Ճիշտ պատասխանների որոնումները
Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել առողջությունս։
Ի՞նչ կարող եմ անել, որ ընտանեկան կյանքս ավելի երջանիկ լինի։
Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել աշխատանքս կորցնելու հավանականությունը։
ԵՐԲԵՎԷ այս հարցերից որևէ մեկը հուզե՞լ է ձեզ։ Գտե՞լ եք դրանց պատասխանները, որոնք իսկապես գործնական են եղել։ Ամեն տարի մոտ 2 000 գիրք է հրատարակվում, որոնցում խորհուրդներ են տրվում այս և այլ հարցերի վերաբերյալ։ Միայն Մեծ Բրիտանիայում ընթերցողները տարեկան 150 միլիոն դոլար են ծախսում՝ ձեռք բերելու այնպիսի գրքեր, որոնցում խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես հաղթահարել կյանքի խնդիրները։ Միացյալ Նահանգներում ինքնազարգացմանը նպաստող գրքերի վաճառքի շահույթը ամեն տարի հասնում է մոտ 600 միլիոն դոլարի։ Անշուշտ, դուք միակը չեք, որ ճիշտ խորհուրդներ եք փնտրում, թե ինչպես հաղթահարել առօրյա խնդիրները։
Բազմաթիվ հրատարակություններում գտնվող խորհուրդների վերաբերյալ մի հեղինակ ասաց. «Նոր գրքերից շատերում պարզապես կրկնվում է այն ամենը, ինչ արդեն գրվել է»։ Իրոք որ, դրանցում գտնվող խորհուրդների զգալի մասը արտացոլում են այն իմաստուն խոսքերը, որոնք գրի են առնվել աշխարհի ամենահին գրքում։ Այդ գիրքն, անկասկած, ամենաշատ տարածում գտած գիրքն է։ Այն մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է մոտ 2 400 լեզուներով։ Ընդհանուր առմամբ այդ գրքի ավելի քան 4,6 միլիարդ օրինակ է տպագրվել։ Այդ գիրքը Աստվածաշունչն է։
Աստվածաշնչում պարզ ասվում է. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3:16)։ Սակայն Աստվածաշունչը չի գրվել մարդու ինքնազարգացման նպատակով։ Նրա առաջնային նպատակը մարդկությանը Աստծու կամքը հայտնելն է։ Այնուհանդերձ, Աստվածաշունչը բազում խորհուրդներ է պարունակում այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները։ Բացի այդ, խոստանում է, որ նրանք, ովքեր կհետևեն իր խորհուրդներին, օգուտներ կքաղեն (Եսայիա 48:17, 18)։ Այդ գործնական խորհուրդները կիրառելը միշտ հաջողություն է բերում՝ անկախ նրանից, թե անհատը ինչ էթնիկական խմբի և մշակույթի է պատկանում, կամ ինչ կրթություն ունի։ Հրավիրում ենք ձեզ ընթերցել հաջորդ հոդվածը և անձամբ եզրակացնել, թե արդյոք գործնակա՞ն է այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում, օրինակ՝ առողջության, ընտանիքի և աշխատանքի վերաբերյալ։