Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 9/13 էջ 14–15
  • Չժեն Հե

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չժեն Հե
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՏՈՒՐՔԵՐ
  • Բովանդակություն
    2013 Արթնացե՛ք
  • «Կիտացիների նավերը» սլանում են ծովերով
    2007 Դիտարան
  • Փյունիկյան դարաշրջանի գլուխգործոց. «Թարսիսի նավեր»
    2008 Դիտարան
  • Իսպանական «Անհաղթ արմադա». ճանապարհորդություն, որը վերջացավ ողբերգությամբ
    2007 Արթնացե՛ք
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 9/13 էջ 14–15

ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Չժեն Հե

«Պայքարելով օվկիանոսի ժայռանման հսկա ալիքների դեմ՝ մենք անցանք ավելի քան հարյուր հազար լիa և հեռվում նկատեցինք այն տարածքները, որտեղ բարբարոսներ էին ապրում.... մեր առագաստներն ասես լողացող ճերմակ ամպեր լինեին. օր ու գիշեր կատաղի ալիքների միջով անցնելով՝ մենք աստղի արագությամբ առաջ էինք ընթանում» (15-րդ դարի մակագրություն, վերագրվում է Չժեն Հեին, Ֆուչժոու, Չինաստան)։

ՉԻՆԱՍՏԱՆԸ աշխարհի մեծ երկրներից մեկն է, որն ունի թվով ամենամեծ բնակչությունը։ Այնտեղ է գտնվում Չինական մեծ պարիսպը՝ պատմության մեջ հայտնի ամենամեծ կառույցը։ Չինաստանի Մին դինաստիայի կայսրեր Յոնգլեն ու Սուանդեն հիմնել են մի նավատորմ, որը հաջորդ 5 դարերի ընթացքում գոյություն ունեցած նավատորմերից ամենամեծն է եղել։ Այն գլխավորել է Չժեն Հեն, որը մահմեդական էր՝ Չինաստանի հարավ արևմուտքից։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՏՈՒՐՔԵՐ

Համաձայն մակագրության, որը մասամբ մեջբերված է հոդվածի սկզբում՝ Չժեն Հեի առաքելությունն էր «բարությամբ վերաբերվել հեռավոր տարածքներում բնակվող ժողովուրդներին և ցույց տալ, թե ինչ օգուտ կարող է բերել Չինաստանի կայսրությունը իր հպատակներին»։ Այդ ճանապարհորդությունների արդյունքում «հորիզոնից այն կողմ գտնվող երկրները և աշխարհի տարբեր մասերում ապրող ժողովուրդները դառնում էին [Չինաստանի] հպատակներ.... Ծովից այն կողմ ապրող բարբարոսները.... ներկայանում էին [կայսերական արքունիք]՝ իրենց հետ բերելով թանկարժեք իրեր ու նվերներ»։

Որոշ նավահանգիստներ, ուր եղել է Չժեն Հեի նավատորմը

Մին դինաստիայի կայսրերի կազմակերպած ճանապարհորդությունների նպատակը քննարկման առարկա է դարձել։ Ոմանք կարծում են, որ հզոր, բայց խաղաղասեր ժողովուրդների համար Չժեն Հեն բարի նպատակներ ունեցող անձնավորություն է եղել և ցանկացել է ներկայացնել իր երկրի մշակույթը։ Ուրիշները, սակայն, մտածում են, որ նա պետություններին հպատակեցնելու բռնատիրական նպատակներ է հետապնդել։ Ինչ խոսք, Չժեն Հեն թանկարժեք նվերներ էր անում և քաղաքական աջակցություն էր ցույց տալիս այն կառավարիչներին, ովքեր ընդունում էին նրա պայմանները, իսկ նրանց, ովքեր չէին ուզում հպատակվել և տուրք տալ կայսրին, նա գերի էր վերցնում։ Արդյունքում Հնդկական օվկիանոսի շուրջը գտնվող տասնյակ երկրների կառավարիչներ դեսպաններ էին ուղարկում Չինաստան՝ կայսրին տուրք վճարելու համար։

Չժեն Հեի նավատորմը ուղևորվելիս տանում էր մեծ քանակությամբ լաքապատ իրեր, ճենապակի և մետաքս՝ պատրաստված Մին դինաստիայի հմուտ վարպետների կողմից։ Այդ ամենը վաճառում էին հեռավոր նավահանգիստներում, իսկ այնտեղից բերում էին թանկարժեք քարեր, փղոսկր, համեմունքներ, արևադարձային ծառերի փայտ և այլ պերճաշուք իրեր, որոնք թանկ էին գնահատվում Չինաստանում։ Մի անգամ նույնիսկ ընձուղտ էին բերել, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, իրարանցում էր առաջացրել երկրում։ Իրերի և գաղափարների այսպիսի փոխանակման շնորհիվ արտաքին աշխարհը կարողացավ որոշակի պատկերացում ունենալ 15-րդ դարի Չինաստանի քաղաքակրթության մասին։

Չժեն Հեի ուղևորություններից ընդամենը մի քանի տասնամյակ հետո Չինաստանը դադարեցրեց օտար երկրների հետ իր առևտուրն ու դիվանագիտական հարաբերությունները, և նման մեծ ճանապարհորդություններ այլևս չեղան։ Նոր կայսրը և նրա կոնֆուցիական խորհրդականները, չցանկանալով որևէ առնչություն ունենալ այլ պետությունների հետ, մեկուսացրին երկիրը արտաքին աշխարհի ազդեցությունից։ Նրանք ակներևաբար վերացրին այդ ճանապարհորդությունների վերաբերյալ գրավոր արձանագրությունները և նույնիսկ նավերը։ Չինաստանում և այլ երկրներում ապրող մարդկանց միայն վերջին տարիներին հայտնի դարձավ այն դարաշրջանը, երբ Չժեն Հեի հսկա նավատորմը կատարել էր իր նշանավոր ճանապարհորդությունները։

a Չինական չափման միավոր, որի չափը տարբեր դարերում տարբեր է եղել։ Կարծիք կա, որ Չժեն Հեի օրերում մեկ լին հավասար էր մոտ մեկ երրորդ մղոնի, կամ՝ կես կիլոմետրի։

ԿԱՐՃ ՓԱՍՏԵՐ

  • Մին դինաստիայի նավատորմը՝ Չժեն Հեի գլխավորությամբ 1405–1433թթ.-ին իրականացրել է յոթ մեծ ճանապարհորդություն։

  • Նավատորմը հավանաբար բաղկացած է եղել 200 կամ ավել նավերից (ռազմական, բեռնատար, ջրատար, ձիեր տեղափոխող և այլն)։ Նավերում եղել են ավելի քան 27000 նավաստիներ, պաշտոնյաներ, զինվորներ, առևտրականներ, բանվորներ և ուրիշներ։

  • Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Չժեն Հեի նավատորմի պես մեծ նավատորմ չի եղել։ Այն հասել է Հեռավոր Արևելքի և Հնդկական Օվկիանոսի նավահանգիստներ, ընդհուպ մինչև Արևելյան Աֆրիկա։

  • Չժեն Հեի ծառայողներից երեքը այդ ճանապարհորդություններից դեպքեր են գրի առել։ Այդ գրվածքները մեզ շատ բան են հայտնում այս նշանավոր մարդու ուղևորությունների մասին։

Որքա՞ն մեծ և որքա՞ն շատ էին Չժեն Հեի նավերը

Մին դինաստիայի պատմական արձանագրություններում նշվում է, որ Չժեն Հեի գանձեր տեղափոխող նավերը չափազանց մեծ էին՝ 136 մետր երկարության և 56 մետր լայնության։ Մասնագետների համար այս չափսերը անիրական են, քանի որ ըստ նրանց՝ 90 մետրից երկար փայտե առագաստանավերը չեն կարող ամուր լինել։

Մի հոդվածում նշվում է, որ «այդ նավերի չափսերի մասին արձանագրությունները չափազանցված են։ Ավելի հավանական է, որ նավը ունենար 60–75 մետր, ոչ թե 135 մետր երկարություն»։ Ինչևէ, 15-րդ դարում նավերը, որոնք ունեցել են ավելի քան 60 մետր երկարություն, բացառիկ են համարվել, իսկ Չժեն Հեի նավատորմը բաղկացած է եղել այդպիսի 62 նավից»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը