ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25
ԵՐԳ 96 Աստվածաշունչը գանձ է
Դասեր՝ մահվան մահճում ասված մարգարեությունից. մաս 2
«Նա յուրաքանչյուրին տվեց իրեն հասանելիք օրհնությունը» (ԾՆՆԴ. 49։28)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Գործնական դասեր, որ սովորում ենք Հակոբի՝ իր որդիներից ութի մասին ասած մարգարեությունից։
1. Հակոբի՝ մահվանից առաջ ասած մարգարեության ո՞ր հատվածն ենք քննելու այս հոդվածում։
ՀԱԿՈԲԻ որդիները հավաքվել են նրա շուրջը և ուշադիր լսում են, թե իրենց տարեց հայրը ինչ է ասում իրենցից յուրաքանչյուրի մասին։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, Ռուբենին, Շմավոնին, Ղևիին և Հուդային ասված Հակոբի խոսքերը շարժեցին իր որդիների հետաքրքրությունը, գուցե նաև զարմացրին նրանց։ Նրանք հավանաբար անհանգստանում էին, թե իրենց հայրն ինչ է ասելու իր մյուս որդիներին՝ Զաբուղոնին, Իսաքարին, Դանին, Գադին, Ասերին, Նեփթաղիմին, Հովսեփին և Բենիամինին։a Եկեք քննենք այդ խոսքերը և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։
ԶԱԲՈՒՂՈՆ
2. Ո՞րն էր Զաբուղոնի վերաբերյալ ասված օրհնությունը, և ինչպե՞ս այն իրականացավ (Ծննդոց 49։13; տես նաև շրջանակը)։
2 Կարդա Ծննդոց 49։13։ Հակոբը նշեց, որ Զաբուղոնի սերունդները ապրելու էին ծովի մոտ՝ Խոստացված երկրի հյուսիսում։ Եվ իսկապես, 200 տարի անց Զաբուղոնի սերունդները որպես ժառանգություն ստացան մի հողատարածք, որը գտնվում էր Գալիլեայի ծովի և Միջերկրական ծովի միջև ընկած հատվածում։ Թեև նրանք դեպի ծով անմիջական ելք չունեին, բայց երկու ծովերի միջև ապրելով՝ ազատորեն կարողանում էին առևտրով զբաղվել։ Հավանաբար դրա համար էր Մովսեսը մարգարեանալով ասել. «Թող ցնծա Զաբուղոնը իր ձեռնարկումներում» (2 Օրենք 33։18)։ Այս մարգարեությունից երևում է, որ Զաբուղոնի սերունդները ուրախանալու պատճառ էին ունենալու։
3. Ի՞նչը կօգնի մեզ գոհ լինել ունեցածից։
3 Ի՞նչ ենք սովորում։ Մենք ուրախ լինելու պատճառ ունենք՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում և ինչ հանգամանքներ ունենք։ Ուրախությունը չկորցնելու համար հարկավոր է գոհ լինել ունեցածից (Սաղ. 16։6; 24։5)։ Երբեմն գուցե հեշտ լինի կենտրոնանալ այն բաների վրա, ինչ չունենք, ոչ թե այն բաների վրա, ինչ արդեն վայելում ենք։ Ուստի լավ կլինի՝ ձգտենք տեսնել մեր հանգամանքների դրական կողմերը (Գաղ. 6։4)։
ԻՍԱՔԱՐ
4. Ո՞րն էր Իսաքարի օրհնությունը, և ինչպե՞ս այն իրականացավ (Ծննդոց 49։14, 15; տես նաև շրջանակը)։
4 Կարդա Ծննդոց 49։14, 15։ Հակոբը, գովելով Իսաքարի աշխատասիրությունը, նրան համեմատեց պնդոսկր էշի հետ, որը կարող է ծանր բեռներ կրել։ Հակոբը նաև ասաց, որ Իսաքարի բնակության վայրը լավն է լինելու։ Նրա խոսքերի համաձայն՝ Իսաքարի սերունդները ստացան բերրի և պարարտ հող Հորդանան գետի մոտ (Հեսու 19։22)։ Ինչ խոսք, նրանք ծանր աշխատում էին և մշակում իրենց հողատարածքը, բայց նաև շատ ջանքեր էին ներդնում, որ օգնեն ուրիշներին (1 Թագ. 4։7, 17)։ Օրինակ՝ Իսաքարի ցեղը պատրաստ էր մասնակցել Իսրայելի պատերազմներին, ինչպես դա եղավ դատավոր Բարակի և մարգարեուհի Դեբորայի օրերում մղվող կռվի ժամանակ (Դատ. 5։15)։
5. Ինչո՞ւ պետք է ձգտենք աշխատասեր լինել։
5 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան բարձր է գնահատում իր գործում դրսևորած մեր աշխատասիրությունը, ինչպես որ գնահատում էր Իսաքարի ցեղի ներդրած ջանքերը (Ժող. 2։24)։ Մտածենք այն եղբայրների մասին, որոնք ուժ ու եռանդ են ներդնում ժողովի մասին հոգ տանելու համար (1 Տիմոթ. 3։1)։ Այս եղբայրները բառացի պատերազմների չեն մասնակցում, բայց նրանք ջանք չեն խնայում, որ պաշտպանեն Աստծու ժողովրդին հոգևոր վտանգներից (1 Կորնթ. 5։1, 5; Հուդա 17-23)։ Նրանք նաև ջանասիրաբար պատրաստում և ներկայացնում են ելույթներ, որ զորացնեն իրենց հավատակիցներին (1 Տիմոթ. 5։17)։
ԴԱՆ
6. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Դանի ցեղը (Ծննդոց 49։17, 18; տես նաև շրջանակը)։
6 Կարդա Ծննդոց 49։17, 18։ Հակոբը Դանին համեմատեց օձի հետ, որը հարձակվում է իրենից անհամեմատ մեծ թշնամու՝ մարտական ձիու և նրա հեծյալի վրա։ Իսրայելի թշնամիների համար նա վտանգ էր ներկայացնելու։ Դեպի Խոստացված երկիր գնալու ճանապարհին Դանի ցեղը «հետևի կողմից պաշտպանում էր մյուս բոլոր ցեղերին» (Թվեր 10։25)։ Դա կարևոր հանձնարարություն էր, թեև ոչ բոլորն էին տեսնում այն ամենը, ինչ նրանք անում էին։
7. Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք Եհովայի գործում մեզ տրված յուրաքանչյուր հանձնարարության վերաբերյալ։
7 Ի՞նչ ենք սովորում։ Երբևէ կատարե՞լ ես այնպիսի հանձնարարություն, որը թվում է՝ ոչ ոք չի նկատել, օրինակ՝ մասնակցել ես Թագավորության սրահի մաքրությանն ու տեխսպասարկմանը, համաժողովների սրահում կատարվող աշխատանքներին կամ մեկ ուրիշ գործի։ Եթե այո, դու գովասանքի ես արժանի։ Միշտ հիշիր, որ Եհովան նկատում և թանկ է համարում ցանկացած բան, որ անում ես իր համար։ Նա հատկապես արժևորում է քո գործերը, երբ դրանք անում ես ոչ թե ուրիշների կողմից գովաբանվելու համար, այլ իր հանդեպ անկեղծ սիրուց մղված (Մատթ. 6։1-4)։
ԳԱԴ
8. Ինչո՞ւ էր Գադի ցեղի տարածքը խոցելի (Ծննդոց 49։19; տես նաև շրջանակը)։
8 Կարդա Ծննդոց 49։19։ Հակոբը նախապես ասել էր, որ հրոսակախումբ էր հարձակվելու Գադի վրա։ Ավելի քան երկու դար հետո Գադի ցեղը Հորդանան գետից դեպի արևելք գտնվող մի տարածք գրավեց, որը սահմանակից էր թշնամի ազգերի տարածքին, ուստի և խոցելի էր նրանց հարձակումների նկատմամբ։ Այնուամենայնիվ, Գադյաններն ուզում էին բնակություն հաստատել այդ տարածքում, քանի որ այնտեղ հարմար արոտավայրեր կային իրենց հոտերի համար (Թվեր 32։1, 5)։ Գադի ցեղի մարդիկ ակներևաբար խիզախ էին։ Ավելին՝ նրանք վստահ էին, որ Եհովան կօգնի իրենց պաշտպանել իր տված հողը հրոսակախմբերից։ Տարիներ շարունակ նրանք նույնիսկ ուղարկում էին իրենց ռազմիկներին՝ օգնելու մյուս ցեղերին, որ գրավեն Խոստացված երկրի՝ Հորդանանի արևելքում գտնվող տարածքները (Թվեր 32։16-19)։ Նրանք համոզված էին, որ մինչ իրենք տնից հեռու էին, Եհովան պաշտպանում էր իրենց կանանց ու երեխաներին։ Եհովան օրհնեց նրանց քաջության ու անձնազոհության համար (Հեսու 22։1-4)։
9. Եհովայի հանդեպ վստահությունը ի՞նչ անելու կմղի մեզ։
9 Ի՞նչ ենք սովորում։ Որպեսզի շարունակենք դժվարությունների ներքո ծառայել Եհովային, պետք է վստահենք նրան (Սաղ. 37։3)։ Շատերն այսօր Եհովայի հանդեպ վստահություն են դրսևորում՝ զոհողություններ անելով, որ աջակցեն աստվածապետական շինարարական նախագծերին, ծառայեն այն տարածքներում, որտեղ դրա կարիքը շատ կա, կամ այլ հանձնարարություններ կատարեն։ Նրանք դա անում են, քանի որ վստահ են՝ Եհովան միշտ հոգ կտանի իրենց համար (Սաղ. 23։1)։
ԱՍԵՐ
10. Ո՞ր հարցում թերացավ Ասերը (Ծննդոց 49։20; տես նաև շրջանակը)։
10 Կարդա Ծննդոց 49։20։ Հակոբը մարգարեացավ, որ Ասերի ցեղը բարգավաճելու է, և հենց այդպես էլ եղավ։ Իսրայելի ամենաբերրի տարածքներից մեկը Ասերի ցեղի բաժինն էր (2 Օրենք 33։24)։ Այն նաև սահմանակից էր Միջերկրական ծովին և ընդգրկում էր Փյունիկիայի քաղաք Սիդոնի հարուստ առևտրային նավահանգիստը։ Սակայն Ասերի ցեղը քանանացիներին չվռնդեց երկրից (Դատ. 1։31, 32)։ Քանանացիների վատ ազդեցությունը և Ասերի բարգավաճումը հնարավոր է՝ պատճառ դարձան, որ այդ ցեղը թերանա մաքուր երկրպագության հանդեպ նախանձախնդիր լինելու հարցում։ Երբ դատավոր Բարակը կամավորներ էր փնտրում քանանացիների զորքի դեմ կռվելու համար, Ասերի ցեղը ցանկություն չհայտնեց աջակցելու։ Հետևանքը եղավ այն, որ այդ ցեղը զրկվեց «Մեգիդոյի ջրերի մոտ» զարմանահրաշ հաղթանակի ականատեսը լինելու հնարավորությունից (Դատ. 5։19-21)։ Ասերի ցեղը թերևս ամոթ զգաց, երբ լսեց Բարակի ու Դեբորայի հաղթական երգը, որում ասվում էր. «Ասերը պարապ նստեց ծովափին» (Դատ. 5։17)։
11. Ինչո՞ւ է հարկավոր նյութական բաների վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալ։
11 Ի՞նչ ենք սովորում։ Մենք ուզում ենք հնարավորության սահմաններում ամեն ինչ անել հանուն Եհովայի։ Դրա համար պետք է զգույշ լինենք, որ չորդեգրենք նյութական բաների և հարմարավետության վերաբերյալ աշխարհի տեսակետը (Առակ. 18։11)։ Մենք ձգտում ենք հավասարակշռված վերաբերմունք ունենալ փողի նկատմամբ (Ժող. 7։12; Եբր. 13։5)։ Բացի այդ՝ չենք ուզում վատնել մեր ժամանակը և ուժերը ոչ անհրաժեշտ բաներ ձեռք բերելու վրա, ինչը կխանգարի ծառայել Աստծուն։ Փոխարենը ձգտում ենք մեր ժամանակի և ուժի մեծ մասը նվիրել Եհովային՝ գիտակցելով, որ իրական հարմարավետությունն ու ապահով կյանքը դեռ առջևում են (Սաղ. 4։8)։
ՆԵՓԹԱՂԻՄ
12. Ինչպե՞ս Նեփթաղիմի վերաբերյալ ասված օրհնությունն իրականացավ (Ծննդոց 49։21; տես նաև շրջանակը)։
12 Կարդա Ծննդոց 49։21։ Հակոբը նշեց «վայելուչ խոսքերի» մասին, որոնք կարող են վերաբերել ծառայության ընթացքում Հիսուսի խոսելաձևին։ Հիսուսը, ով հայտնի էր իր արդյունավետ ուսուցանելու հմտությամբ, «բնակվեց Կափառնայումում»՝ Նեփթաղիմի տարածքում (Մատթ. 4։13; 9։1; Հովհ. 7։46)։ Եսայիան Հիսուսի մասին մարգարեացավ՝ ասելով, որ Զաբուղոնի ու Նեփթաղիմի ժողովուրդը «մեծ լույս» կտեսնի (Ես. 9։1, 2)։ Հիսուսն իր սովորեցրածներով դարձավ «ճշմարիտ լույսը, որն ամեն տեսակ մարդկանց լուսավորում է» (Հովհ. 1։9)։
13. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր խոսքը հաճելի է Եհովային։
13 Ի՞նչ ենք սովորում։ Եհովայի համար միևնույն չէ, թե ինչ ենք ասում և ինչ ձևով։ Ուստի ինչպե՞ս կարող ենք «վայելուչ խոսքեր» ասել, որոնք հաճելի են Եհովային։ Նախ՝ պետք է ճշմարտությունը խոսենք, նաև մեր խոսքերով թև տանք ուրիշներին՝ հաճախ գովելով նրանց, և չքննադատենք կամ չդժգոհենք նրանցից (Սաղ. 15։1, 2; Եփես. 4։29)։ Բացի այդ՝ կարող ենք նպատակ դնել հմտանալ զրույց սկսելու հարցում, ինչը գուցե քարոզելու լավ առիթ ստեղծի։
ՀՈՎՍԵՓ
14. Ինչպե՞ս իրականացավ Հովսեփի վերաբերյալ ասված օրհնությունը (Ծննդոց 49։22, 26; տես նաև շրջանակը)։
14 Կարդա Ծննդոց 49։22, 26։ Հակոբը պետք է որ հպարտանար Հովսեփով, ով «առանձնացվել էր իր եղբայրներից»։ Հակոբը նրան կոչեց «պտղաշատ ծառի ճյուղ». ծառը Հակոբն էր, իսկ Հովսեփը դրա ճյուղերից մեկը։ Հովսեփը Հակոբի սիրելի կնոջից՝ Ռաքելից ծնված առաջին որդին էր։ Ու թեև Հակոբի անդրանիկ որդին Լիայից ծնված Ռուբենն էր, սակայն վերջինս զրկվել էր առաջնեկության իրավունքից։ Այդ պատճառով Հակոբն ասաց, որ ժառանգության կրկնակի բաժինը Հովսեփն է ստանալու (Ծննդ. 48։5, 6; 1 Տար. 5։1, 2)։ Այս մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Հովսեփի որդիներ Եփրեմի ու Մանասեի սերունդները Խոստացված երկրում բաժին ստացան որպես առանձին ցեղեր (Ծննդ. 49։25; Հեսու 14։4)։
15. Հովսեփն ինչպե՞ս արձագանքեց անարդարությանը։
15 Հակոբը նշեց նաև աղեղնավորների մասին, որոնք Հովսեփին «նետահարում էին.... [և] թշնամանք էին տածում նրա նկատմամբ» (Ծննդ. 49։23)։ Սա վերաբերում էր Հովսեփի եղբայրներին, որոնց նախանձի պատճառով նա բազմիցս տառապել էր։ Հովսեփը, սակայն, չէր դառնացել իր եղբայրների կամ Եհովայի նկատմամբ։ Նրա վերաբերյալ Հակոբն ասաց. «[Հովսեփը] աղեղը տեղում պահեց, նրա ձեռքերը մնացին զորեղ ու ճկուն» (Ծննդ. 49։24)։ Դժվարությունների ժամանակ Հովսեփն իր հույսը Եհովայի վրա դրեց և ոչ միայն ներեց իր եղբայրներին, այլ նաև բարությամբ վերաբերվեց նրանց (Ծննդ. 47։11, 12)։ Նա թույլ տվեց, որ փորձությունները թրծեն իրեն (Սաղ. 105։17-19)։ Արդյունքում Եհովայի օգնությամբ Հովսեփը կարևոր գործեր արեց։
16. Դժվարությունների բախվելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովսեփին։
16 Ի՞նչ ենք սովորում։ Երբեք թույլ չտանք, որ դժվարությունները ճեղք ստեղծեն Եհովայի ու հավատակիցների հետ ունեցած մեր հարաբերություններում։ Հնարավոր է՝ Եհովան թույլ տա, որ մեր հավատը փորձվի, որպեսզի կարևոր դասեր սովորենք (Եբր. 12։7)։ Այդ դասերը կօգնեն, որ հղկվենք որպես քրիստոնյա և զարգացնենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են գթասրտությունն ու ներողամտությունը (Եբր. 12։11)։ Արդյունքում Եհովան կվարձատրի մեզ մեր դիմացկունության համար, ինչպես որ վարձատրեց Հովսեփին։
ԲԵՆԻԱՄԻՆ
17. Բենիամինի վերաբերյալ ասված մարգարեությունն ինչպե՞ս իրականացավ (Ծննդոց 49։27; տես նաև շրջանակը)։
17 Կարդա Ծննդոց 49։27։ Հակոբը մարգարեացավ, որ Բենիամինի սերունդները գայլի պես կռվելու ունակություն են ունենալու (Դատ. 20։15, 16; 1 Տար. 12։2)։ «Առավոտյան»՝ Իսրայելի թագավորության սկզբում, առաջին գահակալը դարձավ Սավուղը, որը Բենիամինի ցեղից էր։ Նա խիզախորեն կռվում էր փղշտացիների դեմ (1 Սամ. 9։15-17, 21)։ Տարիներ անց՝ «երեկոյան»՝ այդ թագավորության մայրամուտին, Եսթեր թագուհին և թագավորից հետո առաջին մարդը՝ Մուրթքեն, որոնք Բենիամինի ցեղից էին, Պարսկական կայսրությունում Իսրայելի ազգին փրկեցին կործանումից (Եսթ. 2։5-7; 8։3; 10։3)։
18. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Բենիամինի հավատարմությունը։
18 Ի՞նչ ենք սովորում։ Բենիամինի սերունդները հավանաբար հպարտանում էին իրենց ցեղակցով՝ Սավուղով, ում գահակալումը Հակոբի ասած օրհնության կատարումը դարձավ։ Սակայն երբ Եհովան թագավոր նշանակեց Դավթին, ով Հուդայի ցեղից էր, Բենիամինյաններն ի վերջո աջակցեցին նրան (2 Սամ. 3։17-19)։ Հետագայում, երբ մյուս ցեղերն ապստամբեցին, Բենիամինի ցեղը հավատարիմ մնաց Հուդայի ցեղին և Եհովայի նշանակած թագավորին (1 Թագ. 11։31, 32; 12։19, 21)։ Թող որ մենք էլ հավատարմորեն աջակցենք այն մարդկանց, ում Եհովան ընտրել է առաջնորդելու իր ժողովրդին (1 Թեսաղ. 5։12)։
19. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ ուսումնասիրելով Հակոբի վերջին խոսքերը։
19 Հակոբի՝ մահվան մահճում ասած մարգարեությունն ուսումնասիրելը շատ օգտակար է մեզ համար։ Այդ խոսքերի կատարումը քննելն ամրացնում է մեր վստահությունն այն բանում, որ Եհովայի Խոսքում արձանագրված մյուս մարգարեությունները նույնպես կկատարվեն։ Հակոբի խոսքերն ուսումնասիրելն օգնում է նաև ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք հաճեցնել մեր երկնային Հորը՝ Եհովային։
ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ
a Ռուբենին, Շմավոնին, Ղևիին և Հուդային մեծից փոքր օրհնելուց հետո մյուս որդիներին օրհնելիս Հակոբն այլևս հերթականությամբ չի անում դա։