Երիտասարդները հարցնում են...
Ի՞նչ անեմ, երբ ուրիշներն ինձ պատմում են իրենց խնդիրների մասին
«Մեր դպրոցում մի աղջիկ կար, որի ծնողները ամուսնալուծվում էին։ Նա սկսեց ցածր գնահատականներ ստանալ։ Այդ աղջիկը պատմում էր ինձ իրենց ընտանիքի խնդիրների մասին» (Ջեն, 14 տարեկան)։
Մեր դպրոցի աղջիկներից մեկը պատմեց ինձ, որ սեռական հարաբերություն է ունեցել մի տղայի հետ, հղիացել է ու դիմել արհեստական վիժման։ Իսկ նրա ծնողները նույնիսկ չեն իմացել այդ մասին» (Միռա, 15 տարեկան)։
ԴՈՒ զրուցում ես ընկերոջդ կամ համադասարանցուդ հետ, և հանկարծ նա բացում է իր սիրտն ու պատմում իրեն անհանգստացնող խնդրի մասին։ Նրան մտահոգող պրոբլեմը գուցե հուզում է շատ երիտասարդների և կապված է հագուստի, փողի, արտաքին տեսքի, հասակակիցների կամ գնահատականների հետ։ Բայց հնարավոր է նաև, որ նա շատ ավելի լուրջ ու դժվարին խնդիրներ ունենա։
Թե որքան լուրջ խնդիրների կարող են բախվել երիտասարդները, երևում է Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակից։ Համաձայն մի պարբերագրի՝ «Հոգեբուժության ազգային ինստիտուտների հաշվարկով՝ դեռահասների 8 տոկոսի ու երեխաների 2 տոկոսի (նրանցից մի քանիսը՝ 4 տարեկան) շրջանում նկատվում են դեպրեսիայի նշաններ» («Newsweek»)։ Մեկ ուրիշ հաղորդագրության մեջ նշվում է. «Ամեն տարի հղիանում է 15–19 տարեկան 1 000 աղջիկներից գրեթե 97–ը (մեկ միլիոն երիտասարդ ամերիկուհիներ)։ Այս հղիությունների մեծ մասը՝ 78 տոկոսը, կանխամտածված չէ»։ Բացի այդ, միլիոնավոր երիտասարդներ ապրում են անկայուն ընտանեկան մթնոլորտում։ Հազարավոր պատանիներ ու աղջիկներ դառնում են ֆիզիկական կամ սեռական շահագործման առարկա։ ԱՄՆ–ում ավարտական դասարանների աշակերտների ավելի քան կեսը չարաշահում է ալկոհոլը։ Տագնապ է հարուցում այն երիտասարդների թիվը, որոնք սնուցման խանգարումներ ունեն։
Զարմանալի չէ, որ շատ երիտասարդներ որևէ մեկի առջև իրենց սիրտը բացելու խիստ կարիք են զգում։ Հաճախ առաջինը, ում նրանք դիմում են, իրենց հասակակիցներից որևէ մեկն է։ Ի՞նչ կանես, եթե պարզվի, որ այդ հասակակիցը դու ես։ Եթե քրիստոնյա ես, ապա նման բանը ամենևին էլ չպետք է քեզ զարմացնի։ Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին «օրինակ» ծառայել ուրիշների համար և լինել խոհեմ (Ա Տիմոթէոս 4։12; Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։ Այդ իսկ պատճառով մյուս երիտասարդները, այդ թվում ոչ քրիստոնյաները, կցանկանան վստահել քեզ իրենց գաղտնիքները։ Ինչպե՞ս վարվես նման իրավիճակներում։ Եվ ի՞նչ անես, եթե զգում ես, որ չես կարող որևէ լուծում առաջարկել։
Ուշադիր լսիր
Աստվածաշունչն ասում է, որ գոյություն ունի «լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Երբ ինչ–որ մեկը ցանկանում է խոսել քեզ հետ իր խնդրի մասին, շատ հաճախ ամենաճիշտ քայլը նրան լսելն է։ Չէ՞ որ Աստվածաշունչը դատապարտում է անտարբերությունը «աղքատի աղաղակի» հանդեպ (Առակաց 21։13)։ Հնարավոր է նույնիսկ, որ դիմացինից ժամանակ է պահանջվել՝ տվյալ հարցի շուրջ խոսելու համար անհրաժեշտ քաջությունը հավաքելու։ Եթե դու պատրաստակամորեն լսես զրուցակցիդ, նրան ավելի հեշտ կլինի խոսել։ «Ես ուղղակի թույլ եմ տալիս, որ դիմացինս խոսի,— ասում է Հայրամ անունով մի երիտասարդ քրիստոնյա։— Հնարավորություն եմ տալիս նրան արտահայտելու իր մտքերը և աշխատում եմ կարեկից լինել»։ Իսկ Վինսենթը նշում է. «Երբեմն մարդը պարզապես ցանկանում է արտահայտվել»։
Ուստի շատ հնարավոր է, որ զրուցակիցդ չի ակնկալում քեզանից խնդիրների լուծում առաջարկել իրեն։ Նա ընդամենը լսող ականջի կարիք ունի։ Ուրեմն լսի՛ր։ Աշխատիր, որ կողմնակի բաները չշեղեն ուշադրությունդ, և անտեղի մի ընդհատիր նրան։ Քո ներկայությունն ու լսելու պատրաստակամությունը արդեն իսկ մեծ օգնություն կարող են լինել ընկերոջդ համար։ Այդպես դու ցույց կտաս, որ իրոք մտահոգվում ես նրանով։
Արդյո՞ք սա նշանակում է, թե ի պատասխան ոչինչ չպետք է ասես։ Շատ բան կախված է խնդրի բնույթից։ Հաճախ տեղին է լավ մտածված, բարի խոսքեր ասել (Առակաց 25։11)։ Օրինակ՝ եթե ծանոթներիցդ որևէ մեկին դժբախտություն է պատահել, ճիշտ կլինի, որ ցավակցություն հայտնես նրան (Հռովմայեցիս 12։15)։ Առակաց 12։25–ում ասվում է. «Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ»։ Միգուցե նա ընդամենը քաջալերանքի կարիք ունի։ Քո վստահությունն արտահայտիր այն կապակցությամբ, որ տվյալ անհատը կկարողանա հաջողությամբ հաղթահարել իր դժվարությունը։ Այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են՝ «ես հասկանում եմ, թե ինչու ես քեզ այդպես զգում» կամ «ցավում եմ, որ նման դրության մեջ ես ընկել», ցույց կտան դիմացինին, որ անկեղծ ես և ուզում ես օգնել։
Այնուամենայնիվ, Առակաց 12։18–ը (ԷԹ) նախազգուշացնում է. «Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն»։ Շատ կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են՝ «մեծ բան մի սարքիր դրանից», «մոռացիր այդ մասին», «պետք չէ այդպես մտածել»։ Զգույշ եղիր նաև, որ խնդիրը կատակի չվերածես, այլապես զրուցակիցդ կարող է մտածել, թե չես հարգում նրա զգացմունքները (Առակաց 25։20)։
Ի՞նչ անես, եթե չես կարողանում խոսքեր գտնել։ Պարզապես անկեղծ եղիր։ Հայտնիր ընկերոջդ, որ չգիտես՝ ինչ ասել, սակայն միևնույն է ցանկանում ես լինել նրա կողքին և օգնության ձեռք մեկնել։ Հարցրու, թե ինչով կարող ես օգնել։ Այո՛, հնարավոր է, որ գործնական որևէ բան անելով՝ թեթևացնես նրա բեռը (Գաղատացիս 6։2)։
Մտերմաբար խորհուրդ տուր
Ի՞նչ անել, եթե զգում ես, որ զրուցակիցդ խորհրդի կարիք ունի։ Իհարկե, դու համեմատաբար քիչ փորձ ունես, քանի որ երիտասարդ ես (Առակաց 1։4)։ Ուստի հնարավոր է, որ ի վիճակի չլինես խորհուրդ տալ բոլոր պարագաներում։ Այնուամենայնիվ, Սաղմոս 19։7–ում ասվում է. «Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին»։ Այո՛, ‘պարզամիտ’, կամ՝ անփորձ լինելով հանդերձ՝ դու կարող ես բավական լավ իմանալ Աստվածաշնչի սկզբունքները և ի վիճակի լինել որոշ չափով օգնելու զրուցակցիդ (Առակաց 27։9)։ Ընկերոջդ գլխին քարոզ կարդալու փոխարեն՝ նրա ուշադրությունը հրավիրիր աստվածաշնչյան որոշ մտքերի վրա։ Եթե չգիտես, թե սուրբգրային որ սկզբունքներն են կիրառելի տվյալ դեպքում, հետազոտություններ արա։ Տարիներ շարունակ այս պարբերագրի «Երիտասարդները հարցնում են....» խորագրի տակ քննարկվել են բազմաթիվ աստվածաշնչյան խորհուրդներ, որոնք վերաբերվում են կյանքի տարբեր բնագավառներին։ Արժեքավոր տեղեկություններ պարունակող մեկ ուրիշ աղբյուր է «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը (անգլ., ռուս.)։a
Գուցե օգտակար լինի, որ պատմես նրան քեզ հետ պատահած բաների մասին։ Հնարավոր է նույնիսկ, որ ցանկանաս որոշ խորհուրդներ տալ։ Աշխատիր ոչ թե փաթաթել նրա վզին քո տեսակետը, այլ բացատրել, թե ինչը օգնեց քեզ (Առակաց 27։17)։ Հիշիր, սակայն, որ իրավիճակները տարբեր են։ Այն, ինչ օգտակար էր քո դեպքում, մյուսների պարագայում կարող է օգուտ չբերել։
Զգույշ եղիր
Չափից շատ ժամանակ մի ծախսիր՝ լսելով այն երիտասարդներին, ովքեր չեն վախենում Եհովայից և չեն հարգում քրիստոնեական սկզբունքները։ Նման պատանիների խնդիրները հիմնականում բխում են Աստվածաշնչին հակասող ապրելակերպից։ Սուրբգրային խորհուրդներն արհամարհող մարդուն օգնելու ջանքերը արդյունք չեն տա ո՛չ քեզ, ո՛չ էլ նրան (Առակաց 9։7, ԱԱ)։ Ընդհակառակը՝ դու ստիպված կլինես հաճախ լսել անմիտ ու նույնիսկ անվայել զրույցներ (Եփեսացիս 5։3)։ Ուստի եթե խոսակցությունը ոչ այնքան հաճելի ընթացք է ստանում, քաջություն ունեցիր ասելու, որ ոչնչով չես կարող օգնել նրան, և որ այդ թեման անախորժություն է պատճառում քեզ։
Զգույշ եղիր, երբ նա, ով ուզում է պատմել քեզ իր զգացմունքների մասին, հակառակ սեռի ներկայացուցիչ է։ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ սիրտը կարող է մոլորեցնել մարդուն (Երեմիա 17։9)։ Հնարավոր է, որ մտերիմ փոխհարաբերությունը ռոմանտիկ զգացմունքներ արթնացնի և հանգեցնի սեռական անբարոյության։
Նաև մի խոստացիր, թե ոչ ոքի չես հայտնի նրա պատմածը։ Համեստորեն ընդունիր, որ դիմացինդ գուցե այնպիսի օգնության կարիք ունենա, որը դու թերևս ի վիճակի չես ցույց տալ (Առակաց 11։2)։
Երբ անհրաժեշտ է ուրիշների օգնությունը
Շատ դեպքերում ճիշտ կլինի, որ փորձես խորհուրդներ գտնել այն հարցի վերաբերյալ, թե ինչպես կարող ես աջակցել ընկերոջդ։ Միռան, որի խոսքերը մեջբերված են այս հոդվածի սկզբում, ասում է. «Ես պարզապես չգիտեի՝ ինչպես օգնեմ դասընկերուհուս։ Ուստի խոսեցի ժողովի երեցներից մեկի հետ, որն այդ առումով շատ լավ խորհուրդներ տվեց»։ Այո՛, Եհովայի վկաների քրիստոնեական ժողովում կան փորձառու տղամարդիկ, որոնք կարող են օգնել քեզ (Եփեսացիս 4։11, 12)։ Երեցը խորհուրդ տվեց, որ Միռան հորդորի իր ընկերուհուն զրուցել ծնողների հետ։ Դասընկերուհին հետևեց այդ խորհրդին։ Միռան պատմում է. «Նրա վիճակը լավացավ։ Այժմ նա ցանկանում է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Աստվածաշնչի մասին»։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե քեզ իր գաղտնիքը վստահող երիտասարդը քրիստոնյա է։ Բնական է, որ ողջամտության սահմաններում դու ամեն բան կանես նրան օգնելու համար (Գաղատացիս 6։10)։ Եթե մտավախություն ունես, որ նա հեռանում է Եհովայի բարոյական չափանիշներից, մի՛ վարանիր ‘ճշմարտությունը խոսել’ նրա հետ (Եփեսացիս 4։25)։ Եղիր անկեղծ, բայց ոչ ինքնագոհ։ Պատրաստ լինելով բացեիբաց խոսել նրա հետ՝ ցույց կտաս, որ իսկական ընկեր ես (Սաղմոս 141։5; Առակաց 27։6)։
Նման իրավիճակում խիստ անհրաժեշտ է նաև, որ ընկերոջդ քաջալերես դիմել իր ծնողների, երեցներից որևէ մեկի կամ այնպիսի հասուն քրիստոնյայի օգնությանը, որին նա վստահում է։ Եթե բավականաչափ ժամանակ անց նա չի խոսում որևէ մեկի հետ, նրա փոխարեն դու կարող ես դա անել (Յակոբոս 5։13–15)։ Այդ քայլը կատարելու համար գուցե քաջություն պահանջվի, սակայն դրանով ցույց կտաս, որ հոգ ես տանում ընկերոջդ մասին և նրա բարօրությունն ես ցանկանում։
Ինչ խոսք, Եհովան չի ակնկալում, որ լուծես բոլորի խնդիրները։ Բայց երբ ինչ–որ մեկը պատմում է քեզ իր գաղտնիքը, կարիք չկա ընկնել շփոթության մեջ։ Կիրառիր այն գիտելիքները, որ ստացել ես քրիստոնեական կրթության շնորհիվ, և ցույց տուր, որ ‘սիրող բարեկամ’ ես (Առակաց 17։17)։
[Ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Նկար 13–րդ էջի վրա]
Որոշ դեպքերում դժվարության մեջ գտնվող ընկերոջդ օգնելու համար գուցե խորհուրդ հարցնելու կարիք ունենաս