Ովքեր «ճիշտ են տրամադրված», արձագանքում են բարի լուրին
«Բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ դարձան» (ԳՈՐԾ. 13։48)։
1, 2. Ինչպե՞ս վաղ քրիստոնյաներն արձագանքեցին բարի լուրը քարոզելու մասին Հիսուսի մարգարեությանը։
ՀԻՍՈՒՍԸ մարգարեացավ, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու է ամբողջ բնակեցված երկրով մեկ։ Աստվածաշնչի «Գործեր» գիրքը տպավորիչ պատմություններ է պարունակում այն մասին, թե ինչպես են վաղ քրիստոնյաները արձագանքել այդ մարգարեությանը (Մատթ. 24։14)։ Կարելի է ասել, որ նրանք այլոց համար ճանապարհ բացեցին դեպի քրիստոնեություն։ Երուսաղեմում Հիսուսի աշակերտների ակտիվ քարոզչության շնորհիվ հազարավոր մարդիկ, այդ թվում նաև «քահանաների մի մեծ բազմություն» միացան առաջին դարի ժողովին (Գործ. 2։41; 4։4; 6։7)։
2 Առաջին դարում կային միսիոներներ, որոնք շատերին օգնեցին դառնալ քրիստոնյաներ։ Փիլիպպոսը, օրինակ, գնաց Սամարիա, որտեղ բազմությունը ուշադրությամբ լսում էր նրան (Գործ. 8։5–8)։ Պողոսը իր ընկերակիցների հետ եղավ ամենատարբեր վայրերում՝ Կիպրոսում, Փոքր Ասիայում, Մակեդոնիայում, Հունաստանում և Իտալիայում։ Այն քաղաքներում, որտեղ նա քարոզում էր, հրեաների և հույների բազմությունները հավատացյալ էին դառնում (Գործ. 14։1; 16։5; 17։4)։ Տիտոսը ծառայեց Կրետեում (Տիտոս 1։5)։ Պետրոսը Բաբելոնում էր, և այն ժամանակ, երբ նա գրեց իր առաջին նամակը (մոտավորապես 62–64 թթ.), քրիստոնեությունը արդեն տարածված էր Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում (1 Պետ. 1։1; 5։13)։ Ի՜նչ հուզիչ ժամանակներ էին։ Առաջին դարի քրիստոնյաներն այնքան եռանդուն էին, որ նրանց թշնամիներն ասում էին. «Այս մարդիկ.... քանդեցին բնակեցված երկիրը» (Գործ. 17։6; 28։22)։
3. Ի՞նչ արդյունքներ են գրանցվում այսօր ամբողջ աշխարհում։ Այդ ամենը ի՞նչ զգացմունքներով է լցնում քեզ։
3 Մեր օրերում նույնպես քրիստոնեական ժողովը օրհնվել է նշանակալի աճով։ Մի՞թե քաջալերական չէ Եհովայի վկաների տարեկան հաշվետվության մեջ տեսնել, թե ինչ հրաշալի արդյունքներ են գրանցվում ամբողջ աշխարհում։ Մի՞թե սիրտդ չի ցնծում այն բանից, որ Թագավորության քարոզիչները 2007 ծառայողական տարում անցկացրել են Աստվածաշնչի ավելի քան վեց միլիոն ուսումնասիրություն։ Անցած տարի ամբողջ աշխարհում մոտ տասը միլիոն մարդ, ովքեր Եհովայի վկաներ չէին, սակայն բավականաչափ հետաքրքրված էին բարի լուրով, ներկա եղան Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Սա խոսում է այն մասին, որ դեռ շատ գործ կա անելու։
4. Ովքե՞ր են արձագանքում բարի լուրին։
4 Այսօր, ինչպես որ առաջին դարում էր, «բոլոր նրանք, ովքեր ճիշտ [են] տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», արձագանքում են ճշմարտությանը (Գործ. 13։48)։ Եհովան այդպիսի մարդկանց բերում է իր կազմակերպությունը (կարդա՛ Անգէ 2։7)։ Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք քրիստոնեական ծառայության նկատմամբ, որ լիարժեքորեն մասնակցենք բարի լուրի քարոզչությանը։
Քարոզիր առանց աչառության
5. Ինչպիսի՞ մարդկանց է հավանում Եհովան։
5 Առաջին դարի քրիստոնյաները հասկանում էին, որ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։ Անհատը մտերիմ փոխհարաբերություններ կունենա Աստծու հետ, եթե հավատ ընծայի Հիսուսի քավիչ զոհաբերությանը (Հովհ. 3։16, 36)։ Եհովայի կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթ. 2։3, 4)։
6. Ինչի՞ց պետք է զգուշանան Թագավորության քարոզիչները և ինչո՞ւ։
6 Ճիշտ չի լինի, եթե բարի լուրի քարոզիչները մարդկանց մասին դատեն՝ ելնելով նրանց ռասայից, սոցիալական դրությունից, արտաքին տեսքից, կրոնից և նման այլ բաներից։ Մի պահ խորհիր. մի՞թե ուրախ չես, որ այն մարդը, ով առաջին անգամ պատմեց քեզ Աստվածաշնչի ճշմարտությունները, կանխակալ կարծիք չի ունեցել քո մասին։ Ուստի մենք չպետք է վարանենք փրկարար բարի լուրը քարոզել բոլոր մարդկանց։ Նրանց մեջ գուցե լինեն ոմանք, որ կլսեն մեզ (կարդա՛ Մատթեոս 7։12)։
7. Ինչո՞ւ չպիտի դատենք նրանց, ում քարոզում ենք։
7 Եհովան Հիսուսին է նշանակել Դատավոր, հետևաբար մենք իրավունք չունենք դատելու որևէ մեկին։ Դա միանգամայն տեղին է, քանի որ մենք կարող ենք դատել միայն «աչքի տեսածին պէս» և «ականջների լսածին պէս», մինչդեռ Հիսուսը կարող է կարդալ մեր ամենածածուկ մտքերը և տեսնել սրտի մղումները (Ես. 11։1–5; 2 Տիմոթ. 4։1)։
8, 9. ա) Ինչպիսի՞ անձնավորություն էր Սողոսը նախքան քրիստոնեություն ընդունելը։ բ) Ի՞նչ ենք սովորում Պողոս առաքյալի դեպքից։
8 Գրեթե ամեն տեսակ մարդիկ դարձել են Եհովայի ծառաները։ Ակնառու օրինակ է տարսոնացի Սողոսը, որը հետագայում հայտնի եղավ «Պողոս առաքյալ» անունով։ Նա փարիսեցի էր, քրիստոնյաների մոլեռանդ հակառակորդ։ Սողոսը լիովին համոզված էր, որ նրանք սխալ են, և այդ իսկ պատճառով հալածում էր քրիստոնեական ժողովը (Գաղ. 1։13)։ Մարդկային տեսանկյունից՝ գրեթե անհնար էր, որ նա քրիստոնեություն ընդուներ։ Սակայն Հիսուսը նրա սրտում ինչ–որ լավ բան տեսավ և հենց նրան ընտրեց հատուկ հանձնարարություն կատարելու համար։ Ի վերջո, Սողոսը դարձավ առաջին դարի քրիստոնեական ժողովի ամենաակտիվ ու ամենաեռանդուն անդամներից մեկը։
9 Ի՞նչ ենք սովորում Պողոս առաքյալի դեպքից։ Մեր տարածքում գուցե լինի մարդկանց որոշակի խումբ, որը թշնամաբար է տրամադրված մեր բերած լուրին։ Թեև կարող է անհավանական թվալ, որ նրանցից թեկուզ մեկը երբևէ ճշմարիտ քրիստոնյա կդառնա, մենք պետք է շարունակենք փորձել զրուցել նրանց հետ։ Երբեմն բարի լուրին դրականորեն արձագանքում են հենց այն մարդիկ, ումից ամենաքիչն ենք սպասում։ Մեզ հանձնարարված է «առանց դադարի» քարոզել բոլորին (կարդա՛ Գործեր 5։42)։
«Առանց դադարի» քարոզողները կօրհնվեն
10. Ինչո՞ւ չպետք է վարանենք քարոզել ահազդու թվացող մարդկանց։ Պատմիր ձեր տարածքում տեղի ունեցած մի դեպք։
10 Արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել։ Օրինակ՝ հարավամերիկյան երկրներից մեկում ապրող Իգնասիոa անունով մի մարդ սկսեց Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել, երբ գտնվում էր բանտում։ Մարդիկ վախենում էին նրանից, որովհետև նա դաժան ու վայրագ անձնավորություն էր։ Բանտարկյալները առարկաներ էին պատրաստում ու վաճառում բանտակիցներին, և երբ վերջիններս հապաղում էին վճարել, նրանք Իգնասիոյի միջոցով էին հավաքում պարտքերը։ Բայց երբ Իգնասիոն սկսեց հոգևոր քայլեր կատարել ու սովորածը կիրառել, երբեմնի կռվարարը դարձավ բարի մարդ։ Այժմ այլևս ոչ ոք նրա միջոցով պարտքեր չի հավաքում։ Իգնասիոն ուրախ է, որ Աստվածաշնչի ճշմարտությունները և Աստծու սուրբ ոգին փոխել են իր անձնավորությունը։ Բացի այդ, նա երախտապարտ է իր հանդեպ անաչառ վերաբերմունք ցուցաբերած քարոզիչներին, որոնք ջանք թափեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել իր հետ։
11. Ինչո՞ւ ենք շարունակ այցելում մարդկանց։
11 Պատճառներից մեկը, թե ինչու ենք շարունակ այցելում մարդկանց, ում արդեն հայտնել ենք բարի լուրը, այն է, որ նրանց հանգամանքներն ու տեսակետները կարող են փոխվել և փոխվո՛ւմ են։ Մեր վերջին այցելությունից հետո ոմանք գուցե լուրջ հիվանդացել են, կորցրել են աշխատանքը, կամ նրանց հարազատը մահացել է (կարդա՛ Ժողովող 9։11)։ Աշխարհի դեպքերը կարող են մղել մարդկանց լրջորեն խորհելու իրենց ապագայի մասին։ Անհատը, ով նախկինում անտարբեր է եղել և նույնիսկ հակառակվել է, գուցե դրականորեն արձագանքի։ Ուստի չպետք է խուսափենք ամեն հարմար առիթով բարի լուրը ուրիշներին հայտնելուց։
12. Ինչպե՞ս պետք է տրամադրվենք այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ենք, և ինչո՞ւ։
12 Մարդիկ սովորաբար հակված են դասակարգելու և դատելու միմյանց։ Մինչդեռ Եհովան նրանց դիտում է որպես անհատների։ Նա տեսնում է յուրաքանչյուրի դրական կողմերը (կարդա՛ Ա Թագաւորաց 16։7)։ Ծառայության մեջ մենք պետք է ընդօրինակենք Աստծու այդ հատկությունը։ Բազմաթիվ դեպքեր փաստում են, որ արդյունքները լավ են լինում, երբ քարոզիչները դրականորեն են տրամադրվում այն մարդկանց հանդեպ, ում քարոզում են։
13, 14. ա) Ինչո՞ւ ռահվիրան առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց մի կնոջ հանդեպ։ բ) Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։
13 Սանդրա անունով մի ռահվիրա քույր ծառայում էր տնետուն Կարիբյան ծովի կղզիներից մեկում, երբ հանդիպեց Ռութին։ Վերջինս շատ էր սիրում դիմակահանդեսները և մասնակցում էր դրանց։ Երկու անգամ Ռութը ստացել էր «դիմակահանդեսի ազգային թագուհի» տիտղոսը։ Նա անսովոր հետաքրքրություն ցուցաբերեց Սանդրայի խոսքերի հանդեպ, ուստի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Սանդրան հիշում է. «Երբ ես գնում էի Ռութի տուն, միշտ տեսնում էի նրա հսկայական լուսանկարը, որտեղ նա պատկերված էր դիմակահանդեսային ճոխ զգեստներով։ Աչքիս էին զարնում նաև նրա ստացած մրցանակները։ Ես եկա սխալ եզրակացության, որ մի անհատ, ով այդքան հռչակավոր է և ամբողջովին տարված է դիմակահանդեսներով, չի կարող պահպանել իր հետաքրքրությունը ճշմարտության հանդեպ։ Ուստի դադարեցի նրան այցելել»։
14 Մի որոշ ժամանակ անց Ռութը եկավ Թագավորության սրահ, իսկ երբ հանդիպումն ավարտվեց, նա Սանդրային հարցրեց. «Ինչո՞ւ դադարեցրիր այցերդ»։ Սանդրան ներողություն խնդրեց, պայմանավորվեց նորից հանդիպել ու վերսկսել Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Ռութը արագորեն առաջադիմեց, հանեց դիմակահանդեսի լուսանկարները, սկսեց մասնակցել ժողովի գործունեությանը և իր կյանքը նվիրեց Եհովային։ Ինչ խոսք, Սանդրան հասկացավ, որ իր սկզբնական վերաբերմունքը սխալ էր։
15, 16. ա) Ի՞նչ եղավ արդյունքը, երբ մի քարոզիչ չվարանեց վկայություն տալ իր բարեկամին։ բ) Ինչո՞ւ մեր բարեկամի վարած կյանքը չպետք ետ պահի մեզ նրան վկայություն տալուց։
15 Դրական արդյունքների են հասել նաև շատ քարոզիչներ, ովքեր վկայություն են տվել իրենց ընտանիքի ոչ Վկա անդամներին, թեև անհավանական է թվացել, որ վերջիններս դրականորեն կարձագանքեն բարի լուրին։ Ահա Ջոյս անունով մի քրիստոնյա կնոջ դեպքը (ԱՄՆ)։ Նրա քրոջ նախկին ամուսինը պատանեկան հասակից, կարելի է ասել, բանտից դուրս չէր գալիս։ «Մարդիկ ասում էին, որ նրա ապրելը իմաստ չունի,— պատմում է Ջոյսը։— Նա զբաղվում էր թմրանյութերի վաճառքով, գողություն և ուրիշ շատ վատ բաներ էր անում։ Բայցևայնպես, նրա հետ միշտ խոսում էի Աստվածաշնչի ճշմարտությունների մասին, և այդպես 37 տարի շարունակ»։ Ջոյսի համբերատարությունը առատորեն վարձատրվեց, երբ նրա բարեկամը ի վերջո սկսեց Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել և արմատապես փոխեց կյանքը։ Իսկ վերջերս, այդ մարդը, որն արդեն 50 տարեկան էր, մկրտվեց Կալիֆորնիայում (ԱՄՆ) անցկացված մի համաժողովի ժամանակ։ Ջոյսն ասում է. «Ուրախությունից լաց էի լինում։ Ուղղակի երջանիկ եմ, որ հույսս երբեք չկտրեցի նրանից»։
16 Գուցե դու վարանում ես աստվածաշնչյան ճշմարտությունների մասին խոսել քո որոշ բարեկամների հետ նրանց վարած կյանքի պատճառով։ Սակայն Ջոյսը չվարանեց խոսել իր նախկին փեսայի հետ։ Ի վերջո, մենք չգիտենք, թե ինչ կա դիմացինի սրտում։ Վերջինս գուցե անկեղծորեն փնտրում է կրոնական ճշմարտությունը։ Ուստի հնարավորություն տուր նրան գտնելու այն (կարդա՛ Առակաց 3։27)։
Աստվածաշնչի ուսումնասիրության արդյունավետ միջոց
17, 18. ա) Ի՞նչ են փաստում տարբեր երկրներից ստացված տեղեկությունները «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի արժեքավորության մասին։ բ) Ի՞նչ դրական արդյունքների ես հասել այդ գրքի միջոցով։
17 Աշխարհի տարբեր երկրներից ստացված տեղեկությունները փաստում են, որ բազմաթիվ ազնվասիրտ մարդիկ դրականորեն են արձագանքում «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքին։ Փենին, որ ռահվիրա քույր է (ԱՄՆ), Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն է սկսել այս գրքով։ Ուսումնասիրողներից երկուսը, որ տարեց են, եղել են իրենց եկեղեցու նվիրված անդամներ։ Սկզբում Փենին վստահ չէր, թե ինչպես նրանք կարձագանքեն սուրբգրային այն ճշմարտություններին, որ ներկայացված են «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում։ Սակայն նա գրում է. «Քանի որ գրքում նյութը մատուցվում է պարզ, տրամաբանական և սեղմ ձևով, նրանք հեշտությամբ՝ առանց վիճելու և հոգեկան ծանր ապրումներ ունենալու ընդունեցին, որ իրենց սովորածն իսկապես ճշմարտություն է»։
18 Փեթ անունով մի քույր (Մեծ Բրիտանիա) Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց մի փախստական կնոջ հետ, որը եկել էր Ասիայից։ Կինը ստիպված էր եղել փախչել իր երկրից այն բանից հետո, երբ նրա ամուսնուն և որդիներին ապստամբ զինվորները տարել էին։ Նա այլևս չտեսավ նրանց։ Նրա կյանքին անընդհատ վտանգ էր սպառնում։ Տունը այրել էին։ Նրան խմբովին բռնաբարել էին։ Այս ամենի միջով անցնելով՝ նա այլևս չէր ուզում ապրել ու մի քանի անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը, սակայն, նրան հույս տվեց։ ««Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում տրված բացատրությունների և նկարների պարզությունը մեծ տպավորություն թողեց նրա վրա»,— գրում է Փեթը։ Այդ կինը արագորեն առաջադիմեց, դարձավ չմկրտված քարոզիչ և ցանկություն հայտնեց մկրտվելու հաջորդ համաժողովին։ Ի՜նչ մեծ ուրախություն է օգնել անկեղծ մարդկանց, որ հասկանան և գնահատեն Աստվածաշնչի տված հրաշալի հույսը։
«Չհոգնե՛նք բարին գործելուց»
19. Ինչո՞ւ է քարոզելը հրատապ։
19 Յուրաքանչյուր օր քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը ավելի հրատապ է դառնում։ Ամեն տարի հազարավոր մարդիկ, ովքեր ճիշտ տրամադրվածություն ունեն, արձագանքում են բարի լուրին։ Բայցևայնպես, «մօտ է Տիրոջ մեծ օրը», ինչը նշանակում է, որ ովքեր շարունակում են մնալ հոգևոր խավարի մեջ, «սպանվելու դողդոջացողներ» են, այսինքն՝ մոտ են կործանման (Սոփ. 1։14; Առակ. 24։11)։
20. Յուրաքանչյուրս ի՞նչ պետք է վճռի անել։
20 Քանի դեռ հնարավորություն կա, կարող ենք օգնել այդ մարդկանց։ Բայց դրա համար շատ կարևոր է ընդօրինակել առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր «առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել» (Գործ. 5։42)։ Հետևիր նրանց օրինակին՝ շարունակելով քարոզել հակառակության ներքո, ուշադրություն դարձնելով քո «սովորեցնելու արվեստին» և վկայություն տալով առանց աչառության։ «Ուրեմն չհոգնե՛նք բարին գործելուց»։ Հարատևենք քարոզչության մեջ, և Աստված առատապես կօրհնի մեզ (2 Տիմոթ. 4։2; կարդա՛ Գաղատացիներ 6։9)։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ովքե՞ր են արձագանքում բարի լուրին։
• Ինչո՞ւ պետք է խուսափենք կանխակալ կարծիք ունենալուց այն մարդկանց մասին, ում քարոզում ենք։
• Ի՞նչ արդյունքներ են գրանցվել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի շնորհիվ։
[նկարներ 13–րդ էջի վրա]
Հազարավոր ազնվասիրտ մարդիկ արձագանքում են
[նկարներ 15–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող ենք սովորել Պողոս առաքյալի դեպքից
[նկար 16–րդ էջի վրա]
Քրիստոնյաները բարի լուրը քարոզում են՝ առանց կանխակալ կարծիք ունենալու մարդկանց մասին