Եհովան կրթում է մեզ այս գործի համար
1. Մարդկանց հանձնարարություններ տալիս ի՞նչ է Եհովան նաև անում։
1 Երբ Եհովան մարդկանց հանձնարարություն է տալիս, նաև օգնում է, որ կատարեն այն։ Օրինակ՝ երբ նա պատվիրեց Նոյին տապան կառուցել, մի բան, որ Նոյը երբեք չէր արել, նաև ասաց, թե ինչպես պետք է կառուցի (Ծննդ. 6։14–16)։ Իսկ երբ Եհովան Մովսեսին, որը խոնարհ հովիվ էր, հանձնարարեց խոսել Իսրայելի երեցների ու փարավոնի հետ, հավաստիացրեց նրան. «Ես քո բերանի հետ կլինեմ և կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է ասես» (Ելք 4։12)։ Իսկ ինչ վերաբերում է բարի լուրը քարոզելու հանձնարարությանը, Եհովան կրկին առաջնորդություն է տվել։ Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման միջոցով նա կրթում է մեզ այս գործը կատարելու համար։ Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել այս կրթությունից։
2. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Աստվածապետական ծառայության դպրոցից։
2 Աստվածապետական ծառայության դպրոց։ Կարդա և ուսումնասիրիր նախատեսված նյութը հանդիպմանը գնալուց առաջ։ Երբ տեսնես, թե ինչպես են ելույթ ունեցողները ներկայացնում նյութը, ուսուցանելու քո ունակությունը կզարգացնես, կամ՝ «կսրես» (Առակ. 27։17)։ Բեր քեզ հետ ժողով «Ծառայության դպրոց» գրքի քո օրինակը և նշումներ արա դրա մեջ։ Երբ դպրոցի վերակացուն յուրաքանչյուր ելույթ ունեցողից հետո անդրադառնում է այդ գրքին, ընդգծիր այն գլխավոր մտքերը, որոնք կցանկանաս կիրառել ինքդ, և լուսանցքներում նշումներ արա։ Ինչ խոսք, այս դպրոցից լավագույն օգուտները կքաղես, եթե մասնակցես։ Դու ցուցակագրվա՞ծ ես դպրոցին։ Երբ հանձնարարություն ես ստանում, լավ պատրաստվիր ու կիրառիր այն խորհուրդը, որ ստանում ես։ Իսկ ծառայության ժամանակ վարվիր սովորածիդ համաձայն։
3. Ի՞նչը կօգնի մեզ օգուտ քաղել Ծառայողական հանդիպումից։
3 Ծառայողական հանդիպում։ Մենք ավելի լավ կհիշենք այս հանդիպման ժամանակ հնչող առաջարկները, եթե նախապես կարդանք նյութը և մեկնաբանություններ պատրաստենք։ Եթե կարճ մեկնաբանություններ տանք, շատերը կկարողանան մասնակցել։ Ուշադիր լսիր ցուցադրումները ու կիրառիր ցանկացած առաջարկ, որն, ըստ քեզ, ծառայությունդ ավելի արդյունավետ կդարձնի։ Պահիր Մեր թագավորական ծառայությունը թերթիկի այն հոդվածները, որոնք կօգնեն քեզ բարելավելու ծառայությունդ, և հետագայում կրկին աչքի անցկացրու։
4. Ինչպե՞ս կարող ենք լավագույն օգուտները քաղել աստվածապետական կրթությունից։
4 Ինչպես Նոյին և Մովսեսին տրված հանձնարարություններն էին դժվար, այնպես էլ բարի լուրը ամբողջ երկրով մեկ քարոզելու հանձնարարությունն է դժվար (Մատթ. 24։14)։ Սակայն մենք կարող ենք հաջողությամբ կատարել այն, եթե ապավինենք Եհովային՝ մեր Մեծ Ուսուցչին, և լավագույն օգուտները քաղենք նրա տրամադրած կրթությունից (Ես. 30։20)։