Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/12 էջ 16–19
  • Միջնադարի հմուտ աստղագետները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Միջնադարի հմուտ աստղագետները
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արաբ աստղագետների դերը
  • Կառավարությունը օժանդակում է
  • Երկրի չափումները
  • Նրանց թողած ժառանգությունը
  • Ինչպես արաբերենը դարձավ գիտակ մարդկանց լեզուն
    2012 Արթնացե՛ք
  • Աստղերն ազդեցություն ունե՞ն քո կյանքի վրա
    2010 Դիտարան
  • Առեղծվածային տիեզերքը
    2009 Արթնացե՛ք
  • Միջնադարի բժշկագետները
    2012 Արթնացե՛ք
2012 Արթնացե՛ք
g 4/12 էջ 16–19

Միջնադարի հմուտ աստղագետները

ՈՂՋ պատմության ընթացքում մարդիկ հիացել են, երբ նայել են արևին, լուսնին և աստղերին։ Ուսումնասիրելով երկնային մարմինների դիրքն ու շարժումը՝ նրանք կարողացել են որոշել օրերը, ամիսներն ու տարիները։

Արաբները այն բազմաթիվ ժողովուրդներից են եղել, որ ուսումնասիրել են գիշերային երկինքը։ Մերձավոր Արևելքում գիտության ոսկեդարը սկիզբ առավ մ.թ. 9-րդ դարում, և այդ ժամանակաշրջանի արաբ աստղագետները համարվեցին հմուտ աստղագետներ։ Նրանց ձեռքբերումները մեծ դեր խաղացին այս գրավիչ գիտության հետագա զարգացման մեջ։ Տեսնենք, թե ինչպես։

Արաբ աստղագետների դերը

Մ.թ. 7-րդ և 8-րդ դարերում իսլամը Արաբիայից տարածվեց դեպի արևմուտք՝ հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա և արևելք՝ մինչև Աֆղանստան։ Այս հսկայական տարածաշրջանի գիտնականները օգտվում էին Պարսկաստանի և Հունաստանի գիտական հետազոտություններից, որոնց վրա մեծ ազդեցություն էին թողել Բաբելոնն ու Եգիպտոսը։

Իսկ 9-րդ դարի ընթացքում արաբերենով թարգմանվեցին մի շարք կարևոր գիտական տեքստեր, այդ թվում նաև հույն աստղագետ Պտղոմեոսիa աշխատությունները։ Աբբասյանները, որոնց դինաստիան ձգվում էր Աֆղանստանից մինչև Ատլանտյան օվկիանոս, Հնդկաստանից ձեռք բերեցին սանսկրիտերեն տեքստեր, որոնք հարուստ տեղեկություններ էին պարունակում մաթեմատիկայի, աստղագիտության և այլ գիտությունների վերաբերյալ։

Իսլամում անչափ կարևորվում էր աստղագիտությունը։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ այս գիտությունը սերտորեն կապված էր երկրպագության հետ։ Մահմեդականները մտածում էին, որ աղոթելիս իրենք պետք է դեմքով դեպի Մեքքան նայեն, իսկ աստղագետները կարող էին հստակ որոշել Մեքքայի ուղղությունը ցանկացած տեղից։ Մինչև 13-րդ դարը որոշ մզկիթներում աշխատում էին հմուտ աստղագետներ, կամ՝ «մուվաքիտներ», որոնք օգնում էին երկրպագողներին աղոթելու այն ժամին, որն ըստ իրենց՝ ճիշտ էր։ Ստացած տեղեկություններով աստղագետները կարողանում էին նաև որոշել կրոնական արարողությունների և սովորույթների օրերը, օրինակ՝ Ռամադան ամսին պաս պահելու օրերը։ Բացի այդ, նրանք օգնում էին Մեքքա գնացող ուխտագնացներին իմանալու, թե որքան երկար է լինելու նրանց ճանապարհորդությունը և ցույց էին տալիս լավագույն ուղին։

Կառավարությունը օժանդակում է

Բաղդադում 9-րդ դարի սկզբում աստղագիտությունը յուրաքանչյուր գիտնականի կրթության մի մասն էր։ Խալիֆ ալ Մամունը Բաղդադում աստղադիտարան հիմնեց, իսկ հետագայում մեկ ուրիշը՝ Դամասկոսի մոտ։ Աշխարհագրագետներից և մաթեմատիկոսներից բաղկացած նրա խումբը վերլուծում էր, համեմատություններ էր անցկացնում և որոշում էր պարսկական, հնդկական և հունական ավանդություններում եղած տարբերությունների պատճառները։ Ավելի ուշ աստղադիտարաններ հիմնվեցին նաև Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներումb։

Այդ կենտրոններում աշխատող աստղագետները իրենց ժամանակներում հիանալի արդյունքների հասան։ Օրինակ՝ 1031թ. սկզբներին Աբու Ռեյհան ալ Բիրունին առաջ քաշեց այն տեսակետը, որ մոլորակները պտտվում են ոչ թե շրջանաձև, այլ էլիպսաձև ուղեծրում։

Երկրի չափումները

Մահմեդականության տարածումը նպաստեց, որ մարդիկ սկսեն հետաքրքրվել քարտեզագրությամբ և նավագնացությամբ։ Քարտեզագիրները ձգտում էին իրենց չափումների մեջ կատարյալ ճշգրտության հասնել, և հաճախ դա նրանց հաջողվում էր։ Խալիֆ ալ Մամունը աշխարհի քարտեզ պատրաստելու համար գեոդեզիստների երկու խումբ ուղարկեց Սիրիական անապատ՝ ճշգրիտ չափումներ կատարելու, ինչպես նաև լայնության աստիճանները որոշելու։ Զինված լինելով աստրոլաբներով, չափման համար նախատեսված քանոններով ու պարաններով՝ խմբերը հակառակ ուղղություններով գնացին, մինչև որ Բևեռային աստղի բարձրության մեջ մեկ աստիճանի փոփոխություն նկատեցին։ Նրանք հաշվարկեցին, որ այդ անցած ճանապարհը մեկ աստիճան (1օ) լայնություն ունի, կամ՝ կազմում է երկրի շրջագծի 1/360-ը։ Նրանց հաշվարկներով՝ բևեռի շրջագիծը 37 369 կիլոմետր էր, որը շատ մոտ է իրական թվին՝ 40 008 կիլոմետր։

Մերձավոր Արևելքի աստղադիտարաններում կային տարբեր տեսակի բարդ սարքավորումներ՝ աստրոլաբներ, կվադրանտներ, սեքստանտներ (անկյունաչափ գործիք), արեգակնային ժամացույց և այլ գործիքներ, որոնք օգտագործվում էին երկնային մարմինների ուսումնասիրության և հայտնաբերման համար։ Որոշ սարքավորումներ շատ մեծ էին, քանի որ դրանք պատրաստողները կարծում էին, որ սարքի ճշգրտությունը կախված է նրա չափերից։

Նրանց թողած ժառանգությունը

Միջնադարյան այս աստղագետների ձեռքբերումները տպավորիչ էին։ Նրանք անուններ դրեցին աստղերին, համաստեղություններին, նկարագրեցին դրանց ձևը, ավելի ճշգրիտ օրացույցներ կազմեցին, որոշեցին լուսնի և արևի խավարման օրերը և կատարելագործեցին աստղային քարտացուցակները՝ երկնային մարմինների շարժումները քարտեզագրելու համար։ Նրանք կարող էին հստակ որոշել արևի, լուսնի և տեսանելի հինգ մոլորակների դիրքերը ցերեկվա կամ գիշերվա ցանկացած ժամին, ինչը անգնահատելի առաջնորդություն էր նավագնացության համար։ Արաբ աստղագետները կարողանում էին նաև որոշել ժամը և երկնային մարմինների դիրքերն ուսումնասիրելով՝ պահել օրացույցներ։

Երկնային մարմինների շարժումները բացատրելու համար արաբ աստղագետների հիմնած տեսությունները կարող էին օգնել նրանց բացահայտելու այն հակասությունները, որ կային Պտղոմեոսի՝ տիեզերքի մոդելում։ Միակ բանը, որ նրանք չէին հասկացել այն էր, որ Արեգակնային համակարգի կենտրոնում ոչ թե երկիրն է, այլ արևը։ Այդուհանդերձ, աստղերի շարժումները նրանք գծագրեցին այնպիսի ճշգրտությամբ, որ երբևէ չէր արվել, իսկ նրանց հայտնագործությունները ողջ աշխարհի ապագա աստղագետների համար անգնահատելի ժառանգություն դարձան։

[ծանոթագրություններ]

a Հույները արդեն հասկացել էին, որ երկիրը գնդաձև է։ Հակառակ դեպքում՝ նրանք ինչպե՞ս կարող էին իմանալ, որ Բևեռային աստղը երկնքում ավելի ցածր է երևում այն ժամանակ, երբ անհատը ճանապարհորդում էր դեպի հարավ։

b Այս աստղադիտարանները հաճախ կառուցվում էին այն պատճառով, որ կառավարիչներն էին հետաքրքրված աստղագիտությամբ։

[շրջանակ/նկարներ 19-րդ էջի վրա]

ՀՆԱԳՈՒՅՆ «ԳՐՊԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ»

Աստրոլաբը, որը սեքստանտի նախահայրն է, համարվում էր «ամենակարևոր աստղագիտական գործիքը նախքան աստղադիտակի հայտնաբերումը»։ Միջնադարի գիտնականները Մերձավոր Արևելքում օգտվում էին այս սարքից՝ ժամանակի և երկնային մարմինների դիրքի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Աստրոլաբը երկնքի նրբագեղ մոդել էր՝ պատկերված մետաղյա ափսեի վրա։ Այս սարքի եզրագծերի վրա փորագրված էին աշխարհագրական աստիճանները և երբեմն օրվա ժամերը։ Պտտվող սլաքի (անկյունաչափի) միջոցով որոշվում էր աստղի բարձրությունը՝ ձեռքի երկարության չափ բարձրության վրա սարքը օդում պահելով։ Արդյունքները հստակ երևում էին եզրագծերին փորագրած սանդղակների վրա, ինչպես որ հաշվեքանոնի վրա է լինում։

Այս ունիվերսալ աստրոլաբի միջոցով հնարավոր էր տարբերակել աստղերը, ինչպես նաև կանխորոշել յուրաքանչյուր օրվա արևածագի և արևամուտի ժամերը, իմանալ Մեքքայի ուղղությունը, չափել տարածքը, դժվար հաշվարկներ անել, ինչպես նաև նավարկել։ Աստրոլաբը, իրոք որ, «գրպանի համակարգիչ» էր։

[նկարներ]

13-րդ դարի աստրոլաբ

14-րդ դարի աստրոլաբ կվադրանտ

[թույլտվությամբ]

Astrolabe: Erich Lessing/Art Resource, NY; astrolabe quadrant: © New York Public Library/Photo Researchers, Inc.

[նկար 16-րդ էջի վրա]

16-րդ դարի նկար, որում պատկերված են օսմանցի աստղագետները արաբ գիտնականների մեթոդները կիրառելիս

[նկար 17-րդ էջի վրա]

Աստղագետները մոլորակների շարժումների վերաբերյալ գրառումները պահում էին բազմաթիվ ալմանախներում, որոնք հավաքել էին տարբեր մահմեդական երկրներից

[նկար 18-րդ էջի վրա]

Երկնային գլոբուս (1285թ.)

[նկար 18-րդ էջի վրա]

Համաստեղությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող արաբական ձեռագիր, որը գրել է աստղագետ Աբդ ալ Ռահման ալ Սուֆին մոտ 965թ.-ին

[նկար 17-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Pages 16 and 17: Art Resource, NY

[նկար 18-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Manuscript: By permission of the British Library; globe: © The Bridgeman Art Library

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը