Ո՞ր կրոնը պետք է ընտրեք
«ԿՐՈՆՆԵՐԸ սոսկ դեպի նույն նպատակակետը տանող տարբեր ճանապարհներ են. չէ՞ որ Աստված մեկն է»։ Այսպես են մտածում այն մարդկանցից շատերը, ովքեր թեպետ ընդունում են, որ կրոնական որևէ խմբավորման անդամակցելը կարևոր է, սակայն գտնում են, որ իրականում մեծ նշանակություն չունի, թե որ կրոնին է մարդ պատկանում։
Առաջին հայացքից՝ այս տեսակետը կարող է տրամաբանական թվալ, քանի որ Ամենակալ Աստված իսկապես մեկն է (Եսայիա 44։6; Յովհաննէս 17։3; Ա Կորնթացիս 8։5, 6)։ Սակայն մենք չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ ակնհայտ տարբերություններ, նույնիսկ հակասություններ գոյություն ունեն ճշմարիտ Աստծո անունից ներկայացող շատ կրոնական խմբերի միջև։ Նրանց սովորույթները, հավատալիքները, ուսմունքներն ու պահանջները մեծապես տարբերվում են իրարից։ Տարբերություններն այնքան հսկայական են, որ մի կրոնական ուղղության պատկանող մարդիկ դժվարանում են հասկանալ կամ ընդունել այն, ինչը հավատով ուսուցանում են մյուսները։
Հիսուսն ասել է. «Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով [«ոգով», ՆԱ] եւ ճշմարտութիւնով երկրպագեն» (Յովհաննէս 4։24)։ Արդյո՞ք Աստծուն ճշմարտությամբ երկրպագելը համատեղելի է այն մտքի հետ, որ կարող են գոյություն ունենալ իրար հակասող բազմաթիվ գաղափարներ այն մասին, թե ով է Աստված, ինչ նպատակներ ունի և ինչպիսի երկրպագություն է պահանջում։ Տրամաբանակա՞ն է արդյոք մտածել, որ Ամենակալի համար նշանակություն չունի, թե ինչպես են մարդիկ երկրպագում իրեն։
Ճշմարիտ քրիստոնյաները անցյալում և այսօր
Առաջին դարում ապրող քրիստոնյաների միջև երբեմն տարաձայնություններ էին ծագում որոշակի հարցերի շուրջ։ Օրինակ՝ Կորնթոսում ապրողների մասին Պողոս առաքյալը գրում է. «Հակառակութիւններ կան ձեզանում։ Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան» (Ա Կորնթացիս 1։11, 12)։
Արդյո՞ք Պողոսը նշանակություն չէր տալիս այս տարաձայնություններին։ Արդյո՞ք այդ անհատներից յուրաքանչյուրը կարող էր իր ձևով հասնել փրկության։ Ամենևի՛ն։ Ահա թե ինչ խորհուրդ տվեց առաքյալը. «Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չ’լինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք» (Ա Կորնթացիս 1։10)։
Ինչ խոսք, ստիպողաբար անհնար է միասնության հասնել հավատի հարցում։ Դա հնարավոր է միայն, երբ մարդիկ ուշադրությամբ քննում են ծագած խնդիրները, հանգում են միևնույն եզրակացության և ընդունում են նույն որոշումը։ Ուստի Պողոսի նկարագրած միասնությունը վայելելու համար շատ կարևոր է անձամբ ուսումնասիրել Աստծո Խոսքը և անկեղծ ցանկություն ունենալ կիրառելու սովորածը։ Հնարավո՞ր է արդյոք որևիցե տեղ նման միասնություն տեսնել։ Ինչպես արդեն քննարկեցինք, Աստված երկար ժամանակ միավորել է իր ժողովրդին մեկ խմբի մեջ։ Արդյո՞ք հնարավոր է պարզել, թե ովքեր են այսօր ներկայացնում այդ խումբը։
Օգուտներ ճիշտ ընկերակցությունից
Սաղմոսերգու Դավիթը մի առիթով հարցրեց. «Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը»։ Անկասկած, սա մտածելու տեղիք տվող հարց է։ Եվ Դավիթը տալիս է պատասխանը. «Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը» (Սաղմոս 15։1, 2)։ Ճշգրտորեն հասկանալով Աստվածաշունչը՝ կկարողանանք զատորոշել այն կրոնը, որը համապատասխանում է Աստծո կողմից սահմանված հիշյալ պահանջներին։ Այդ կրոնական խմբի հետ համագործակցելու շնորհիվ կարելի է վայելել այն մարդկանց օգտակար ընկերակցությունը, ովքեր միասնաբար երկրպագում են Աստծուն ‘ոգով և ճշմարտությամբ’։
Եհովայի վկաները ցույց են տվել, որ թե՛ հավատի, թե՛ որոշակի գործունեություն ծավալելու հարցում հնարավոր է հասնել միասնության նույնիսկ այսօրվա պառակտված աշխարհում։ Նրանց շարքերում կան տարբեր ազգերի մարդիկ, ովքեր նախկինում պատկանել են տարբեր կրոնների, եղել են ագնոստիկներ կամ աթեիստներ։ Վկաների թվում կան նաև այնպիսիները, ովքեր պարզապես լրջորեն չեն մտածել կրոնի մասին։ Տարբեր դավանանքներից, մշակույթներից և փիլիսոփայական ուղղություններից եկած այս անհատները այժմ վայելում են կրոնական այնպիսի միասնություն, որ աշխարհում ուրիշ որևէ տեղ չես տեսնի։
Այս միասնության հիմնաքարը Աստծո Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Անկասկած, Եհովայի վկաները գիտակցում են, որ չեն կարող թելադրել ուրիշներին այս կամ այն կերպ վարվել։ Սակայն նրանք գնահատում են իրենց շնորհված առանձնահատուկ հնարավորությունը՝ քաջալերել մարդկանց ուսումնասիրել Աստվածաշունչը, որպեսզի երկրպագության հարցում նրանք կարողանան իրենց ընտրությունը կատարել այդ ծանրակշիռ աղբյուրի հիման վրա։ Շնորհիվ դրա ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն քաղելու այն օգուտները, որ գալիս են ‘ոգով և ճշմարտությամբ’ Աստծուն երկրպագելուց։
Այսօր մեծ է վնասակար ազդեցության տակ հայտնվելու և գայթակղության մեջ ընկնելու վտանգը։ Ուստի անչափ կարևոր է ընկերակցության հարցում ճիշտ ընտրություն կատարել։ Աստվածաշնչում նշվում է, որ «իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ», և որ «չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Առակաց 13։20; Ա Կորնթացիս 15։33)։ Աստծուն անկեղծորեն երկրպագող մարդկանց հետ շփվելը պաշտպանություն է։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը հետևյալ հիշեցումն է տալիս մեզ. «Զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10։24, 25)։ Ինչպիսի՜ օրհնություն է, երբ ճշմարիտ ընկերները՝ հոգևոր եղբայրներն ու քույրերը, սիրով օգնում են մեկը մյուսին կատարել Աստծո առջև իրենց ունեցած պարտականությունները։
Սա է հաստատում Օտմար անունով մի տղամարդ, որն ապրում է Գերմանիայում։ Թեև նա ծնվել էր կաթոլիկների ընտանիքում, ժամանակի ընթացքում դադարել էր եկեղեցի հաճախել։ Օտմարը բացատրում է, թե ինչու. «Եկեղեցի մտնում էի դատարկության զգացումով, նույն զգացումով էլ դուրս էի գալիս այնտեղից»։ Չնայած դրան՝ նա չկորցրեց իր հավատը Աստծո նկատմամբ։ Հետագայում Օտմարը հանդիպեց Եհովայի վկաներին։ Շփվելով նրանց հետ՝ նա համոզվեց, որ Վկաները Աստծո ճշմարիտ ծառաներն են։ Օտմարը հասկացավ, որ հարկավոր է ընկերակցել նրանց հետ։ Նա ասում է. «Ակտիվորեն մասնակցելով այնպիսի կազմակերպության գործունեությանը, որը համաշխարհային ընդգրկում ունի՝ ես մտքի և սրտի խաղաղություն եմ վայելում։ Աստիճանաբար ավելի ու ավելի ստույգ գիտելիքներ եմ ձեռք բերում Աստվածաշնչից։ Անձամբ ինձ համար դա անգնահատելի օգնություն է»։
Հրավեր՝ փնտրողներին
Համերաշխորեն համագործակցող մարդիկ խմբով շատ ավելի արդյունավետ կլուծեն իրենց առջև դրված խնդիրը, քան միմյանցից անկախ գործող անձինք։ Իր հրաժեշտի խոսքերն ասելիս Հիսուսը այսպիսի ցուցումներ տվեց աշակերտներին. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։ Հնարավոր կլինե՞ր արդյոք ինչպես հարկն է կատարել այս հանձնարարությունը՝ առանց որևէ առաջնորդության կամ կազմակերպության։ Հնազանդված կլինե՞ր արդյոք մարդը այս աստվածաշնչյան պատվերին, եթե փորձեր ուրիշներից անկախ ծառայել Աստծուն։
Նախորդ տարվա ընթացքում Եհովայի վկաները ամբողջ աշխարհում տարածել են Աստվածաշնչի հիման վրա գրված 91 933 280 գիրք, թերթիկ և գրքույկ, ինչպես նաև 697 603 247 պարբերագիր։ Սա ցույց է տալիս, որ նրանք կարողացել են Աստվածաշնչի պատգամը հասցնել հարյուր միլիոնավոր մարդկանց, որոնք ապրում են 235 երկրներում։ Ինչպիսի՜ զորեղ ապացույց է սա այն բանի, որ միասնական, լավ կազմակերպված խումբը շատ ավելին կարող է իրականացնել, քան առանց որևէ մեկի օգնության գործող ցանկացած անհատ։
Աստվածաշնչյան գրականություն տարածելուց բացի, Եհովայի վկաները սուրբգրային անվճար ուսումնասիրություններ են անցկացնում՝ օգնելով մարդկանց ավելի խորությամբ հասկանալ Աստծո պահանջները։ Անցյալ տարի ամեն շաբաթ միջին հաշվով անցկացվել է Աստվածաշնչի 5 726 509 այդպիսի ուսումնասիրություն առանձին անձանց կամ մեկից ավելի մարդկանց հետ։ Այս կրթական գործունեության շնորհիվ միլիոնավոր անհատներ կարողացել են տեսնել, թե ինչ հիմնավոր սկզբունքներով պետք է առաջնորդվեն երկրպագության հետ կապված հարցերում ընտրություն կատարելիս։ Հրավիրում ենք ձեզ սովորել Գրություններում ներկայացված այդ աստվածային պահանջները։ Դրանից հետո դուք կարող եք կատարել ձեր ընտրությունը (Եփեսացիս 4։13; Փիլիպպեցիս 1։9; Ա Տիմոթէոս 6։20; Բ Պետրոս 3։18)։
Եթե ցանկանում եք գոհացնել Աստծուն, անհրաժեշտ է, որ դառնաք կրոնական ուղղության անդամ, սակայն ոչ ցանկացած կրոնական ուղղության։ Կրոնի ընտրությունը հարկավոր է կատարել Աստվածաշնչի ճշգրիտ գիտության հիման վրա և ոչ թե անհիմն դոգմաների կամ ասեկոսեների (Առակաց 16։25)։ Սովորեք ճշմարիտ կրոնը բնորոշող պահանջների մասին։ Համեմատեք դրանք ձեր համոզմունքների հետ։ Այնուհետև կատարեք համապատասխան ընտրությունը (Բ Օրինաց 30։19)։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Այս պառակտված աշխարհում Եհովայի վկաները միասնություն են վայելում