Ուրախություն գտնենք՝ ավելի շատ պարբերագրեր տարածելով
1 Եհովայի վիթխարի, տիեզերական կազմակերպությունը աչքի է ընկնում իր արդյունավետ գործունեությամբ։ Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով կազմավորել է մի երկրային կազմակերպություն, որը նույնպես բնորոշվում է պատրաստակամ, արդյունավետ ծառայողներով (Սաղ. 110։3; Մատթ. 9։37, 38)։ Մեր ծառայության որակին, ինչպես նաև քանակին ուշադրություն դարձնելով՝ անշուշտ ավելի մեծ ուրախություն կստանանք (Ղուկ. 10։17)։ Սա ճշմարիտ է հատկապես այն դեպքում, երբ տրամադրում ենք ինքներս մեզ, որպեսզի ավելի շատ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր տարածենք։
2 Պարբերագրերի տարածումը Թագավորության ավետիսը ամենուրեք տարածելու հիմնական միջոցներից մեկն է։ Չնայած դա այսօր էլ այդպես է, ինչը երևում է այն բանից, որ քարոզչական գործն ընդարձակվում է, սակայն նկատվել է, որ որոշ վայրերում տարածվող պարբերագրերի թիվը նվազում է։ Ինչպե՞ս կարելի է կանխել այդ տենդենցը։ Որո՞նք են հիմնական միջոցներից մի քանիսը, որ կարելի է նկատի առնել, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն անձամբ ավելի շատ պարբերագրեր տարածի։
3 Շաբաթօրյա պարբերագրերի օրը։ Ընկերությունը խրախուսում է բոլոր քարոզիչներին ամեն շաբաթ օր մասնակցել պարբերագրերի տարածմանը։ Փոխանակ «Աստուածաշունչի Խօսակցութեան Բնաբաններ» գրքույկն օգտագործելու՝ 30–60 վայրկյան տևողությամբ մատուցումով ներկայացրեք ընդամենը մեկ հոդված, ապա առաջարկեք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը միասին։ Եթե տանտերը հարցեր է տալիս կամ սովորականից շատ հետաքրքրություն է ցուցաբերում, հարկ չկա շտապելու հաջորդ դռանը մոտենալու համար։
4 «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի մասին խոսելիս կարող ենք նշել, որ դրանց բավականին մեծ ընտրանի կա։ Հաճախ Ծառայողական հանդիպման առաջին մասն անցկացնող եղբայրը ընթացիկ պարբերագրերից զրույցի թեմաներ է ներկայացնում։ Ուշադրությամբ լսեք դրանք. նոթագրեք այն առաջարկությունները, որոնք գուցե գործածեք ձեր ծառայության մեջ։ Եթե այդ հանդիպման ընթացքում ներկայացվում է նաև ցուցադրում, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է դա արվում, սովորեք այն և շաբաթ օրը քարոզչության ժամանակ փորձեք գործածել։ Եթե նկատեք, որ քչերին է հետաքրքրում այդ հոդվածը, ընտրեք մեկ ուրիշ հոդված և փորձեք դա գործածել։ Պարբերագրի յուրաքանչյուր թողարկում իր մեջ ընդգրկում է տարբեր թեմաներ, որոնք կարող են հրապուրել տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց։ Երկու պարբերագրերի հոդվածներին քաջատեղյակ լինելով՝ հեշտությամբ կկարողանաք ձեր մատուցումները հարմարեցնել տանտիրոջը հետաքրքրող հարցին։
5 Դրական մոտեցում։ Ավելի շատ պարբերագրեր տարածելու առաջին քայլը՝ ԴՐԱՆՔ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՆ Է։ Դա ավելի հեշտ կլինի, եթե մենք ինքներս կանոնավորաբար ընթերցենք «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»–ը։ Դրանց բովանդակությանը ծանոթանալուն պես՝ մեր մեջ մեծ ցանկություն է առաջանում հարմար առիթի դեպքում այդ պարբերագրերն ուրիշներին առաջարկելու։ Շատերի համար տնետան ծառայության ժամանակ պարբերագրեր առաջարկելու հիանալի հնարավորություն են ընձեռում շաբաթ օրերը։ Շատ ժողովներ պարբերագրեր տարածելու նպատակով հանդիպումներ կազմակերպում են շաբաթվա ընթացքում նրանց համար, ովքեր չեն կարող քարոզել շաբաթ օրերին։ Ոմանք գուցե հարմար գտնեն տնից տուն քարոզել երեկոյան ժամերին՝ գերազանց հնարավորություն ունենալով պարբերագրեր առաջարկելու։ Փողոցում կամ խանութից խանութ քարոզելը, ոչ պաշտոնական վկայություն տալը և պարբերագրերի մատակարարման երթուղիները արտակարգ միջոցներ են։ Կանոնավորաբար տնից տուն քարոզելով՝ կարելի է առաջարկել ամենաթարմ պարբերագրերը, եթե տանտերը հրաժարվում է տվյալ ամսին տարածելու համար նախատեսված գրականությունից։ Այդպիսի պատրաստվածությունը կարող է ուրախություն պատճառել մեզ։
6 Ավելի շատ պարբերագրեր տարածելու երկրորդ միջոցը՝ ՊԱՐԶ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ Է։ Որոշ դեպքերում պարբերագրեր առաջարկելիս երկար մատուցումները ըստ երևույթին պատճառ են դարձել, որ մարդիկ հրաժարվեն դրանք վերցնել։ Եղել են նաև դեպքեր, երբ պարբերագրեր տարածելիս «Աստվածաշունչի Խօսակցութեան Բնաբաններ» գրքույկից են օգտվել։ Սակայն խորհուրդ չի տրվում այդպես վարվել։ «Դիտարանի» 1956 թ. դեկտեմբերի 1–ի (անգլ.) համարում, որտեղ ավելի շատ պարբերագրեր տարածելու հորդոր էր տրվում, ասվում էր. «Պարբերագրեր առաջարկելիս կարճ և կոնկրետ մատուցումը լավագույն կերպն է։ Մեր նպատակը դրանց շատ օրինակներ տարածելն է։ Պարբերագրերն իրենք կասեն իրենց «խոսքը»։ Ընկերությունը խորհուրդ է տալիս կես րոպեից մեկ րոպե տևողությամբ մատուցում ներկայացնել և ապա մտածված բառերով մի միտք նշել առաջարկվող պարբերագրից»։
7 Երրորդը՝ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ Է։ Մեկից ավելի մատուցումներ պատրաստեք։ Այդ դեպքում տարբեր իրավիճակներում հայտնվելիս կկարողանաք զրուցել ամեն տեսակ մարդկանց հետ և ձեր մատուցումը հարմարեցնել նրանց հետաքրքրություններին։ Նախօրոք պատրաստվելու արդյունքը հաճախ լինում է այն, որ մենք ավելի շատ պարբերագրեր ենք տարածում և ավելի շատ ուրախություն ստանում։
8 Վերջին խորհուրդն է՝ ՆՊԱՏԱԿ ՀԵՏԱՊՆԴԵԼԸ։ Հավանաբար հիշում եք, որ այս մասին արդեն մի քանի անգամ նշվել է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։ Կարելի է ձգտել քարոզչության ժամանակ մեկ ժամում միջին հաշվով մեկ պարբերագիր տարածել։ Յուրաքանչյուր քարոզիչ ինքն է իր առաջ հասանելի նպատակ դնում՝ քննելով իր հանգամանքները և այն ժամանակը, որը նա կարող է տրամադրել քարոզչական ծառայությանը։
9 Իր տեսանելի կազմակերպության միջոցով Եհովան շարունակում է տրամադրել մեզ այն ամենը, ինչը որ անհրաժեշտ է մեզ՝ մեր ծառայությունն ընդարձակելու համար։ Մենք ստանում ենք հրապուրիչ, գունազարդ պարբերագրեր, և մեզանից ակնկալվում է ժրաջանորեն համագործակցել ժողովի հետ՝ դրանք տարածելու համար։ Պարբերագրեր տարածելու գործն ընդլայնելով՝ մենք մեծ ուրախություն կստանանք, քանի որ դա փառք է բերում Եհովային (Յովհ. 15։8)։