Ի՞նչ վիճակում է ձեր վահանագեղձը
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ԲՐԱԶԻԼԻԱՅԻՑ
ՍԱՌԱՆ շատ վշտացավ, երբ հղիության վաղ շրջանում կորցրեց իր երեխային։ Մոտավորապես մեկ տարի հետո նա նորից հղիացավ և այս անգամ էլ վիժեց։ Բժիշկները չէին կարողանում պարզել պատճառը։ Տարիների ընթացքում Սառան սկսեց գիրանալ, չնայած սնվում էր չափավոր և կանոնավորաբար վարժություններ էր կատարում։ Ուներ նաև ոտքերի ցավ և շատ զգայուն էր ցրտի նկատմամբ։ Ի վերջո արյան անալիզը և վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեցին, որ Սառան Հաշիմոտոյի վահանագեղձի բորբոքում (թիրեոիդիտ) ունի, ինչի հետևանքով էլ ամենայն հավանականությամբ հղիությունը լավ չէր ընթանում, և նա ամեն անգամ վիժում էրa։
Շատ մարդկանց նման՝ Սառան նույնպես չէր մտածում, որ իր վահանագեղձը գուցե վատ վիճակում է։ Սակայն նրա վատթարացող առողջությունը պատճառ դարձավ, որ նա հասկանա, թե ինչ կարևոր դեր ունի այս գեղձը։
Վահանագեղձ
Վահանագեղձը փոքր գեղձ է և արտաքուստ նման է բացված թևերով թիթեռի։ Այն տեղադրված է պարանոցի առաջային շրջանում, գտնվում է ադամախնձորի ներքևում և կազմված է երկու կողմնային բլթերից, որոնք ամրացված են շնչափողին։ Գեղձը կշռում է մոտ 25–30 գրամ։ Վահանագեղձը ներզատիչ համակարգի մաս է կազմում. դա մի համակարգ է, որտեղ կան մի խումբ օրգաններ և հյուսվածքներ, որոնք արտադրում և կուտակում են հորմոններ, վերջիններս էլ իրենց հերթին անցնում են անմիջապես արյան և ավշի մեջ։
Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկներն են (ֆոլիկուլներ), որոնց խոռոչը լցված է թանձր հեղուկով, որի մեջ կան վահանագեղձի հորմոններ։ Այս հորմոնները պարունակում են յոդի բարձր տոկոսայնություն։ Իրականում օրգանիզմում յոդի մոտ 80 տոկոսը գտնվում է վահանագեղձի մեջ։ Դա է պատճառը, որ յոդի անբավարարության հետևանքով վահանագեղձը մեծանում է։ Իսկ երեխաների պարագայում յոդի պակասը կանխում է հորմոնների արտադրությունը, ինչի հետևանքով էլ առաջանում են հոգեկան, ֆիզիկական և սեռական զարգացման ծանր խանգարումներ։ Այս երևույթը կոչվում է կրետինիզմ։
Ինչպես են գործում վահանագեղձի հորմոնները
Վահանագեղձն արտադրում է եռայոդթիրոնին, թիրեոկալցիտոնին և թիրօքսին հորմոններըb։ Թե՛ եռայոդթիրոնին և թե՛ թիրեոկալցիտոնին հորմոնները առաջանում են թիրօքսինից, և այս պրոցեսը հիմնականում կատարվում է վահանագեղձից դուրս՝ մարմնի հյուսվածքներում։ Այդ պատճառով էլ, երբ օրգանիզմը ավելի շատ է վահանագեղձի հորմոնների կարիք ունենում, գեղձը կուտակում է թիրօքսինը արյան մեջ, որտեղից էլ թիրօքսինը ու նրանից առաջ եկած հորմոնները ազդեցություն են գործում ամբողջ մարմնի բջիջների վրա։
Ինչպես որ մեքենայի պեդալն է հսկում շարժիչի արագությունը, այնպես էլ վահանագեղձն է կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը։ Վահանագեղձի հորմոնները կարգավորում են հյուսվածքների և օրգանների հասունացումն ու վերականգնումը, ազդում են սրտի աշխատանքի վրա և անընդհատ էներգիա են արտադրում մկանների ու մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար։
Վահանագեղձի հորմոնները ուրիշ կարևոր ֆունկցիաներ էլ են կատարում։ Օրինակ՝ լյարդը արյան միջից հեռացնում է ավելորդ եռգլիցերիդը և ցածր խտություն ունեցող լիպոպրոտեինները, որոնք կոչվում են վատ խոլեստերին։ Խոլեստերինը անցնում է լեղու մեջ և արտաթորանքի միջոցով դուրս է գալիս օրգանիզմից։ Մյուս կողմից՝ վահանագեղձի հորմոնների կտրուկ նվազումը կարող է պատճառ լինել, որ վատ խոլեստերինը բարձրանա և պակասեն բարձր խտություն ունեցող լիպոպրոտեինները, այսինքն՝ լավ խոլեստերինը։
Վահանագեղձի հորմոնները ստամոքսաղիքային համակարգում արագացնում են մարսողական հյութի արտազատումը, ինչպես նաև մեծացնում են մկանային կծկումների հաճախականությունը։ Այդ պատճառով էլ վահանագեղձի հորմոնների գերարտադրությունը առաջացնում է լուծ աղիքներում, իսկ հորմոնների նվազեցումը՝ փորկապություն։
Վահանագեղձի դերը
Վահանագեղձն իր «աշխատանքը» սկսում է ուղեղի այն հատվածում, որը կոչվում է ենթատեսաթումբ (հիպոթալամուս)։ Երբ ենթատեսաթումբը վահանագեղձի հորմոնների կարիք է ունենում, ազդանշան է ուղարկում ստորին մակուղեղ, որը գտնվում է գանգի խոռոչի հատակում։ Ստորին մակուղեղն իր հերթին անջատում է վահանագեղձը խթանող հորմոն անմիջապես արյան մեջ, որպեսզի հիշեցնի վահանագեղձին գործի անցնելու, այսինքն՝ հորմոններ արտադրելու մասին։
Այդ պատճառով էլ ստուգելով արյան մեջ թե՛ խթանող հորմոնի, թե՛ վահանագեղձի հորմոնների մակարդակը՝ բժիշկները կարողանում են ախտորոշել վահանագեղձի ֆունկցիան և անհատի առողջական վիճակը։ Սա շատ կարևոր է, քանի որ անհատը կարող է վաղօրոք իմանալ, թե արդյոք ունի վահանագեղձի հետ կապված խնդիրներ։
Երբ վահանագեղձը լավ չի գործում
Վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը կարող է առաջանալ սննդամթերքում յոդի անբավարարության, էմոցիոնալ և մտավոր սթրեսի, ժառանգական գործոնի, ինֆեկցիաների, հիվանդությունների (սովորաբար աուտոիմուն հիվանդության) կամ էլ ինչ–որ հիվանդություն բուժելու համար բժշկի կողմից նշանակված դեղերի կողմնակի ազդեցությունների հետևանքովc։ Վահանագեղձի ուռուցքանման մեծացումը, կամ՝ զոբը կարող է ազդանշան լինել, որ անհատը հիվանդ է։ Վահանագեղձի մեծացման ժամանակ կարող է մեծանալ ամբողջ գեղձը կամ էլ առանձին հատվածներ՝ հանգույցների տեսքով։ Թեև ընդհանուր առմամբ այդ ուռուցքը բարորակ է, սակայն պետք է միշտ բժշկի հսկողության տակ լինել, հակառակ դեպքում այն կարող է վերածվել քաղցկեղիd։
Սովորաբար հիվանդ վահանագեղձը արտադրում է կա՛մ չափազանց շատ, կա՛մ քիչ քանակությամբ հորմոններ։ Վահանագեղձի հորմոնների գերարտադրությունը կոչվում է հիպերթիրեոզ, իսկ հորմոնային նյութերի առաջացման նվազումը կոչվում է հիպոթիրեոզ։ Վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են առաջ գալ աստիճանաբար և աննկատ, հետևաբար հնարավոր է, որ անհատը խնդիրներ ունենա, սակայն տեղյակ չլինի դրանց մասին։ Ուստի եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ շրջանում, կկանխվեն հետագա բարդությունները։
Վահանագեղձի ֆունկցիայի խանգարման տարածված ձևերից են Հաշիմոտոյի վահանագեղձի բորբոքումը և Գրեյվզի հիվանդությունը։ Այս երկուսն էլ աուտոիմուն հիվանդություններ են, քանի որ իմունային համակարգը քայքայում է մարմնի նորմալ բջիջները՝ դիտելով վերջիններիս որպես օտար մարմիններ օրգանիզմում։ Հաշիմոտոյի վահանագեղձի բորբոքումը վեց անգամ ավելի հաճախ է նկատվում կանանց մոտ, քան տղամարդկանց։ Այն սովորաբար առաջանում է հիպոթիրեոզի հետևանքով։ Իսկ Գրեյվզի հիվանդությունը ութ անգամ ավելի հաճախ է նկատվում կանանց, քան տղամարդկանց մոտ և սովորաբար հիպերթիրեոզի արդյունք է։
Թեև բժշկական ստուգումներ կատարելու հաճախականության վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն նորածին երեխաների ստուգումը պարտադիր է (տե՛ս «Կարևոր տեստ նորածինների համար» շրջանակը)։ Եթե հետազոտության արդյունքում նկատվում է վահանագեղձի հորմոնների նվազում, ապա պետք է ստուգել նաև գեղձին վնասող հակամարմինները։ Եթե նկատվում է վահանագեղձի հորմոնների գերակտիվություն, ապա սովորաբար ճառագայթային ստուգում է արվում, որը հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին։ Իսկ եթե վահանագեղձի վրա հանգույցներ կան, անհրաժեշտ է բիոպսիա անել՝ պարզելու համար, թե արդյոք չարորակ նորագոյացություն կա՞։
Երբ է հարկավոր բուժում ընդունել
Դեղորայքային բուժումը կարող է թեթևացնել հիպերթիրեոզի ախտանշանները, ինչպես օրինակ՝ սրտի զարկերի հաճախացումը, մկանային դողը և գերլարվածությունը։ Բուժման այլ միջոցներից է վահանագեղձի բջիջների քայքայումը, որի արդյունքում գեղձն ավելի քիչ հորմոններ է արտադրում։ Երբեմն էլ անհրաժեշտ է լինում վիրահատության միջոցով հեռացնել վահանագեղձը։
Այն հիվանդներին, ովքեր ունեն հիպոթիրեոզ, կամ նրանց, ում վահանագեղձը հեռացված է, բժիշկները նշանակում են թիրօքսին հորմոնի հատուկ չափաքանակ, որը ամեն օր պետք է ընդունել։ Ճիշտ չափով հորմոն ստանալու համար բժիշկները ստուգում են հիվանդներին։ Վահանագեղձի քաղցկեղը կարելի է բուժել տարբեր ձևերով՝ դեղերով, վիրահատության, քիմիաբուժության և ռադիոակտիվ յոդի միջոցով։
Սառան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, թիրօքսին հորմոնի թերապիա է ընդունում։ Բացի այդ, դիետոլոգի օգնությամբ նա պահպանում է հատուկ սննդակարգ։ Նկատվում են դրական փոփոխություններ։ Ինչպես տեսանք, վահանագեղձը փոքր օրգան է, սակայն շատ մեծ նշանակություն ունի մեր օրգանիզմի համար։ Ուստի հոգ տարեք ձեր մասին. օգտագործեք առողջ սնունդ՝ յոդով հարուստ, փորձեք խուսափել քրոնիկ սթրեսից և ընդհանուր առմամբ հետևեք ձեր առողջությանը։
[Ծանոթագրություններ]
a Թեև վահանագեղձի գործունեության խանգարումը կարող է բարդություններ ստեղծել հղիության ընթացքում, այդուհանդերձ, շատ կանայք, ովքեր ունեն այսպիսի հիվանդություն, առողջ երեխա են ծննդաբերում։ Սակայն շատ կարևոր է, որ մայրը հորմոններին փոխարինող թերապիա ստանա, քանի որ սկզբնական շրջանում նա է չծնված երեխայի համար վահանագեղձի հորմոնի միակ աղբյուրը։
b Եռայոդթիրոնին հորմոնը կոչվում է նաև T3, իսկ թիրօքսինը՝ T4։ 3 և 4 թվերը վերաբերում են յոդի ատոմների քանակին, որը առկա է հորմոնի մեջ։ Գեղձն արտադրում է նաև կալցիտոնին հորմոնը, որն օրգանիզմում կարգավորում է կալցիումի փոխանակությունը արյան մեջ։
c Աստվածաշնչի վրա հիմնված այս պարբերագրում չի խրախուսվում բուժման որոշակի ձև։ Եթե կարծում եք, որ ունեք վահանագեղձի հետ կապված խնդիրներ, ապա դիմեք մասնագետի։
d Նրանք, ովքեր այնպիսի բուժում են ստացել, որի ժամանակ ճառագայթվել է գլուխը և պարանոցը, ովքեր ունեցել են քաղցկեղ կամ էլ նրանք, ովքեր ունեն վահանագեղձի քաղցկեղով հիվանդ բարեկամներ, ապա քաղցկեղ հայտնաբերելու հավանականությունը ավելի մեծ է։
[Մեջբերում 25–րդ էջի վրա]
Ինչպես որ մեքենայի պեդալն է հսկում շարժիչի արագությունը, այնպես էլ վահանագեղձն է կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը
[Մեջբերում 27–րդ էջի վրա]
Վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են առաջ գալ աստիճանաբար և աննկատ, ուստի հնարավոր է, որ անհատը խնդիրներ ունենա, սակայն տեղյակ չլինի դրանց մասին
[Շրջանակ 26–րդ էջի վրա]
ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐ
Հիպերթիրեոզ։ Նկատվում են գերգրգռվածություն, սրտի զարկերի հաճախացում, անբացատրելի պատճառներով քաշի արագ անկում, լուծ, դաշտանային ցիկլի խանգարումներ, գերհոգնածություն, տրամադրության տատանումներ, արտաակնություն, հոգնածություն, անքնություն, մազերի փխրունությունe։
Հիպոթիրեոզ։ Նկատվում են թուլություն, ճարպակալում, մազաթափություն, փորկապություն, սուր զգայունություն ցրտի նկատմամբ, դաշտանային ցիկլի խանգարումներ, դեպրեսիա, ձայնի մեջ փոփոխություն (ցածր կամ խռպոտ ձայն), հիշողության խանգարում, հոգնածություն։
[Ծանոթագրություն]
e Որոշ ախտանշաններ կարող են առաջանալ այլ պատճառներով, ուստի եթե քեզ լավ չես զգում, անպայման խորհրդակցիր բժշկի հետ։
[Շրջանակ 26–րդ էջի վրա]
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՍՏ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նորածնի մի քանի կաթիլ արյունը կարող է ցույց տալ, թե արդյոք նա ունի վահանագեղձի խանգարում։ Եթե ինչ–որ խնդիր է հայտնաբերվում, ապա բժիշկները ավելի մանրամասն հետազոտություն են անցկացնում։ Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը կարող է առաջացնել հոգեկան և ֆիզիկական զարգացման ծանր խանգարումներ։ Այդ հիվանդությունը կոչվում է կրետինիզմ։ Այդ պատճառով էլ ծնվելուց հետո նորածիններին հետազոտում են։
[Շրջանակ 27–րդ էջի վրա]
Պահպանո՞ւմ ես ճիշտ սննդակարգ
Սննդամթերքի մեջ յոդի անբավարարությունն առաջացնում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարում, ուստի հիվանդության կանխարգելման համար հարկավոր է օգտագործել այնպիսի սննդամթերք, որի մեջ բավարար քանակությամբ յոդ կա։ Այն անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների արտադրության համար։ Յոդի աղեր շատ կան ծովային ձկների և ծովային մթերքի մեջ։ Բանջարեղենի և մսամթերքի մեջ յոդի պարունակությունը տարբեր է լինում, ինչը կախված է նրանից, թե ինչպիսին է հողը։ Այն երկրներում, որտեղ հողը և ջուրը յոդ չեն պարունակում, կերակրի աղին ավելացվում է որոշ քանակությամբ յոդ։
Վահանագեղձի համար մեծ դեր ունի նաև սելենը։ Այս քիմիական տարրը էնզիմի մի մասն է, որը թիրօքսին հորմոնը վերափոխում է եռայոդթիրոնին հորմոնի։ Սելենի պարունակությունը բանջարեղենի, մսի և կաթնամթերքի մեջ նույնպես կախված է այն բանից, թե ինչպիսին է հողը։ Ծովային մթերքը և բրազիլական ընկույզը հարուստ են այս քիմիական տարրով։ Եթե կասկածում եք, որ վահանագեղձի հետ կապված խնդիր ունեք, անմիջապես դիմեք բժշկին և մի՛ փորձեք ինքներդ բուժել ձեզ։
[Աղյուսակ/նկար 26–րդ էջի վրա]
շնչափող
ադամախնձոր
վահանագեղձ
շնչափող