21 ՍԱՄՈՒԵԼ
Փոքր տղա, ով քաջաբար հայտնեց Եհովայի խոսքերը
ՍԱՄՈՒԵԼԻ իրավիճակը ինչ-որ առումով նման էր Հեփթայեի աղջկա ու Սամսոնի իրավիճակին։ Հեփթայեի աղջկա պես՝ Սամուելը, իր ծնողի երդման համաձայն, ողջ կյանքը պետք է նվիրեր Եհովային սուրբ ծառայություն մատուցելուն (1 Սամ. 2։11)։ Սամսոնի պես նա պետք է ծնված օրվանից ուխտավոր լիներ (Դատ. 13։7)։ Եվ նրանց երկուսի պես Սամուելին քաջություն էր պետք։
Երբ Սամուելը կաթից կտրվեց, նրա մայրը՝ Աննան, ինչպես և խոստացել էր Եհովային, տղային տարավ Սելով, որտեղ նա պետք է ծառայեր խորանում։ Այդ ժամանակ Սամուելը հավանաբար մոտ երեք տարեկան էր կամ մի փոքր ավելի մեծ։ Նրա մայրը ամեն տարի այցելում էր իր որդուն և նրան նոր հագուստ էր բերում։ Սամուելը մեծանում էր խորանում տարեց քահանայապետ Հեղիի հոգածության տակ։ Հավանաբար խորանում ծառայող որոշ կանայք նույնպես աջակցում էին տղայի խնամքի հարցում։
Բայց որոշ բաների պատճառով խորանում մատուցվող պաշտամունքը պղծվում էր, և Հեղի քահանայապետը այդ հարցում մեղքի իր բաժինն ուներ։ Նրա երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, չարագործ մարդիկ էին։ Նրանք անբարոյականություն էին գործում Եհովայի սուրբ տանը ծառայող որոշ կանանց հետ։ Նաև այլ կերպերով էին արատավորում մաքուր պաշտամունքը։ Ըստ ամենայնի, նրանց կարգադրությամբ սպասավորները ճնշում էին խորան եկած համեստ ու խոնարհ մարդկանց և, նախքան զոհերը կմատուցվեին Եհովային, ագահաբար խլում էին լավագույն մասերը։ Հեղին գիտեր, թե ինչեր էին անում իր որդիները, բայց բավարարվել էր ընդամենը թեթևակի խրատելով նրանց։ Որդիներն էլ նշանակություն չէին տվել իրենց հոր ասածին։ Չնայած շուրջը տիրող անօրենությանը՝ Սամուելը մեծանում էր որպես աստվածավախ մարդ և վայելում էր Եհովայի ու մարդկանց բարեհաճությունը։ Ուստի երբ եկավ Սելովում տիրող իրավիճակը շտկելու Եհովայի որոշած ժամանակը, Նա պատանի Սամուելին ընտրեց, որ իր խոսնակը լինի։
Մի անգամ ուշ գիշերը Սամուելը արթնացավ ինչ-որ ձայնից։ Եհովան էր կանչում նրան։ Բայց Սամուելը կարծեց, թե դա Հեղին է, ով արդեն ծեր էր ու լավ չէր տեսնում։ Ուստի տղան վազեց քահանայապետի մոտ և հարցրեց, թե ինչ է ուզում։ Հեղին Սամուելին հետ ուղարկեց քնելու՝ ասելով, որ ինքը չի կանչել նրան։ Նույն բանը կրկնվեց ևս երկու անգամ։ Ի վերջո Հեղին հասկացավ, թե ինչ է կատարվում, ուստի ասաց Սամուելին, որ գնա պառկի, ու եթե նորից լսի իրեն կանչող ձայնը, ասի՝ «Քո ծառան լսում է, Եհո՛վա. խոսիր»։
Սամուելը հենց այդպես էլ արեց։ Երբ չորրորդ անգամ Եհովան ձայն տվեց՝ «Սամուե՛լ, Սամուե՛լ», տղան պատասխանեց. «Քո ծառան լսում է, խոսիր»։ Այդ ժամանակ Եհովան հայտնեց նրան, որ շտկելու է Սելովում տիրող իրավիճակը և պատժելու է Հեղիին, քանի որ նա չէր սաստել իր որդիներին։ Եհովան դատաստան էր տեսնելու նրա տան, այդ թվում՝ նրա չարագործ որդիների հետ։ Այդ ամենը Սամուելը պետք է ասեր Հեղիին։
Հետո Սամուելը պառկեց ու քնեց, բայց չգիտենք՝ արդյոք նա կարողացավ հանգիստ ու խորը քնել, թե ոչ։ Նա առավոտյան վեր կացավ ու բացեց խորանի գավիթի դռները։ Աստվածաշունչն ասում է, որ Սամուելը «վախեցավ տեսիլքի մասին պատմել Հեղիին», և դա միանգամայն բնական է։ Հեղին տղային իր մոտ կանչեց և հարցրեց, թե ինչ է Աստված հայտնել նրան։ Հնարավոր է՝ նա զգաց, որ Սամուելը անհանգիստ է ու վախեցած, դրա համար էլ ասաց. «Խնդրում եմ, մի՛ թաքցրու ինձնից»։
Թեև Սամուելը ընդամենը պատանի էր, բայց պետք է Եհովայի դատաստանական լուրը հայտներ Հեղի քահանայապետին
Ինչ խոսք, Սամուելը շատ լարված էր։ Թերևս նա խորին հարգանքով էր վերաբերվում Հեղիին, ինչպես իր հարազատ պապիկի կամ առնվազն որպես ողջ ազգի հոգևոր առաջնորդի։ Ուստի նրա համար գուցե դժվար էր Հեղիին պատմել իր լսածը։ Բայցևայնպես նա քաջաբար հայտնեց Եհովայի խոսքերը։ Կարդում ենք. «Սամուելը ամեն ինչ պատմեց նրան, ոչինչ չթաքցրեց»։ Հեղին հասկացավ, որ իր և իր ընտանիքի գլխին սև ամպեր են կուտակվել։ Արդյոք նա դրանից հետո վերջապես ուղղե՞ց իր չարագործ որդիներին։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի նշվում, որ նա այդպիսի բան է արել։
Եհովան Սամուելին առատապես վարձատրեց քաջություն դրսևորելու համար։ Աստվածաշնչում ասվում է. «Եհովան նրա հետ էր»։ Դեռ ավելին՝ Եհովան այդուհետ նրա միջոցով էր հայտնում իր ասելիքը, և «թույլ չէր տալիս, որ նրա ասած խոսքերից մեկն անգամ գետին ընկնի»։ Ի վերջո Հեղիի և նրա որդիների վերաբերյալ Սամուելի հայտնած բոլոր խոսքերը կատարվեցին։ Հետագա տարիների ընթացքում իսրայելացիները Սամուելին էին դիմում Եհովայի կամքն իմանալու համար։ Սամուելը տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայեց որպես Եհովայի մարգարե և նրա կողմից նշանակված դատավոր։ Նա փոքր տարիքից սովորեց քաջություն դրսևորել, այնպիսի քաջություն, որով Եհովան է օժտում իր ծառաներին։ Եվ նա իր երկար ու բովանդակալից կյանքի ողջ ընթացքում շարունակեց քաջաբար գործել։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Սամուելն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչպիսի՞ն էր Սելովի տեղանքը, որտեղ գտնվում էր Եհովայի տապանակը (w92 11/1, էջ 8-9)։ Ա
Todd Bolen/BiblePlaces.com
նկար Ա։ Հին Սելովի տեղանքը
2. Խորանում ինչպիսի՞ն էր կյանքը Սամուելի համար (ia, էջ 61-62, պրբ. 9-13)։ Բ
նկար Բ
3. Ի՞նչ իմաստով «Սամուելը դեռևս լավ չէր ճանաչում Եհովային» (1 Սամ. 3։7; w02 12/15, էջ 8, պրբ. 5-6)։
4. Հեղիի տան մասին մարգարեությունը ինչպե՞ս կատարվեց (it, «Հեղի», պրբ. 5-7)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Սամուելի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել երեխաներին ու պատանիներին հասկանալու, թե որքան կարևոր է՝
սրտանց հնազանդվել (1 Սամ. 3։5),
լինել հարգալից և օգնելու պատրաստ (1 Սամ. 3։6-10),
լինել վստահելի (1 Սամ. 3։15)։ Գ
նկար Գ
Ե՞րբ գուցե պետք լինի, որ պատանին քաջաբար խոսի, և Սամուելի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել նրան։
Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Սամուելի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Սամուելին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ե՞րբ գուցե երեխաներն ու չափահասները քաջության և վճռականության կարիք ունենան ճիշտն անելու համար։
Նույնիսկ երբ շրջապատի մարդիկ անհարգալից էին վերաբերվում Աստծուն, պատանի Սամուելը արեց այն, ինչ ճիշտ էր։
«Սամուելը վճռում է Եհովային ծառայել» (ijwis, պատմություն 15)