդ թերթիկը, որի վերնագիրն է «Կարո՞ղ են մահացածները նորից ապրել» ավելացվեց այս թերթիկներին։ Այս վեց նոր թերթիկներն ունեն գրավիչ դիզայն։ Ինչո՞ւ թերթիկները հրատարակվեցին նոր ձևաչափով։ Տնետուն ծառայության ժամանակ այս թերթիկներն առաջարկելիս ինչպե՞ս կարող ենք օգտվել դրանց նոր առանձնահատկություններից։
2. Ո՞րն է թերթիկների նոր դիզայնի նպատակը։
2 Ինչո՞ւ նոր դիզայնի անհրաժեշտություն եղավ։ Տնետուն ծառայության ժամանակ արդյունավետ մատուցում անելը հաճախ ներառում է հետևյալ չորս քայլերը՝ 1) զրույց սկսելու համար տեսակետ բացահայտող հարց տալ, 2) Աստվածաշնչից մի համար կարդալ, 3) գրականություն առաջարկել, 4) բաց հարց թողնել և պայմանավորվել կրկին հանդիպել։ Թերթիկների նոր դիզայնը օգնում է մեզ հեշտությամբ կատարելու այս չորս քայլերը։
3. Ինչպե՞ս կարող ենք առաջարկել նոր թերթիկները ծառայության ժամանակ։
3 Ինչպե՞ս օգտագործել դրանք։ 1) Տանտիրոջը ողջունելուց հետո ցույց տուր թերթիկի առջևում գտնվող հարցը, որը նաև պատասխանի ընտրության հնարավորություն է տալիս։ Իմացիր նրա կարծիքը։ 2) Բացիր թերթիկը և քննարկիր «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը» հատվածը։ Եթե հանգամանքները թույլ են տալիս, համարը կարդա հենց Աստվածաշնչից։ Եթե տանտերը ժամանակ ունի, քննարկիր «Ի՞նչ է նշանակում սա» ենթավերնագիրը։ 3) Առաջարկիր թերթիկը և խրախուսիր նրան հնարավորության սահմաններում կարդալ այն։ 4) Նախքան հեռանալը՝ ցույց տուր «Գուցե մտածեք» ենթավերնագրի տակ գտնվող հարցը և պայմանավորվիր հաջորդ անգամ պատասխանել այդ հարցին։
4. Վերայցելության ժամանակ ինչպե՞ս կարող ենք օգտագործել նոր թերթիկները։
4 Վերայցելություն անելը նույնպես շատ հեշտ է լինում։ Պարզապես օգտագործիր թերթիկի վերջին էջում նշված աստվածաշնչային համարները նախորդ անգամ բաց թողնված հարցին պատասխանելու համար։ Նախքան հեռանալը՝ տանտիրոջը ցույց տուր «Բարի լուր» գրքույկը և այդ թեմայի վերաբերյալ համապատասխան դասը, այնուհետև առաջարկիր գրքույկը։ Եթե նա վերցնի, պայմանավորվիր հաջորդ անգամ քննարկել այն։ Փաստորեն դու Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցիր։ Կամ էլ գրքույկն առաջարկելու փոխարեն՝ կարող ես առաջարկել մեկ ուրիշ թերթիկ և պայմանավորվել հաջորդ անգամ քննարկել այն։
5. Որքանո՞վ են արդյունավետ թերթիկները։
5 Ավելի քան 130 տարի է, ինչ ծառայության մեջ թերթիկներ ենք օգտագործում։ Թեև դրանց չափերն ու ձևաչափերը փոխվել են, սակայն դրանք շատ արդյունավետ գործիք են վկայություն տալու համար։ Ուստի օգտագործենք այս նոր թերթիկները և շարունակենք աշխարհով մեկ տարածել աստվածաշնչյան գիտելիքները (Առակ. 15։7ա)։