Խմբակային քարոզչության օգուտները
1 Հաճա՞խ եք քարոզչական ծառայության մենակ գնում։ Միայն քչերն են այդպես անում։ Իրականում, շատ ավելի քաջալերական է, երբ միևնույն տարածքում կամ տնից տուն քարոզելիս մեր կողքին ինչ–որ մեկը լինում է։ Ինչպես նշում է մի քարոզիչ, «միայն այն բանի գիտակցումը, որ կողքիդ ինչ–որ մեկը կա, արդեն օգնություն է»։ Քարոզչությունը խմբով սկսելը բոլորի ծառայությունն էլ ավելի ուրախալի է դարձնում։
2 Խմբակային վկայությունը նոր երևույթ չէ։ Ղուկասի ավետարանի 10–րդ գլխում կարդում ենք այն ուրախության մասին, որ ապրեցին աշակերտները միասին քարոզելուց։ Հարկ է նշել, որ իր 70 աշակերտներին քարոզի ուղարկելուց առաջ Հիսուսը նախ հրահանգներ տվեց նրանց։ Այս օրինակից տեսնում ենք, թե ինչու է շատ դեպքերում նախընտրելի քարոզչական ծառայության գնալուց առաջ խմբով հանդիպել (Ղուկ. 10։1–16, ԱԹ)։
3 Որպես ‘եղբայրության’ անդամներ՝ մենք բոլորս պատրաստ ենք օգնել միմյանց (Ա Պետ. 2։17)։ Արդյունքները ցույց են տվել, որ շատ ժողովներում լավ արձագանք են գտել շաբաթ և կիրակի օրերին քարոզչական ծառայության համար կազմակերպված հատուկ միջոցառումները։ Որոշ երեցներ նշում են, որ այս միջոցառման շնորհիվ ժողովի անդամները ավելի են մտերմացել։ Այն ժողովներում, որտեղ հանդիպումներն անցկացվում են կիրակի առավոտյան, որոշ քարոզիչներ տանից ուտելու բան են վերցնում, թեթևակի ճաշում են հանդիպման ավարտից հետո և ապա ծառայության գնում։ Մենք շատ ուրախ ենք, որ այդ միջոցառումները հրաշալի արդյունքներ են բերել։ Դրանք մեզ բոլորիս խրախուսում են մասնակցել խմբակային քարոզչության տեղի միջոցառումներին։
4 Քարոզչական գործունեության համար նախապես մեկտեղ հանդիպելն ու ամբողջ խմբով ծառայության գնալը հնարավորություն է ընձեռում մեզ համագործակցել նոր քարոզիչների հետ, ինչպես նաև նրանց հետ, ովքեր ավելի մեծ փորձ ունեն։ Երեցներն ու ծառայողական օգնականները կարող են ավելի մոտիկից ճանաչել քույրերին ու եղբայրներին՝ նրանց հետ միասին ծառայելով։ Այդպիսով փոխադարձ քաջալերության հիանալի հնարավորություն է տրվում բոլորին։
5 Խմբակային քարոզչության հանդիպման համար շատ ժամանակ չի պահանջվում։ Սովորաբար կարելի է 10–15 րոպեի ընթացքում կազմակերպել խմբի ծառայությունը։ Ծառայողական վերակացուն պետք է ուշադիր լինի, որպեսզի օգնություն ցույց տա եղբայրներին խմբերի ծառայությունը կազմակերպելու խնդիրները հարթելու հարցում, որպեսզի քարոզչությանը ավելի շատ ժամանակ տրամադրվի։
6 Կարելի է խմբակային քարոզչություն կազմակերպել նաև շաբաթվա ընթացքում։ Շատ քույրեր իրենց աջակցությունն են ցույց տալիս այդ հարցում։ Նաև ռահվիրաների մեծամասնությունը քարոզում է աշխատանքային օրերին։ Նրանց հետ համագործակցելով՝ քաջալերանք կստանաք ինքներդ և, փոխադարձաբար, նրանց համար էլ քաջալերություն կլինեք։ Պատանինե՛ր, հիմա, երբ դպրոցները փակ են ամառային արձակուրդների կապակցությամբ, կարող եք ձեր արձակուրդից որոշ ժամեր տրամադրել շաբաթվա ընթացքում անցկացվող խմբակային վկայությանը մասնակցելուն։
7 Ոմանք նշում են, որ գնալով աճում է այն բնակարանների թիվը, որոնցում շաբաթվա ընթացքում մարդ չի լինում։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում շարունակել տնից տուն ծառայության ճշգրիտ նշումներ կատարելը, որպեսզի կա՛մ դուք, կա՛մ այն քարոզիչները, որոնք երեկոյան ժամերին կամ էլ հանգստյան օրերին են մասնակցում ծառայությանը, փորձեն այցելել այդ բնակարանները։ Արդյոք լավ չի՞ լինի ամառային ամիսներին որոշակի միջոցներ ձեռնարկել երեկոյան ժամերին խմբակային քարոզչությանը մասնակցելու համար։ Գուցե երեցներից և ծառայողական օգնականներից մի քանիսը ժողովի անդամներին հարմար մի երեկո կարողանան հանդիպել խմբի հետ։ Քանի որ ընդհանրապես երեկոները օրվա բարեհաջող ժամանակն են համարվում մարդկանց տանը գտնելու համար, ուստի ծառայողական վերակացուները պետք է քննարկեն այդ հնարավորությունը։
8 Քանի դեռ ժամանակը ներում է, մենք ցանկանում ենք բարի լուրը քարոզել հնարավորին չափ շատ մարդկանց։ Ուստի, այն վայրերում, որտեղ հանգամանքները թույլ են տալիս, քարոզիչներից ոմանք գուցե գերադասեն մենակ քարոզել։ Այլ տեղերում, սակայն, տնից տուն միայնակ քարոզելը թերևս իմաստուն չլինի։ Կամ կարող է մարդկանց հետ զրուցելը ավելի արդյունավետ լինի, երբ ամուսինները միասին քարոզեն։ Նաև, եթե խմբում կան երեխաներ, խելամիտ կլինի, որ նրանցից յուրաքանչյուրի հետ չափահաս քարոզիչ լինի։ Բոլոր դեպքերում էլ առողջ դատողություն հանդես բերելը և այս գործում լավագույնս անելը պետք է մեր միջոցառումների մեջ գլխավոր տեղում լինեն։
9 Քարոզչության մեջ ձեր կատարած հիանալի գործը գովասանքի է արժանի։ Ինչպես տեսնում ենք, այդ գործում նոր մասնակիցների թվի մեծ աճ է տեղի ունենում, և դա բոլորիս ուրախություն է պատճառում։ Թող որ Եհովան շարունակի «մշակներ ուղարկ[ել] իր հնձի համար» (Ղուկ. 10։2)։