Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 Հովել 1 ։ 1–3 ։ 21
  • Հովել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովել
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Հովել

Հովել*

1 Եհովայի խոսքը, որ եղավ+ Փաթուելի որդի Հովելին.

2 «Լսեցե՛ք սա, ո՛վ երեցներ, և ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր բնակիչներ+։ Այսպիսի բան եղե՞լ է ձեր օրերում կամ ձեր նախահայրերի օրերում+։ 3 Պատմե՛ք դրա մասին ձեր որդիներին, ձեր որդիների որդիներին, իսկ նրանց որդիները՝ հաջորդ սերնդին+։ 4 Ինչ որ մնացել էր թրթուրից, մորեխը կերավ+, ինչ որ մնացել էր մորեխից, մորեխի թրթուրը կերավ, և ինչ որ մնացել էր մորեխի թրթուրից, խավարասերը կերավ+։

5 Արթնացե՛ք, ո՛վ հարբեցողներ+, և լա՛ց եղեք։ Ո՛վ բոլոր գինի խմողներ, ողբացե՛ք+ քաղցր գինու+ համար, քանի որ այն կտրվել է ձեր բերանից+։ 6 Իմ երկրի վրա մի ազգ է եկել՝ հզոր ու անհամար+։ Նրա ատամները առյուծի ատամներ են+, և նրա ծնոտը՝ առյուծի ծնոտ։ 7 Նա իմ որթատունկը զարհուրելի տեսարան է դարձրել+ և իմ թզենին՝ կոճղ+։ Նա ամբողջությամբ մերկացրել է դրանք ու մի կողմ նետել+։ Դրանց ոստերը սպիտակել են։ 8 Ողբա՛, ինչպես քուրձ+ հագած կույսն է ողբում իր երիտասարդության ամուսնու* վրա։

9 Հացի ընծան+ և ըմպելիքի ընծան+ վերացել են Եհովայի տնից։ Ողբում են քահանաները+՝ Եհովային ծառայողները+։ 10 Դաշտն ավերվել է+, հողը սգում է+, քանի որ հացահատիկը կողոպտվել է, նոր գինին չորացել է+, իսկ յուղը՝ ցամաքել+։ 11 Հողագործներն ամաչում են+, խաղողագործները ողբում են ցորենի և գարու համար, քանի որ դաշտի բերքը ոչնչացել է+։ 12 Որթատունկը չորացել է, թզենին թառամել է, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են+, որովհետև ցնծությունը ամաչել ու հեռացել է մարդկանց որդիներից+։

13 Քո՛ւրձ հագեք, կո՛ւրծք ծեծեք+, ո՛վ քահանաներ։ Ողբացե՛ք, զոհասեղանի մոտ ծառայողնե՛ր+։ Նե՛րս եկեք, գիշերե՛ք քուրձ հագած, ո՛վ իմ Աստծու ծառայողներ, որովհետև ձեր Աստծու տնից հացի ընծան+ և ըմպելիքի ընծան վերացել է+։ 14 Սրբացրե՛ք ծոմի ժամանակը+։ Հանդիսավոր հավաքո՛ւյթ գումարեք+։ Երեցներին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստված Եհովայի տան մո՛տ հավաքեք+ ու Եհովային օգնությա՛ն կանչեք+։

15 Ավա՜ղ, այդ օրը+ գալիս է։ Եհովայի օրը մոտ է+, և Ամենակարողի կողմից այն ավերման պես է գալու։ 16 Չէ՞ որ մեր աչքերի առաջից ուտելիքը վերացել է, և մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը+։ 17 Չորացած թզերը փչացել են նրանց թիերի տակ։ Ամբարներն ամայացել են։ Շտեմարանները փուլ են եկել, քանի որ հացահատիկը չորացել է։ 18 Օ՜, ինչպե՜ս են հեծեծում ընտանի կենդանիները։ Ինչպե՜ս են շփոթահար թափառում նախիրները, քանի որ նրանց համար արոտավայր չկա+։ Ոչխարների հոտերն էլ են պատիժ կրում հանցանքի պատճառով։

19 Օ՜, Եհո՛վա, ես քեզ պիտի կանչեմ+, որովհետև կրակը կլանել է անապատի արոտավայրերը, և բոցը լափել է դաշտի բոլոր ծառերը+։ 20 Դաշտի գազաններն էլ են տենչում քեզ+, որովհետև ջրանցքները չորացել են+, և կրակը կլանել է անապատի արոտավայրերը»։

2 «Եղջյո՛ւր փչեք Սիոնում+, ո՛վ մարդիկ, և մարտական կո՛չ+ արձակեք իմ սուրբ լեռան վրա+։ Թող երկրի բոլոր բնակիչները տագնապահար լինեն+, որովհետև Եհովայի օրը գալիս է+, մոտ է այն։ 2 Մթության ու խավարի օր է այն+, ամպի ու թանձր խավարի օր։ Այն նման է արշալույսի, որ տարածվում է լեռների վրա+։

Մի ժողովուրդ կա՝ անթիվ ու հզոր+։ Նախկինում երբեք նրա նմանը չի եղել+ և հետո էլ երբեք չի լինի ոչ մի սերնդի մեջ։ 3 Նրա առաջից կրակն է լափում+, իսկ հետևից բոցն է խժռում+։ Նրա առջևում երկիրը Եդեմի պարտեզի պես է+, իսկ հետևում անմարդաբնակ անապատ է, և ոչինչ չի կարող փրկվել նրանից։

4 Նրա տեսքը ձիերի է նման։ Նա նժույգների պես է վազում+։ 5 Նա ցատկոտում է լեռների գագաթներին և կառքերի արձակած աղմուկի պես աղմուկ հանում+, նա ճարճատյուն է արձակում բոցավառվող կրակի պես, որը լափում է ծղոտը+։ Նա նման է մի հզոր ժողովրդի, որ շարվել է պատերազմելու համար+։ 6 Նրա պատճառով ժողովուրդները սաստիկ ցավերի մեջ կլինեն+, և բոլորի երեսները տագնապից կկարմրեն+։

7 Զորավոր մարդկանց պես են նրանք վազում+։ Ռազմիկների պես են պարիսպ բարձրանում։ Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, և նրանք չեն շեղվում իրենց շավիղներից+։ 8 Նրանք չեն հրում իրար, այլ գնում են այնպես, ինչպես ուժեղ տղամարդն է գնում իր ընթացքով։ Եվ եթե ոմանք էլ ընկնում են նետից, մյուսները չեն դադարեցնում իրենց ընթացքը։

9 Նրանք քաղաք են խուժում։ Պարսպի վրա են վազում։ Տների վրա են բարձրանում։ Գողի պես պատուհաններից ներս են մտնում։ 10 Նրանց առաջ տագնապահար է լինում երկիրը, իսկ երկինքը ցնցվում է։ Արևն ու լուսինը խավարում են+, աստղերը կորցնում են իրենց փայլը+։ 11 Եհովան ձայն կարձակի+ իր զորքի+ առաջ։ Նրա բանակը շատ մեծ է+, իր խոսքը կատարողը հզոր է։ Եհովայի օրը մեծ+ և ահազդու է, ո՞վ կարող է դիմանալ նրան»+։

12 «Ուստի այժմ,– ասում է Եհովան,– վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով+, ծոմ պահելով+, լաց լինելով և ողբալով+։ 13 Պատռեք ձեր սրտերը+ և ոչ թե հանդերձները+, վերադարձեք ձեր Աստված Եհովայի մոտ, քանի որ նա գթառատ ու ողորմած է+, չի շտապում բարկանալ+ և լի է սիրառատ բարությամբ*+։ Նա կափսոսա այս աղետի համար+։ 14 Ո՞վ գիտի, գուցե նա հետ դառնա, ափսոսա+ և այդ ամենից հետո օրհնություն թողնի+՝ հացի և ըմպելիքի ընծաներ ձեր Աստված Եհովայի համար։

15 Եղջյո՛ւր փչեք Սիոնում, ո՛վ մարդիկ+։ Սրբացրե՛ք ծոմի ժամանակը+։ Հանդիսավոր հավաքո՛ւյթ գումարեք+։ 16 Հավաքե՛ք ժողովրդին։ Սրբացրե՛ք ժողովը+։ Հավաքե՛ք ծերերին։ Ժողովե՛ք երեխաներին ու կաթնակերներին+։ Թող փեսան դուրս գա իր ներքին սենյակից, և հարսը՝ իր ամուսնական ննջարանից։

17 Թող քահանաները՝ Եհովային ծառայողները, լաց լինեն նախասրահի ու զոհասեղանի+ միջև և ասեն. «Ո՜վ Եհովա, խնայիր քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինք մի՛ դարձրու+, որպեսզի ազգերը չտիրեն նրան։ Ինչո՞ւ ժողովուրդներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»»+։ 18 Եհովան նախանձախնդիր կլինի իր երկրի հանդեպ+ և կկարեկցի իր ժողովրդին+։ 19 Եհովան կպատասխանի ու կասի իր ժողովրդին. «Ահա ես ուղարկում եմ ձեզ հացահատիկ, նոր գինի և յուղ, ու դուք կկշտանաք դրանցով+։ Ձեզ այլևս նախատինք չեմ դարձնի ազգերի մեջ+։ 20 Հյուսիսից եկածին+ կվռնդեմ ձեր մոտից, կցրեմ դեպի անջուր և ամայի երկիր. նրա առջևի մասը՝ դեպի արևելյան ծովը+ և հետևի մասը՝ արևմտյան ծովը+։ Նրանից նեխած հոտ դուրս կգա, գարշահոտություն կբարձրանա նրանից+, քանի որ Նա մեծ գործեր է անելու»։

21 Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր։ Ցնծա՛ և ուրախացի՛ր, քանի որ Եհովան մեծ գործեր է անելու+։ 22 Մի՛ վախեցեք, դաշտի գազաննե՛ր+, որովհետև անապատի արոտավայրերը կկանաչեն+։ Ծառն իր պտուղը կտա+։ Թզենին ու որթատունկը առատ բերք կտան+։ 23 Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով+, որովհետև նա բավարար չափով աշնանային անձրևներ կտա ձեզ+ և ձեզ վրա հորդառատ անձրևներ՝ աշնանային ու գարնանային անձրևներ կտեղա, ինչպես առաջ էր+։ 24 Կալերը մաքրված հացահատիկով լեցուն կլինեն, և հնձանները նոր գինով ու յուղով կհորդեն+։ 25 Ես կհատուցեմ ձեզ տարիներ շարունակ աճեցրած այն բերքի դիմաց, որը կերան մորեխը, մորեխի թրթուրը, խավարասերն ու թրթուրը՝ իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ+։ 26 Դուք կուտեք, կուտեք ու կկշտանաք+ և կգովաբանեք ձեր Աստված Եհովայի անունը+, որն այդպիսի սքանչելի գործեր արեց ձեզ համար+, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան+։ 27 Դուք կիմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ+, որ ես ձեր Աստված Եհովան եմ, և ուրիշը չկա+։ Իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան։

28 Դրանից հետո այսպես պիտի լինի. ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարմնի վրա+, և ձեր որդիներն ու աղջիկները+ կմարգարեանան։ Ձեր ծերերը երազներ կտեսնեն, իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ։ 29 Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ ծառաների ու աղախինների վրա+։

30 Երկնքում և երկրի վրա նախանշաններ կտամ+՝ արյուն, կրակ ու ծխի+ սյուներ։ 31 Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+ արևը խավարի կվերածվի+, իսկ լուսինը՝ արյան+։ 32 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի+, որովհետև Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվածներ կլինեն+, ինչպեսև ասել է Եհովան, նրանք նաև կլինեն այն վերապրածների թվում, ում կանչում է Եհովան»+։

3 «Այդ օրերին և այդ ժամանակ+, երբ Հուդայի ու Երուսաղեմի գերիներին հետ բերեմ+, 2 ես կհավաքեմ բոլոր ազգերին+ ու կբերեմ Հովսափատի հարթավայր+։ Ես դատաստան կանեմ նրանց մեջ հանուն իմ ժողովրդի և իմ ժառանգության՝ հանուն Իսրայելի+, որին նրանք ցրեցին ազգերի մեջ, իսկ իմ երկիրը բաժան-​բաժան արեցին+։ 3 Իմ ժողովրդի համար նրանք վիճակ էին գցում+ և տղա երեխային վաճառում էին մարմնավաճառի+ դիմաց, իսկ աղջիկ երեխային՝ գինու դիմաց, որ խմեն։

4 Ո՛վ Տյուրոս, Սիդոն+ և փղշտացիների+ երկրի բոլոր շրջաններ, ինչպե՞ս եք համարձակվում այդպես վարվել ինձ հետ։ Այդպե՞ս եք վերաբերվում ինձ։ Եվ եթե այդպես եք վերաբերվում, ապա ես իսկույն, շատ արագ ձեր վերաբերմունքը ձեր գլխովը կտամ+։ 5 Քանի որ դուք վերցրիք իմ արծաթն ու ոսկին+ և իմ ցանկալի բաները ձեր տաճարները տարաք+, 6 Հուդայի ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք+ հույների որդիներին+, որպեսզի հեռացնեք նրանց իրենց տարածքից+, 7 ես էլ ոտքի կկանգնեցնեմ նրանց, որ վերադառնան այն տեղից, ուր վաճառեցիք նրանց+, և ձեր վերաբերմունքը ձեր գլխովը կտամ+։ 8 Ձեր որդիներին ու աղջիկներին Հուդայի որդիների ձեռքը կմատնեմ*+, նրանք էլ Սաբայի+ մարդկանց՝ մի հեռու ազգի կվաճառեն նրանց+, քանի որ Եհովան է դա ասել։

9 Ո՛վ ժողովուրդ, ազգերի մեջ սա՛ հռչակեք+. «Պատերա՛զմ հայտարարեք*։ Արթնացրե՛ք զորավոր մարդկանց+։ Թող նրանք մոտենան։ Թող դուրս գան բոլոր ռազմիկները+։ 10 Ձեր խոփերից սրեր կոփեք և ձեր էտոցներից+՝ նիզակներ։ Թույլը թող ասի՝ ես զորավոր եմ+։ 11 Եկե՛ք և օգնե՛ք իրար, ո՛վ շրջակա ազգեր+, հավաքվե՛ք մեկտեղ»+։

Ո՛վ Եհովա, քո զորավորներին այդ վայրը բեր+։

12 Թող ազգերը վեր կենան ու գան Հովսափատի հարթավայր+, քանի որ այնտեղ եմ նստելու, որ դատեմ շրջակա բոլոր ազգերին+։

13 Մանգաղը+ գործի դրեք, քանի որ հունձը արդեն հասել է+։ Եկե՛ք, իջե՛ք, որովհետև հնձանը լցվել է+։ Տակառները հորդում են, քանի որ նրանց չարությունը շատացել է+։ 14 Ամբոխնե՛ր, ամբոխնե՛ր կան դատավճռի հարթավայրում+, որովհետև մոտ է Եհովայի օրը դատավճռի հարթավայրում+։ 15 Արևն ու լուսինը կխավարեն, աստղերը կկորցնեն իրենց փայլը+։ 16 Եհովան Սիոնից կմռնչա առյուծի պես և Երուսաղեմից կարձակի իր ձայնը+։ Երկինքն ու երկիրը կցնցվեն+, բայց Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար+ և ամրոց՝ Իսրայելի որդիների համար+։ 17 Եվ դուք կիմանաք, որ ես ձեր Աստված Եհովան եմ+, որ բնակվում եմ իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա+։ Երուսաղեմը սուրբ վայր կդառնա+, և ոչ մի օտարական չի անցնի նրա միջով+։

18 Այդ օրը լեռներից քաղցր գինի կկաթի+, բլուրներից կաթ կհոսի, և Հուդայի բոլոր գետերից ջուր կբխի։ Եհովայի տնից աղբյուր կհոսի+ և կոռոգի Սատիմի*+ գետահովիտը։ 19 Եգիպտոսը ամայի երկիր կդառնա+, իսկ Եդոմը՝ անմարդաբնակ անապատ+, քանի որ բռնությամբ վարվեցին Հուդայի որդիների հետ և անմեղ արյուն թափեցին նրանց երկրում+։ 20 Բայց Հուդան բնակեցված կլինի դարեդար+, և Երուսաղեմը՝ սերնդեսերունդ+։ 21 Ես նրանց արյունը, որը նախկինում անմեղ չէի համարում+, անմեղ կհամարեմ, և Եհովան Սիոնում կբնակվի»+։

[Ծանոթագրություններ]

Նշ. է «Եհովան Աստված է»։

Բռց.՝ «տիրոջ»։

Կամ՝ «նվիրված սիրով»։

Բռց.՝ «կվաճառեմ»։

Բռց.՝ «սրբացրեք»։

Նշանակում է «ակացիաներ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը