Ընտանիքով պատրաստվո՞ւմ եք փրկության
1 Աստվածաշնչի որոշ մարգարեությունների կատարումը համոզիչ կերպով փաստում է, որ այս չար աշխարհի կործանումը արագորեն մոտենում է։ Հիմա մենք ապրում ենք վճռորոշ ժամանակներում, որոնք շատ նման են նախաջրհեղեղյան ժամանակներին (Մատթ. 24։37–39)։ Նոյը վերապրեց հին աշխարհի կործանումից, քանի որ «Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ]» (Ծննդ. 6։9)։ Նա, ըստ ամենայնի, իր ընտանիքի անդամներին սովորեցրել էր Եհովայի ճանապարհները։ Ինչի՞ց է դա երևում։ Նրա ընտանիքի անդամները նույնպես փրկվեցին Ջրհեղեղից։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյին և ընտանիքով վերապրել իրերի այս չար համակարգի կործանումից։
2 Արդարության քարոզիչ։ Նոյը 40–50 տարի հաստատակամորեն «արդարություն քարոզեց» (2 Պետ. 2։5)։ Նրա հարևանները ակներևաբար ծաղրանքով էին վերաբերվում նրա քարոզչությանը՝ անկախ այն բանից՝ մարմին հագած ըմբոստ հրեշտակների ազդեցության տակ էին, թե՝ ոչ։ Մենք ծառայության ընթացքում հաճախ ենք բախվում անտարբերության և ծաղրանքի. սա փաստում է, որ իրերի այս համակարգի վախճանը մոտ է (2 Պետ. 3։3, 4)։ Այդուհանդերձ, ի տարբերություն Նոյի օրերում ապրող մարդկանց՝ այսօր շատերն ընդունում են բարի լուրը և «հորդելով գնում» դեպի Եհովայի երկրպագությունը (Ես. 2։2)։ Մենք կփրկենք «և՛ մեզ, և՛ մեզ լսողներին» միայն այն դեպքում, եթե հաստատակամորեն շարունակենք մեր գործը (1 Տիմոթ. 4։16)։ Ինչքա՜ն կարևոր է, որ ծնողները սովորեցնեն իրենց երեխաներին քարոզչության հրատապության մասին թե՛ խոսքով, թե՛ օրինակով (2 Տիմոթ. 4։2)։
3 Նա «այնպէս արաւ»։ Նոյի և նրա ընտանիքի փրկությունը կախված էր Եհովայի հրահանգներին ուշադրությամբ հետևելուց (Ծննդ. 6։22)։ Այսօր շատ կարևոր է, որ մենք «պատրաստ լինենք հնազանդվելու» Աստվածաշնչից և հավատարիմ ծառայից եկող առաջնորդությանը (Հակ. 3։17)։ Մի ընտանիքի չափահաս զավակները հիշում են, թե ինչպես էր իրենց հայրը կիրառում Եհովայի կազմակերպության կողմից տրվող խորհուրդները։ Օրինակ՝ նա ամեն շաբաթ ընտանեկան ուսումնասիրություն էր անցկացնում, իսկ հանգստյան օրերին ընտանիքի հետ գնում էր ծառայության, ինչպես որ խորհուրդ էր տրվում։ Հայրը ջանում էր ամեն շաբաթ երեխաներից մեկի հետ ծառայության գնալ։ «Այնպէս», այսինքն՝ Աստծու ասած ձևով վարվելու հարցում նրա ցուցաբերած հաստատակամությունը մեծ տպավորություն թողեց վեց երեխաների վրա, և բոլորն էլ մեծացան ու դարձան Եհովայի հավատարիմ ծառաներ։
4 Իրերի այս համակարգի վերջը հանկարծակի է գալու (Ղուկ. 12։40)։ Անշուշտ, մենք ընտանիքով պատրաստ կլինենք, եթե ընդօրինակենք Նոյին և հավատանք, որ կփրկվենք (Եբր. 11։7)։