Հարգանք դրսևորիր ամուսնության՝ Աստծու պարգևի հանդեպ
«Ահա թե ինչու տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (ԾՆՆԴ. 2։24)։
1. Ինչո՞ւ է Եհովան արժանի մեր հարգանքին։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ՝ ամուսնության Հիմնադիրը, անշուշտ, արժանի է մեր հարգանքին։ Որպես մեր Ստեղծիչ, Գերիշխան ու երկնային Հայր՝ նրա մասին իրավամբ ասվում է, որ նա տալիս է «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» (Հակ. 1։17; Հայտն. 4։11)։ Դա իր մեծ սիրո դրսևորումն է (1 Հովհ. 4։8)։ Այն ամենը, ինչ Եհովան սովորեցնում է, ինչ պահանջում է մեզանից և ինչ տվել է, միմիայն ծառայում է մեր օգտին և նպաստում մեր բարօրությանը (Ես. 48։17)։
2. Ի՞նչ հրահանգներ տվեց Եհովան առաջին ամուսնական զույգին։
2 Աստվածաշունչը ամուսնությունը նկարագրում է որպես Աստծու տված «բարի» պարգևներից մեկը (Հռութ 1։9; 2։12)։ Երբ Եհովան ամուսնացրեց առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, տվեց հստակ հրահանգներ, թե ինչպես կարող են հաջողությունների հասնել (կարդա՛ Մատթեոս 19։4–6)։ Եթե նրանք հետևեին Աստծու առաջնորդությանը, հարատև երջանկություն կվայելեին։ Սակայն Ադամն ու Եվան հիմարաբար արհամարհեցին Աստծու պատվերը, ինչն էլ սարսափելի հետևանքներ ունեցավ (Ծննդ. 3։6–13, 16–19, 23)։
3, 4. ա) Ինչպե՞ս են այսօր շատերն արհամարհում ամուսնական կառույցն ու Եհովա Աստծուն։ բ) Ի՞նչ օրինակներ կքննենք այս հոդվածում։
3 Առաջին զույգի պես՝ այսօր շատ մարդիկ ամուսնության վերաբերյալ որոշումներ կայացնելիս քիչ են հաշվի առնում կամ ընդհանրապես հաշվի չեն առնում Եհովայի տված առաջնորդությունը։ Ոմանք բացարձակապես մերժում են ամուսնական կառույցը, մինչդեռ մյուսները փորձում են այն հարմարեցնել իրենց ցանկություններին (Հռոմ. 1։24–32; 2 Տիմոթ. 3։1–5)։ Նրանք արհամարհում են այն փաստը, որ ամուսնությունը պարգև է Աստծուց, և հարգանք չունենալով այդ նվերի հանդեպ՝ նաև ցույց են տալիս, որ չեն հարգում այդ պարգևը տվողին՝ Եհովա Աստծուն։
4 Երբեմն նույնիսկ Աստծու ժողովրդից ոմանք են անտեսում Եհովայի տեսակետը ամուսնության վերաբերյալ։ Որոշ քրիստոնյա զույգեր որոշում են առանձին ապրել կամ ամուսնալուծվել՝ առանց աստվածաշնչյան հիմք ունենալու։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդպես վարվելուց։ Ծննդոց 2։24-ում տրված առաջնորդությունն ինչպե՞ս կարող է օգնել ամուսնացած քրիստոնյաներին ամրացնելու իրենց ամուսնությունը։ Եվ ինչպե՞ս նրանք, ովքեր ամուսնանալու նպատակ ունեն, կարող են պատրաստվել դրան։ Եկեք քննենք աստվածաշնչյան ժամանակներում ապրած երեք երջանիկ ամուսնական զույգի օրինակ։ Այդ օրինակները ցույց են տալիս, որ Եհովայի հանդեպ հարգանքը հարատև ամուսնության գաղտնիքն է։
Նվիրվածություն զարգացրու
5, 6. Ի՞նչը կարող էր փորձել Զաքարիայի ու Եղիսաբեթի նվիրվածությունը, և ինչպե՞ս վարձատրվեցին նրանք։
5 Զաքարիան ու Եղիսաբեթը ամեն ինչ ճիշտ էին անում. յուրաքանչյուրը ընտրել էր հոգևոր մտածելակերպ ունեցող կողակից, Զաքարիան հավատարմորեն կատարում էր քահանայի իր պարտականությունները, երկուսն էլ իրենց լավագույնն էին անում, որ պահեն Աստծու Օրենքը։ Անշուշտ, նրանք երախտապարտ լինելու շատ պատճառներ ունեին։ Սակայն եթե դու գնայիր իրենց տուն, որը գտնվում էր Հուդայում, շատ շուտ կնկատեիր, որ ինչ-որ բան պակաս է. նրանք երեխաներ չունեին։ Եղիսաբեթը ամուլ էր, և ամուսիններն արդեն տարիքն առած էին (Ղուկ. 1։5–7)։
6 Հին Իսրայելում մեծ կարևորություն էր տրվում երեխա ունենալուն, և սովորաբար ընտանիքներում շատ երեխաներ կային (1 Սամ. 1։2, 6, 10; Սաղ. 128։3, 4)։ Այդ ժամանակ իսրայելացի տղամարդը կարող էր նենգ քայլի դիմել՝ բաժանվել իր կնոջից, եթե վերջինս երեխաներ չէր ունենում։ Զաքարիան, սակայն, նվիրված մնաց Եղիսաբեթին։ Ո՛չ նա, ո՛չ էլ իր կինը իրենց ամուսնությանը վերջ դնելու համար առիթներ չէին փնտրում։ Թեև երեխաներ չունենալու հանգամանքը վշտացնում էր իրենց, սակայն նրանք շարունակում էին հավատարիմ մնալ իրար և հավատարմորեն ծառայել Եհովային։ Ժամանակի ընթացքում Եհովան առատապես օրհնեց նրանց. տարեց հասակում նրանք հրաշքով որդի ունեցան (Ղուկ. 1։8–14)։
7. Ուրիշ ի՞նչ կերպով Եղիսաբեթը ցույց տվեց, որ նվիրված է իր ամուսնուն։
7 Նաև Եղիսաբեթը նվիրվածություն դրսևորեց, երբ ծնվեց իր որդին՝ Հովհաննեսը։ Զաքարիան չէր կարողանում խոսել, քանի որ Աստծու հրեշտակի ասածները կասկածի ենթարկելու պատճառով համր էր դարձել։ Այնուհանդերձ, նա հավանաբար ինչ-որ ձևով հայտնել էր իր կնոջը, որ Եհովայի հրեշտակն իրեն պատվիրել է տղայի անունը դնել Հովհաննես։ Հարևաններն ու բարեկամները ուզում էին, որ փոքրիկին կոչեն հոր անունով։ Սակայն լինելով նվիրված՝ Եղիսաբեթը հետևեց ամուսնու առաջնորդությանը։ Նա ասաց. «Ո՛չ, նա Հովհաննես պիտի կոչվի» (Ղուկ. 1։59–63)։
8, 9. ա) Ինչպե՞ս է նվիրվածությունը ամրացնում ամուսնությունը։ բ) Որո՞նք են այն մի քանի հատուկ կերպերը, որոնց միջոցով ամուսինն ու կինը կարող են նվիրվածություն դրսևորել։
8 Զաքարիայի ու Եղիսաբեթի նման՝ ամուսնացած զույգերն այսօր հիասթափություններ են ունենում և բախվում են այլ դժվարությունների։ Եթե ամուսնության մեջ չկա նվիրվածություն, այն «չի ծաղկի»։ Ֆլիրտը, պոռնկագրությունը, շնությունը և հաջող ամուսնությանը սպառնացող այլ բաներ կարող են պատճառ դառնալ, որ կողակիցներից մեկը անվերադարձ կորցնի վստահությունը մյուսի հանդեպ։ Իսկ երբ ամուսնության մեջ վստահությունը կորչում է, սերը սկսում է թոշնել։ Նվիրվածությունն ասես ցանկապատ լինի, որը պաշտպանում, որոշ չափով ապահովություն է տալիս տան անդամներին և թույլ չի տալիս, որ ներս մտնեն անցանկալի հյուրեր ու վտանգներ։ Ուստի երբ ամուսինն ու կինը նվիրված են միմյանց, կարող են ապահով ապրել միասին և սրտերը բացել իրար առաջ՝ թույլ տալով, որ իրենց սերն աճի։ Այո՛, նվիրվածությունը անչափ կարևոր է։
9 Եհովան Ադամին ասաց. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը» (Ծննդ. 2։24)։ Ի՞նչ է դա նշանակում։ Զույգերը պետք է փոփոխություններ մտցնեն ընկերների ու հարազատների հետ շփման հարցում։ Կողակիցներից յուրաքանչյուրը իր ժամանակը և ուշադրությունը պետք է առաջին հերթին հատկացնի նորաստեղծ ընտանիքին և ոչ թե ընկերներին կամ հարազատներին, ինչպես անում էր նախկինում։ Նաև նրանք չպետք է թույլ տան, որ ծնողները միջամտեն, երբ որոշումներ են կայացնում կամ տարաձայնություններ են ունենում։ Ամուսինները պետք է «միանան»։ Դա է Աստծու առաջնորդությունը։
10. Ի՞նչը կօգնի ամուսնական զույգերին նվիրվածություն զարգացնելու։
10 Նույնիսկ կրոնապես բաժանված ընտանիքներում է նվիրվածությունը վարձատրվում։ Մի քույր, որի ամուսինը չի ընդունում իր համոզմունքները, ասում է. «Այնքա՜ն երախտապարտ եմ Եհովային, որ սովորեցնում է ինձ հնազանդվել ամուսնուս և խորապես հարգել նրան։ Նվիրված լինելու շնորհիվ 47 տարի շարունակ մեր սերն ու հարգանքը չի մարել» (1 Կորնթ. 7։10, 11; 1 Պետ. 3։1, 2)։ Ուստի շատ ջանքեր գործադրիր, որ կողակիցդ ապահով զգա իրեն։ Միջոցներ փնտրիր՝ խոսքերով ու գործերով վստահեցնելու նրան, որ քեզ համար նա աշխարհի ամենակարևոր անձնավորությունն է։ Որքան քեզանից է կախված, թույլ մի՛ տուր, որ ինչ-որ մեկը կամ որևէ բան կանգնի ձեր միջև (կարդա՛ Առակներ 5։15–20)։ Ռոնն ու Ջեննեթը, որոնք երջանիկ ամուսիններ են ավելի քան 35 տարի, ասում են. «Քանի որ նվիրվածությամբ անում ենք այն, ինչ Աստված պահանջում է մեզանից, մեր ամուսնությունը երջանիկ ու հաջող է»։
Միասնությունը ամրացնում է ամուսնությունը
11, 12. Ակյուղասն ու Պրիսկիղան ինչպե՞ս էին համագործակցում ա) տանը, բ) աշխատանքի մեջ և գ) ծառայության ժամանակ։
11 Երբ Պողոս առաքյալը խոսում էր իր մտերիմ ընկերների՝ Ակյուղասի ու Պրիսկիղայի մասին, միշտ երկուսին միասին էր հիշատակում։ Այս զույգը իր լավ օրինակով ցույց տվեց, թե ինչ նկատի ուներ Աստված՝ ասելով, որ ամուսինն ու կինը «մեկ մարմին» պետք է լինեն (Ծննդ. 2։24)։ Թե՛ տանը, թե՛ աշխատանքի մեջ և թե՛ ծառայության ժամանակ նրանք միշտ միասին էին։ Օրինակ՝ երբ Պողոսը առաջին անգամ եկավ Կորնթոս, Ակյուղասն ու Պրիսկիղան սիրով հրավիրեցին նրան մնալու իրենց տանը, որտեղից առաքյալը որոշ ժամանակ, ակներևաբար, ծավալեց իր հոգևոր գործունեությունը։ Ավելի ուշ Եփեսոսում նրանք տրամադրեցին իրենց տունը՝ ժողովի հանդիպումներ անցկացնելու համար, և միասին համագործակցեցին, որ օգնեն Ապողոսի նման նորահավատներին հոգևորապես առաջադիմելու (Գործ. 18։2, 18–26)։ Ապա այս նախանձախնդիր զույգը գնաց Հռոմ, որտեղ կրկին իր տան դռները բացեց ժողովի հանդիպումներ անցկացնելու համար։ Հետո նրանք վերադարձան Եփեսոս և զորացրին եղբայրներին (Հռոմ. 16։3–5)։
12 Որոշ ժամանակ Ակյուղասն ու Պրիսկիղան նաև աշխատեցին Պողոսի հետ՝ զբաղվելով վրանագործությամբ։ Ու նորից տեսնում ենք, որ այդ զույգը միասին համագործակցում էր՝ առանց իրար հետ մրցակցելու կամ վիճելու (Գործ. 18։3)։ Վստահաբար, նրանց ամուսնությունը ամուր ու երջանիկ էր այն պատճառով, որ նրանք միասին էին զբաղվում քրիստոնեական գործունեությամբ, ինչի շնորհիվ Եհովան իրենց ընտանիքում առաջին տեղում էր։ Թե՛ Կորնթոսում, թե՛ Եփեսոսում և թե՛ Հռոմում նրանք հայտնի էին որպես «Քրիստոս Հիսուսով.... համագործակիցներ» (Հռոմ. 16։3)։ Այդ զույգը, ուս ուսի ծառայելով, առաջ էր տանում քարոզչական գործը ուր էլ որ լիներ։
13, 14. ա) Ո՞ր իրավիճակները կարող են խոչընդոտել ամուսնական միասնությանը։ բ) Ի՞նչ կարող են անել կողակիցները, որ ամրացնեն իրենց ամուսնական միությունը և լինեն «մեկ մարմին»։
13 Անկասկած, նույն նպատակներն ունենալը և նույն գործով զբաղվելը ամրացնում է ամուսնությունը (Ժող. 4։9, 10)։ Ցավոք, շատ զույգեր այսօր իրար հետ քիչ ժամանակ են անցկացնում։ Նրանք երկար ժամեր աշխատում են տարբեր վայրերում։ Ուրիշներն էլ հաճախ գործուղման են գնում կամ մենակ արտերկիր են մեկնում՝ փող վաստակելու և տուն ուղարկելու նպատակով։ Որոշ կողակիցներ նույնիսկ տանն են մեկուսացած իրարից, քանի որ ժամանակը տրամադրում են հեռուստացույց դիտելուն, հոբբիներին, սպորտին, տեսախաղերին կամ Ինտերնետին։ Ձեր ընտանիքում նույն իրավիճա՞կն է։ Եթե այո, կարո՞ղ եք փոփոխություններ անել, որ ավելի շատ ժամանակ միասին անցկացնեք։ Օրինակ՝ կարող եք իրար հետ կերակուր պատրաստել, ափսեները լվանալ կամ աշխատել այգում, ինչպես նաև միասին հոգ տանել երեխաների մասին կամ խնամել տարեց ծնողներին։
14 Իսկ որն ամենակարևորն է, կանոնավորաբար միասին զբաղվեք այն գործերով, որոնք կապված են Եհովային մատուցվող երկրպագության հետ։ Օրվա խոսքի քննարկումը, ընտանեկան երկրպագությունը հիանալի հնարավորություններ են, որոնք նպաստում են այն բանին, որ ընտանիքը միասնական լինի՝ ունենա նույն տեսակետն ու նպատակները։ Նաև իրար հետ գնացեք ծառայության։ Հնարավորության դեպքում միասին ռահվիրա ծառայեք, նույնիսկ եթե ձեր հանգամանքները թույլ են տալիս ծառայելու ընդամենը մեկ ամիս կամ մեկ տարի (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։58)։ Մի քույր, որը ռահվիրա է ծառայել ամուսնու հետ, ասում է. «Ծառայությունը այն միջոցներից մեկն էր, որը հնարավորություն էր տալիս մեզ միասին ժամանակ անցկացնելու և բովանդակալից զրույցներ ունենալու։ Քանի որ երկուսս էլ նույն նպատակն ունեինք՝ հոգևոր առումով օգնել ուրիշներին, իսկական թիմ էինք դարձել։ Զգում էի, որ իմ ամուսինը լինելուց բացի, նա իմ մտերիմ ընկերն է»։ Եթե միասին ճիշտ նպատակների հետամուտ լինեք, աստիճանաբար նույն հետաքրքրությունները, առաջնահերթություններն ու սովորությունները կունենաք, մինչև որ Ակյուղասի ու Պրիսկիղայի նման՝ սկսեք մտածել, զգալ և գործել որպես «մեկ մարմին»։
Թող Աստված ձեր կյանքում առաջին տեղում լինի
15. Ո՞րն է հաջող ամուսնության բանալին։ Բացատրի՛ր։
15 Հիսուսը գիտեր, թե որքան կարևոր է ամուսնության մեջ Աստծուն առաջին տեղում դնել։ Նա տեսել էր, թե ինչպես Եհովան ամուսնացրեց առաջին մարդկանց, թե որքա՜ն երջանիկ էին Ադամն ու Եվան, երբ հետևում էին Աստծու տված առաջնորդությանը։ Նաև ականատես էր եղել, թե ինչ սարսափելի բան պատահեց, երբ նրանք արհամարհեցին այդ առաջնորդությունը։ Ուստի երբ Հիսուսը սովորեցնում էր ուրիշներին, կրկնեց իր Հոր հրահանգը, որն արձանագրված է Ծննդոց 2։24-ում, և ավելացրեց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։6)։ Պարզ է, որ Եհովայի հանդեպ խոր հարգանքը շարունակում է մնալ երջանիկ, հաջող ամուսնության բանալին։ Քննենք, թե ինչ հրաշալի օրինակ են թողել Հիսուսի երկրային ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը։
16. Ինչպե՞ս Հովսեփն ու Մարիամը ցույց տվեցին, որ ընտանեկան կյանքում Աստծուն առաջին տեղում են դնում։
16 Հովսեփը բարի էր Մարիամի հանդեպ և հարգանքով էր վերաբերվում նրան։ Երբ նա իմացավ, որ Մարիամը հղի է, ցանկացավ ողորմածաբար վարվել նրա հետ, երբ դեռ հրեշտակը չէր էլ հայտնել պատահածի մասին (Մատթ. 1։18–20)։ Որպես զույգ՝ նրանք հնազանդվում էին կայսրի հրահանգներին և սերտորեն հետևում էին Մովսիսական օրենքին (Ղուկ. 2։1–5, 21, 22)։ Թեև միայն տղամարդկանցից էր պահանջվում ներկա գտնվել Երուսաղեմում անցկացվող գլխավոր կրոնական տոներին, Հովսեփն ու Մարիամը իրենց ընտանիքի անդամների հետ ամեն տարի մասնակցում էին այդ տոներին (2 Օրենք 16։16; Ղուկ. 2։41)։ Այս և այլ կերպերով այդ աստվածավախ զույգը ջանում էր հաճեցնել Եհովային և խոր հարգանք էր դրսևորում հոգևոր բաների հանդեպ։ Զարմանալի չէ, որ Եհովան հենց նրանց ընտրեց հոգալու իր Որդու մասին նրա երկրային կյանքի սկզբում։
17, 18. ա) Ինչպե՞ս զույգը կարող է հոգևոր բաները առաջին տեղում դնել ամուսնության մեջ։ բ) Ի՞նչ օգուտներ դա կբերի իրենց։
17 Դուք է՞լ եք ձեր ընտանեկան կյանքում Աստծուն առաջին տեղում դնում։ Օրինակ՝ երբ կարևոր որոշումներ եք կայացնում, սկզբում փնտրո՞ւմ եք, թե աստվածաշնչյան ինչ սկզբունքներ կան այդ հարցի վերաբերյալ, աղոթո՞ւմ եք, հասուն քրիստոնյաներից խորհուրդ հարցնո՞ւմ եք։ Թե՞ հակված եք ինքներդ լուծելու խնդիրները՝ առաջնորդվելով ձեր, ընտանիքի կամ ընկերների զգացմունքներով։ Ջանո՞ւմ եք կիրառել հավատարիմ ծառայի տված բազմաթիվ գործնական առաջարկները ամուսնության և ընտանեկան կյանքի վերաբերյալ, թե՞ պարզապես հետևում եք ձեր տեղանքում ընդունված սովորություններին կամ աշխարհում տարածված խորհուրդներին։ Կանոնավորաբար միասին աղոթո՞ւմ եք, ուսումնասիրո՞ւմ եք, հոգևոր նպատակներ դնո՞ւմ եք, խոսո՞ւմ եք ձեր ընտանիքի առաջնահերթությունների մասին։
18 Իրենց ամուսնության 50 երջանիկ տարիների մասին Ռեյն ասում է. «Երբեք չենք ունեցել այնպիսի խնդիրներ, որ չկարողանանք հաղթահարել, քանի որ Եհովային մեր «երեքտակ պարանի» մասն ենք դարձրել» (կարդա՛ Ժողովող 4։12)։ Դեննին ու Տրինան համաձայն են։ «Քանի որ միասին ծառայել ենք Աստծուն,— ասում են նրանք,— մեր ամուսնությունն ավելի ամուր է դարձել»։ Նրանք ամուսնացած են ավելի քան 34 տարի ու երջանիկ են։ Եթե միշտ Եհովային առաջին տեղում դնեք ձեր ամուսնության մեջ, նա կօգնի, որ հաջողություն ունենաք, և առատապես կօրհնի ձեզ (Սաղ. 127։1)։
Շարունակիր հարգանք դրսևորել Աստծու պարգևի հանդեպ
19. Ինչո՞ւ Աստված տվեց ամուսնության պարգևը։
19 Այսօր շատերը միայն իրենց անձնական երջանկության մասին են մտածում։ Սակայն Եհովայի ծառայի մտածելակերպը տարբերվում է։ Նա գիտի, որ իր նպատակը իրականացնելու համար Աստված ամուսնությունը որպես պարգև է տվել (Ծննդ. 1։26–28)։ Եթե Ադամն ու Եվան հարգանք դրսևորեին դրա հանդեպ, ապա ամբողջ երկիրը դրախտ կլիներ, որտեղ կապրեին Աստծու՝ երջանիկ ու արդար ծառաները։
20, 21. ա) Ինչո՞ւ պետք է ամուսնությունը սուրբ համարենք։ բ) Ո՞ր պարգևի մասին կխոսենք հաջորդ շաբաթ։
20 Իսկ որն ամենակարևորն է, Աստծու ծառաների համար ամուսնությունը Եհովային փառք բերելու հնարավորություն է (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։ 31)։ Ինչպես տեսանք, նվիրվածությունը, միասնությունը և ամուսնական կյանքում Աստծուն առաջին տեղում դնելը հաճելի են Եհովային և ամրացնում են ամուսնությունը։ Ուստի անկախ այն բանից՝ պատրաստվում ենք ամուսնանալ, թե ամրացնում կամ փորձում ենք փրկել մեր ամուսնությունը, նախ պետք է հասկանանք, թե ինչ է այն. ամուսնությունը աստվածատուր և սուրբ կառույց է։ Սա մտքում պահելով՝ կմղվենք մեր լավագույնն անելու, որ ամուսնության հետ կապված որոշումներ կայացնելիս հիմնվենք Աստծու Խոսքի վրա։ Եթե այսպես վարվենք, հարգանք կդրսևորենք ոչ միայն այդ պարգևի, այլև այն տվողի՝ Եհովա Աստծու հանդեպ։
21 Ամուսնությունը, ինչ խոսք, Եհովայի տված միակ պարգևը չէ և ոչ էլ միակ ուղին՝ կյանքում երջանկության հասնելու համար։ Հաջորդ հոդվածում կխոսենք Եհովայի տված մեկ այլ թանկարժեք պարգևի՝ ամուրիության մասին։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպե՞ս պետք է նվիրվածությունը անդրադառնա քրիստոնյա ամուսինների վրա։
• Ինչո՞ւ է միասին աշխատելը ամրացնում ամուսնությունը։
• Ինչպե՞ս կարող են ամուսինները թույլ տալ, որ Եհովան իրենց կյանքում առաջին տեղում լինի։
• Ինչպե՞ս կարող ենք հարգանք դրսևորել Եհովայի՝ ամուսնական կառույցի Հիմնադրի հանդեպ։
[նկարներ 15-րդ էջի վրա]
Համագործակցելու շնորհիվ զույգերը միասնական կլինեն