«Լացող» ծառն ու նրա ունիվերսալ «արցունքները»
‘Բալասան առեք վերքի համար’,— ասվում է Երեմիա 51։8–ում։ Այս՝ ցավը հանգստացնող և բուժիչ դեղամիջոցի պատրաստման համար օգտագործվող նյութերից մեկը գտնելու նպատակով եկեք մտովի տեղափոխվենք Եգեյան ծովում գտնվող Քիոս կղզին։
ՎԱՂ ամռանը Քիոսում ապրող գյուղացիները շատ արտասովոր ձևով են պատրաստվում բերքահավաքին։ Հողն ավլելուց հետո նրանք մաստիկենի կոչվող թփանման մշտադալար ծառերի շուրջ սպիտակ կավից հարթ հիմք են պատրաստում։ Այնուհետև, կտրվածքներ են անում կեղևի վրա, որի հետևանքով ծառերը սկսում են «լացել». նրանցից սկսում են ծորալ խեժի անգույն «արցունքները»։ Երկու–երեք շաբաթից խեժի կաթիլները թանձրանում են, և գյուղացիներն անցնում են դրանց հավաքմանը ծառի բնից, կամ էլ՝ ներքևում գտնվող կավե մակերևույթից։ Մազտաք անունը ստացած հենց այս «արցունքներն» են օգտագործվել բալասանի պատրաստման համար։
Սակայն, նախքան բերք հավաքելը համբերատար ու քրտնաջան աշխատանք է հարկավոր, քանի որ ոլորաձև, գորշ ծառերը շատ դանդաղ են աճում՝ 40–50 տարի (բարձրությունը սովորաբար հասնում է 2–3 մ–ի)։
Բնի վրա կտրվածքներ անելուց և «արցունքները» հավաքելուց բացի, մազտաքը պետք է նաև պատրաստել։ Հավաքված «արցունքները» գյուղացիները մաղում են, լվանում և դասավորում՝ ըստ չափի ու որակի։ Այնուհետև մազտաքը հետագա մաքրման է ենթարկվում, որից հետո արդեն պատրաստ է լինում բազմաթիվ նպատակներով օգտագործվելու համար։
Թանկարժեք բույսի պատմությունը
«Մազտաք» թարգմանված հունարեն «մաստիխ» բառը բառացի նշանակում է «ատամների կրճտում»։ Այստեղից կարելի է ենթադրել, որ շունչը թարմացնելու նպատակով այդ խեժը հնուց ի վեր օգտագործվել է որպես մաստակ։
Առաջին անգամ մազտաքի մասին հիշատակում է հույն պատմիչ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5–րդ դար)։ Բժշկության մեջ այս նյութի կիրառության մասին են խոսել նաև ուրիշ հին հեղինակներ ու բժիշկներ, ինչպես օրինակ՝ Ապոլլոդորոսը, Դիոսկորիդեսը, Թեոֆրաստոսը և Հիպոկրատը։ Թեև մաստակենիներն աճում են միջերկրածովյան ափի ողջ երկայնքով, սկսած մ.թ. 50 թ.–ից՝ մազտաքի արտադրությունը գրեթե սահմանափակվել է միայն Քիոս կղզով։ Եվ հիմնականում մազտաքն է եղել այդ կղզին նվաճող զավթիչների (հռոմեացիներից մինչև ջենովացիներ ու օսմանցիներ) հետաքրքրության առարկան։
Ունիվերսալ մազտաքը
Հին Եգիպտոսի բժիշկները մազտաքն օգտագործել են տարբեր հիվանդություններ բուժելիս, այդ թվում՝ փորլուծությունն ու հոդաբորբը, ինչպես նաև՝ որպես խունկ և զմուռս՝ մումիաներ պատրաստելու համար։ Այն, ըստ երևույթին, օգտագործվել է նաև ‘Գաղաադի բալասանի’ պատրաստման ժամանակ, որն Աստվածաշնչում հիշատակվել է իր բուժիչ հատկությունների, ինչպես նաև որպես կոսմետիկայի պատրաստման ու զմռսման միջոց օգտագործվելու համար (Երեմիա 8։22; 46։11)։ Նույնիսկ այնպիսի կարծիք կա, որ այն ծառը, որից ստացվել է ստաշխը՝ միայն հոգևոր նպատակներով օգտագործվող անուշահոտ սուրբ խունկի բաղադրիչներից մեկը, ամենայն հավանականությամբ պատկանել է մաստակենիների ընտանիքին (Ելից 30։34, 35)։
Այսօր մազտաքը մտնում է յուղանկարները, կահույքը և երաժշտական գործիքները պաշտպանող լաքերի բաղադրության մեջ։ Այն օգտագործվում է որպես մեկուսիչ և անջրանցիկ նյութ ու համարվում է հագուստի ներկման, ինչպես նաև նկարչության մեջ օգտագործվող ներկերի լավագույն կայունացուցիչներից մեկը։ Մազտաքը նաև օգտագործվել է որպես մածուցիկ նյութ ու կաշին դաբաղելու միջոց։ Իր հաճելի հոտի և ուրիշ հատկությունների համար այն օգտագործվում է օճառների, կոսմետիկական միջոցների և օծանելիքի պատրաստման մեջ։
Մազտաքը մտել է աշխարհի դեղամիջոցների 25 պաշտոնական ցուցակների մեջ։ Այն մինչև այժմ էլ լայնորեն օգտագործվում է արաբական աշխարհի ավանդական բժշկության մեջ, ինչպես նաև ատամնաբուժական մածիկ և դեղապատիճների ներքին թաղանթի պատրաստման ժամանակ։
Իբրև բալասանի պատրաստաման միջոց՝ «լացող» մաստիկենիների ունիվերսալ «արցունքները» դարեր շարունակ հանգստացրել են մարդկանց ցավը ու բուժել նրանց։ Որքան հիմնավոր են, ուրեմն, Երեմիայի մարգարեության մեջ ասված խոսքերը. ‘Բալասան առեք վերքի համար’։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Քիոս
Մազտաքի բերքահավաքը
Մազտաքի «արցունքները» խնամքով հավաքվում են
[թույլտվությամբ]
Chios and harvest line art: Courtesy of Korais Library; all others: Kostas Stamoulis