Առատաձեռնությունը ուրախություն է բերում
ՊՈՂՈՍ առաքյալը՝ որպես քրիստոնյա սիրող վերակացու, անկեղծորեն հետաքրքրվում էր իր հավատակիցներով (Բ Կորնթացիս 11։28)։ Ուստի, երբ նա մ.թ. 1–ին դարի 50–ականների կեսերին միջոցներ ձեռք առավ՝ Հուդայում ապրող քրիստոնյաներին դրամական օգնություն ցույց տալու, այդ պատեհությունն օգտագործեց առատաձեռնության վերաբերյալ արժեքավոր դաս տալու համար։ Պողոսը շեշտեց, որ ուրախությամբ տվողին Եհովան բարձր է գնահատում. «Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը («ուրախ տուողին», ԱԹ)» (Բ Կորնթացիս 9։7)։
‘Ծանր աղքատության մեջ’, բայց առատաձեռն
Առաջին դարի քրիստոնյաների մեծ մասը հասարակական բարձր դիրք չուներ։ Պողոսը նշում էր, որ նրանց մեջ «շատ հզօրներ» չկային։ Նրանք «այս աշխարհի տկարներն» էին, «աշխարհի ոչ–տոհմիկները» (Ա Կորնթացիս 1։26–28)։ Օրինակ՝ Մակեդոնիայում ապրող քրիստոնյաները «նեղութեան.... եւ ծանր աղքատութեան» մեջ էին։ Այնուամենայնիվ, այս չունևոր քրիստոնյաներն «աղաչում էին», որ իրենց հնարավորություն տրվի՝ ֆինանսապես աջակցելու ‘պաշտոնի մասնակցությանը, որ սրբերի համար է’, և ինչ որ նրանք նվիրաբերեցին, ինչպես Պողոսն է վկայում, «նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելին» էր (Բ Կորնթացիս 8։1–4)։
Այնուհանդերձ, այդպիսի առատ նվիրատվությունները չէին գնահատվում՝ ելնելով քանակից։ Ընդհակառակը՝ դրանք գնահատվում էին ըստ այն բանի, թե ինչն էր մարդուն մղում նվիրաբերելու, որքանով էր նա պատրաստակամ իր ունեցածից մյուսներին էլ բաժին հանելու և թե ինչպիսի սրտով էր տալիս։ Պողոսը նշեց, որ կարևոր է այն, թե ինչ մտքով և ինչ սրտով է նվիրատվություն կատարում մարդը։ Նա ասաց. «Գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ.... Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց»։ Նրանք վճռել էին ‘հոժար սրտով’ առատաձեռնորեն նվիրաբերել (Բ Կորնթացիս 9։2, 7)։
‘Նրանք հոգով կամեցան’
Պողոս առաքյալը հավանաբար մատնանշում էր այն առատաձեռնությունը, որը ցուցաբերվել էր անապատում իրենից ավելի քան 15 դար առաջ։ Իսրայելի տասներկու ցեղերը ազատագրվել էին Եգիպտոսի ստրկությունից։ Եվ այժմ իսրայելացիները գտնվում էին Սինայ լեռան ստորոտում, և Եհովան կարգադրել էր խորան կառուցել երկրպագության համար ու այդ նպատակով նախապատրաստել պաշտամունքին անհրաժեշտ իրերը։ Դրա համար խոշոր միջոցներ էին անհրաժեշտ, ուստի ժողովրդին կոչ արվեց՝ նվիրատվություններ անելու։
Ինչպե՞ս արձագանքեցին իսրայելացիները։ «Եւ ամեն յօժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան, եւ ժողովքի խորանի գործի համար.... Եհովային ընծան բերին» (Ելից 35։21)։ Արդյոք ժողովուրդն առատաձեռնություն հանդես բերե՞ց։ Այն էլ ինչպիսի՜։ Մովսեսին հաղորդեցին. «Ժողովուրդը աւելի է բերում քան թէ պէտք էր այն գործի համար որ Եհովան պատուիրել է շինել» (Ելից 36։5)։
Իսկ ինչպիսի՞ միջոցներ ունեին իսրայելացիները։ Ոչ հեռու անցյալում նրանք ընդամենը թշվառ ստրուկներ էին, որոնք ‘չարչարվում էին ծանր գործերով’, ‘դառը կյանքով’ էին ապրում, «չարչարանքով» լի կյանքով (Ելից 1։11, 14; 3։7; 5։10–18)։ Հազիվ թե նրանք հարուստ լինեին։ Ճիշտ է՝ իսրայելացիները իրենց ստրկության երկրից դուրս եկան հոտերով և նախիրներով (Ելից 12։32)։ Սակայն դրանք հավանաբար այնքան էլ շատ չէին, որովհետև Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ անց նրանք գանգատվեցին, թե ո՛չ միս ունեն ուտելու, ո՛չ էլ հաց (Ելից 16։3)։
Այդ դեպքում որտեղի՞ց իսրայելացիներին այդ թանկարժեք իրերը, որոնք նվիրաբերեցին խորանի կառուցման համար. իրենց նախկին տերերից՝ եգիպտացիներից։ Աստվածաշունչն ասում է. «Իսրայէլի որդիքը.... եգիպտացիներիցն արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ ուզեցին.... եւ եգիպտացիք նորանց ուզածը տուին»։ Եգիպտացիների ցուցաբերած այդ առատաձեռնությունը Եհովայի օրհնությունն էր և ոչ թե՝ փարավոնի։ Աստվածաշնչում ասվում է. «Եհովան ժողովրդին շնորհք տուաւ Եգիպտացիների առաջին եւ Եգիպտացիք նորանց ուզածը տուին» (Ելից 12։35, 36)։
Պատկերացրեք իսրայելացիների զգացումները։ Դարեր շարունակ նրանք տառապում ու զրկանքներ էին կրում ստրկության ծանր լծի տակ։ Իսկ հիմա նրանք ազատագրված էին և մեծ ունեցվածքի տեր էին դարձել։ Արդյոք նրանք իրենց ունեցվածքից կզիջեի՞ն մեկ ուրիշին։ Հնարավոր է՝ նրանք մտածեին, որ այդ ունեցվածքը վաստակել են և իրավունք ունեն տիրելու դրան։ Սակայն, երբ կոչ արվեց նյութական միջոցներ նվիրաբերել՝ մաքուր պաշտամունքին աջակցելու նպատակով, նրանք այդ ունեցվածքից ուրախությամբ բաժին հանեցին՝ առանց դժգոհելու կամ ափսոսելու։ Նրանք չէին մոռացել, որ Եհովան էր հնարավորություն տվել իրենց՝ այդ նյութական բարիքներին տեր լինելու։ Իսրայելացիներն առատորեն նվիրաբերեցին իրենց ոսկեղենը, արծաթեղենը և անասունները։ Նրանք ‘սրտով հոժար’ էին։ «Յօժարասիրտ» էին նրանք։ «Բոլոր հոգով կամեցող» էին նրանք։ Այդ նվիրատվություններն, իրոք որ, «յօժարակամ ընծայ» էին Եհովային (Ելից 25։1–9; 35։4–9, 20–29; 36։3–7)։
Տալու պատրաստակամություն
Մարդու առատաձեռնությունը անպայման չէ չափել նվիրատվության մեծությամբ։ Մի անգամ Հիսուս Քրիստոսը դիտում էր, թե ժողովուրդն ինչպես էր դրամ գցում տաճարի գանձանակները։ Հարուստները շատ փող էին գցում, բայց Հիսուսի վրա խորը տպավորություն թողեց մի աղքատ այրի, որը աննշան արժողության երկու լումա գցեց գանձանակը։ Նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը.... Նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց» (Ղուկաս 21։1–4; Մարկոս 12։41–44)։
Պողոսի՝ կորնթացիներին ուղղված նամակում պարունակվող մեկնաբանությունները ներդաշնակ են Հիսուսի այդ խոսքերի հետ։ Կարիքավոր հավատակիցներին աջակցելու նպատակով նվիրատվություններ անելու առնչությամբ Պողոսը գրել էր. «Եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի» (Բ Կորնթացիս 8։12)։ Այո՛, նվիրատվություն անողը չպիտի մրցակցի կամ իրեն համեմատի ուրիշների հետ։ Յուրաքանչյուրը տալիս է իր կարողությունների չափով, իսկ Եհովային հաճելի է առատաձեռնության ոգին։
Չնայած ոչ մեկը չի կարող հարստացնել Եհովային, քանի որ նա է ամեն ինչի տերը, այնուամենայնիվ, նվիրաբերելը առանձնաշնորհում է, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում Աստծո երկրպագուներին՝ դրսևորելու իր հանդեպ ունեցած սերը (Ա Մնացորդաց 29։14–17)։ Այն նվիրատվությունները, որոնք արվում են ոչ թե մարդկանց վրա տպավորություն գործելու համար կամ եսասիրական նկատառումներով, այլ՝ ճիշտ մտայնությամբ և հօգուտ ճշմարիտ երկրպագության, այդ դեպքում դրանք ուրախություն և Աստծո օրհնությունն են բերում (Մատթէոս 6։1–4)։ Հիսուսն ասաց. «Երանի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։ Մենք կարող ենք վայելել այդ ուրախությունը՝ մեր ուժերը Եհովային ծառայելու գործում ներդնելով և մեր նյութական միջոցներից բաժին հանելով ճշմարիտ երկրպագության և կարիք ունեցողներին օգնելու համար (Ա Կորնթացիս 16։1, 2)։
Տալու պատրաստակամությունն այսօր
Այսօր Եհովայի վկաները մեծ ուրախություն են ապրում՝ տեսնելով, թե ինչպիսի առաջընթաց է ունենում «արքայութեան այս աւետարանի» քարոզչությունը (Մատթէոս 24։14)։ 20–րդ դարի վերջին տասնամյակում ավելի քան 3 000 000 մարդ է մկրտվել՝ խորհրդանշելով Եհովայ Աստծուն իրենց նվիրումը, և մոտ 30 000 նոր ժողովներ են կազմավորվել։ Այո՛, Եհովայի վկաների ներկայումս գոյություն ունեցող ժողովների մեկ երրորդը ձևավորվել է անցած տասը տարիների ընթացքում։ Այս աճը հիմնականում արդյունք է քրիստոնյա անկեղծ տղամարդկանց ու կանանց ջանասիրության. մարդիկ, որոնք նվիրաբերում են իրենց ժամանակն ու ուժերը՝ այցելելով մարդկանց ու պատմելով Եհովայի նպատակների մասին։ Աճի մի մասն էլ պայմանավորված է միսիոներների աշխատանքով, որոնք թողել են հարազատ տունը և մեկնել հեռավոր երկրներ, որպեսզի այնտեղ աջակցեն Թագավորության քարոզչության գործին։ Արդյունքում նոր շրջաններ են կազմավորվել, ինչն իր հերթին պահանջում է նոր շրջանային վերակացուների նշանակումներ։ Ի լրումն դրանց՝ ավելի շատ Աստվածաշնչերի, ինչպես նաև գրականության կարիք էր առաջացել քարոզչության և անձնական ուսումնասիրության համար։ Շատ ու շատ երկրներում Ընկերության մասնաճյուղերը ընդարձակման կամ ավելի մեծ տարածքներ տեղափոխվելու կարիք էին զգում։ Այս բոլոր պահանջները բավարարվել են Եհովայի ժողովրդի կամավոր նվիրատվությունների շնորհիվ։
Թագավորության սրահների կարիքը
Եհովայի վկաների թվի աճի հետ միասին ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ է կառուցել նոր Թագավորության սրահներ։ 2000 թ. սկզբին կատարված հաշվարկները ցույց տվեցին, որ ավելի քան 11 000 Թագավորության սրահների կարիք է զգացվում զարգացող այն երկրներում, որտեղ միջոցները սահմանափակ են։ Դրանցից մեկը Անգոլան է։ Չնայած այս երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ է, սակայն Թագավորության քարոզիչների թիվը ամեն տարի ավելանում է մոտ 10 %–ով։ Այսպես թե այնպես, աֆրիկյան այս ընդարձակ երկրի 675 ժողովների հանդիպումների մեծ մասը բաց երկնքի տակ է անցկացվում։ Երկրում կա ընդամենը 22 Թագավորության սրահ և դրանցից միայն 12–ը ունեն որևէ ձևի ծածկ։
Համանման իրավիճակ է տիրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Թեև երկրի մայրաքաղաքում՝ Կինշասայում, գրեթե 300 ժողով է գործում, այնտեղ ընդամենը 10 Թագավորության սրահ կա։ Այս երկրում անհրաժեշտ է շտապ կառուցել ավելի քան 1 500 Թագավորության սրահ։ Քանի որ Թագավորության գործն արագորեն առաջ է ընթանում Արևելյան Եվրոպայի երկրներում, դրա հետևանքով Ռուսաստանում ու Ուկրաինայում անհրաժեշտ Սրահների ընդհանուր թիվը հարյուրների է հասնում։ Մեծ աճ է նկատվում լատինաամերիկյան երկրներում, որոնցից աչքի է ընկնում Բրազիլիան, որտեղ Վկաների թիվն անցնում է կես միլիոնից, և ավելի շատ Թագավորության սրահների կարիք է զգացվում։
Վերոհիշյալ երկրներում այդ կարիքները բավարարելու նպատակով՝ Եհովայի վկաները Թագավորության սրահների արագացված շինարարության ծրագիր են կազմել։ Այդ ծրագրերը ֆինանսավորվում են համաշխարհային եղբայրության առատաձեռն նվիրատվություններով, ուստի, նույնիսկ ամենասուղ միջոցներ ունեցող ժողովները երկրպագության հարմարավետ վայր կունենան։
Ինչպես հին Իսրայելի ժամանակներում, այսօր ևս կարելի է շատ բան անել, քանի որ անկեղծ քրիստոնյաները ‘պատվում են Տիրոջը իրենց ստացվածքից’ (Առակաց 3։9, 10)։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը, օգտվելով հնարավորությունից, իր խորը երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր սրտանց բաժին են բերում կամավոր նվիրատվությունների մեջ։ Եվ մենք վստահ ենք, որ Եհովայի ոգին կշարունակի մղել իր ժողովրդին՝ օժանդակելու Թագավորության անընդհատ ընդարձակվող գործի կարիքների բավարարմանը։
Մինչ այդ ընդարձակումն ընթացքի մեջ է, եկեք անընդհատ հնարավորություններ փնտրենք՝ ցույց տալու մեր ուրախությունն ու պատրաստակամությունը՝ նվիրաբերելու մեր ուժը, ժամանակը և միջոցները։ Թող որ վայելենք այն իսկական ուրախությունը, որ ստանում ենք առատաձեռնության ոգի ցուցաբերելիս։
[29–րդ էջի վրայի շրջանակը]
«Օգտագործեք իմաստուն կերպով»
«Ես տասը տարեկան եմ։ Այս գումարը ուղարկում եմ, որպեսզի դուք կարողանաք գնել թուղթ և այլ պիտույքներ գրքեր պատրաստելու համար» (Սինդի)։
Ես ուրախությամբ ուղարկում եմ ձեզ այս գումարը, որպեսզի մեզ համար ավելի շատ գրքեր պատրաստեք։ Այս փողը հավաքել եմ՝ օգնելով իմ հայրիկին։ Այնպես որ օգտագործեք իմաստուն կերպով» (Փեմ, յոթ տարեկան)։
«Ես շատ տխրեցի՝ իմանալով փոթորիկի մասին։ Հուսով եմ, որ դուք անվնաս եք մնացել։ Ես ուղարկում եմ իմ խնայատուփում եղած ողջ գումարը [երկու ամերիկյան դոլար]» (Էլիսոն, չորս տարեկան)։
«Իմ անունը Ռուդի է։ Ես տասնմեկ տարեկան եմ, իսկ եղբայրս՝ Ռալֆը՝ վեց։ Քույրիկս՝ Ջուդիթը երկուս ու կես տարեկան է։ Երեք ամիս տնտեսել ենք այս գումարը մեր առօրյա ծախսերի համար հատկացված գումարներից, որպեսզի օգնենք պատերազմական գոտում ապրող մեր եղբայրներին։ Այդ գումարը 20 դոլար է կազմում, ու հիմա այն ուղարկում ենք ձեզ»։
«Ես ցավում եմ [փոթորիկից տուժած] եղբայրների համար։ Ես վաստակել եմ 17 դոլար՝ հայրիկիս հետ աշխատելով։ Այս գումարը չեմ ուղարկում կոնկրետ մի բանի համար, այնպես որ դուք ինքներդ որոշեք, թե ինչ անել» (Մակլեյն, ութ տարեկան)։