Մեր պարբերագրերը գրավում են ամեն տեսակ մարդկանց
1. Ինչպե՞ս է հավատարիմ և իմաստուն ծառան ընդօրինակում Պողոսին։
1 Ինչպես Պողոս առաքյալն էր բարի լուրը ներկայացնելու ձևը փոփոխում, որ շահի «ամեն տեսակ մարդկանց», այնպես էլ հավատարիմ և իմաստուն ծառան օգտագործում է մեր պարբերագրերը՝ տարբեր համոզմունքներ և տարբեր ծագում ունեցող մարդկանց սրտին հասնելու համար (1 Կորնթ. 9։22, 23)։ Հետևաբար որպեսզի արդյունավետորեն օգտագործենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, լավ կլինի մտովի պատկերացնել, թե ինչ մարդկանց համար են գրված դրանք։
2. Ինչպիսի՞ մարդկանց համար է նախատեսված «Արթնացե՛ք»-ը։
2 «Արթնացե՛ք»։ Այս պարբերագրի նպատակն է հասնել այն մարդկանց սրտին, որոնք նման են առաջին դարում ապրող մարդկանց, որոնց Պողոսը քարոզելիս դիմեց. «Աթենացի մարդիկ» (Գործ. 17։22)։ Այդ մարդիկ քրիստոնեական ծագում չունեին և Սուրբ Գրքի մասին քիչ գիտելիքներ ունեին։ Նմանապես, այն մարդիկ, որոնց համար նախատեսված է «Արթնացե՛ք»-ը, քիչ գիտելիքներ ունեն կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն Աստվածաշնչից։ Նրանք գուցե ոչ մի բան չգիտեն քրիստոնեական ուսմունքների մասին, գուցե կրոնի հանդեպ վստահությունն են կորցրել կամ թերևս չգիտեն Աստվածաշնչի գործնական արժեքը։ «Արթնացե՛ք»-ի գլխավոր նպատակն է համոզել ընթերցողին, որ ճշմարիտ Աստված գոյություն ունի։ Նաև հավատ առաջացնել Աստվածաշնչի հանդեպ և օգնել հասկանալու, որ Եհովայի վկաները տարբերվում են մյուս կրոնների անդամներից։
3. Ո՞ւմ համար է նախատեսված «Դիտարանի» թողարկումներից յուրաքանչյուրը։
3 «Դիտարան»։ Այն մարդիկ, որոնց համար տպագրվում է «Դիտարանի» ընդհանուր թողարկումը, որոշ չափով հարգանք ունեն Աստծու և Աստվածաշնչի հանդեպ, նաև որոշ բաներ գիտեն Աստվածաշնչից, սակայն ճշգրտորեն չեն հասկանում աստվածաշնչային ուսմունքները։ Նրանք նման են առաջին դարում ապրող այն մարդկանց, որոնց Պողոսը ասաց. «Վախենում եք Աստծուց» (Գործ. 13։14–16)։ «Դիտարանի» ուսումնասիրության թողարկումը նախատեսված է հիմնականում Եհովայի վկաների համար։ Պողոսը գիտեր, որ իր նամակները ընթերցող անհատները ծանոթ են Սուրբ Գրքին և ճշմարտության ճշգրիտ գիտելիքներն ունեն (1 Կորնթ. 1։1, 2)։ Նմանապես, ուսումնասիրության թողարկման հոդվածները գրվում են նրանց համար, ովքեր հաճախում են ժողովի հանդիպումներին և ծանոթ են Վկաների գաղափարներին ու բառապաշարին։
4. Ինչո՞ւ պետք է ծանոթ լինենք հրատարակությունների բովանդակությանը։
4 Երբեմն մեկ մատուցում ներկայացնելով՝ «Դիտարանի» հետ լրացուցիչ գրականություն ենք առաջարկում։ Ուստի նպատակ դիր ծանոթանալու այն գրականությանը, որը պատրաստվում ես տարածելու։ Այդ դեպքում լավագույնս կօգտագործես հրատարակությունները ու կառաջարկես այն, ինչը կհետաքրքրի տվյալ անհատին։