«Գաղաադի» 130-րդ դասարանի ավարտական ծրագիրը
Մեծ հույսերի ու ակնկալիքների օր
«ԴԻՏԱՐԱՆԻ» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 130-րդ դասարանի ավարտականը տեղի ունեցավ 2011թ. մարտի 12-ին՝ շաբաթ օրը։ Ներկա էր ավելի քան 8500 մարդ՝ դասարանի ուսանողները, նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները և ուրիշներ։ Բոլորը լի էին հույսերով ու ակնկալիքներով։ Միսիոներները, որոնք խոր գիտելիքներ էին ձեռք բերել դպրոցում, շուտով ստանալու էին իրենց նշանակումները։ Նրանք գնալու էին աշխարհի տարբեր երկրներ՝ սովորեցնելու մարդկանց Աստվածաշնչի ճշմարտությունները։
«Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են Եհովային»
Ծրագրի նախագահողը՝ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը, ներկայացրեց «Երջանիկ են բոլոր նրանք, ովքեր սպասում են Եհովային» վերնագրով ելույթը, որը հիմնված էր Եսայիա 30։18 համարի վրա։ Ջերմ շնորհավորանքներին մի փոքր հումոր խառնելով՝ նա ուրախություն հայտնեց, որ ուսանողները անցել են «Գաղաադի» «փորձությունը», և հույս հայտնեց, որ ավարտականի օրն էլ «կվերապրեն»։ Ի՞նչ իրատեսական ակնկալիքներ կարող էին ունենալ շրջանավարտները։ Եսայիա 30։18–21 համարների հիման վրա նա ընդգծեց երեք գործնական միտք։
Առաջին՝ եղբայր Ջեքսոնը նշեց. «Կարող եք ակնկալել, որ Եհովան կլսի ձեր աղոթքները»։ Նա ուշադրություն դարձրեց 19-րդ համարին, որտեղ գրված է. «[Աստված] անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ լսի քո աղաղակը»։ Եղբայր Ջեքսոնը ցույց տվեց, որ Աստված յուրաքանչյուրի աղոթքը առանձին է լսում։ «Քո Հայրը՝ Եհովան, չի ասում. «Ինչո՞ւ չես կարողանում այսինչի պես ուժեղ լինել»։ Փոխարենը՝ նա ուշադիր լսում է յուրաքանչյուրին և պատասխանում է ամեն մեկի աղոթքներին»,— ասաց հռետորը։
Երկրորդ՝ նա նշեց, որ խնդիրներ պետք է ակնկալել։ «Եհովան չի խոստանում, որ մեր կյանքը հեշտ կլինի, բայց խոստանում է օգնել մեզ»։ Աստված կանխագուշակել էր, որ երբ Իսրայել ազգը շրջապատման մեջ ընկնի, նեղությունն ու տառապանքը հացի ու ջրի պես սովորական բաներ կդառնան նրանց համար։ Բայց Եհովան միշտ պատրաստ կլինի ազատելու իր ժողովրդին։ «Գաղաադի» ուսանողները նույնպես խնդիրներ ու դժվարություններ կունենան, նաև այնպիսիք, որոնք չեն ակնկալում։ Եղբայր Ջեքսոնն ավելացրեց. «Բայց դուք կարող եք ակնկալել, որ Եհովան անպայման օգնության ձեռք կմեկնի, որպեսզի կարողանաք ձեր բոլոր խնդիրները լուծել»։
Երրորդ՝ եղբայր Ջեքսոնը, հիմնվելով 20-րդ և 21-րդ համարների վրա, շրջանավարտներին հիշեցրեց. «Դուք կարող եք ակնկալել առաջնորդություն, ուստի փնտրեք այն»։ Նա նշեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա այսօր պետք է ուշադիր լսի Եհովային, որը խոսում է Աստվածաշնչի և դրա վրա հիմնված հրատարակությունների միջոցով։ Հռետորը ջերմորեն հորդորեց ուսանողներին ամեն օր կարդալ Աստվածաշունչը, որովհետև դա կյանք է նշանակում։
«Եհովայի երկյուղը թող ձեզ վրա լինի»
Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը բացատրեց, թե ինչ է նշանակում «Եհովայի երկյուղ» աստվածաշնչյան արտահայտությունը (2 Տարեգրություն 19։7)։ Սա չի նշանակում «հիվանդագին վախ, սարսափ»։ Այն ճիշտն անելու ուժգին ցանկությունն է, հարգանքի շատ խոր զգացումը, որից անհատը կարող է նույնիսկ դողալ։ «Այդպիսի երկյուղ ունեցեք միսիոներական նշանակման մեջ»,— կոչ արեց հռետորը։ Ինչպե՞ս կարող են ուսանողները այդպիսի ակնածանք դրսևորել Եհովայի հանդեպ։ Նա կենտրոնացավ երկու գործնական մտքերի վրա։
Առաջին՝ եղբայր Մորիսը հորդորեց ուսանողներին կիրառել Հակոբոս 1։19-ում տրված խորհուրդը. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ»։ Նա նշեց, որ ուսանողները շատ բաներ են սովորել հինգ ամիսների ընթացքում, սակայն պետք է զգույշ լինեն, որ նշանակման վայրում իրենց սովորածով չպարծենան։ «Նախ պետք է լսեք,— ասաց նա։— Լսեք ձեր նոր ժողովի անդամներին և այն եղբայրներին, ովքեր առաջնորդություն են վերցրել ձեր նշանակման երկրում։ Լսեք, թե ինչ են ասում նրանք իրենց երկրի, մշակույթի ու նիստուկացի մասին։ Եթե ինչ-որ բան չգիտեք, մի ամաչեք խոստովանել դա։ Եթե դուք իսկապես օգուտներ եք ստացել «Գաղաադից», ուրեմն որքան ավելացնեք ձեր գիտելիքները, այնքան կգիտակցեք, որ իրականում շատ քիչ բան գիտեք»։
Երկրորդ՝ եղբայր Մորիսը կարդաց Առակներ 27։21-ը. «Ինչպես զտման անոթն է արծաթի համար, և հնոցը՝ ոսկու, այնպես էլ գովաբանությունն է մարդու համար»։ Նա բացատրեց, որ ինչպես ոսկին ու արծաթն են զտում, կամ՝ մաքրում, այդպես էլ մենք զտվում ենք գովաբանության միջոցով։ Ինչպե՞ս։ Գովաբանությունը կարող է ի հայտ բերել մեր բնավորության գծերը։ Իր հասցեին ուղղված գովասանք լսելով՝ անհատը կարող է հպարտանալ և հոգևորապես կործանվել կամ, հակառակը, մղվել ընդունելու, որ ինքը պարտական է Եհովային, և մղվել ավելի վճռական լինելու Եհովայի չափանիշներին հավատարիմ մնալու հարցում։ Այսպիսով՝ եղբայր Մորիսը հորդորեց շրջանավարտներին ճիշտ վերաբերմունք դրսևորել, երբ իրենց գովում են, այսինքն՝ գովասանքը համարել հնարավորություն՝ ցույց տալու, որ իրենք «Եհովայի երկյուղն» ունեն։
«Միշտ հիշիր քո միսիան»
Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը՝ «Միշտ հիշիր քո միսիան»։ Նա իր թեմայում բացատրեց, որ «միսիոներ» բառը նշանակում է «մեկը, ում հատուկ միսիայով (առաքելությամբ) ուղարկում են ինչ-որ տեղ»։ Հռետորն ասաց, որ զարմանալի չէ, որ աշխարհում կան բազմաթիվ միսիոներներ բազմաթիվ միսիաներով։ Նրանցից շատերը մեծ տեղ են հատկացնում ֆիզիկական բուժումներին և համաշխարհային խնդիրների քաղաքական լուծմանը։ «Դուք տարբերվում եք նրանցից»,— ասաց նա։ Ինչպե՞ս։
Աստվածաշնչում նկարագրվում են ֆիզիկական բուժումների մասին շատ դեպքեր։ Երբ Հիսուսը հարություն տվեց 12-ամյա աղջկան, նրա ծնողները «մեծ ցնծություն ապրեցին» (Մարկոս 5։42)։ Երբ կույրերի տեսողությունը հրաշքով վերականգնվում էր, նրանք անսահման ուրախանում էին։ Հիսուսն այս հրաշքներն անում էր մի քանի պատճառներով։ Դրանցից մեկն այն էր, որ նա ուզում էր ցույց տալ, թե ինչ է իրականացնելու գալիք նոր աշխարհում։ «Մեծ բազմության» անդամները, ովքեր կվերապրեն ներկա չար համակարգի կործանումից, այլևս ոչ մի առողջական խնդիր չեն ունենա (Հայտնություն 7։9, 14)։ Նրանք կդիմավորեն հարություն առածներին, որոնք նույնպես կատարյալ առողջություն կունենան։ Ի՜նչ մեծ ցնծություն է տիրելու։
Սակայն եղբայր Փիրսը բացատրեց, որ ֆիզիկական բուժումներից ավելի կարևոր բուժում կա։ Հիվանդները, որոնց Հիսուսը բուժում էր, ժամանակի ընթացքում կրկին հիվանդանում էին։ Մահացածները, ում նա հարություն էր տալիս, կրկին մահանում էին։ Շատ ավելի կարևոր էր այն, որ Հիսուսը բուժում էր հոգևորապես, այսինքն՝ մարդկանց օգնում էր հաշտվելու և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Աստծու հետ։ Նմանապես, «Գաղաադի» միսիոներները հոգևորապես բուժելու միսիա ունեն։ Նրանք օգնում են մարդկանց հաշտվելու մեր երկնային Հոր հետ, ինչի շնորհիվ այդ մարդիկ վերակենդանանում են հոգևոր առումով։ Միայն հոգևորապես առողջ մարդիկ կարող են ստանալ հավիտենական կյանք։ Եղբայր Փիրսը նշեց, որ «հոգևոր բուժումն է փառք բերում Աստծուն։ Դա է ծառայության մեջ հաջողության հասնելու բանալին»։
Եվս երեք ուշագրավ ելույթներ
«Օրդ լա՞վ կլինի»։ ԱՄՆ-ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ռոբերտ Ռեյնսը հանդես եկավ այս հետաքրքիր թեմայով։ Նա հորդորեց ուսանողներին իմաստնորեն օգտագործել ժամանակը, անհանգստություններ ունենալիս դիմել Աստծու Խոսքին և ապավինել Եհովային աղոթքով։ Այսպես վարվելով՝ նրանք կարող են համոզված լինել, որ իրենց օրը լավ է անցել։
«Հինը նոր կդարձնե՞ս»։ «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը իր ելույթում քննարկեց այս հարցը։ Նա անդրադարձավ 1 Հովհաննես 2։7, 8 համարներին, որտեղ առաքյալը հիշատակում էր «հին պատվիրանի» մասին, որը նաև «նոր պատվիրան» էր։ Այս պատվիրանը հետևյալն էր. Քրիստոսի հետևորդները պետք է անշահախնդիր ու անձնազոհ սեր ունենային իրար հանդեպ (Հովհաննես 13։34, 35)։ Պատվիրանը հին էր այն իմաստով, որ Քրիստոսը դա տվել էր իր հետևորդներին տասնամյակներ առաջ։ Իսկ նոր էր այն իմաստով, որ քրիստոնյաները, ովքեր նոր դժվարությունների էին բախվում, պետք է իրենց սերը դրսևորեին նոր ձևերով և ավելի խոր կերպով։ Միսիոներները նույնպես բախվում են նոր խնդիրների և կարիք ունեն իրենց սերը դրսևորելու նոր ձևերով։ Ինչպե՞ս կարող են դա անել։
«Մի դրսևորիր այն վարքը, որն ատում ես»,— ասաց եղբայր Նումարը։ Նա զգուշացրեց, որ եթե մեզ վատ են վերաբերվում և մենք նույն ձևով ենք պատասխանում, ապա կանգնում ենք ինքնակործանման տանող ուղու վրա։ Բայց եթե դժվարության բախվելիս ձգտում ենք սեր դրսևորելու նոր ձևեր գտնել, ապա «ճշմարիտ լույս» ենք արձակում և ցրում ենք հոգևոր խավարը։
«Կրիր բեռը»։ «Գաղաադի» մեկ ուրիշ ուսուցիչ՝ Մայքլ Բարնետը, ներկայացրեց այս գործնական թեման։ Նա պատմեց աֆրիկյան երկրներում ապրող մարդկանց մասին, ովքեր իրենց գլուխներին ծանր բեռներ կրելու համար օգտագործում են կատա։ Սա մի կտոր է, որը փաթաթում են և դնում գլխին։ Դրա շնորհիվ բեռը հարմար է լինում տանել, չի ընկնում գլխից, իսկ կրողի քայլվածքը դառնում է գեղեցիկ։ «Գաղաադի» միսիոներները պատասխանատվությունների ծանր բեռներ են կրելու իրենց օտարերկրյա նշանակումներում, բայց նրանց տրվել է մի բան, որը կարելի է նմանեցնել կատային՝ խոր աստվածաշնչյան գիտելիքներ։ Կիրառելով սովորածը՝ միսիոներները կկարողանան հավասարակշռել իրենց բեռը և այն տանել այնպես, որ չընկնի։
Դեպքեր ծառայությունից և հարցազրույցներ
«Գաղաադ» դպրոցում սովորելու ընթացքում ուսանողները Եհովայի վկաների տեղի ժողովների անդամների հետ քարոզում էին բարի լուրը։ Աստվածապետական դպրոցների բաժնի վերակացու Ուիլյամ Սեմյուելսոնը իր՝ «Ձեռքիդ հանգիստ մի տուր» թեմայում ընդգրկեց մի քանի դեպքեր, որոնք տեղի էին ունեցել ուսանողների հետ (Ժողովող 11։6)։ Հետաքրքիր բեմականացումների միջոցով նրանք ցույց տվեցին, թե ինչպես են քարոզել ինքնաթիռներում, ռեստորաններում, բենզալցակայաններում։ Ապագա միսիոներները վկայություն էին տալիս տնից տուն, մարդկանց հետ զրուցելիս և նամակներ գրելու միջոցով։ Նրանք իսկապես հանգիստ չտվեցին իրենց ձեռքերին և գերազանց արդյունքների հասան։
Այնուհետև «Գաղաադի» անձնակազմի անդամ Քենետ Ստովալը հարցազրույց անցկացրեց երկար տարիներ միսիոներ ծառայած երեք եղբայրների հետ՝ Բերի Հիլի, որը ծառայել է Էկվադորում և Դոմինիկյան Հանրապետությունում, Էդի Մոբլիի, որը ծառայել է Կոտ դ’Իվուարում և Թաբ Հոնսբերգերի, որը ծառայել է Սենեգալում, Բենինում և Հայիթիում։ Ծրագրի այս կետը կոչվում էր «Փորձիր Եհովային և քաղիր օրհնությունները» (Մաղաքիա 3։10)։ Եղբայր Հիլը պատմեց, թե նա և իր կինը ինչ դժվարություններ են ունեցել Էկվադորի կլիմային հարմարվելու հարցում։ Այստեղ կա՛մ տոթ ու փոշի էր, կա՛մ տոթ ու ցեխ։ Երկուսուկես տարի նրանք լողանում էին դույլերում տաքացրած ջրով, բայց երբեք չէին մտածում այդ ծառայությունը թողնելու մասին։ Նրանք իրենց նշանակումը օրհնություն էին համարում Եհովայից։ «Դա մեր կյանքն էր»,— ասում է նա։
Ծրագրի վերջում ուսանողներից մեկը մի հուզիչ նամակ կարդաց, որում դասարանը խորին երախտագիտություն էր հայտնում դպրոցի համար։ «Մեր հավատը ավելի ամրացավ, բայց համոզված ենք, որ դեռ շատ բաներ ունենք սովորելու»։ Բոլոր ուսանողները դիպլոմներ ստացան և տարբեր երկրներ նշանակվեցին։ Եղբայր Ջեքսոնը ծրագրի վերջում վստահեցրեց նրանց, որ կարող են Եհովայից օգնություն ակնկալել, հատկապես երբ խնդիրներ ունենան։ Ներկաները հեռացան մեծ հույսերով ու ակնկալիքներով։ Անկասկած, Եհովան այս նոր միսիոներների միջոցով բազմաթիվ բարի գործեր է անելու։
[քարտեզ 31-րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 9
Միջին տարիքը՝ 34,0
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 18,6
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,1
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Շրջանավարտները նշանակվել են հետևյալ երկրներ՝
ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
ԱՐԳԵՆՏԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆ
ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ
ԲՈՒՐՈՒՆԴԻ
ԿՈՆԳՈ (ԿԻՆՇԱՍԱ)
ՉԵԽԻԱ
ՀԱՅԻԹԻ
ՀՈՆԿՈՆԳ
ԻՆԴՈՆԵԶԻԱ
ՔԵՆԻԱ
ԼԻՏՎԱ
ՄԱԼԱՅԶԻԱ
ՄՈԶԱՄԲԻԿ
ՆԵՊԱԼ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
ՌՈՒՄԻՆԻԱ
ՍԵՆԵԳԱԼ
ՏԱՆԶԱՆԻԱ
ՈՒԳԱՆԴԱ
ԶԻՄԲԱԲՎԵ
[նկար 31-րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 130-րդ դասարանի շրջանավարտներ
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։
1) Մոլինա Զ., Բասելինո Ս., Ալատսիս Ք., Արոյո Ա., Նինյո Լ., Մերկլինգ Շ., Քլարկ Մ.։
2) Լիթլ Ս., Տիբեդո Ս., Յակոբսոն Ս., Մորենո Ջ., Ռոդրիգես Ա., Լի Ք., Կարդենաս Հ., Ագիլար Լ.։
3) Քլերբուշ Ա., Փոլի Ա., Քոլդուել Ս., Ադամե Ջ., Հիլդեբրանտ Շ., Գրոմեն Ն., Գալվես Գ.։
4) Քլարկ Ջ., Բասելինո Ա., Փակեմ Ք., Ադամե Ջ., Քնաուս Մ., Նինյո Մ., Մորենո Ռ., Գալվես Ջ.։
5) Ռոդրիգես Դ., Զենե Մ., Մոլինա Ջ., Ագիլար Ա., Ալատսիս Ի., Մանո Ա., Գրոմեն Ռ., Փակեմ Ջ.։
6) Գեյնես Ս., Քարդենաս Մ., Արոյո Ս., Մանո Ք., Մերկլինգ Ջ., Լի Հ., Քլերբուշ Խ., Յակոբսոն Պ.։
7) Լիթլ Ջ., Հիլդեբրանտ Բ., Շումեյքեր Մ., Քնաուս Ք., Քոլդուել Ջ., Տիբեդո Ֆ., Փոլի Ք.։