Ջերմորեն ողջունիր նրանց
1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիշատակի երեկոն վկայություն տալու հրաշալի հնարավորություն է ընձեռում։
1 Հիշատակի երեկոն վկայություն տալու հիանալի հնարավորություն է ընձեռում։ Մենք ակնկալում ենք, որ այս տարի Երեկոյին հրավիրվածների թիվը անցնելու է տասը միլիոնը։ Նրանք կլսեն փրկանքի միջոցով արտահայտված սիրո երկու մեծագույն դրսևորումների մասին (Հովհ. 3։16; 15։13), կիմանան, թե ինչ օրհնություններ կարող են ստանալ փրկանքի շնորհիվ (Ես. 65։21–23)։ Սակայն հռետորը միակ անձնավորությունը չէ, որ հնարավորություն կունենա վկայություն տալու։ Բոլորս էլ կարող ենք մեծ վկայություն տալ՝ Երեկոյին հրավիրված մարդկանց ջերմորեն ընդունելով, կամ՝ ողջունելով (Հռոմ. 15։7)։
2. Ինչպե՞ս կարող ենք ջերմորեն ողջունել հրավիրվածներին։
2 Նախքան ծրագրի սկսվելը լավ կլինի, որ լուռ նստելու փոխարեն՝ մոտենանք որևէ հրավիրվածի և ողջունենք նրան։ Հրավիրված մարդիկ գուցե մի քիչ լարված լինեն և չիմանան, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու։ Ջերմ ժպիտը և բարեհամբույր վերաբերմունքը կնպաստեն այն բանին, որ նրանք իրենց ազատ զգան։ Հնարավոր է՝ ներկաների թվում լինեն մարդիկ, ովքեր հրավիրատոմս են վերցրել մեզնից և ինքնուրույն եկել են Երեկոյին։ Դա իմանալու համար կարող ես հարցնել հրավիրվածին, թե արդյոք առաջին անգամ է գալիս մեր հանդիպումներին կամ արդյոք ճանաչում է ժողովի անդամներից որևէ մեկի։ Գուցե կարողանաս հրավիրել նստելու քո կողքին և առաջարկել օգտվելու քո Աստվածաշնչից ու երգարանից։ Եթե Երեկոն անցկացվելու է Թագավորության սրահում, գուցե հնարավոր լինի կարճ էքսկուրսիա անցկացնել։ Ելույթից հետո պատրաստակամություն հայտնիր, որ կարող ես պատասխանել իրեն հետաքրքրող հարցերին։ Եթե ձեր ժողովը պետք է արագորեն հեռանա սրահից, որպեսզի մյուս ժողովը անցկացնի իր Երեկոն, կարող ես ասել. «Կուզեի իմանալ, թե ինչ կարծիք կազմեցիք ծրագրի մասին։ Ինչպե՞ս կարող եմ կապվել ձեզ հետ»։ Հետո քայլեր ձեռնարկիր նրա հետաքրքրությունը զարգացնելու համար։ Երեցները հատկապես ուշադիր պետք է լինեն միջոցառմանը եկած ոչ ակտիվ քարոզիչների հանդեպ։
3. Ինչո՞ւ է կարևոր ողջունել Երեկոյին հրավիրված մարդկանց։
3 Շատերը, ներկա լինելով Հիշատակի երեկոյին, առաջին անգամ են ճաշակելու հոգևոր դրախտի համը, այն ուրախությունը, խաղաղությունը և միասնությունը, որ տիրում է Եհովայի ժողովրդի մեջ (Սաղ. 29։11; Ես. 11։6–9; 65։13, 14)։ Ի՞նչ հիշողություններ կտանեն նրանք իրենց հետ։ Շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք կողջունենք նրանց։