Անցած տարվա նշանակալից իրադարձությունները
Եհովայի կազմակերպության երկրային մասը անդադար առաջ է ընթանում։ Ձեզ ենք ներկայացնում անցած տարի տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները։
Ձեռքբերված և վաճառված տարածքներ
Նոր տարածք գլխավոր վարչության համար
2009 թ. հուլիսին Եհովայի վկաները Նյու Յորքի հյուսիսում տարածք գնեցին, որպեսզի այնտեղ տեղափոխեն իրենց գլխավոր վարչությունը։ 102 հեկտար մակերես ունեցող այս տարածքը գտնվում է մոտ 80 կիլոմետր հյուսիս-արևմուտք Բրուքլինում գործող մասնաշենքերից, որոնք 1909-ից շահագործվում են Վկաների կողմից։
Մոտ 800 բեթելցիներ կապրեն և կաշխատեն այս նոր տարածքում, որտեղ կառուցվելու են չորս բնակելի շենքեր, ինչպես նաև երկու շինություն գրասենյակների և սպասարկման բաժինների համար։ Նախատեսվում է կառուցել նաև Եհովայի վկաների ժամանակակից պատմության մի համեստ թանգարան։
Շինարարությունը կիրականացվի 18 հեկտար հողատարածքում, իսկ մնացած մասը կմնա անփոփոխ։ Շինություններին հարակից տարածքում չեն լինի լայն սիզամարգեր։ Ընդհանուր կանաչապատ գոտին կներդաշնակեցվի հարակից անտառին։ Ռեսուրսները խնայելու համար ճարտարապետները այնպիսի շենքեր են նախագծել, որոնք էներգիայի սպառման առումով արդյունավետ են։ Արդյունքում նվազագույնի կհասցվեն ոչ միայն շահագործման ծախսերը, այլև շրջակա միջավայրի վրա թողած ազդեցությունը։ Օրինակ՝ տանիքներին ցանվելու են ցրտադիմացկուն և քիչ խնամք պահանջող բույսեր, ինչը կնվազեցնի անձրևաջրերի հոսքը և շենքերի ներսում ջերմաստիճանի տատանումը։ Գրասենյակները նախագծված են այնպես, որ լուսավորության համար օգտագործվի բնական լույսը։ Ջրի խնայողությանը նույնպես մեծ ուշադրություն է դարձվել։
Ինչո՞ւ ենք տեղափոխվում։ Նախկինում Աստվածաշունչը և աստվածաշնչյան գրականությունը տպագրվում էր միմիայն Բրուքլինում։ Սակայն ժամանակի ընթացքում Եհովայի վկաների ուրիշ երկրներում գտնվող մասնաճյուղերը ևս սկսեցին իրականացնել տպագրություն։ Իսկ 2004 թ.-ին Բրուքլինի տպագրության և առաքման բաժինները տեղափոխվեցին Ուոլքիլ՝ Բրուքլինից 145 կիլոմետր հյուսիս-արևմուտք (Նյու Յորք)։ Շահագործման ծախսերը նույնպես հաշվի են առնվել։ Բրուքլինում գտնվող շինությունները շահագործելն ու բարվոք վիճակում պահելը բավականին մեծ ծախսեր են պահանջում։ Տեղափոխվելով նոր վայր, որտեղ շինությունները ավելի քիչ կլինեն և իրար ավելի մոտ՝ Վկաները կկարողանան է՛լ ավելի արդյունավետորեն օգտագործել նվիրաբերված դրամական միջոցները։
Որոշ մասնաճյուղեր միանում են իրար
2012 թ.-ի սեպտեմբերից Եհովայի վկաների ավելի քան 20 մասնաճյուղեր միացել են ավելի խոշոր մասնաճյուղերի։ Այս փոփոխության համար երկու հիմնական պատճառ կա։
1. Տեխնիկան հեշտացրել է աշխատանքը։ Վերջին տարիներին հաղորդակցության և տպագրության ոլորտներում տեխնիկայի կատարելագործումը նվազեցրել է աշխատողների կարիքը։ Արդյունքում՝ որոշ մասնաճյուղերում ծառայողների թիվը կրճատվել է, ինչը հնարավորություն է ստեղծել, որ այլ երկրների փոքր մասնաճյուղերը միանան մեծերին։
Այս փոփոխությունը նպաստել է, որ մեծ մասնաճյուղերում Աստվածաշնչի կրթական գործի մասին հոգ տանող փորձառու Վկաների թիվը ավելանա։ Օրինակ՝ Կոստա Ռիկայի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Նիկարագուայի և Պանամայի մասնաճյուղերը միացել են Մեքսիկայի մասնաճյուղին, որն էլ այժմ վերահսկում է այդ տարածքներում իրականացվող քարոզչական գործունեությունը։ Այս 6 մասնաճյուղերից 40 Վկաներ նշանակվեցին Մեքսիկայի մասնաճյուղ։ Մոտ 95 Վկաներ էլ մնացին իրենց երկրներում, որտեղ սկսեցին լիաժամ մասնակցել քարոզչական գործին։
Կենտրոնական Ամերիկայի վերոհիշյալ երկրներում գործող թարգմանչական բաժինները չտեղափոխվեցին։ Օրինակ՝ մոտ 20 թարգմանիչներ Պանամայում «Դիտարանի» հրատարակությունները թարգմանում են բնիկների լեզուներով, իսկ Գվատեմալայում 16 Վկաներ՝ տեղի չորս լեզուներով։ Այսպիսով, Կենտրոնական Ամերիկայում այս փոփոխությունների արդյունքում՝ նախկին մասնաճյուղերում ծառայող 300 հոգուց մնացին 75-ը, որոնց գործունեությունը նույնպես վերահսկում է Մեքսիկայի մասնաճյուղը։
2. Մասնաճյուղում ծառայողներից ոմանք հիմա կարող են իրենց ժամանակը տրամադրել քարոզչական գործին։ Մասնաճյուղերի միացման արդյունքում շատ հմուտ քարոզիչներ, որոնք ծառայում էին այդ մասնաճյուղերում, այժմ կարող են կենտրոնանալ բարի լուրը քարոզելու վրա։ Մի Վկա, որը ծառայում է Աֆրիկայում, այդ քարոզիչներից մեկն է։ Նա պատմում է. «Առաջին մի քանի ամիսներին դժվար էր հարմարվել նոր պայմաններին, սակայն ամեն օր ծառայությանը մասնակցելը ինձ մեծ ուրախություն էր պատճառում։ Ես ինձ շատ օրհնված եմ զգում և այժմ ունեմ Աստվածաշնչի 20 ուսումնասիրություն։ Նրանցից ոմանք մասնակցում են ժողովի հանդիպումներին»։
Այն երկար ժամանակ զարդարել է Բրուքլինի երկնակամարը
Արդեն 40 տարուց ավել է, ինչ 4,6 մետրանոց կարմիր տառերով WATCHTOWER (Դիտարան) բառը գտնվում է Եհովայի վկաների գլխավոր վարչության շենքերից մեկի գլխին։ Նյու Յորքի բնակիչների համար այն արդեն հարազատ է դարձել, և ոմանք նույնիսկ ժամը կամ ջերմաստիճանը իմանալու համար նայում են դրա վրա տեղադրված վահանակին։
Նախկին սեփականատերը մոտ 70 տարի առաջ մի նշան էր տեղադրել շենքի գլխին։ Երբ 1969-ին Եհովայի վկաները գնեցին շենքը, նրանք այդ նշանի փոխարեն դրեցին այն, ինչ տեսնում ենք այսօր։
Եղբայրները տեղադրում են «Դիտարան» բառի նեոնային լամպով տառերը, 1970
Տարիների ընթացքում վահանակը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել ավելի արդյունավետ և ճշգրիտ աշխատելու համար։ Մինչ 1980-ականների կեսերը այն հաջորդաբար ցույց էր տալիս ժամը և ջերմաստիճանը միայն ըստ Ֆարենհայտի սանդղակի, իսկ դրանից հետո, սկսեց ցուցադրվել նաև ըստ Ցելսիուսի։
Էբընին, որի բնակարանից երևում է վահանակը, ասում է. «Հաճելի է աշխատանքի գնալուց առաջ պատուհանից տեսնել ժամը և ջերմաստիճանը։ Դա օգնում է, որ չուշանամ և եղանակին համապատասխան հագնվեմ»։
Կշարունակի՞ վահանակը մնալ իր տեղում ևս 40 տարի։ Հավանաբար ոչ։ Քանի որ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը տեղափոխվելու է Նյու Յորք քաղաքից դուրս, այս հարցի հստակ պատասխանը կտա շենքի նոր սեփականատերը։
Խոսքը տարածվում է
Նորություն Մանհեթենում
2011թ. հոկտեմբերին մի խումբ Եհովայի վկաներ սկսեցին իրականացնել մի նոր ծրագիր Նյու Յորքի ամենահին շրջաններից մեկի՝ Մանհեթենի բնակիչներին աստվածաշնչյան լուրը գեղեցիկ տաղավարների օգնությամբ հասանելի դարձնելու համար։ Այս ծրագիրը իրականացվում է Մանհեթենի հարավում, որտեղ միշտ եռուզեռ է։ Նրանք տարածքը բաժանեցին չորս գոտիների։ Յուրաքանչյուր գոտում՝ մի քանի տարբեր տեղերում, դրվեցին տաղավարներ, որպեսզի անցորդները տեսնեն գեղեցիկ դասավորված աստվածաշնչյան հրատարակությունները, և եթե նրանց որևէ բան հետաքրքրի, դիմեն դրանց կողքին կանգնած ռահվիրաներից որևէ մեկին։ Տաղավարների մեծ մասը գտնվում է կայարաններում կամ դրանց մոտակայքում, որտեղով ամեն օր անցուդարձ են անում տասնյակ հազարավոր մարդիկ։
Ռահվիրա զույգն առաջարկում է ամսագրեր Նյու Յորք քաղաքի կենտրոնական մեծ կայարանում տեղադրված գրականության տաղավարի մոտ
Տաղավարների մոտ մարդիկ կարող են իմանալ, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում տարբեր հարցերին։ Իսկ ովքեր շտապում են, կարող են վերցնել մի որևէ հրատարակություն հետո կարդալու համար։ Տաղավարներում դրված են տարբեր լեզուներով հրատարակություններ։ Եթե անցորդի ուզած լեզվով հրատարակություն չկա, նա կարող է պատվիրել և մի քանի օր անց վերցնել իր պատվերը։
Թե՛ ոստիկանությունը և թե՛ ղեկավար մարմինները ողջունում են այս ծրագիրը։ Մի ոստիկան նույնիսկ ասել է. «Վաղուց պետք է այսպես անեիք։ Սա հենց այն է, ինչ պետք է մարդկանց»։ Մի անգամ էլ անցորդներից մեկը, հենց որ տեսավ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, անմիջապես կանգնեց և ասաց, որ տեսել է մետրոյում ոմանց այս գիրքը կարդալիս և ցանկացել է իմանալ, թե որտեղից են նրանք ձեռք բերել այն։ Հիմա նա արդեն գիտի։
Մի երիտասարդ մեկուկես ամիս շարունակ ամեն օր աշխատանքի գնալիս անցնում էր տաղավարներից մեկի կողքով։ Մի օր նա կանգ առավ ու ասաց. «Ես օգնության կարիք ունեմ»։ Տաղավարի մոտ կանգնած քարոզիչները սիրով լսեցին նրան և տվեցին մի Աստվածաշունչ ու բացատրեցին, թե ինչպես կարող է օգտվել դրանից։ Շատ հետաքրքրասեր անցորդներ են կանգնում հոգևոր թեմաների մասին զրուցելու համար, և ընդամենը ութ ամիսների ընթացքում 1748 հոգի Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն է հայտնել։ Իսկ մինչև 2012-ի հունիսը այս նախաձեռնության շնորհիվ 27934 ամսագիր և 61019 գիրք է բաժանվել։
Մեր ամսագրերը. քիչ էջեր, շատ լեզուներ
Սկսած 2013թ.-ից՝ «Դիտարանի» ընդհանուր թողարկման և «Արթնացե՛ք» ամսագրերի էջերի քանակը 16 է նախկին 32-ի փոխարեն։ Քանի որ ամսագրերի նյութը ավելի քիչ է, ավելի շատ թարգմանչական խմբեր կարող են թարգմանել դրանք։ 2012թ. դեկտեմբերի «Արթնացե՛ք»-ը թարգմանվել է 98 լեզուներով, իսկ «Դիտարանը»՝ 204։ «Դիտարանի» ուսումնասիրության թողարկումը կշարունակի լույս տեսնել 32 էջով։
Որոշ խորագրեր, որոնք նախկինում լույս էին տեսնում ամսագրերում, այժմ միայն www.pr418.com կայքում են։ Դրանցից են, օրինակ, «Դիտարանի» ընդհանուր թողարկման «Պատանի ընթերցողների համար», «Իմ դասը Աստվածաշնչից» խորագրերը, ինչպես նաև «Գաղաադ» դպրոցի ավարտական ծրագրի մասին հոդվածները և «Արթնացե՛ք»-ի «Քննարկեք ընտանիքով» ու «Երիտասարդները հարցնում են» խորագրերը։
Բացի դրանցից, կայքում կան հոդվածներ, որոնք տալիս են կարճ ու կոնկրետ պատասխաններ Աստվածաշնչի և Եհովայի վկաների վերաբերյալ հարցերին։ Օնլայն առկա են նաև մի շարք հրատարակություններ բեռնելու համար։ Համակարգչի, պլանշետի կամ նույնիսկ որոշ բջջային հեռախոսների միջոցով մարդիկ կարող են շատ արագ գտնել մեր հրատարակությունները www.pr418.com կայքում ավելի քան 440 լեզուներով։
Մեր պաշտոնական կայքը նոր տեսք է ստացել
Վերջին ամիսների ընթացքում Նյու Յորքի գլխավոր վարչությունում Եհովայի վկաների մի խումբ աշխատում էր www.pr418.com կայքը համակարգիչների և նմանատիպ այլ սարքերի միջոցով հեշտ օգտագործելի և ավելի գրավիչ դարձնելու համար։ Նրանք թարմացնում էին կայքը՝ ի մտի ունենալով երկու նպատակ։
1. Համախմբել մեր կայքերը։ Եհովայի վկաների երեք կայքերը կենտրոնացվում են մեկ պաշտոնական կայքում՝ www.pr418.com։ Մյուս երկուսը՝ www.watchtower.org և www.jw-media.org, այլևս չեն գործում։ Այսպիսով՝ հնարավոր է ընդամենը մեկ կայքից իմանալ Եհովայի վկաների մասին, ինչպես նաև ձեռք բերել այն բոլոր տեղեկությունները, որ կարելի է ստանալ նրանցից։ Օրինակ՝ դուք կարող եք տպել էջեր տարբեր լեզուներով Աստվածաշնչերից կամ աստվածաշնչյան հրատարակություններից։ Կարող եք նաև լսել դրանց ձայնագրությունները։
2012 թ. օգոստոսի 27-ից www.pr418.com վեբ կայքը երևաց նոր տեսքով
2. Ավելի շատ տեղեկություններ տրամադրել։ Թարմացված կայքում տրվում են Աստվածաշնչի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի հակիրճ պատասխանները, և տրամադրվում են տեղեկություններ քարոզչական գործի, մասնաճյուղերի, Թագավորության սրահների և Եհովայի վկաների համաժողովների մասին։ «Նորություններ» բաժնում ներկայացվում են լուրեր աշխարհի տարբեր մասերում ապրող Եհովայի վկաներին առնչվող դեպքերի վերաբերյալ։ Կայքում կան նաև հետաքրքիր բաժիններ ընտանիքների, պատանիների և երեխաների համար։
Սովորաբար ամեն օր կայք են այցելում հարյուր հազարավոր մարդիկ և օնլայն կարդում են մեր հրատարակությունները։ Նրանք բեռնում են մոտ կես միլիոն աուդիո, EPUB, PDF կամ ժեստերի լեզվով վիդեո ֆայլեր։ Օրական հարյուրավոր մարդիկ գրում են մեզ, որ ցանկանում են՝ որևէ մեկը իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։
Օգնում ենք ամեն տեսակ մարդկանց
Բազմահատոր Աստվածաշունչ կույրերի համար
«Նոր աշխարհ» թարգմանությունը Բրայլի գրատիպով ամբողջովին հասանելի է անգլերեն, իսպաներեն և իտալերեն լեզուներով։ Այն բաղկացած է 20–28 հատորից, որոնք զբաղեցնում են գրապահարանի առնվազն երկու մետր երկարություն ունեցող դարակ։ Կույրերի համար Աստվածաշունչը մատչելի է նաև այլ տարբերակներով, որոնք զգալիորեն շատ ավելի քիչ տեղ են զբաղեցնում։ Բրայլով «գրառող» սարքը հնարավորություն է տալիս և՛ նշումներ անելու այդ գրատիպով, և՛ կարդալու այլ սարքերում պահված էլեկտրոնային ինֆորմացիան՝ շնորհիվ իր վրա եղած «տողի», որի վրա կան գնդասեղներ։ Դրանք բարձրանալով և իջնելով՝ կազմում են Բրայլի սիմվոլներ։ Կույրերը կարող են նաև գտնել և լսել հրատարակություններում գրվածը «ընթերցող» սարքի միջոցով, որը գրավոր տեքստը փոխակերպում է բանավորի։
Ավելի քան 100 տարի Եհովայի վկաները հրատարակում են աստվածաշնչյան գրականություն նաև կույրերի համար, որը հիմա արդեն մատչելի է 19 լեզուներով։ Ճիշտ է, այս հրատարակություններն անվճար են, սակայն շատերը նվիրաբերություններ են անում դրանց համար։
Շրի Լանկայում եղբայր Անտոնի Բերնարդը ընտանեկան երկրպագություն է անցկացնում՝ օգտագործելով անգլերեն Բրայլի գրատիպով իր Աստվածաշունչը
Վկաները ստեղծել են մի համակարգչային ծրագիր, որը կարողանում է տեքստն արտագրել տարբեր լեզուների Բրայլի գրատիպով։ Երբ փոխակերպման աղյուսակը պատրաստ է, որը պարունակում է տպագիր տեքստի տառերը և Բրայլի համապատասխան սիմվոլները, ծրագիրը կարող է փոխակերպել տեքստը՝ դարձնելով այն Բրայլի գրատիպով։ Այն նաև այնպիսի տարբերակով է կազմում հրատարակությունը, որ կույրերի համար կարդալը հեշտ լինի։ Ըստ էության, այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի թողարկել Բրայլի գրատիպով հրատարակություններ և Աստվածաշունչ ցանկացած լեզվով, որն ունի Բրայլի գրատիպ, նույնիսկ եթե այդ լեզուն լատինատառ չէ։
Նախկինում, երբ Եհովայի վկաների համաժողովների ժամանակ հայտարարվում էր նոր հրատարակության լույսընծայման մասին, ասվում էր, որ Բրայլի գրատիպով այն հնարավոր կլինի պատվիրել ավելի ուշ։ Անցած տարի, սակայն, Միացյալ Նահանգների մասնաճյուղը հարցում անցկացրեց ժողովներում՝ իմանալու, թե որ մարզային համաժողովին են կույրերը ներկա լինելու և հրատարակությունները որ տարբերակով կնախընտրեն ստանալ (ուռուցիկ-կետավոր տպագիր, էլեկտրոնային ձևաչափ «գրառող» սարքի, թե «ընթերցող» սարքի համար)։
Տպագիր հրատարակություններ ուղարկվեցին այն համաժողովների անցկացման վայրեր, որտեղ ներկա էին լինելու կույրերը։ Այդպիսով՝ նրանք հնարավորություն ունեցան ստանալ նոր թողարկումները մյուսների հետ միաժամանակ, իսկ էլեկտրոնային հրատարակությունները ուղարկվեցին նրանց էլեկտրոնային հասցեներին իրենց համաժողովից մեկ շաբաթ անց։
Մի կույր Վկա հետևյալ խոսքերով արտահայտեց իր հիացմունքը. «Անբացատրելի զգացում է ստանալ հրատարակությունները մյուսների հետ միաժամանակ։ Սաղմոս 37։4-ն ասում է, որ Եհովան կկատարի մեր սրտի խնդրանքը։ Այսօր նա դա կատարեց»։ Մեկ ուրիշը արցունքները աչքերին ասաց. «Եղբայրները հոգում են իմ մասին։ Շնորհակալ եմ Եհովային, որ մեր նկատմամբ այսքան հոգատար է»։
Հազարավոր մարդիկ գրել-կարդալ են սովորում
Միայն 2011-ին Եհովայի վկաները ավելի քան 5700 մարդու օգնել են դառնալու գրաճանաչ։ Ահա տվյալներ որոշ երկրներից։
Գանա։ Անցած 25 տարիների ընթացքում մենք օգնել ենք 9000-ից ավելի մարդկանց գրել-կարդալ սովորել։
Գրագիտության դաս Զամբիայում
Մոզամբիկ։ Վերջին 15 տարիների ընթացքում ավելի քան 19000 մարդ գրաճանաչ է դարձել։ Այս աշակերտներից մեկը՝ Ֆելիսարդան, ասում է. «Այնքա՜ն եմ ուրախանում, երբ ծառայության ժամանակ բացում ու կարդում եմ աստվածաշնչյան համարները։ Առաջ դա շատ դժվար էր ինձ համար»։
Սողոմոնի կղզիներ։ Մեր մասնաճյուղը գրում է. «Նախկինում մեկուսի բնակավայրերում դպրոցներ չկային։ Բացի դրանից, աղջիկներից քչերն են դպրոց գնացել։ Ուստի կազմակերպված գրաճանաչության դասերը մեծ օգուտներ են բերել հատկապես կանանց։ Շատերը ավարտելուց հետո ավելի մեծ վստահություն են ձեռք բերել»։
Զամբիա։ 2002-ից ի վեր մոտ 12000 մարդ բարելավել է իր գրագիտության մակարդակը։ 82-ամյա Ագնեսը ասում է. «Երբ ժողովում հայտարարեցին գրաճանաչության դասի մասին, ես ուրախությամբ խնդրեցի ընդգրկել նաև ինձ։ Պատկերացնո՞ւմ եք, հենց առաջին դասին սովորեցի գրել իմ անունը»։
Գովաբանության երգերը շատ լեզուներով
Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականությունը արդեն իսկ թարգմանում են մոտ 600 լեզուներով։ Սակայն 135 երգերից բաղկացած մի ամբողջ երգարանը թարգմանելն առանձնակի դժվար աշխատանք էր։ Այդուհանդերձ երեք տարում «Գովերգենք Եհովային» երգարանը թարգմանվեց 116 լեզուներով։ Նույն երգարանի մեկ այլ տարբերակ, որը պարունակում է 55 երգ, թարգմանվեց ևս 55 լեզուներով։ Տասնյակ այլ լեզուներով էլ այն դեռևս պատրաստման փուլում է։
Սողոմոնի կղզիներ։ Ժողովը երգում է պիջին լեզվով
Երգերը թարգմանողների նպատակն էր այնպիսի բառեր գրել, որ դրանք լինեն ոչ միայն իմաստալից ու գեղեցիկ, այլև հեշտ հիշվող ու բավականին պարզ, որպեսզի երգողը անմիջապես ընկալի դրանց իմաստն ու էությունը։ Խոսքերն ու երաժշտությունը պետք է այնքան ներդաշնակ լինեին յուրաքանչյուր լեզվով, որ ակնհայտ լիներ, որ երգը բխում է մարդկանց սրտերից։
Ինչպե՞ս թարգմանիչները հասան այդ նպատակին։ Ընդհանուր առմամբ նրանք ոչ թե բառացի են թարգմանել «Գովերգենք Եհովային» անգլերեն երգարանի երգերը, այլ գրել են նոր խոսքեր, որոնք փոխանցում են միևնույն միտքը, ոգին և զգացմունքները։ Թարգմանիչները ձգտել են հավատարիմ մնալ յուրաքանչյուր երգի հիմքում ընկած սուրբգրային մտքին, սակայն միևնույն ժամանակ օգտագործել են իրենց մայրենի լեզվում գործածվող արտահայտություններ, քանի որ դրանք հոգեհարազատ են և հիշվող։
Նախ թարգմանիչները բառացի թարգմանել են անգլերեն երգի բառերը։ Հետո մի վկա, ով երգի խոսքեր գրելու շնորհք ունի, կենդանություն է հաղորդել տեքստին՝ տալով գույներ ու երանգներ, բայց միևնույն ժամանակ չի փոխել երգի իմաստը։ Այնուհետև թարգմանիչների խումբը և սրբագրիչները ստուգել են երգի խոսքերը՝ ուշադիր լինելով, որ այն ներդաշնակ լինի աստվածաշնչյան ճշմարտություններին։ Թեև մեր երգարանը թարգմանելը հսկայածավալ աշխատանք էր, սակայն անչափ հաճելի է տեսնել Եհովայի վկաների ցնծությունը, որոնք գովաբանության երգեր են երգում իրենց մայրենի լեզվով։
Թարգմանչական գրասենյակներ
«Հայտնություն» գրքում մարգարեացված էր, որ մեր օրերում օծյալ քրիստոնյաները մարդկանց կհրավիրեն գալ և «վերցնել կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22։17)։ Այս հրավերը տրվելու էր «բոլոր.... ժողովուրդներին և լեզուներին» (Հայտն. 7։9)։ Մինչև վերջերս շատ թարգմանիչներ ծառայում էին մասնաճյուղերում, որոնք, սակայն, հեռու են այն տարածքից, որտեղ խոսում են իրենց մայրենի լեզվով։ Նրանց համար դժվար էր տեսնել, թե ինչպես է լեզուն զարգանում, ուստիև այնպես թարգմանել հրատարակությունները, որ գրվածը հասնի ընթերցողների սրտին։ Հիմա արդեն այդ տարածքներում բացվել են թարգմանչական գրասենյակներ, ուր տեղափոխվել են թարգմանչական խմբերը։ Այս նախաձեռնությունը մեծ օրհնություններ է բերել, ինչպես երևում է հետևյալ թարգմանիչների խոսքերից։
Մի մայա թարգմանիչ Մեքսիկայից ասաց. «Ես ինձ զգում եմ ինչպես մատղաշ տնկի, որին կրկին վերադարձրել են իր հարազատ հողին, իր միջավայրին»։ Իսկ Ռուսաստանի հարավում մի թարգմանիչ ասաց. «Թարգմանիչների համար, կարելի է ասել, դրախտ է այն, որ թարգմանչական գրասենյակը գտնվում է տվյալ լեզվով խոսող մարդկանց բնակավայրում։ Հեռուստատեսությամբ, գրքերում և ինտերնետում օգտագործվող լեզուն զգալիորեն տարբերվում է այն լեզվից, որն օգտագործում են մարդիկ առօրյայում։ Մեր դեպքում բնական թարգմանությունը անմիջապես կապ ունի կենդանի խոսքը լսելու հետ»։
«Ես ինձ զգում եմ ինչպես մատղաշ տնկի, որին կրկին վերադարձրել են իր հարազատ հողին, իր միջավայրին»
Կոնգոյում մի չիլուբա թարգմանիչ ասաց. «Մենք մեր մայրենի լեզվով խոսում ենք ամեն օր՝ գնումներ անելիս, հարևանների հետ զրուցելիս, ծառայության և ժողովի հանդիպումներին մասնակցելիս։ Ուսումնասիրում ենք մեր թարգմանած գրականություն ծառայության ժամանակ էլ օգտագործում ենք չիլուբա լեզվով հրատարակությունները, ուստի մեր աչքերով ենք տեսնում՝ ինչպես են մարդիկ հասկանում թարգմանվածը»։
Ուգանդայում մի լհուկոնզո թարգմանիչ ասաց. «Չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ ենք, որ մեր ժողովներն անցկացվում են այն լեզվով, որով խոսում ենք և թարգմանում։ Մենք նաև մեծագույն հաճույքով ենք մասնակցում քարոզչական գործին, քանի որ մարդկանց հետ խոսում ենք մեր մայրենի լեզվով»։
Մեծ օգուտներ են քաղել նաև այն ժողովները, որտեղ նշանակվել են թարգմանիչները։ Մայա թարգմանիչների վերաբերյալ մի քույր հետևյալն ասաց. «Նրանք մեզ քաջալերում են իրենց ջերմ խոսքերով և լավ օրինակով։ Յուրահատուկ զգացում ունենք, ասես Բեթելի մի փոքրիկ մաս մեզ հետ է»։
Լուո թարգմանչական խումբը Կիսումու քաղաքում, Քենիա
Քաջալերանքը փոխադարձ է։ Քենիայից մի թարգմանիչ ասաց. «Լուո լեզվով տպագիր նյութեր քիչ կան։ Ուստի շատերը մեծ հաճույքով վերցնում են մեր հրատարակությունները, քանի որ նախկինում երբեք չեն տեսել այսքան բարձր որակի գրականություն իրենց լեզվով։ Նրանց ոգևորությունը քաջալերում է ինձ ու մղում է շարունակելու իմ ծառայությունը և անելու իմ լավագույնը»։
Այս թարգմանիչներից շատերը մասնաճյուղերում ծառայել են երկար տարիներ, նույնիսկ տասնամյակներ։ Նրանց ոգին և Եհովայի ժողովրդի շահը իրենց անձնական շահից բարձր դասելու պատրաստակամությունը մեծապես գնահատվում է և օրհնվում։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մի կոսա թարգմանիչ հետևյալ կերպ արտահայտեց շատերի զգացումը. «Թարգմանչական գրասենյակներ բացելու Կառավարիչ մարմնի որոշումը պարզապես գերազանց է։ Ճիշտ է, մենք ուրախ էինք Բեթելում, բայց հիմա շատ ավելի ուրախ ենք թարգմանչական գրասենյակում»։
Լուրեր ամբողջ աշխարհից
«Եղբայրները հոգ տարան մեր մասին»
2012թ. հունիսի 3-ին՝ կիրակի օրը, Նիգերիայում ողբերգական ավիավթար տեղի ունեցավ։ 153 ուղևորներ տեղափոխող ինքնաթիռն ընկավ ամենամեծ քաղաքի՝ Լագոսի խիտ բնակեցված տարածքում։ Ինքնաթիռում լինողներից ոչ ոք կենդանի չմնաց։ Իսկ թե ընդհանուր հաշվով քանի հոգու կյանք խլեց այս վթարը, հայտնի չէ։
Լագոս, Նիգերիա։ Ավիավթարի հետևանքները
Քոլինս Էուեյը իր ընտանիքի հետ ապրում էր այն եռահարկ շենքի վերջին հարկում, որին բախվել էր ինքնաթիռը։ Վթարի պահին նրանք գտնվում էին Թագավորության սրահում։
Կեսօրին՝ ժամը 15։35-ին, «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման ժամանակ Քոլինսը և իր կինը՝ Չինյերեն, նկատեցին, որ բավական բաց թողած զանգեր ունեն։ Հանդիպման ավարտից հետո Չինյերեն պատասխանեց իր հեռախոսազանգին։ Հարևաններից մեկը տեղեկացրեց, որ նրանց բնակարանը հրդեհվում է։ Երբ տեղ հասան, նրանք տեսան, որ ինքնաթիռը բախվել է իրենց շենքին և ընկել է մոտակա շենքի վրա, որտեղ էլ բռնկվել է։
«Եթե տանը լինեինք,— ասաց Չինյերեն,— հաստատ կենդանի չէինք մնա։ Ավիավթարի պատճառով մենք կորցրինք ամեն ինչ, բացի մեր կյանքից և մեր հագին եղած շորերից։ Շրջանային վերակացուն անմիջապես կազմեց օգնության կոմիտե, և եղբայրները հոգ տարան մեր մասին։ Մենք անչափ շնորհակալ ենք նրանց»։
Իսկ Քոլինսը ասաց. «Իմ բարեկամները, ովքեր հակառակվում էին, քանի որ Վկա եմ, հիմա փոխել են իրենց վերաբերմունքը։ Նրանցից մեկն ինձ ասաց. «Ձեր Եհովան պատասխանում է աղոթքներին։ Հավատարիմ մնացեք ձեր Աստծուն, նա օգնում է ձեզ»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Ինչ էլ անում եք Աստծուն ծառայելու համար, շարունակեք սրտանց անել»։ Մենք իսկապես տեսել ենք Եհովայի ձեռքը, ու ես շատ ուրախ եմ»։
Խորհրդարանը հավանություն տվեց
Բուդապեշտ, Հունգարիա։ Մեր եղբայրները վկայություն են տալիս զբոսաշրջիկներին
2012թ. փետրվարի 27-ին Հունգարիայի կառավարությունը հավանություն տվեց եկեղեցիների վերաբերյալ Օրենքում առաջարկված լրացումներին։ Արդյունքում՝ Եհովայի վկաները ճանաչվեցին գրանցված կրոնական համայնք։ Այս իրավական կարգավիճակը կնպաստի Հունգարիայում բարի լուրի քարոզչական գործի առաջխաղացմանը։ Սույն օրենքը Եհովայի վկաներին տալիս է հարկերից ազատվելու արտոնություն և իրավունք՝ ազատորեն այցելելու բանտեր ու հիվանդանոցներ՝ հոգևոր աջակցություն տրամադրելու համար։ Այն նաև թույլատրում է ստանալ նվիրատվություններ։
Հիշատակի երեկոն առանձնահատուկ միջավայրում
Նամիբիայի Ռունտու քաղաքից մի հատուկ ռահվիրա գրում է մոտակա գյուղերից մեկում անցկացված Հիշատակի երեկոյի մասին, որին ինքը ներկա եղավ։ Քանի որ այնտեղ մարդիկ շատ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, եղբայրները որոշեցին առաջին անգամ Հիշատակի երեկոն անցկացնել տեղացիների լեզվով՝ ռումանյոյով։ Նա պատմում է. «Հավաքվել էինք բաց երկնքի տակ. միջավայրը հեքիաթային էր։ Լիալուսնի շողերին փոքր-ինչ սատարում էին պարաֆինի լամպերը և երկու լապտերները»։ Հավաքվածներն իրենց ավելի մոտ էին զգում Եհովային։ Թեև այդ տարածքում միակ քարոզիչը սկսել էր բարի լուրը պատմել ընդամենը մարտ ամսից, սակայն ներկաների թիվը հասավ 275-ի։
Մասնաճյուղերի նվիրումը փառք է բերում Եհովային
2011թ. նոյեմբերի 19-ը նշանակալից օր էր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Չադում Եհովայի կազմակերպության պատմության մեջ։ Այդ օրը 269 քույրեր ու եղբայրներ հավաքվել էին նոր կառուցված մասնաճյուղի դիմաց։ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Սեմյուել Հերդը եկել էր ներկայացնելու նվիրման ելույթ նոր Բեթելի շենքերի համար, որ ծառայելու էին Եհովայի գործի առաջխաղացմանը։ Ծրագրի ժամանակ ներկայացվեց այս երկու երկրներում քարոզչական գործի պատմությունը. Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում այն սկիզբ էր առել 1947-ին, իսկ Չադում՝ 1959-ին։ Այնուհետև ներկայացվեցին շինարարությանն առնչվող որոշ մանրամասներ։ Բազմաթիվ երկրներից փոխանցված ողջույնի խոսքերը լսելուց հետո ներկաները ունկնդրեցին եղբայր Հերդի ելույթը։ Բեթելի ընտանիքի բոլոր 42 անդամները ուրախ էին, որ ունեն ութ թարգմանչական գրասենյակ, խոհանոց, ճաշարան և լվացքատուն։ Կային նաև 22 բնակելի սենյակներ, ընդունարան, վարչական գրասենյակներ և առաքման գոտի։ Այս ամենը նպաստելու էր Բեթելի արդյունավետ գործունեությանը։
Կոնգոյում վերջապես մասնաճյուղի նվիրում եղավ
Եղբայր Ջեքսոնը ներկայացնում է նվիրման ելույթը Կինշասայում, Կոնգո
Իսկ 2012թ. մայիսի 26-ին՝ շաբաթ օրը, նշանակալից էր Կոնգոյի (Կինշասա) Եհովայի վկաների համար։ Ութ տարի տևած շինարարական և վերանորոգման աշխատանքներից հետո եղավ Բեթելի շենքերի նվիրումը։ Այս իրադարձությունը հատուկ էր, քանի որ թեև Կոնգոյում մասնաճյուղը գրեթե 50 տարի է ինչ գործում է, սակայն այն չէր նվիրվել։ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը ներկայացրեց նվիրման ելույթը մասնաճյուղում հավաքված 2422 ունկնդիրների առաջ, որոնց մեծ մասը ավելի քան 40 տարվա Վկաներ էին։ Կային նաև 117 հյուրեր 23 երկրներից։ Միսիոներներից ոմանք, ովքեր տարիներ առաջ ծառայել էին Կոնգոյում, քաջալերական դեպքեր պատմեցին։ Բոլորը ուրախ էին. այս նոր և վերանորոգված շինությունները փառք էին բերելու Եհովային։
Իրավաբանական հաշվետվություն
2011թ. հունիսի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ էր կայացրել, համաձայն որի՝ Ֆրանսիայի կառավարությունը խախտել էր Եհովայի վկաների իրավունքները, երբ 60 տոկոս հարկ էր սահմանել նրանց կրոնական նվիրաբերությունների վրա, որ արվել էին 1993–1996թթ.։ Թեև դատարանը հրավիրել էր կողմերին այս հարցում գալ բարեկամական կարգավորման, սակայն կառավարությունը շարունակեց պնդել, որ չափազանցված հարկումը օրինաչափ է։ Ուստի 2012թ. հուլիսի 5-ին ՄԻԵԴ-ի կայացրած վճռի համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը պարտավորվում էր չեզոքացնել հարկման «բոլոր հետևանքները»։ Դա նշանակում էր տոկոսների հետ միասին վերադարձնել 4590295 եվրո, որը բռնագանձվել էր հարկման ժամանակահատվածում, ինչպես նաև փոխհատուցել փաստաբանական ծախսերը՝ 55000 եվրո։
Էրիթրեայում Եհովայի հավատարիմ ծառաները զրկվել են քաղաքացիությունից չեզոքություն պահելու համար (Ես. 2։4)։ Անցած 17 տարիների ընթացքում շատերը ձերբակալվել են և այժմ մոտ 50 եղբայրներ և քույրեր, այդ թվում տարեց կանայք ու նույնիսկ մինչև երկու տարեկան երեխաներ, գտնվում են բանտում։ Ցավոք, 2011թ. հուլիսին եղբայր Միսգինա Գեբրեթինսաեն մահացավ բանտում։ Թեև իր կյանքի վերջին շաբաթը եղբայրը անցկացրեց թիթեղյա բեռնարկղում, սակայն ասում են, որ նրա մահվան պատճառներն անհայտ են։ Մեր եղբայրները շարունակում են ջանքեր ներդնել պաշտոնատար անձանց հանդիպելու համար, որպեսզի օգնեն նրանց հասկանալու, որ մեր խաղաղ և չեզոք դիրքորոշումը չի խոչընդոտում հարգանք դրսևորել Էրիթրեայի կառավարության հանդեպ։
Հնդկաստան։ Մեր եղբայրներից մեկը դատարանի մոտ, որին պատրաստվում են բանտ տեղափոխել
Հնդկաստանում Եհովայի վկաները ծառայության ժամանակ անընդհատ ենթարկվում են ամբոխային հարձակումների։ Տղամարդիկ, կանայք, երեխաները կրում են բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ. մեկ անգամ էլ դրանց զոհն են դարձել մի 60-ամյա տատիկ ու մեկուկես տարեկան երեխա։ Ոմանց նույնիսկ մերկացրել են և սպառնացել են սպանել։ Ոստիկանության անգործությունը և Վկաների հանդեպ կանխակալ տրամադրվածությունը ավելի են ոգևորել հալածողներին։ Օրինազանցներին դատապարտելու փոխարեն՝ ոստիկանները բանտարկել են Վկաներին՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով նրանց դեմ։ Իսկ մինչև դատը ազատ արձակելու համար ձերբակալված եղբայրներից հաճախ պահանջում էին այնքան բարձր գրավ վճարել, որը վեր էր ողջամտության սահմաններից։ Ոստիկանների կողմից նրանք նաև ենթարկվում են բանավոր և ֆիզիկական վիրավորանքների, զրկվում են բուժօգնությունից, ուտելիքից և ջրից։ Վկաները ստիպված են լինում տարիներ շարունակ ներգրավված լինել դատական պրոցեսների մեջ որպես հանցագործներ, մինչև նրանց վրայից վերջապես հանվում են մեղադրանքները։ Մի քանի դիմում-բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների ազգային հանձնաժողով՝ հուսալով, որ այն ինչ-որ կերպ կօգնի մեր եղբայրներին։
Թուրքիա։ Եղբայր Ֆետի Դեմիրտաշը շարունակում է իր եռանդուն ծառայությունը՝ չնայած իր կրած դժվարություններին
2011թ. նոյեմբերին ՄԻԵԴ-ը միաձայն վճռեց, որ Թուրքիան խախտել է Յունուս Էրչեպի խղճի ազատության իրավունքը։ Նա Եհովայի վկաներից մեկն է, որը դատապարտվել ու ազատազրկվել է համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։ 1998-ի մարտից ի վեր եղբայր Էրչեպը զորակոչվել է 39 անգամ, և նրա դեմ դատական գործ է հարուցվել ավելի քան 30 դեպքում։ Նրան տուգանել են, բանտարկել և նույնիսկ փակել են հոգեբուժարանում «կրոնական պարանոյայի» համար։
2004-ի հոկտեմբերին եղբայր Էրչեպը դիմեց ՄԻԵԴ։ Իր որոշման մեջ Դատարանը նշեց, որ «դիմողը, լինելով Եհովայի վկա, հրաժարվել է զինծառայությունից ոչ թե անձնական շահի կամ հարմարության համար, այլ անկեղծորեն դավանած կրոնական համոզմունքների հիման վրա»։
Ֆետի Դեմիրտաշը նույնպես, երբ զորակոչվեց 2005-ին, հրաժարվեց զինծառայությունից։ Նրան ձերբակալեցին, ծեծեցին, դատապարտեցին և բանտարկեցին 554 օր։ Նա ազատ արձակվեց 2007-ի հունիսին։ Քանի որ եղբայր Դեմիրտաշը փոխզիջումների չգնաց, նրա վերաբերյալ եզրակացություն կազմվեց, համաձայն որի՝ նա հոգեկան շեղում ունի։ Իր կայացրած վճռում Դատարանը նշեց, որ թուրքական իշխանությունների կողմից եղբայր Դեմիրտաշը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի և նրա խղճի ազատության իրավունքը խախտվել է։
ՄԻԵԴ-ի վերոհիշյալ երկու վճիռները անմիջապես հաջորդեցին 2011-ի հուլիսին կայացրած շրջադարձային նշանակություն ունեցող որոշմանը (Բայաթյանն ընդդեմ Հայաստանի), որտեղ ՄԻԵԴ-ի Մեծ Պալատը հաստատում էր, որ եվրոպական կոնվենցիան պաշտպանում է համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները։ Եվրախորհրդի բոլոր անդամ երկրները, ներառյալ Թուրքիան, պարտավորված են հետևել այս վճիռներին։
2012թ. հունվարին ՄԻԵԴ-ը կրկին Հայաստանի դեմ վճիռներ կայացրեց «Բուխարաթյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով՝ հաստատելով, որ խախտվել է այս երկու Եհովայի վկաների կրոնի ազատության իրավունքը։ Այս երկու եղբայրները համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվել էին զինծառայությունից։ Վճիռներում Դատարանը մեջբերեց «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված նշանակալից որոշումը։
Չնայած պատմական նշանակություն ունեցող այս վճիռներին՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է մեղադրել, դատապարտել և ազատազրկել համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ Այլընտրանքային ծառայության օրենքում արված փոփոխությունները, որոնք հավանության են արժանացել Հայաստանի կառավարության կողմից 2012-ի մարտին, դեռևս պետք է քննվեն խորհրդարանում։ Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ի կայացրած այս վճիռների հիման վրա կառավարությունը ազատ կարձակի բոլոր եղբայրներին, ովքեր դեռևս գտնվում են բանտերում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։
Եհովայի վկաները Ադրբեջանում շարունակում են ենթարկվել կառավարության ճնշումներին. խուզարկություններ և ձերբակալություններ կրոնական հանդիպումներին ներկա լինելու համար, կրոնական գրականության գրաքննություն, օտարերկրացի անդամների արտաքսում, բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ ոստիկանների կողմից և գրանցումը անվավեր ճանաչելու սպառնալիք։ Քանի որ Կրոնական կազմակերպությունների հետ գործակցության պետական կոմիտեն մերժեց Վկաների վերագրանցման դիմումը, ոստիկանությունը սկսեց ավելի հաճախ ներխուժել և ընդհատել Վկաների խաղաղ հանդիպումները, խանգարել նրանց ծառայությանը, սահմանափակել նրանց աստվածաշնչյան գրականության ներմուծումը և տարածումը։ Դատարանները խիստ տուգանքներ են դրել Եհովայի վկաների վրա կրոնական գրականություն բաժանելու և ժողովներին մասնակցելու համար։ Օրինակ՝ Գյանջա քաղաքում մի քույր տուգանվեց 1909 ԱՄՆ դոլար ժողովին մասնակցելու համար։ Քանի որ այս գործողությունները խախտում են կրոնի ազատության իրավունքը, որը երաշխավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, բազմաթիվ դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ։ Հույս ունենք, որ դրանք կօգնեն վերջ դնելու Եհովայի վկաների դեմ ուղղված հետապնդումներին ու հալածանքին այս երկրում։
Գործադիր մարմնի պաշտոնատար անձինք Ռուսաստանի տարբեր օկրուգներում շարունակում են սպառնալ և հետապնդել Եհովայի վկաներին։ Նրանք նաև ճնշում են բանեցնում դատարանների վրա, որ դատապարտեն Վկաներին Աստծուն երկրպագություն մատուցելու ազատության իրավունքից օգտվելու համար։ Լայնորեն քննադատված ծայրահեղականության օրենքի հիման վրա Ռուսաստանի տարբեր դատարաններ Եհովայի վկաների առնվազն 64 հրատարակություններ հայտարարել են ծայրահեղական։ Վերջերս էլ մի դատախազ պահանջել էր, որ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը, որով երեխաները սովորում են Հիսուս Քրիստոսի մասին, հայտարարվի ծայրահեղական։ Որոշ դատարաններ էլ վճռել են արգելափակել Վկաների պաշտոնական կայքի հասանելիությունը։ Նրանք իրավունք են տվել պաշտոնատար անձանց ժողովի անդամների հանդեպ իրականացնել գաղտնի հսկողություն, ներառյալ գաղտնի տեսագրություն և փոստի ստուգում։ Դրա հիման վրա ոստիկանությունը պարբերաբար հարցաքննում է հակառակվող հարևաններին, խուզարկում է Վկաների տները, առգրավում է կրոնական գրականությունը և այլ անձնական իրեր։ Վկաներին ձերբակալում են փողոցներում զբոսնելիս, մեքենա վարելիս կամ գնացքից իջնելիս։ Ոստիկանները ընդհատում են ժողովի հանդիպումները, երեցները դատապարտվում են իրենց հովվական գործունեության համար։ Որոշ տարածաշրջաններում էլ դատախազները փորձում են ստիպել դատարաններին լուծարել Եհովայի վկաների տեղական կրոնական կազմակերպությունները (ՏԿԿ)։
2012թ. մայիսին Տագանրոգ քաղաքում 17 Վկաներ դատապարտվեցին քրեորեն դատապարտելի արարք կազմակերպելու և իրականացնելու մեջ. նրանք ընդամենը իրենց հավատն են դավանել։ Այս տարածաշրջանում էր, որ 2009-ին դատարանի որոշմամբ, հայտարարվելով ծայրահեղական, Եհովայի վկաների ՏԿԿ-ն լուծարվեց, իսկ Թագավորության սրահը բռնագրավվեց։ Չկարողանալով օգտվել իրենց Թագավորության սրահից՝ Վկաները սկսեցին ժողովներ անցկացնել մասնավոր տներում և վարձված սրահներում։ Սակայն հիմա էլ իշխանությունները փորձում են դրան խոչընդոտել։ 2012-ի հուլիսին մի ռահվիրա ամուսնական զույգ Սիբիրի Չիտա քաղաքում մեղավոր ճանաչվեց ատելություն հրահրելու մեջ, քանի որ նրանք ուրիշների հետ իրենց հավատի մասին խոսելիս բաժանել են ծայրահեղական հայտարարված «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որը նախատեսված է Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Նրանք դատապարտվեցին 200 ժամ հարկադիր աշխատանքի, սակայն զույգը բողոքարկել է վճիռը։
Թեև ՄԻԵԴ-ը երկու վճիռներ է կայացրել հօգուտ Եհովայի վկաների և ընդդեմ Ռուսաստանի («Կուզնեցովը և մյուսները ընդդեմ Ռուսաստանի» 2007թ. և «Մոսկվայի Եհովայի վկաները ընդդեմ Ռուսաստանի» 2010թ.), սակայն Ռուսաստանի կառավարությունը շարունակում է անտեսել մեծ հեղինակություն ունեցող այս դատարանի որոշումները։ Այդ պատճառով Վկաները ևս 19 դիմումներ են ներկայացրել ՄԻԵԴ-ին՝ հուսալով, որ դրանց հետ կապված որոշումները վերջապես կմղեն Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և թույլ տալ Եհովայի ժողովրդին «հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ» (1 Տիմոթ. 2։2)։
Հարավային Կորեան շարունակում է բանտարկել մեր երիտասարդ եղբայրներին իրենց քրիստոնեական չեզոքության համար։ Ամեն ամիս մոտ 45 եղբայրներ են դատապարտվում և ազատազրկվում մեկուկես տարով։ Արդյունքում՝ մոտ 750 եղբայրներ այժմ գտնվում են բանտերում։ Այս թիվը գերազանցում է որևէ երկրում իրենց հավատի պատճառով բանտարկված Վկաներին թիվը։ 1950-ից ի վեր մոտ 17000 Վկաներ դատապարտվել են ընդհանուր հաշվով 32000 տարի ազատազրկման։
Իսկ այն Վկաները, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում էին զորավարժանքներից, նախկինում միայն տուգանվում էին։ Սակայն 2012-ին իշխանությունները սկսեցին նրանց նույնպես դատապարտել։ Քանի որ տարիների ընթացքում պահեստազորայինների զինակոչ լինում է մի քանի անգամ, այդ պատճառով ամեն անգամ եղբայրների դեմ գործ կհարուցվի։ Օրինակ՝ 2011-ի նոյեմբերին եղբայր Հո-ջանգ Սանը դատապարտվեց 8 ամիս ազատազրկման, որից հետո՝ 2012-ի հունիսին կրկին դատապարտվեց, այս անգամ էլ 6 ամիս ազատազրկման։ Նա անմիջապես դատարանից տարվեց բանտ և 29 օր անց ազատ արձակվեց գրավի դիմաց, մինչև որ կայացվի նրա բողոքարկման վճիռը։ Փաստորեն նրան սպասում է 14 ամիս ազատազրկում։
Հարավային Կորեայում ամեն ամիս մոտ 45 երիտասարդներ են ձերբակալվում և մեկուկես տարի ազատազրկվում
Տարբեր առիթներով Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Հարավային Կորեային խղճի ազատության իրավունքը ոտնահարելու համար։ Նոր դիմումներ են ներկայացվել այս հանձնաժողովին, ինչպես նաև Հարավային Կորեայի սահմանադրական դատարան՝ նպատակ ունենալով լուծում տալ այս խնդրին։