Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հունիս էջ 2–7
  • Դասեր՝ մահվան մահճում ասված մարգարեությունից. մաս 1

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դասեր՝ մահվան մահճում ասված մարգարեությունից. մաս 1
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՌՈՒԲԵՆ
  • ՇՄԱՎՈՆ ԵՎ ՂԵՎԻ
  • ՀՈՒԴԱ
  • Դասեր՝ մահվան մահճում ասված մարգարեությունից. մաս 2
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նա քաջաբար պաշտպանեց իր ընտանիքը
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Հակոբն ու Եսավը հաշտվում են
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հակոբի բազմանդամ ընտանիքը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հունիս էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

ԵՐԳ 98 Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված

Դասեր՝ մահվան մահճում ասված մարգարեությունից. մաս 1

«Մեկտե՛ղ հավաքվեք, որ ասեմ, թե ձեզ ինչ է լինելու ապագայում» (ԾՆՆԴ. 49։1)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Դասեր, որ սովորում ենք Ռուբենի, Շմավոնի, Ղևիի և Հուդայի մասին Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունից։

1-2. Ի՞նչ արեց Հակոբը իր կյանքի վերջում և ինչո՞ւ (տես նաև նկարը)։

ՄՈՏ 17 տարի է անցել այն բանից, ինչ Եհովայի հավատարիմ ծառա Հակոբը Քանանից իր ընտանիքով տեղափոխվել է Եգիպտոս (Ծննդ. 47։28)։ Նա մեծ ուրախություն էր ապրել՝ վերամիավորվելով իր սիրելի որդի Հովսեփի հետ և տեսնելով իր ողջ ընտանիքը միասին։ Այժմ Հակոբը զգում է, որ իր կյանքը մոտենում է ավարտին։ Ուստի նա իր ընտանիքի անդամներին կանչում է մի կարևոր հանդիպման (Ծննդ. 49։28)։

2 Նրա օրերում ընդունված էր, որ ընտանիքի գլուխը իր մահվան մահճում կանչեր ընտանիքի բոլոր անդամներին և վերջին ցուցումները տար (Ես. 38։1)։ Այդ ժամանակ նա թերևս նաև ասում էր, թե իր մահից հետո ով պետք է գլխավորի ընտանիքը։

Հակոբը մահվան մահճում մարգարեանում է իր 12 որդիների մասին (տես պարբերություններ 1-2)


3. Ծննդոց 49։1, 2 համարների համաձայն՝ Հակոբի խոսքերն ինչո՞ւ էին կարևոր։

3 Կարդա Ծննդոց 49։1, 2։ Սա սովորական ընտանեկան հավաքույթ չէր։ Հիշենք, որ Հակոբը մարգարե էր։ Այդ օրը Եհովայի ներշնչմամբ նա խոսեց ապագա կարևոր իրադարձությունների մասին, որոնք մեծ ազդեցություն էին ունենալու իր սերունդների վրա։ Ուստի Հակոբի խոսքերը մարգարեական նշանակություն ունեին իր որդիների համար։

4. Ի՞նչ պետք է ի մտի ունենանք՝ ուսումնասիրելով Հակոբի վերջին խոսքերը (տես նաև «Հակոբի ընտանիքը» շրջանակը)։

4 Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե Հակոբն ինչ ասաց իր որդիներից չորսին՝ Ռուբենին, Շմավոնին, Ղևիին և Հուդային։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք իր մյուս՝ ութ որդիներին ասված նրա խոսքերը։ Ինչպես կտեսնենք, Հակոբը խոսեց ոչ միայն իր որդիների, այլև նրանց սերունդների մասին, որոնցից ի վերջո կազմավորվելու էր Իսրայելի ազգը։ Այդ ազգի պատմությունն ի մտի ունենալով՝ կքննենք, թե Հակոբի մարգարեական խոսքերն ինչպես իրականություն դարձան։ Նրա խոսքերն ուսումնասիրելով՝ կարևոր բաներ կիմանանք, որոնք կօգնեն մեզ միշտ ունենալ մեր երկնային Հոր՝ Եհովայի բարեհաճությունը։

Պատկերված է Հակոբի տոհմածառը։ Նրա կանայք են Լիան և Ռաքելը։ Նրա հարճերն են Բալլան և Զելփան։ Լիայից ծնված երեխաներն են Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը և Դինան։ Ռաքելից ծնված երեխաներ են Հովսեփը և Բենիամինը։ Բալլայից ծնված երեխաներն են Դանը և Նեփթաղիմը, իսկ Զելփայից ծնված երեխաներն են Գադն ու Ասերը։

ՌՈՒԲԵՆ

5. Ռուբենը հավանաբար ի՞նչ էր ակնկալում իր հորից։

5 Հակոբը նախ դիմեց Ռուբենին՝ ասելով. «Դու իմ առաջնեկն ես» (Ծննդ. 49։3)։ Ռուբենը, լինելով առաջնեկը, հավանաբար ակնկալում էր կրկնակի բաժին ստանալ իր հոր ունեցվածքից։ Նա թերևս նաև ակնկալում էր իր հոր մահից հետո դառնալ ընտանիքի գլուխ և, երբ հասներ ժամանակը, այդ դիրքը փոխանցել իր հետնորդին։

6. Ինչո՞ւ Ռուբենը զրկվեց առաջնեկի իրավունքից (Ծննդոց 49։3, 4)։

6 Սակայն Ռուբենը զրկվեց առաջնեկի իր իրավունքից (1 Տար. 5։1)։ Ո՞րն էր պատճառը։ Մի քանի տարի առաջ նա սեռական հարաբերություն էր ունեցել Հակոբի հարճ Բալլայի հետ։ Բալլան եղել էր Հակոբի սիրելի կնոջ՝ հանգուցյալ Ռաքելի աղախինը (Ծննդ. 35։19, 22)։ Ռուբենը Հակոբի մյուս կնոջ՝ Լիայի որդին էր։ Հնարավոր է՝ կիրքն էր նրան դրդել այդ քայլին, կամ էլ նա դա արել էր, որպեսզի Բալլան Հակոբի սրտում չզբաղեցներ իր մոր տեղը։ Որն էլ լիներ պատճառը, Ռուբենը Եհովայի ու իր հոր աչքում գարշելի բան էր արել (կարդա Ծննդոց 49։3, 4)։

7. Ի՞նչ եղավ Ռուբենին և նրա սերունդներին (տես նաև «Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունը» շրջանակը)։

7 Հակոբն ասաց Ռուբենին. «Դու այլևս գերազանց չես լինի»։ Այդ խոսքերն իրականացան. որևէ արձանագրություն չկա այն մասին, որ Ռուբենի սերնդից որևէ մեկը դարձել է թագավոր, քահանա կամ մարգարե։ Սակայն Հակոբը երես չդարձրեց իր որդուց, և նրա սերունդներից Իսրայելում ցեղ կազմավորվեց (Հեսու 12։6)։ Այլ իրավիճակներում Ռուբենը լավ հատկություններ էր դրսևորել, և ոչ մի տեղ չի ասվում, որ նա երբևէ կրկին անբարոյականություն է գործել (Ծննդ. 37։20-22; 42։37)։

Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունը

Ռուբեն

Որդի

Ռուբեն

Մարգարեություն

«Դու այլևս գերազանց չես լինի» (Ծննդ. 49։4)։

Կատարում

Ռուբենի ցեղը երբեք առաջնորդող դեր չունեցավ Իսրայելում (1 Տար. 5։1, 2)։

8. Ի՞նչ ենք սովորում Ռուբենից։

8 Ի՞նչ ենք սովորում։ Մենք պետք է ջանանք ինքնատիրապետում զարգացնել և մերժենք սեռական անբարոյականությունը։ Եթե երբևէ մեր մտքով անցնի մեղք գործել, պետք է կանգ առնենք ու մտածենք, որ դրանով ցավ կպատճառենք Եհովային, մեր ընտանիքին և ուրիշներին։ Նաև պետք է հիշենք, որ «մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղ. 6։7)։ Մյուս կողմից, սակայն, այն, ինչ տեղի ունեցավ Ռուբենի հետ, մեզ հիշեցնում է Եհովայի գթասրտության մասին։ Թեև Եհովան մեզ չի պաշտպանի մեր սխալների հետևանքներից, բայց կօրհնի ճիշտն անելու մեր ջանքերը։

ՇՄԱՎՈՆ ԵՎ ՂԵՎԻ

9. Ինչո՞ւ Հակոբը դժգոհություն արտահայտեց Շմավոնի ու Ղևիի վերաբերյալ (Ծննդոց 49։5-7)։

9 Կարդա Ծննդոց 49։5-7։ Հակոբն այնուհետև իր դժգոհությունն արտահայտեց՝ խիստ խոսքեր ասելով Շմավոնին ու Ղևիին։ Տարիներ առաջ Սյուքեմ անունով մի քանանացի բռնաբարել էր Հակոբի դուստր Դինային։ Հակոբի բոլոր որդիները, բնականաբար, շատ բարկացած էին, բայց Շմավոնն ու Ղևին չկարողացան զսպել իրենց բարկությունը։ Նրանք խաբեցին Սյուքեմի բնակիչներին՝ ասելով, թե խաղաղություն կհաստատեն նրանց հետ, եթե քաղաքի տղամարդիկ թլփատվեն։ Վերջիններս այդպես էլ վարվեցին։ Նրանք դեռ ցավերի մեջ էին, երբ Շմավոնն ու Ղևին, «վերցնելով իրենց սրերը, մտան քաղաք, որի բնակիչները ոչինչ չէին կասկածում, ու սպանեցին բոլոր տղամարդկանց» (Ծննդ. 34։25-29)։

10. Ինչպե՞ս իրականացան Շմավոնի ու Ղևիի առնչությամբ Հակոբի ասած մարգարեական խոսքերը (տես նաև «Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունը» շրջանակը)։

10 Հակոբը շատ զայրացած էր իր երկու որդիների արարքի պատճառով։ Նա մարգարեացավ, որ նրանց ժառանգությունը ցրված կլինի ողջ Իսրայելում։ Այս խոսքերը իրականացան ավելի քան 200 տարի անց, երբ Իսրայելի ազգը ոտք դրեց Խոստացված երկիր։ Շմավոնի սերունդը Հուդայի ցեղի տարածքում առանձին հողատարածքներ ստացավ որպես ժառանգություն (Հեսու 19։1)։ Իսկ Ղևիի ցեղին բնակվելու համար տրվեց Իսրայելով մեկ ցրված 48 քաղաք (Հեսու 21։41)։

Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունը

Շմավոն

Որդի

Շմավոն

Մարգարեություն

«Նրանց բաժան-բաժան կանեմ Հակոբի երկրում» (Ծննդ. 49։7)։

Կատարում

Շմավոնի սերունդը Հուդայի ցեղի տարածքում առանձին հողատարածքներ ստացավ որպես ժառանգություն (Հեսու 19։1-8)։

Ղևի

Որդի

Ղևի

Մարգարեություն

«Կցրեմ Իսրայելում» (Ծննդ. 49։7)։

Կատարում

Ղևիի ցեղին բնակվելու համար տրվեց Իսրայելով մեկ ցրված 48 քաղաք (Հեսու 21։41)։

11. Ի՞նչ լավ բաներ են արել Շմավոնի ու Ղևիի ցեղերը։

11 Շմավոնի և Ղևիի սերունդները չկրկնեցին իրենց նախահայրերի սխալները։ Ղևիի ցեղը նվիրվածություն դրսևորեց մաքուր երկրպագության հանդեպ։ Երբ Մովսեսը Եհովայից Օրենքը ստանալու համար բարձրացավ Սինա լեռը, բազմաթիվ իսրայելացիներ մասնակցեցին հորթի տեսքով կուռքի պաշտամունքին, մինչդեռ ղևտացիները Մովսեսի կողմը բռնեցին և օգնեցին նրան վերացնել չարիքը (Ելք 32։26-29)։ Եհովան որոշեց առանձնացնել Ղևիի ցեղը և քահանայական դաս լինելու առանձնաշնորհում տվեց նրան (Ելք 40։12-15; Թվեր 3։11, 12)։ Հետագայում Խոստացված երկրի շեմին Շմավոնի ցեղը օգնեց Հուդայի ցեղին քանանացիների դեմ կռվում, ինչը ներդաշնակ էր Եհովայի կամքին (Դատ. 1։3, 17)։

12. Ի՞նչ ենք սովորում Շմավոնի և Ղևիի օրինակներից։

12 Ի՞նչ ենք սովորում։ Երբեք թույլ չտանք, որ բարկությունն առաջնորդի մեզ որոշումներ կայացնելիս կամ ինչ-որ բան անելիս։ Վրդովմունքը բնական արձագանք է, երբ մեզ կամ մեզ հարազատ մեկի հետ վատ են վարվում (Սաղ. 4։4)։ Սակայն հարկավոր է հիշել, որ զայրացած վիճակում ասված խոսքերն ու արված գործերը անընդունելի են Եհովայի համար (Հակ. 1։20)։ Եթե ինչ-որ մեկը մեզ անարդարացիորեն է վերաբերվում՝ լինի դա մեր հավատակիցը, թե մեկ այլ մարդ, մենք պետք է արձագանքենք աստվածաշնչյան սկզբունքների համաձայն՝ խուսափելով անկառավարելի զայրույթից, որը կարող է վնասել դիմացինին (Հռոմ. 12։17, 19; 1 Պետ. 3։9)։ Անգամ եթե քո ծնողները Եհովային տհաճ բաներ են անում, հիշիր, որ դու պարտավոր չես հետևել նրանց օրինակին։ Մի՛ մտածիր, որ քեզանից հույս չկա, և որ դու չես կարող հաճեցնել Եհովային։ Եհովան անշուշտ կօրհնի հոգևորապես առաջադիմելու և ճիշտն անելու համար քո ներդրած ջանքերը։

ՀՈՒԴԱ

13. Հուդան թերևս ինչո՞ւ մտահոգվեց, երբ Հակոբն իր խոսքն ուղղեց նրան։

13 Հաջորդ որդին, ում Հակոբն ուղղեց իր խոսքը, Հուդան էր։ Իր եղբայրներին ասված խոսքերը լսելուց հետո Հուդան թերևս մտահոգվեց. վերջիվերջո նա էլ էր որոշ լուրջ սխալներ գործել։ Ակներևաբար, նա մասնակցել էր Սյուքեմ քաղաքի թալանին (Ծննդ. 34։27)։ Իր եղբայրների հետ Հուդան ստրկության էր վաճառել Հովսեփին և թաքցրել էր ճշմարտությունն իր հորից (Ծննդ. 37։31-33)։ Ավելի ուշ նա սեռական հարաբերություն էր ունեցել իր հարս Թամարի հետ՝ կարծելով, թե վերջինս մարմնավաճառ է (Ծննդ. 38։15-18)։

14. Ի՞նչ ասաց Հակոբը Հուդային, և ի՞նչ լավ կողմեր ուներ Հուդան (Ծննդոց 49։8, 9)։

14 Այնուհանդերձ, Հակոբը Աստծու ներշնչմամբ միայն օրհնեց և գովեց իր որդի Հուդային (կարդա Ծննդոց 49։8, 9)։ Հուդան լավ կողմեր ուներ։ Նրա համար անչափ կարևոր էին իր տարեց հոր զգացմունքները։ Նա նաև այնքան էր սիրում իր կրտսեր եղբայր Բենիամինին, որ պատրաստ էր նրա փոխարեն ստրուկ լինել (Ծննդ. 44։18, 30-34)։

15. Հուդան ինչպե՞ս օրհնվեց։

15 Հակոբը մարգարեացավ, որ Հուդան իր եղբայրների մեջ առաջնորդ էր լինելու։ Բայց դեռ երկար ժամանակ պետք է անցներ, որ այդ մարգարեությունն իրականանար։ Մոտ 200 տարի անց՝ իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո, Հուդայի ցեղը հիշատակվում է որպես ողջ ազգին անապատով դեպի Խոստացված երկիր առաջնորդող ցեղ (Թվեր 10։14)։ Տասնամյակներ հետո Հուդան առաջնորդեց նաև Խոստացված երկիրը գրավելու պատերազմը (Դատ. 1։1, 2)։ Իսկ Դավիթը առաջին թագավորն էր մի մեծ դինաստիայի, որի գահակալները Հուդայի ցեղից էին։ Եվ սա դեռ ամենը չէր։

16. Ծննդոց 49։10 համարում գրված մարգարեությունն ինչպե՞ս իրականացավ (տես նաև «Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունը» շրջանակը)։

16 Հակոբը հայտնեց, որ մարդկության հավերժական Ղեկավարը Հուդայի սերնդից է լինելու (կարդա Ծննդոց 49։10 և «Սելով» բառի ծանոթագրությունը)։ Այդ Ղեկավարը Հիսուսն է, որին Հակոբը կոչեց Սելով։ Հիսուսի վերաբերյալ մի հրեշտակ ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա նախահայր Դավթի գահը» (Ղուկ. 1։32, 33)։ Աստվածաշնչում Հիսուսը նաև կոչվում է «Առյուծ, որ Հուդայի ցեղից է» (Հայտն. 5։5)։

Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունը

Հուդա

Որդի

Հուդա

Մարգարեություն

«Գավազանը չի հեռանա Հուդայից.... մինչև որ գա Սելովը» (Ծննդ. 49։10)։

Կատարում

Հիսուսը, ով Հուդայի սերնդից էր, դարձավ Աստծու թագավորության Թագավորը (Ղուկ. 1։32, 33)։

17. Ուրիշների մասին կարծիք կազմելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։

17 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան օրհնեց Հուդային՝ չնայած վերջինիս գործած որոշ լուրջ սխալներին։ Բայց նրա եղբայրները գուցե մտածեին. «Տեսնես Եհովան ի՞նչ լավ բան է նկատել նրա մեջ»։ Եհովան հաստատ դրականն էր տեսել Հուդայի մեջ և օրհնել էր նրան դրա համար։ Ինչպե՞ս կարող ենք Եհովայի նման վարվել։ Երբ մեր հավատակիցներից մեկը նշանակում է ստանում, սկզբում գուցե հակված լինենք կենտրոնանալու նրա բացասական կողմերի վրա։ Սակայն պետք է հիշենք, որ Եհովան տեսել է նրա լավ հատկությունները, և դրանք գոհացրել են նրան։ Եհովան լավն է փնտրում իր ծառաների մեջ, ուստի լավ կլինի՝ ձգտենք ընդօրինակել նրան։

18. Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք։

18 Եվս մի բան, որ կարող ենք սովորել Հուդայի մասին արձանագրությունից, համբերատար լինելն է։ Եհովան միշտ իրականացնում է իր խոստումները, բայց միշտ չէ, որ դա անում է մեր ուզած ձևով և մեր ուզած ժամանակ։ Հուդայի սերունդները անմիջապես չդարձան Աստծու ժողովրդի առաջնորդողներ։ Սակայն նրանք հավատարմորեն աջակցում էին նրանց, ում Եհովան նշանակել էր առաջնորդ, այդ թվում՝ Մովսեսին, որը Ղևիի ցեղից էր, Հեսուին, որը Եփրեմի ցեղից էր, և թագավոր Սավուղին, որը Բենիամինի ցեղից էր։ Եկեք մենք էլ ձգտենք աջակցել այն մարդկանց, ում Եհովան այսօր նշանակել է առաջնորդողներ (Եբր. 6։12)։

19. Հակոբի ասած մարգարեությունը քննելով՝ ի՞նչ սովորեցինք Եհովայի մասին։

19 Ամփոփենք այն, ինչ քննեցինք Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեության վերաբերյալ։ Հստակ է, որ «Աստված մարդու պես չի նայում» (1 Սամ. 16։7)։ Եհովան համբերատար է և ներող։ Թեպետ նա չի արդարացնում սխալ վարքը, բայց կատարելություն չի ակնկալում իր ծառաներից։ Նա կարող է նույնիսկ օրհնել այն մարդկանց, ովքեր թեև լուրջ սխալներ են գործել անցյալում, սակայն զղջացել են և դարձի եկել։ Հաջորդ հոդվածում կուսումնասիրենք, թե Հակոբն ինչ ասաց իր մյուս՝ ութ որդիներին։

Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ ՀԱԿՈԲԻ ԽՈՍՔԵՐԻՑ՝ ՈՒՂՂՎԱԾ՝

  • Ռուբենին,

  • Շմավոնին և Ղևիին,

  • Հուդային։

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը