«Սերտորեն նրա հետքերին հետևեք»
1. Ինչպե՞ս կարող ենք դառնալ արդյունավետ ծառայողներ։
1 Թեև Հիսուսը չի սովորել ռաբունական դպրոցներում, այնուամենայնիվ ողջ պատմության մեջ նրա նման Ծառայող չի եղել։ Անչափ ուրախալի է, որ մեր օգտի համար Հիսուսի ծառայության վերաբերյալ գրավոր արձանագրություններ են պահպանվել։ Որպեսզի դառնանք արդյունավետ ծառայողներ, պետք է «սերտորեն նրա հետքերին հետևենք» (1 Պետ. 2։21)։
2. Ի՞նչը մեզ կօգնի զարգացնել այնպիսի սեր, ինչպիսին որ Քրիստոսն էր դրսևորում։
2 Սեր դրսևորիր մարդկանց նկատմամբ։ Հիսուսը սրտանց հետաքրքրվում էր մարդկանցով, և դա մղում էր նրան որոշակի գործեր անելու (Մարկ. 6։30–34)։ Մեր շուրջը ապրող մարդկանցից շատերը «ցավ» են կրում և նրանց խիստ անհրաժեշտ է իմանալ ճշմարտությունը (Հռոմ. 8։22)։ Մտածելով նրանց դառը կյանքի, ինչպես նաև այն բանի մասին, որ Եհովան սիրառատորեն հետաքրքրվում է նրանցով՝ մենք կմղվենք շարունակելու մեր քարոզչությունը (2 Պետ. 3։9)։ Նաև մարդիկ ավելի պատրաստակամորեն կարձագանքեն մեր հաղորդած լուրին, եթե տեսնեն, որ անկեղծորեն հետաքրքրված ենք նրանց բարօրությամբ։
3. Ո՞ր դեպքերում է Հիսուսը քարոզել։
3 Օգտագործիր ամեն հնարավոր առիթ։ Հիսուսը երբեք բաց չէր թողնում ուրիշներին բարի լուրը քարոզելու հնարավորությունը (Մատթ. 4։23; 9։9; Հովհ. 4։7–10)։ Մենք նույնպես ցանկանում ենք պատրաստ լինել վկայություն տալու ճշմարտության մասին, մինչ կատարում ենք մեր ամենօրյա գործերը։ Ոմանք իրենց ձեռքի տակ ունենում են Աստվածաշունչ և աստվածաշնչյան գրականություն, ինչը հնարավորություն է տալիս վկայություն տալու իրենց աշխատանքի վայրում, դպրոցում, ինչպես նաև շրջագայելիս, գնումներ անելիս և այլն։
4. Ինչպե՞ս կարող ենք խոսել գլխավորապես Թագավորության մասին։
4 Կենտրոնացիր Թագավորության վրա։ Հիսուսի քարոզչության գլխավոր թեման Թագավորության բարի լուրն էր (Ղուկ. 4։43)։ Թեև մեր մատուցումը կարող է ուղղակիորեն կապված չլինել Թագավորության հետ, մենք միշտ պետք է հիշենք, որ հարկավոր է օգնել տանտիրոջը տեսնելու, որ Աստծու Թագավորությունը բոլոր խնդիրների միակ լուծումն է։ Նույնիսկ երբ հիշատակում ենք աշխարհում տիրող վատ պայմանների մասին, ինչը վկայում է, որ ապրում ենք վերջին օրերում, մենք գլխավորապես «բարի լուր ենք հռչակում բարի բաների մասին» (Հռոմ. 10։15)։
5. Ինչպե՞ս պետք է գործածենք Աստվածաշունչը, որպեսզի մեր ծառայությունը լինի արդյունավետ։
5 Օգտագործիր Աստվածաշունչը որպես հիմք։ Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը որպես հիմք օգտագործում էր Սուրբ Գրությունները։ Նա ինքն իրենից ոչինչ չէր սովորեցնում (Հովհ. 7։16, 18)։ Հիսուսը սնվում էր Աստծու Խոսքով և այն կիրառում էր Սատանայի հարձակումներին դիմադրելու համար (Մատթ. 4։1–4)։ Որպեսզի կարողանանք արդյունավետորեն ուսուցանել ուրիշներին, մենք պետք է ամեն օր կարդանք Աստվածաշունչը և կիրառենք այն (Հռոմ. 2։21)։ Ծառայության ժամանակ մեզ տրված հարցերին պատասխանելիս պետք է ցույց տանք, թե ինչպես են Գրությունները հաստատում մեր ասածը և, եթե հարմար է, ընթերցենք հենց Աստվածաշնչից։ Մենք ցանկանում ենք, որ տանտերը տեսնի, որ մենք ոչ թե մեր սեփական կարծիքն ենք արտահայտում, այլ կարդում ենք Աստվածաշնչից։
6. Ի՞նչ էր անում Հիսուսը՝ իր ունկնդիրների սրտին հասնելու համար։
6 Ուսուցանելիս հասիր մարդկանց սրտին։ «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Հովհ. 7։46)։ Այսպես արտահայտվեցին Հիսուսի մասին զինվորները, երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները հարցրին, թե ինչու նրանք չձերբակալեցին նրան։ Զուտ փաստեր ներկայացնելու փոխարեն՝ Հիսուսը այնպես էր սովորեցնում, որ իր ասածները հասնում էին նրանց սրտին, ում նա ուսուցանում էր (Ղուկ. 24։32)։ Նա օգտագործում էր կյանքից վերցված օրինակներ, որոնք օգնում էին հասկանալ նրա պատգամը (Մատթ. 13։34)։ Հիսուսը չէր ծանրաբեռնում իր ունկնդիրներին չափից շատ տեղեկություններով (Հովհ. 16։12)։ Նա ուշադրություն էր հրավիրում ոչ թե իր անձի, այլ Եհովայի վրա։ Հիսուսի նման՝ մենք կարող ենք դառնալ լավ ուսուցիչներ միայն այն դեպքում, եթե «շարունակ ուշադրություն դարձնենք մեր ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։16)։
7. Ինչո՞ւ էր Հիսուսը տոկունություն դրսևորում իր ծառայության մեջ։
7 Եղիր տոկուն՝ չնայած անտարբերությանն ու հակառակությանը։ Չնայած որ Հիսուսը հրաշքներ էր անում, շատերը նրան չէին լսում (Ղուկ. 10։13)։ Նույնիսկ նրա ընտանիքի անդամներն էին մտածում, թե նա իր «խելքը կորցրել է» (Մարկ. 3։21)։ Այսուհանդերձ, Հիսուսը շարունակում էր տոկալ։ Նա դրական մտայնություն էր պահպանում, քանի որ կատարելապես համոզված էր, որ քարոզում է ճշմարտությունը, որը կարող է ազատել մարդկանց (Հովհ. 8։32)։ Մենք նույնպես վճռել ենք չհանձնվել, և Եհովան կօգնի մեզ (2 Կորնթ. 4։1)։
8, 9. Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի նման զոհողություններ անել հանուն բարի լուրի։
8 Անհրաժեշտ զոհողություններ արա ծառայությանը լիարժեքորեն մասնակցելու համար։ Հիսուսը հանուն ծառայության հրաժարվեց նյութական բարիքներ ունենալուց (Մատթ. 8։20)։ Նա փութաջանորեն քարոզում էր, երբեմն մինչև ուշ երեկո (Մարկ. 6։35, 36)։ Հիսուսը գիտեր, որ իր գործն ավարտին հասցնելու համար նա քիչ ժամանակ ունի։ Քանի որ «մնացած ժամանակը կարճացել է», մենք, ընդօրինակելով Հիսուսին, նույնպես պետք է զոհենք մեր ժամանակը, եռանդը և միջոցները (1 Կորնթ. 7։29–31)։
9 Առաջին դարի քրիստոնյաները արդյունավետ քարոզիչներ էին, քանի որ սովորում էին Հիսուսից (Գործ. 4։13)։ Մենք նույնպես լիարժեքորեն կկատարենք մեր ծառայությունը, եթե ընդօրինակենք երբևէ ապրած մեծագույն Ծառայողին (2 Տիմոթ. 4։5)։