Պե՞տք է պաշտպանվել արևից
«Հիվանդությունները, որոնք առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության պատճառով, հասարակության հիմնախնդիր են, քանի որ օզոնի շերտը բարակում է։ Այդուհանդերձ, մարդիկ նախընտրում են հանգստանալ արևի տակ» (ԼԻ ՋՈՆԳ–ՎՈՒԿ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ)։
ՄԱՐՏԻՆԸ, որը Իտալիա էր եկել Հյուսիսային Եվրոպայից, ծովափին հովանոցի տակ հանգստանալիս քնով ընկավ։ Երբ արթնացավ, տեսավ, որ ստվերն անցել է, իսկ սպիտակ ոտքերը լավ կարմրել են։ Նա պատմում է. «Ես գնացի հիվանդանոցի շտապ օգնության սենյակ։ Ոտքերս ուռել էին, իսկ մաշկս ձգվել էր, ասես եփած նրբերշիկներ լինեին։ Երկու–երեք օր ցավի մեջ էի։ Ո՛չ կարողանում էի կանգնել, ո՛չ էլ ծալել ոտքերս։ Մաշկս այնքան էր ձգվել, որ վախենում էի, թե կպայթի»։
Շատերի կարծիքով՝ միայն մաշկի բաց գույն ունեցողները պետք է վախենան արևայրուկից։ Ճիշտ է, թեև մաշկի մուգ գույն ունեցողներն ավելի պաշտպանված են արևի վնասակար ճառագայթներից, այնուհանդերձ, նրանք էլ կարող են ունենալ մաշկի քաղցկեղ։ Վերջիններիս պարագայում այդ հիվանդությունն աննկատ է մնում և բացահայտվում է միայն վերջին փուլում։ Պետք է նշել, որ արևի ճառագայթները վնասում են ոչ միայն մաշկը, այլև աչքերն ու իմունային համակարգը։ Հետևանքները, սակայն, ի հայտ են գալիս տարիներ հետո։
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը սովորաբար ավելի ուժեղ է հասարակածի մոտ։ Ուստի նրանք, ովքեր ապրում են արևադարձային կամ մերձարևադարձային երկրներում, կամ էլ ճամփորդում են այդ երկրներով, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն։ Այդպես վարվելու պատճառներից մեկն այն է, որ մթնոլորտի օզոնի պաշտպանիչ շերտը, համաձայն վերջին տվյալների, ավելի է բարակել։ Այժմ տեսնենք, թե արևի տակ երկար մնալն ինչ հետևանքներ է ունենում։
Վնասում է աչքը
Ամբողջ աշխարհում ավելի քան 15 միլիոն մարդ կուրանում է կատարակտից։ Այս հիվանդությունը ձևավորվում է, երբ աչքի ոսպնյակի սպիտակուցները տրոհվում են, այնուհետև միանում են իրար՝ կազմելով խառը զանգված, որն էլ առաջացնում է փառ։ Կատարակտը հենց այն հիվանդություններից մեկն է, որն, ըստ ուսումնասիրությունների, առաջանում է երկար տարիներ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկվելու հետևանքով։ Բացի այդ, հիվանդությունը կարող է կրկնվել, եթե անհատը մշտապես ենթարկվի արևի ճառագայթների ազդեցությանը. այս դեպքերը հիվանդության առաջացման 20 տոկոսն են կազմում։
Ցավոք, այդ հիվանդությունն ավելի տարածված է զարգացող երկրներում, որտեղ մարդիկ աղքատ են։ Այդ պատճառով Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ապրող միլիոնավոր մարդիկ կույր են, քանի որ միջոցներ չունեն վիրահատվելու համար։
Վնասում է մաշկը
Աշխարհում քաղցկեղով տառապողների մեկ երրորդը հիվանդ է մաշկի քաղցկեղով։ Ամեն տարի գրանցվում է մելանոմայի (մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակ) գրեթե 130 000 դեպք և վերնամաշկի հիմային բջիջների կարցինոմայի ու եղջերաշերտի կարցինոմայի երկուսից երեք միլիոն այլ դեպքեր։ Ըստ հաշվարկների՝ ամեն տարի մաշկի քաղցկեղից մահանում է մոտ 66 000 մարդa։
Ինչպե՞ս են արևի ճառագայթները վնասում մեր մաշկը։ Արևի ամենաուժեղ ազդեցությունը, որն ամենից հայտնին է և տարածվածը, արևայրուկն է, կամ՝ էրիթեման։ Այն ներգործում է անմիջապես, ազդեցությունը կարող է տևել օրեր։ Էրիթեման արտահայտվում է բշտիկների տեսքով և թեփոտությամբ։
Արևայրուկի ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթները սպանում են մաշկի վերին շերտի բջիջների մեծ մասը և վնասում են մաշկի ավելի խորը շերտերը։ Մարդու մաշկի գույնի ցանկացած փոփոխություն արդեն այն բանի նշան է, որ մաշկը վնասված է։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են ԴՆԹ–ի մոլեկուլները, որոնք պատասխանատու են մաշկի բջիջների առաջացման և տրոհման համար, ինչի արդյունքում առաջանում է մաշկի քաղցկեղ։ Արևի ճառագայթները նաև փոխում են մաշկի հյուսվածքները և թուլացնում են էլաստիկությունը։ Դրա հետևանքով էլ ժամանակից շուտ մաշկը կնճռոտվում է, կախվում է և մաշկի վրա կապտաբծեր են առաջանում։
Վնասում է իմունային համակարգը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մաշկը չափից շատ է ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, մարդու իմունային համակարգի որոշ ֆունկցիաներ խանգարվում են։ Դա էլ իր հերթին թուլացնում է մարդու դիմադրողականությունը որոշ հիվանդությունների նկատմամբ։ Նույնիսկ արևի տակ քիչ մնալու դեպքում կարող է մեծանալ բակտերիային, սնկիկային, մակաբուծային կամ վիրուսային հիվանդություններով վարակվելու հավանականությունը։ Շատերը նկատել են, որ արևի տակ երկար մնալու պատճառով պարբերաբար իրենց մոտ հերպեսի բշտիկներ են առաջանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի հաշվետվության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի տեսակ (UVB) «թուլացնում է իմունային համակարգը, ինչպես օրինակ՝ բշտկացանի դեպքում այն այլևս չի կարողանում վերահսկել հերպես վիրուսին, ինչի հետևանքով էլ վիրուսը նորից ակտիվանում է»։
Ուստի արևի ճառագայթները կարող են վնասել և քաղցկեղ առաջացնել հիմնականում երկու պատճառով։ Առաջին՝ այն ուղղակիորեն վնասում է ԴՆԹ–ն, երկրորդ՝ թուլացնում է իմունային համակարգը, և օրգանիզմը չի կարողանում վերականգնվել։
Ուստի խելամիտ կլինի նախազգուշական միջոցներ ձեռնարկել և երկար չմնալ արևի տակ, որպեսզի արևայրուկ չունենաք։ Հակառակ դեպքում՝ կարող եք վտանգել ձեր առողջությունը, նույնիսկ կյանքը։
[Ծանոթագրություն]
a Մաշկի քաղցկեղի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2005 թ. հունիսի 8–ի համարը (էջեր 3–10, անգլ., ռուս.)։
[Շրջանակ 11–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԱՐԵՎԻՑ
◼ Խուսափեք 10։00–16։00 արևի տակ լինելուց, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի ուժեղ է
◼ Աշխատիր մնալ ստվերում
◼ Հագիր խիտ գործվածք ունեցող լայն հագուստ, որ ձեռքերդ և ոտքերդ ծածկված լինեն
◼ Դիր լայնեզր գլխարկ, որպեսզի պաշտպանես աչքերդ, ականջդ, դեմքդ և վիզդ
◼ Կրիր լայն ապակիներով բարձրորակ ակնոց, որը կպաշտպանի աչքերդ բոլոր կողմերից։ Եթե 99–100 տոկոսով աչքերդ պաշտպանված լինեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ապա աչքի հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը կնվազի
◼ Արևից պաշտպանող քսուք օգտագործիր երկու ժամը մեկ անգամ։ Նախընտրելի է, որ քսուքի վրա նշված լինի 15 կամ ավելի բարձր պաշտպանություն
◼ Քանի որ արհեստական արևայրուկի (օրինակ՝ սոլյարի) ժամանակ նույնպես օգտագործվում է ուլտրամանուշակագույն ճառագայթում, մաշկը կարող է վնասվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս խուսափել դրանցից
◼ Պաշտպանիր երեխաներին, քանի որ նրանց մաշկը շատ նուրբ է
◼ Երբեք մի՛ քնիր արևի տակ
◼ Եթե նկատում ես, որ մաշկիդ վրա խալ, պեպեն կամ բծեր են առաջացել, որոնք անհանգստացնում են քեզ, անմիջապես դիմիր բժշկի