Պե՞տք է անդամագրվեք որևէ եկեղեցու
«ԱՆՊԱՅՄԱՆ չէ՝ եկեղեցի հաճախեմ կամ դառնամ նրա անդամը, որպեսզի ցույց տամ, որ հավատում եմ Աստծուն»։ Այսպիսի տեսակետ ունեն շատերը որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության անդամակցելու վերաբերյալ։ Ոմանք նույնիսկ ասում են, որ բնության գրկում իրենց ավելի մոտ են զգում Աստծուն, քան եկեղեցական արարողություններին ներկա գտնվելիս։ Այն կարծիքը, որ կրոնական որևէ խմբավորման կամ կազմակերպության անդամագրվելը Աստծուն հավատալու անհրաժեշտ պայման չէ, շատ տարածված է մեր օրերում։
Սակայն կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր անկեղծորեն այլ կերպ են մտածում։ Նրանք ասում են, որ եկեղեցու անդամ լինելը կամ եկեղեցի հաճախելը կարևոր է, նույնիսկ պարտադիր է Աստծո հավանությանն արժանանալու համար։ Ուստի այն հարցը, թե արդյոք անհրաժեշտ է անդամակցել որևէ կրոնական կազմակերպության, իսկապես կարևոր է, և լոկ հետաքրքիր թեմա չէ, որից կարելի է որոշակի տվյալներ կամ գիտելիքներ ձեռք բերել։ Բոլոր դեպքերում, քանի որ դա վերաբերում է Աստծո հետ մեր փոխհարաբերություններին, տրամաբանական չի՞ լինի արդյոք պարզել, թե այս առնչությամբ ինչ տեսակետ ունի Աստված։ Ի՞նչ է այս մասին հայտնում նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։
Ինչպես է Աստված կապ հաստատել մարդկանց հետ անցյալում
Մոտավորապես 4 400 տարի առաջ մի աղետալի ջրհեղեղ ավերեց ողջ աշխարհը։ Քանի որ նման միջադեպը հեշտությամբ չի կարող մոռացության մատնվել, աշխարհի շատ ժողովուրդների մոտ պահպանվել են այս իրադարձությունը նկարագրող պատմվածքներ, որոնք վերաբերում են այդ ազգերի պատմության վաղ շրջանին։ Թեպետ այս պատմվածքները որոշ մանրամասնություններով տարբերվում են միմյանցից, նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Օրինակ՝ բոլորն էլ հայտնում են, որ այդ ջրհեղեղից փրկվեցին միայն մի քանի մարդիկ և որոշ կենդանիներ։
Արդյո՞ք այդ մարդիկ Ջրհեղեղից փրկվեցին պարզապես երջանիկ պատահականությամբ։ Աստվածաշունչը նման բան չի հայտնում։ Հետաքրքիր է, որ մոտալուտ արհավիրքի մասին Աստված տեղեկացրել էր ոչ թե երկրի բնակիչներից յուրաքանչյուրին, այլ Նոյին։ Վերջինս էլ, իր հերթին, նախազգուշացրել էր իր ժամանակակիցներին (Ծննդոց 6։13–16; Բ Պետրոս 2։5)։
Փրկությունը կախված էր Նոյի հետ համագործակցող մարդկանց խմբին անդամակցելուց և նրա միջոցով Աստծո կողմից տրվող առաջնորդությանը հնազանդվելուց։ Նույնիսկ տապանում գտնվող կենդանիները Ջրհեղեղից փրկվեցին այդ խմբի հետ լինելու շնորհիվ։ Նոյին որոշակի ցուցումներ էին տրվել կենդանիների փրկության համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին (Ծննդոց 6։17–7։8)։
Դարեր անց Նոյի ժառանգները, որ սերել էին նրա որդի Սեմից, հայտնվեցին ստրկության մեջ Եգիպտոսում։ Սակայն Աստծո նպատակն էր ազատել այդ մարդկանց և բերել այն երկիրը, որ նա խոստացել էր նրանց նախահայր Աբրահամին։ Եվ նորից իր նպատակը Աստված չհայտնեց այդ մարդկանցից յուրաքանչյուրին։ Առաջին հերթին այս մասին տեղեկացան նրանք, ովքեր ընտրված էին որպես առաջնորդներ՝ Մովսեսն ու նրա եղբայր Ահարոնը (Ելից 3։7–10; 4։27–31)։ Այն բանից հետո, երբ նախկին ստրուկները խմբովին ազատագրվեցին Եգիպտոսի գերությունից, Աստված Սինա լեռան մոտ իր Օրենքը տվեց նրանց և կազմավորեց մի ժողովուրդ, որը կոչվեց Իսրայել (Ելից 19։1–6)։
Առանձին իսրայելացիների համար փրկությունը հնարավոր էր միայն այն դեպքում, եթե նրանք լինեին Աստծո կողմից կազմավորված խմբի մեջ և հետևեին այդ խմբում նշանակված առաջնորդների ցուցումներին։ Նույնիսկ առանձին եգիպտացիներ հնարավորություն ստացան միանալու այդ խմբին, որն ակնհայտորեն ուներ Աստծո հավանությունը։ Այդ անհատները իսրայելացիների հետ միասին հեռացան Եգիպտոսից՝ ստանալով Աստծո օրհնություններին արժանանալու հեռանկարը (Ելից 12։37, 38)։
Ավելի ուշ՝ առաջին դարում, Հիսուս Քրիստոսը սկսեց ծավալել իր քարոզչական գործունեությունը՝ համախմբելով այն մարդկանց, ովքեր դառնում էին իր աշակերտները։ Հիսուսը գործ ուներ մարդկանցից կազմված խմբի հետ, թեև սիրառատ կերպով ուշադրության էր արժանացնում առանձին անհատների՝ հաշվի առնելով նրանց կարիքները։ Իր 11 հավատարիմ առաքյալներին Հիսուսն ասաց. «Դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց» (Ղուկաս 22։28, 29)։ Ավելի ուշ Աստծո սուրբ ոգին իջավ աշակերտների վրա, երբ նրանք մեկտեղ էին համախմբվել (Գործք 2։1–4)։
Այս օրինակները պարզ ցույց են տալիս, որ անցյալում Աստված միշտ միավորել է մարդկանց մեկ կազմակերպված խմբի մեջ։ Ու թեպետ Աստված անձամբ հաղորդակցվել է մի քանի անհատների հետ, ինչպես օրինակ՝ Նոյի, Մովսեսի, Հիսուսի և ուրիշների, իրականում նրանց միջոցով նա կապ է հաստատել մարդկանց այն խմբի հետ, որի անդամները եղել են այդ անհատների մտերիմ գործակիցները։ Հիմք չկա մտածելու, որ այսօր Աստված այլ կերպ է առաջնորդում իր ծառաներին։ Ինչ խոսք, այս ամենը մեկ ուրիշ հարց է առաջ բերում. ճիշտ կլինի՞ արդյոք անդամակցել ցանկացած կրոնական խմբավորման։ Այս կարևոր հարցի պատասխանը կքննարկենք հաջորդ հոդվածում։
[նկար 4–րդ էջի վրա]
Աստված միշտ միավորել է իր ժողովրդին մեկ կազմակերպված խմբի մեջ