Հեռախոսով վկայություն տալը կարող է արդյունավետ լինել
1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հեռախոսով վկայություն տալը քարոզելու կարևոր մեթոդներից է։
1 Ինչո՞ւ ենք ցանկանում քարոզել նաև հեռախոսով։ Որովհետև սա ևս մեկ միջոց է՝ օգնելու մարդկանց, որ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեն և հասնեն փրկության (2 Պետ. 3։9)։ Թեև մեր հիմնական քարոզչական մեթոդը տնետուն ծառայությունն է, մենք նաև այլ մեթոդներ ենք կիրառում, որպեսզի բարի լուրը հասցնենք նրանց, ում չենք կարողանում հանդիպել տանը (Մատթ. 24։14; Ղուկ. 10։1–7; Հայտն. 14։6)։
2. Ի՞նչ է անհրաժեշտ հեռախոսով վկայություն տալու համար։
2 Ինչ է անհրաժեշտ։ Ինչպես որ քարոզիչներին տարածք է տրվում տնետուն ծառայելու համար, այնպես էլ հեռախոսով վկայություն տալու համար տրվում են տարածքներ։ Քարոզիչը կարող է հեռախոսով վկայություն տալ մենակ կամ մեկ–երկու քարոզիչների հետ։ Քարոզելու վայրը պետք է հարմար լինի այդ ծառայությունը կատարելու համար։ Շատերը օգտակար են համարում նստել սեղանի շուրջ և իրենց առաջ ունենալ այն ամենը, ինչը սովորաբար օգտագործում են տնետուն ծառայության ժամանակ։
3. Ի՞նչ պետք է հիշենք հեռախոսով վկայություն տալիս։
3 Ինչպես վկայություն տալ։ Երբ վկայություն ենք տալիս հեռախոսով, մեր մատուցումը պետք է ներկայացնենք խոսակցական ոճով։ Ովքեր նոր են սկսել այս ծառայությունը կատարել, կարող են կարդալ մատուցումը, բայց խոսակցական ոճով։ Մատուցումներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» և «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկներում։ Եթե ցանկանում ես քո սեփական մատուցումն անել, որոշիր թեման, մտածիր հարցը և պատրաստիր մի քանի սուրբգրային համարներ, որոնք կպատասխանեն քո տված հարցին։ Սովորաբար կարող ես առաջարկել այն նույն հրատարակությունները, որոնք առաջարկում ենք տնետուն ծառայության ժամանակ։ Հեռախոսով վկայություն տալիս մի լարվիր, այլ հանգստություն պահպանիր, խոսիր դանդաղ։ Եղիր քաղաքավարի, համբերատար և բարեհամբույր, քանի որ դա կարտահայտվի ձայնիդ տոնի մեջ։ Ցույց տուր, որ ուշադիր լսում ես, և շնորհակալություն հայտնիր մարդուն՝ իր կարծիքն արտահայտելու համար։ Զգույշ եղիր, որ չհիշատակես նվիրաբերությունների մասին, քանի որ դա կարող է սխալ ընկալվել, կարծես թե մենք հեռախոսով փող ենք խնդրում։
4. Ի՞նչ արդյունքների կարող ենք հասնել՝ մեզ նշանակված տարածքում ապրող մարդկանց հեռախոսով վկայություն տալով։
4 Կան անհատներ, ովքեր անկողնային հիվանդ են կամ շատ տկար են։ Կամ էլ անհատի աշխատանքային գրաֆիկի պատճառով չենք կարողանում նրան հանդիպել տանը։ Շատերն էլ ապրում են փակ թաղամասերում և փակ մուտքեր ունեցող շենքերում։ Ուստի մեր ծառայությունը լիովին կատարելու համար մենք կարող ենք վկայություն տալ նաև հեռախոսով։