«Գաղաադի» 128-րդ դասարանի ավարտական ծրագիրը
Միսիոներներ ուղարկվեցին՝ աշակերտներ պատրաստելու
«ԲԱՐԻ լուրը բոլոր ազգերին քարոզելու պատվերն իրականացնելու համար որոշ քրիստոնյաներ պետք է պատրաստ լինեին թողնելու իրենց տունը և գնալու օտար երկրներ»։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը այս խոսքերով ունկնդիրներին նախապատրաստեց հետաքրքիր հոգևոր ծրագրին։
2010թ. մարտի 13-ին մոտավորապես 8000 հոգի հավաքվել էր «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 128-րդ դասարանի ավարտական ծրագրին։ Ներկա էին շրջանավարտների ընկերները, հարազատները և 27 երկրներից բազմաթիվ հյուրեր։
«Աշակերտները չէին կարող պարզապես տանը նստել»
Հոգևոր այդ ծրագրի նախագահողը՝ եղբայր Սփլեյնը, բացման ելույթում քննարկեց Հիսուսի հետևյալ պատվերը. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթեոս 28։19, 20)։ Նա ընդգծեց այն միտքը, որ Հիսուսն իր աշակերտներին ուղարկեց մարդկանց մոտ։ Ճիշտ է, մ.թ. 33-ի Պենտեկոստեին Միջագետքից, հյուսիսային Աֆրիկայից և Հռոմեական կայսրության տարբեր վայրերից մարդիկ եկան Երուսաղեմ և լսեցին բարի լուրը, սակայն, ինչպես նշեց հռետորը, «աշակերտները չէին կարող պարզապես տանը նստել և սպասել, որ բոլոր ազգերից մարդիկ գան իրենց մոտ։ Նրանք պետք է գնային մինչև երկրի ամենահեռավոր վայրերը և գտնեին մարդկանց» (Գործեր 1։8)։
«Հիսուսը պարզապես չասաց իր աշակերտներին, թե ինչ է հարկավոր անել,— ավելացրեց եղբայր Սփլեյնը,— այլ սովորեցրեց, թե ինչպես է հարկավոր անել։ Նա պարզապես չասաց, որ հարկավոր է աղոթել, այլ սովորեցրեց, թե ինչպես աղոթել։ Պարզապես չպատվիրեց՝ քարոզել, այլ ցույց տվեց, թե ինչպես պետք է քարոզել։ Պարզապես չհորդորեց լավ ուսուցիչներ լինել, այլ ուսուցչական արդյունավետ մեթոդներ սովորեցրեց»։
Դիմելով շրջանավարտների ծնողներին՝ նախագահողը մեջբերեց Հիսուսի խոսքերն՝ ուղղված իր աշակերտներին. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթեոս 28։20)։ Եղբայր Սփլեյնը վստահեցրեց նրանց, որ Հիսուսը կշարունակի հոգ տանել ուսանողներին իրենց նոր նշանակման մեջ։
«Մի՛ վարանեք պարծենալուց»
Կառավարիչ մարմնի անդամ էնթոնի Մորիսը շրջանավարտներին ասաց. «Մի՛ վարանեք պարծենալուց»։ Նա նշեց, որ պարծենալը կարող է լինել տեղին և անտեղի։ Տեղին չի լինի, եթե մենք մեզանով պարծենանք։ Սակայն 1 Կորնթացիներ 1։31-ը ցույց է տալիս, թե ինչի մասին պարծենալն է տեղին։ Այնտեղ կարդում ենք. «Նա, ով պարծենում է, թող Եհովայո՛վ պարծենա»։ Եղբայր Մորիսն ասաց. «Եհովա Աստծուն ճանաչելն ու նրա մասին հասկացողություն ունենալը, իրոք որ, պարծենալու առիթ է։ Աստծու անունը կրելը՝ նրա վկաները լինելը, ամենամեծ պարծանքն է թե՛ ինձ, թե՛ ձեզ համար» (Երեմիա 9։24)։
Եղբայր Մորիսն ընդգծեց Աստծու անունը մարդկանց ճանաչեցնելու կարևորությունը՝ պատմելով Աֆրիկայում տեղի ունեցած մի դեպք։ Մի միսիոներ իր կնոջ հետ գնում էր ժողով, որպեսզի այնտեղ ելույթ ներկայացներ։ Ճանապարհին՝ անցագրային կետում, մի երիտասարդ զինվորական ատրճանակը պահեց եղբոր վրա և հարցրեց, թե ով է նա։ Հիշելով «Գաղաադ» դպրոցում իրենց սովորածը՝ կինը ամուսնու ականջին շշնջաց. «Ասա, որ Եհովայի վկա ես և գնում ես ժողով՝ աստվածաշնչային ելույթ ներկայացնելու համար»։ Եղբայրն իր կնոջ ասածի պես արեց, և նրանց թույլ տվեցին ճանապարհը շարունակել։ Հաջորդ օրը այդ զույգը ռադիոյով լսեց, որ երկրի նախագահը հրաման էր տվել բոլոր զինվորներին աչալուրջ լինել, քանի որ երկրում մարդասպաններ կային, որոնք ներկայանում էին որպես միսիոներներ։ Ի՜նչ լավ էր, որ զույգը ներկայացել էր որպես Եհովայի վկաներ և ոչ թե միսիոներներ։ Այդպիսով նրանք ազատվեցին փորձանքից։ Եղբայր Մորիսն իր ելույթի վերջում խորհուրդ տվեց. «Երբ գնաք ձեր նշանակված երկրները, մի՛ վարանեք պարծենալուց։ Պարծեցեք այն ամենով, ինչ որ Եհովան իրականացնելու է ձեր միջոցով իր հավիտենական փառքի համար»։
«Կկատարե՞ս քո առաքելությունը»
Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը, որը նույնպես ծառայել է որպես միսիոներ, իր ելույթում քննարկեց վերոհիշյալ հարցը։ Նա շրջանավարտներին հարց ուղղեց. «Ի՞նչ է նշանակում լինել միսիոներ»։ Ապա բացատրեց, որ «միսիոներ» բառը ծագում է մի լատիներեն բառից, որը նշանակում է մարդ կամ խումբ, որին հատուկ հանձնարարություն է տրվել։ Իսկ մեր հանձնարարությունը որպես Եհովայի վկաներ մարդկանց բարի լուրը քարոզելն է և նրանց հոգևոր աջակցություն ցույց տալը։ Դա անելով՝ մենք ընդօրինակում ենք Հիսուս Քրիստոսին, որը միշտ կենտրոնացած էր իրեն հանձնարարված գործի վրա։ Մի անգամ նա հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսին ասաց. «Հենց այս բանի համար ծնվեցի ու եկա աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (Հովհաննես 18։37)։
Հետո եղբայր Ջեքսոնը շրջանավարտների ուշադրությունը հրավիրեց Երիքովի նվաճման պատմության վրա։ Իսրայելացի զինվորները վեց օր շարունակ առավոտ կանուխ վեր էին կենում, հագնում էին իրենց սպառազինությունը, պտտվում էին Երիքովի շուրջը և ապա վերադառնում իրենց բանակատեղին։ «Մարդկային տեսանկյունից,— ասաց եղբայր Ջեքսոնը,— նրանց մարտավարությունը կարող էր անտրամաբանական կամ տարօրինակ թվալ»։ Գուցե որոշ զինվորներ մտածեին, թե զուր ժամանակ են վատնում։ Սակայն յոթերորդ օրը նրանք յոթ անգամ պտտվեցին քաղաքի շուրջը, որից հետո բարձր ձայնով մարտական կոչ արձակեցին։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ Երիքովի պարիսպները հիմնահատակ փուլ եկան (Յեսու 6։13–15, 20)։
Եղբայր Ջեքսոնը այս պատմությունից չորս կարևոր միտք ընդգծեց, որոնք շատ ուսանելի են։ 1) Հնազանդությունը հույժ կարևոր է։ Պետք է ամեն ինչ անենք այնպես, ինչպես Եհովան է պատվիրում, և ոչ թե այնպես, ինչպես մեզ է ճիշտ թվում։ 2) Անհրաժեշտ է հավատալ և վստահել Եհովային։ Երիքովի պարիսպներն ընկան ոչ թե պարսպակործան զենքերի միջոցով, այլ հավատի (Եբրայեցիներ 11։30)։ 3) Հարկավոր է համբերել։ Եհովայի օրհնությունները «կ’հասնեն» մեզ ճիշտ ժամանակին (Բ Օրինաց 28։2)։ 4) Երբեք չպետք է հանձնվել։ Երբեք մի՛ մոռացեք ձեր առաքելությունը։ Եղբայր Ջեքսոնն ավարտեց քննարկումը շրջանավարտների հետ՝ ասելով. «Եթե այս դասերը կիրառեք, անշուշտ կկատարեք ձեր առաքելությունը և Եհովայի անվանը փառք կբերեք»։
Ծրագրի ուշագրավ մտքերը
«Սիրիր Աստվածաշունչը և նրա Հեղինակին»։ Այսպես էր վերնագրված ԱՄՆ-ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Մաքսվել Լոյդի ելույթը։ Նա շրջանավարտներին ասաց. «Աստվածաշունչը պետք է կենդանի գիրք լինի ձեզ համար»։ Ապա նրանց հետևյալ խորհուրդները տվեց. «Թույլ մի՛ տվեք, որ Եհովա Աստծու հանդեպ ձեր սերը նվազի։ Մի՛ մտածեք, թե բոլորը լավ են հասկանում ձեր սովորեցրածը։ Սովորեք Աստվածաշնչի ճշմարտությունները պարզ ներկայացնել, որպեսզի դրանք հասնեն մարդկանց սրտերին։ Խոնարհ եղեք։ Երբեք տպավորություն մի՛ ստեղծեք, թե դուք շատ բան գիտեք։ Օրինակ ծառայեք։ Թող որ այն մարդիկ, ում հետ ուսումնասիրություն եք անցկացնում, տեսնեն, թե որքան խորն է ձեր սերը Աստվածաշնչի հանդեպ»։
«Նայեք ագռավներին»։ Այս ելույթը ներկայացրեց Մայքլ Բարնետը, որը նախկինում ծառայել է որպես միսիոներ և այժմ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ է։ Նա շրջանավարտներին նախազգուշացրեց, որ երբեմն մտահոգվելու պատճառներ կունենան։ Սակայն նա խորհուրդ տվեց հիշել Հիսուսի խոսքերը. «Նայեք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ....բայց Աստված կերակրում է նրանց» (Ղուկաս 12։24)։ Օրենքի ուխտի համաձայն՝ ագռավները անմաքուր էին. հարկավոր էր դրանցից զզվել և չուտել (Ղեւտացոց 11։13, 15)։ Սակայն չնայած այդ ամենին՝ Եհովան կերակրում է նրանց։ «Ուստի եթե ձեր կյանքում մտահոգվելու պատճառներ լինեն,— ասաց եղբայր Բարնետը,— հիշեք ագռավներին։ Եթե Եհովան հոգ է տանում այս թռչուններին, որոնք անմաքուր էին համարվում և որոնցից պետք է զզվեին, ապա որքան ավելի հոգ կտանի ձեր մասին, որ մաքուր եք նրա աչքում»։
«Ես քեզ ոչ մի անիրավություն չեմ անում»։ Մարկ Նումարը, որը նույնպես «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ է, իր ելույթում օգնեց բոլոր ներկաներին լավ հասկանալու խաղողի այգու աշխատողների մասին Հիսուսի առակը։ Այդ աշխատողներից ոմանք ամբողջ օրը ծանր աշխատեցին։ Ոմանք էլ աշխատեցին ընդամենը մեկ ժամ։ Սակայն բոլորը նույն չափով վարձատրվեցին։ Նրանք, ովքեր երկար էին աշխատել, սկսեցին տրտնջալ։ Այգու տերը նրանցից մեկին ասաց. «Ես քեզ ոչ մի անիրավություն չեմ անում։ Չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր։ Ուրեմն քոնը վերցրո՛ւ ու գնա՛» (Մատթեոս 20։13, 14)։ Ի՞նչ դաս կարող ես սովորել այս առակից։ Չպետք է համեմատես քեզ ուրիշների հետ։ Եղբայր Նումարն ասաց. «Այդպիսի համեմատությունը միայն կխլի քո ուրախությունը։ Ավելին, դրա պատճառով հնարավոր է՝ թողնես քո նշանակումը և դադարեցնես թանկագին ծառայությունդ»։ Եղբայրը հիշեցրեց շրջանավարտներին, որ Հիսուսը վերահսկում է հոգևոր հնձի գործը և իր հետևորդների հետ կարող է վարվել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում։ Եթե Եհովան ու Հիսուսը որոշում են ինչ-որ մեկին ավելի շատ օրհնել, դրանով մյուսին «ոչ մի անիրավություն» չեն անում։ Ուստի կենտրոնացիր քո օրհնությունների վրա և թույլ մի՛ տուր, որ ուրիշների ստացած «վարձը» շեղի քեզ Եհովայի կողմից ստանձնած հանձնարարությունդ կատարելուց։
Դեպքեր ծառայությունից և հարցազրույցներ
Դասերից հետո, երբ «Գաղաադ» դպրոցի ուսանողները վերջացրած էին լինում իրենց տնային աշխատանքները, մոտակայքում գտնվող Եհովայի վկաների ժողովների քարոզիչների հետ մասնակցում էին քարոզչական գործին։ Սեմ Ռոբերսոնը, որը «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներից մեկն է, հարցազրույց անցկացրեց ուսանողներից մի քանիսի հետ։ Քույր Ալեսանդրա Քիրխլերը պատմեց մի կնոջ մասին, որին հանդիպել էր ծառայության ժամանակ։ Այդ կինը շատ էր անհանգստացած, որ իր որդին ծխում է։ Ալեսանդրան մի հոդված գտավ «Արթնացե՛ք» պարբերագրից, որտեղ խոսվում էր ծխելու մասին, և բերեց, որ տա այդ կնոջը, սակայն նա տանը չէր, ուստի թողեց դռան մոտ։ Ի վերջո, Ալեսանդրային հաջողվեց հանդիպել այդ կնոջը, և նա իր տուն հրավիրեց։ Կնոջը շատ էր դուր եկել ծխելու մասին հոդվածը։ Նա ասաց Ալեսանդրային. «Հաճախ մտածում եմ, որ Աստված իր տված փորձությունների միջոցով ուզում է ինձ ինչ-որ բան սովորեցնել»։ Ալեսանդրան Աստվածաշնչի օգնությամբ բացատրեց, որ այդ փորձությունների պատճառը Աստված չէ (Հակոբոս 1։13)։ Այժմ այդ կինը և նրա որդին Աստվածաշունչ են ուսումնասիրում։
Մելվին Ջոնսը, որը ծառայում է Ծառայողական բաժնում, հարցազրույց վերցրեց տարիներ առաջ «Գաղաադում» սովորած երեք շրջանավարտներից՝ Յոն Սոմերուդից (ծառայում է Ալբանիայում), Մարկ Անդերսոնից (ծառայում է Քենիայում) և Ջեյմս Հինդերերից (ծառայում է աստվածապետական դպրոցների բաժնում)։ Երեքն էլ ընդգծեցին այն միտքը, որ «Գաղաադ» դպրոցը ոչ միայն Աստվածաշնչի ճշմարտություններն է սովորեցնում, այլ նաև թե ինչպես կիրառել դրանք, անկախ նրանից, թե ովքեր են ուսանողները և թե որտեղ են նրանք ծառայում։
Ծրագրի վերջում շրջանավարտներից մեկը դասարանի անունից մի հուզիչ նամակ կարդաց, որտեղ ուսանողներն արտահայտել էին իրենց երախտագիտությունը։ Ջոն Բարը՝ Կառավարիչ մարմնի ամենատարեց անդամը (96 տարեկան), ծրագիրը եզրափակեց աղոթքով՝ Եհովային խնդրելով, որ օրհնի 128-րդ դասարանի շրջանավարտների ջանքերը։
[Քարտեզ 31–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 8
Ուսանողների թիվը՝ 54
Ամուսնական զույգերի թիվը՝ 27
Միջին տարիքը՝ 35,2
Մկրտությունից հետո ճշմարտության
մեջ անցկացրած տարիների միջինը՝ 19,1
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած
տարիների միջինը՝ 13,8
[Քարտեզ]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Շրջանավարտները նշանակվել են 25 երկրներ
ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
ԱԼԲԱՆԻԱ
ԱՐՈՒԲԱ
ԲՈԼԻՎԻԱ
ԿԱՄԲՈՋԱ
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷԿՎԱԴՈՐ
ԳԱՆԱ
ԳՎԱՏԵՄԱԼԱ
ԳՎԻՆԵԱ
ԳԱՅԱՆԱ
ՀՈՆԴՈՒՐԱՍ
ԻՆԴՈՆԵԶԻԱ
ԿՈՍՈՎՈ
ԼԱՏՎԻԱ
ԼԻԲԵՐԻԱ
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
ՄՈՆՂՈԼԻԱ
ՆԱՄԻԲԻԱ
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
ՊԱՐԱԳՎԱՅ
ՌՈՒՄԻՆԻԱ
ՌՈՒԱՆԴԱ
ՍԵՐԲԻԱ
ԹԱՅՎԱՆ
(ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ)
[Նկար 30–րդ էջի վրա]
«Գաղաադի» ուսանողները ցուցադրում են ծառայության ժամանակ պատահած մի դեպք
[Նկար 31–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 128-րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Քելլեր է., Օստոպովիչ Ի., Ջեյքըբսըն Ս., Արիաս Մ., Դիքմեն Ի., Տանակա Ջ., Հարադա Կ.։
2) Կամաչո Լ., Քիրխլեր Ա., Ռոդրիգես Ս., Ուորդ Բ., Թրենալոն Ք., Վիկտորիա Վ., Օքսլի Ֆ., Նյուեն Խ.։
3) Օքսլի Օ., Դե Դիոս Ա., Լինդսթրոմ Շ., Ալլեն Ջ., Միդզ Թ., Ուադինգթոն Ջ., Վիկտորիա է.։
4) Հարադա Հ., Լինդսթրոմ Ա., Օրսինի է., Լոգ Դ., Միսուդ Թ., Բերժերոն Ս., Կամաչո Գ., Ուորդ Թ.։
5) Քիրխլեր Վ., Նյուեն Հ., Քրեմեր Ի., Բուերգո Ս., Տիտմաս Ն., Դե Դիոս Ք., Ռոդրիգես Ա., Ուադինգթոն Մ.։
6) Դիքմեն Ջ., Ալլեն Ք., Տիտմաս Ռ., Արիաս Ժ., Բերժերոն է., Քելլեր Ջ., Օստոպովիչ Ֆ., Բուերգո Ֆ.։
7) Տանակա Ք., Քրեմեր Ջ., Ջեյքըբսըն Ռ., Թրենալոն Ջ., Լոգ Ջ., Միդզ Դ., Միսուդ Դ., Օրսինի Ա.։