Հարցերի արկղ
◼ Ի՞նչ է հարկավոր քննարկել քարոզչական ծառայության հանդիպումների ժամանակ։
Քարոզչական ծառայության հանդիպման նպատակն է օգնել մեզ կենտրոնանալ այն գործունեության վրա, որը կհաջորդի այդ հանդիպմանը՝ ծառայության վրա։ Այդ նպատակին հասնելու համար հանդիպումն անցկացնողը պետք է լավ նախապատրաստվի, որպեսզի կարողանա քննարկել մի այնպիսի նյութ, որը կոգևորի քարոզիչներին և կիրառելի կլինի ծառայության մեջ։ Եթե օրվա խոսքը անմիջականորեն կապված է քարոզչական գործունեության հետ, ապա կարելի է ընթերցել և հակիրճ քննարկել այն։ Սակայն առաջին հերթին այդ հանդիպումը պետք է ներկաների ուշադրությունը կենտրոնացնի այդ օրվա ծառայության վրա՝ օգնելով նրանց ավելի լավ կատարելու այն (Բ Տիմոթ. 4։5)։
Կարելի է քննարկել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից նպատակահարմար մտքեր, որոնք ներկաներին կհիշեցնեն այն մասին, թե ինչ գրականություն ենք տարածելու տվյալ ամսվա ընթացքում և ցույց տալ, թե ինչպես դա անել։ Պարբերագրերով ծառայության օրերին կարելի է ցուցադրել մատուցում «Ինչպես առաջարկել պարբերագրերը» սյունակից։ Քարոզարշավների ժամանակ կարելի է վերլուծել ձեր տարածքի հետ առնչվող մեկ–երկու ներածություններ «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկից։ Կարելի է նաև քննարկել քարոզչական ծառայության որևէ ոլորտի հետ առնչվող հարցեր կամ ցուցադրել, թե ինչպես արդյունավետ կերպով կիրառել Աստվածաշունչը, ինչպես պատասխանել խոսակցությունն ընդհատող առարկություններին, ինչպես առաջարկել Աստվածաշնչի ուսումնասիրություն կամ էլ վերայցելության ժամանակ զարգացնել զրուցակցի հետաքրքրությունը։
Հանդիպումը պիտի տևի 10–15 րոպեից ոչ ավել՝ ներառյալ զույգերի խմբավորումը, տարածքների բաժանումը և աղոթքը։ Հանդիպման ավարտից հետո բոլոր ներկաներն արդեն պիտի իմանան, թե ուր և ում հետ են գնում ծառայության և, առանց հապաղելու, գործի անցնեն։ Քանի որ այս հանդիպումը բավականին կարճ է տևում, հույժ կարևոր է, որպեսզի բոլորը ժամանակին ներկա գտնվեն։ Եթե ծառայության հանդիպումն անցկացվում է ժողովի հանդիպումից, օրինակ, «Դիտարանի» ուսումնասիրությունից հետո, ապա այն պետք է տևի ավելի կարճ։ Քանի որ աստվածաշնչյան մտքեր արդեն քննարկվել են, հանդիպման ժամանակ օրվա խոսքը քննարկելու կարիք չկա։
Ծառայության յուրաքանչյուր հանդիպում անցկացնելու համար նախօրոք պետք է նշանակել մկրտված որակելի եղբոր։ Եթե որևէ մի օր եղբայրներից ոչ մեկը չկարողանա անցկացնել հանդիպումը, երեցները կորոշեն, թե մկրտված քույրերից ով է այն անցկացնելու։ Քույրը հակիրճ կարող է քննարկել տվյալ օրվա խոսքը կամ ծառայության հետ առնչություն ունեցող այլ մտքեր։ Հանդիպումը նա պետք է անցկացնի նստած և գլուխը ծածկած։
Քարոզչական ծառայության հանդիպումները ոգևորում են մեզ և նախապատրաստում ծառայությանը։ Որքան լավ նախապատրաստվի հանդիպումն անցկացնող եղբայրը, այնքան շատ օգուտներ կքաղեն բոլոր ներկաները։