Պահեք
Մատուցումեր՝ քարոզչական ծառայության համար
Ինչպես օգտվել սույն ներդիրից
Ներքոհիշյալ մատուցումների մեծ մասը տպագրվել է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի նախորդ համարներում։ Փորձեք ծառայության մեջ օգտագործել այդ մատուցումներից, քանիսը որ ցանկանաք, և տեսեք, թե ինչ արդյունքներ կբերի դա։ Պահեք այս ներդիրը, որպեսզի ծառայությանը նախապատրաստվելիս անդրադառնաք դրան։
Դուք կարող եք անհատի մեջ հետաքրքրություն առաջացնել Աստծո Խոսքի նկատմամբ, եթե կոնկրետ խոսեք։ Բարձացրեք մի հարց և որպես կարճ պատասխան՝ կարդացեք Աստվածաշնչից ինչ–որ համար։ Կարող եք փորձել ներքոհիշյալ մատուցումները.
«Ապագայի մասին խորհրդածելիս հույսո՞վ եք լցվում, թե՞ կասկածանքով։ [Թույլ տվեք պատասխանել։] Աստվածաշնչում կանխագուշակվել է մեր օրերի հուզիչ իրադարձությունների մասին, ինչպես նաև դրանց հետևանքների» (Բ Տիմոթ. 3։1, 2, 5; Առակ. 2։21, 22)։
«Այսօր շատերն են մտահոգված իրենց առողջությամբ։ Գիտե՞ք, որ Աստված խոստանում է մեկընդմիշտ լուծել առողջական բոլոր խնդիրները» (Ես. 33։24; Յայտն. 21։3, 4)։
«Գիտե՞ք, որ Աստվածաշնչում ասվում է, որ միայն մեկ կառավարություն է իշխելու ամբողջ աշխարհի վրա» (Դան. 2։44; Մատթ. 6։9, 10)։
«Ձեր կարծիքով, ինչպիսի՞ պայմաններ կլինեին աշխարհում, եթե Հիսուս Քրիստոսը լիներ երկրի կառավարիչը» (Սաղ. 72։7, 8)։
«Այսօր շատերը տառապում են իրենց սեռի, կրոնի կամ ռասայի պատճառով իրենց հանդեպ դրսևորվող խտրականությունից։ Ի՞նչ եք կարծում, Աստված ի՞նչ տեսակետ ունի նման նախապաշարման վերաբերյալ» (Գործք 10։34, 35)։
«Մեզ հայտնի է, որ Հիսուս Քրիստոսը շատ հրաշքներ է կատարել իր օրերում։ Եթե հնարավորություն ունենայիք խնդրել նրանից մի հրաշք էլ գործել, ո՞րը կլիներ դա» (Սաղ. 72։12–14, 16)։
«Այսօր մարդիկ ձանձրացել են պրոբլեմների մասին լսելուց։ Նրանք ուզում են լսել այդ խնդիրների լուծման մասին։ Իսկ որտե՞ղ կարելի է գտնել մեր խնդիրների իրական լուծումը» (Բ Տիմոթ. 3։16, 17)։
«Գիտե՞ք, թե ինչ Թագավորության մասին եք խնդրում Տերունական աղոթքը («Հայր մեր»–ը) ասելիս» (Յայտն. 11։15)։
Առաջաբաններ
Ներքոհիշյալ ցուցակը կազմվել է «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի հիման վրա։ Նաև նշվում է թեմայի համարը, որտեղ կարելի է գտնել յուրաքանչյուր հարցի պատասխանը.
Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում (27ա)
Ի՞նչ վիճակում են մահացածները (27բ)
Ինչպիսի՞ զորություն ունի Սատանան այսօրվա աշխարհում (7բ)
Բոլոր բարի մարդիկ երկի՞նք են գնում (13ա)
Ինչո՞ւ է կարևոր իմանալ և գործածել Աստծո անձնական անունը (11ա)
Գոյություն ունե՞ն արդյոք հիմնավոր պատճառներ Աստծուն հավատալու համար (11բ)
Հիսուս Քրիստոսն իսկապես Աստվա՞ծ է (23ա)
Ի՞նչ կանի Աստծո Թագավորությունը (16ա)
Ինչպե՞ս բարելավել ամուսնությունը (2բ)
Ինչպե՞ս իմանալ, թե որն է ճիշտ կրոնը (20ա)
Ո՞վ է այս աշխարհի իշխանը՝ Աստվա՞ծ, թե՞ Սատանան (35ա)
Ինչո՞ւ է աշխարհում չարությունը տիրում (35բ)
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը (35գ)
«Աստված պահանջում է» գրքույկն առաջարկելու մատուցումներ
«Անշուշտ կհամաձայնեք, որ շատերն են հավատում Աստծուն։ Նրանք բոլորն էլ համամիտ են, որ Աստված ինչ–որ բան է պահանջում։ Իսկ թե ի՞նչ, այդ հարցում նրանց կարծիքները տարբերվում են»։ Ապա ցույց տվեք «Աստված պահանջում է» գրքույկը, բաց արեք 1–ին դասը և սկսեք քննարկել այն։
«Տեսնելով ընտանեկան կյանքի բազում խնդիրները՝ ձեզ երբևիցե չի՞ հետաքրքրել, թե ո՛րն է ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Պատասխանը լսելուց հետո բացատրեք, որ իր Խոսքում Աստված բացահայտում է ընտանեկան երջանկության իսկական գաղտնիքը։ Կարդացեք Եսայիա 48։17–ը։ Ապա անդրադարձեք «Աստված պահանջում է» գրքույկի 8–րդ դասին և տանտիրոջ ուշադրությունը հրավիրեք պարբերության մեջ նշված Աստվածաշնչի մի քանի համարների վրա, որտեղ հուսալի առաջնորդություն է տրվում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Ընթերցեք դասի սկզբում տրված հարցերը և դիմեք ձեր զրուցակցին իմանալու համար, թե արդյոք չի ցանկանա ընթերցել պատասխանները։
«Այս գրքույկը բովանդակում է Աստվածաշնչի հիմնական ուսուցումներին ծանոթանալու դասընթաց։ Նրա ամեն մի էջի վրա դուք կգտնեք պատասխաններն այն հարցերի, որոնք դարեր շարունակ մտահոգել են մարդկությանը։ Օրինակ՝ ո՞րն է երկրի առնչությամբ Աստծո նպատակը»։ Բաց արեք 5–րդ դասը և ընթերցեք դասի սկզբում տրված հարցերը։ Հարցրեք տանտիրոջը, թե դրանցից որն է նրան հետաքրքրում, ապա կարդացեք համապատասխան պարբերություն(ներ)ը և բաց արեք համապատասխան սուրբգրային համարները։ Բացատրեք, որ մյուս հարցերին էլ կարելի է հեշտությամբ պատասխանել։ Առաջարկեք կրկին հանդիպել՝ մնացած հարցերը քննարկելու նպատակով։
«Ձեր կարծիքով, ո՞րն է դպրոցներում տիրող բռնության պատճառը։ Ծնողական անբավարար դաստիարակությո՞ւնը, թե՞ մեկ ուրիշ բան, օրինակ, Սատանայի ազդեցությունը»։ Թույլ տվեք պատասխանել։ Եթե նա ասում է, որ պատճառը Սատանայի ազդեցությունն է, կարդացեք Յայտնութիւն 12։9, 12–ը։ Ընդգծեք աշխարհում անկարգություններ առաջ բերելու մեջ Սատանայի դերը։ Ապա բաց արեք «Աստված պահանջում է» գրքույկի 4–րդ դասը և հարցրեք, թե երբևիցե նրան չի հետաքրքրել Սատանայի ծագումը։ Շարունակեք զրույցը՝ կարդալով և քննարկելով առաջին երկու պարբերությունները։ Իսկ եթե տանտերը պատասխանում է, թե դպրոցներում տիրող բռնության պատճառը «ծնողական անբավարար դաստիարակությունն» է, այդ դեպքում կարդացեք Բ Տիմոթէոս 3։1–3-ը և շեշտեք բնավորության այն գծերը, որոնք ակնհայտորեն բարդացնում են այդ խնդիրը։ Ապա բաց արեք «Աստված պահանջում է» գրքույկի 8–րդ դասը, կարդացեք 5–րդ պարբերությունը և շարունակեք զրույցը։
«Ի՞նչ եք կարծում, խելամի՞տ է ակնկալել, որ մեր Արարիչը պետք է որ հարկ եղած գիտությունը տա մեզ, ինչը անհրաժեշտ է ընտանեկան հաջող կյանք կառուցելու հարցում»։ Պատասխանը լսելուց հետո ցույց տվեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Բաց արեք 8–րդ դասը և ասացեք, որ սույն գրքույկը սուրբգրային սկզբունքներ է բովանդակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Ցույց տվեք նրան, թե ինչպես կարելի է գրքույկի և Աստվածաշնչի օգնությամբ մեծ օգուտներ քաղել։
«Ներկա կյանքի դժվարությունների հետ բախվելիս, ձեր կարծիքով, աղոթքը կարո՞ղ է օգնել մեզ։ [Թույլ տվեք պատասխանել։] Շատերն ասում են, որ աղոթքը նրանց ներքին ուժ է հաղորդում։ [Կարդացեք Փիլիպպեցիս 4։6, 7–ը։] Նույնիսկ այդ դեպքում անհատին կարող է թվալ, որ իր աղոթքներն անպատասխան են մնում։ [Բաց արեք «Աստված պահանջում է» գրքույկի 7–րդ դասը։] Այս գրքույկը բացատրում է, թե ինչպես է հնարավոր աղոթքի միջոցով մեծ օգուտներ քաղել»։
«Մեր հարևանների հետ զրուցում ենք այն մասին, թե ինչու է աշխարհում կրոնների այսպիսի բազմազանություն տիրում այն դեպքում, երբ Աստվածաշունչը միակն է։ Իսկ ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ կրոնների այսպիսի խառնաշփոթ է տիրում։ [Թույլ տվեք պատասխանել։ Բաց արեք «Աստված պահանջում է» գրքույկի 13–րդ դասը և կարդացեք սկզբում տրված հարցերը։] Այս դասը կարդալով՝ այդ հարցերին բավարարող պատասխաններ կգտնեք»։
«Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերն առաջարկելուց հետո հարցրեք տանտիրոջը, թե կարելի է մի փոքրիկ պարբերություն ընթերցել։ Եթե նա համաձայնի, բաց արեք «Աստված պահանջում է» գրքույկի 5–րդ դասը։ Կարդացեք դասի սկզբում թվարկվող հարցերը և հրավիրեք նրան լսել առաջին հարցի պատասխանը, որը զետեղված է առաջին պարբերության մեջ։ Պարբերությունը կարդալուց հետո դիմեք նրան պարբերությանը վերաբերող հարցով և սպասեք պատասխանին։ Առաջարկեք նրան գրքույկը, և եթե ընդունի այն, պայմանավորվեք նորից այցելել քննարկելու համար հաջորդ երկու հարցերը։
«Գիտություն» գիրքն առաջարկելու մատուցումներ
Աստվածաշունչը ձեռքում պահած՝ դիմեք անհատին. «Մենք բոլոր նրանց, ում հանդիպում ենք փողոցում, աստվածաշնչյան մի համար ենք կարդում։ Այն ասում է. «....»»։ Կարդացեք Յովհաննէս 17։3–ը, ապա հարցրեք. «Նկատեցի՞ք, թե ինչ է խոստացվում ճշգրիտ գիտությունը ստանալու դիմաց։ [Թույլ տվեք պատասխանել։] Որտեղի՞ց կարելի է այդպիսի գիտություն ստանալ»։ Պատասխանը լսելուց հետո ցույց տվեք «Գիտություն» գիրքը և շարունակեք. «Այս գիրքը պատասխանում է Աստվածաշնչի վերաբերյալ մարդկանց մտահոգող հարցերին և մատնանշում այն գիտությանը, որը հավիտենական կյանքի է առաջնորդում»։ Ցույց տվեք նրան գրքի բովանդակությունը և հարցրեք, թե այդ հարցերից որևէ մեկը նրան երբևիցե հետաքրքրե՞լ է։
«Եբևիցե մտածել եք, թե Աստծուն իսկապես մտահոգո՞ւմ է մեր շուրջը տիրող կամ նույնիսկ մեզ հետ առնչվող անարդարությունն ու տառապանքը։ [Թույլ տվեք պատասխանել։] Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստված սիրում է մեզ և որ օգնության ձեռք կմեկնի մեզ, երբ հայտնվենք ծանր իրավիճակներում»։ Կարդացեք Սաղմոս 72։12–17-ից որոշ հատվածներ։ Բաց արեք «Գիտություն» գրքի 8–րդ գլուխը, ցույց տվեք, որ այն սփոփիչ պատասխան է տալիս միլիոնավոր մարդկանց հուզող հարցին, թե ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը։ Եթե հանգամանքները ներում են, քննարկեք մի քանի սուրբգրային մտքեր 3–5-րդ պարբերություններից։ Կամ կարելի է այդ քննարկումը թողնել կրկնակի այցելությանը։
«Մեզանից շատերն են հարազատներ կորցրել։ Երբևիցե ձեզ հետաքրքրե՞լ է այն հարցը՝ կտեսնենք նրանց, թե՝ ոչ։ [Թույլ տվեք պատասխանել։] Հիսուսն ապացուցեց, որ հնարավոր է հարություն տալ մահացած մեր հարազատներին։ [Կարդացեք Յովհաննէս 11։11, 25, 44 համարները։] Թեև այս դեպքերը տեղի են ունեցել դարեր առաջ, այնուամենայնիվ, դրանք ցույց են տալիս, թե ինչ է Աստված խոստացել անելու»։ Բաց արեք «Գիտություն» գրքի 85–րդ էջը, ցույց տվեք այնտեղ պատկերված նկարը, ապա կարդացեք նկարի բացատրությունը։ Հետո ուշադրություն հրավիրեք 86–րդ էջի նկարի վրա և մեկնաբանեք այն։ Հաջորդ այցելության համար հիմք դրեք՝ ասելով. «Կցանկանայի՞ք իմանալ, թե ինչու են մարդիկ ծերանում ու մահանում»։ Երբ վերայցելեք, քննարկեք 6–րդ գլուխը։
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մարդիկ ձգտում երկար ապրել»։ Պատասխանը լսելուց հետո անդրադարձեք «Գիտություն» գրքի 6–րդ գլխին և կարդացեք 3–րդ պարբերությունը։ Քննարկեք մեջբերված սուրբգրային համարները։ Ուշադրություն դարձնելով պարբերության վերջում տրված երկու հարցերին՝ տեղեկացեք, թե արդյոք ձեր զրուցակիցը կցանկանա իմանալ դրանց պատասխանները։ Դրական արձագանք ստանալու դեպքում շարունակեք քննարկել հաջորդ պարբերությունները։
«Մենք դիմում ենք մարդկանց իմանալու համար, թե նրանք հավատո՞ւմ են այս խոսքերին. «....»»։ Կարդացեք Ծննդոց 1։1–ը, ապա հարցրեք. «Համամի՞տ եք այս խոսքերի հետ»։ Եթե զրուցակիցը դրական պատասխան է տալիս, կարող եք ասել. «Ես նույնպես։ Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Աստված է ստեղծել ամեն բան, ուրեմն նա՞ է պատասխանատու չարության համար»։ Պատասխանը լսելուց հետո կարդացեք Ժողովող 7։29–ը։ Բաց արեք «Գիտություն» գրքի 8–րդ գլուխը, կարդացեք 2–րդ պարբերությունը։ Եթե նա համամիտ չէ Ծննդոց 1։1 խոսքերի հետ, հորդորեք քննության ենթարկել Արարչի գոյության փաստը։
«Համամի՞տ եք, որ, տեսնելով մեր օրերում բարոյական արժեքների կտրուկ անկում, մենք վստահելի առաջնորդության կարիք ունենք։ [Թույլ տվեք պատասխանել։] Թեև Աստվածաշունչը ամենահին գիրքն է, սակայն այն պարունակում է գործնական խորհուրդներ մեր օրերի և երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար»։ Այս ասելուց հետո անդրադարձեք «Գիտություն» գրքի 2–րդ գլխին և կարդացեք 10–րդ պարբերությունն ու 11–րդ պարբերության առաջին նախադասությունը, այդ թվում նաև Բ Տիմոթէոս 3։16, 17–ը։
«Կցանկանայի՞ք իմանալ, թե ինչ է սպասում ապագայում մեզ և երկրին։ [Թույլ տվեք պատասխանել։] Աստվածաշնչում ապագան նկարագրվում է մեկ բառով՝ Դրա՛խտ։ Հենց այնտեղ Աստված բնակեցրեց առաջին մարդկային զույգին նրանց ստեղծելուց հետո։ Հապա նայեք, թե ինչպիսի վայր պետք է լիներ դա»։ Բաց արեք «Գիտություն» գրքի 8–րդ էջը և կարդացեք 9–րդ պարբերությունը, որը սկսվում է «Կյանքը Դրախտում» ենթավերնագրով։ Ապա քննարկեք 10–րդ պարբերությունը և կարդացեք մեջբերված Եսայիա 55։10, 11 համարները։ Առաջարկեք շարունակել քննարկումն այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը վերականգնված Դրախտում (պարբ. 11–16)։
Երբ վերայցելում եք նրանց, ում բերում եք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, կարող եք հետևյալն ասել.
«Նախորդ այցելությանս ժամանակ ես ձեզ համար «Դիտարան» պարբերագրի մի համար թողեցի։ Թերևս նկատեցիք, որ այդ պարբերագրի ամբողջ վերնագիրն է՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։ Այսօր ես կուզեի բացատրել, թե այդ ինչ Թագավորություն է, և ինչ կարող է այն նշանակել ձեր և ձեր ընտանիքի համար»։ Ապա բաց արեք «Աստված պահանջում է» գրքույկի 6–րդ դասը, սկսեք կարդալ և քննարկել այնքան, որքան անհատը կարող է ժամանակ տրամադրել։
«Վերջերս այցելեցի ձեզ և թողեցի «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի օրինակներ։ Այդ պարբերագրերը խորացնում են մարդկանց հարգանքը Աստվածաշնչի և նրա մատուցած բարոյական առաջնորդության հանդեպ։ Մտածեցի, որ բոլորի համար էլ կարևոր է Աստծո Խոսքը հասկանալը, որոշեցի դարձյալ այցելել ձեզ և ցույց տալ մի ձեռնարկ, որի օգնությամբ կարող եք հասկանալ Աստվածաշունչը»։ Ցույց տվեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեք։
Երբ առաջարկում եք 192–էջանոց մեկ ուրիշ գիրք, կարող եք այսպիսի մատուցում փորձել.
«Մեծ նշանակություն է տրվում որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությանը։ Ձեր կարծիքով, ինչպիսի կրթություն պետք է ստանա անհատը, որպեսզի մեծագույն երջանկության և հաջողության հասնի կյանքում։ [Թույլ տվեք պատասխանել։ Ապա կարդացեք Առակաց 9։10, 11–ը։] Այս ձեռնարկը [հայտնեք առաջարկվող գրքի վերնագիրը] հիմնված է Աստվածաշնչի վրա։ Այն մատնանշում է գիտության միակ աղբյուրին, որը հավիտենական կյանքի է առաջնորդում»։ Կոնկրետ օրինակ բերեք գրքից, հորդորեք անհատին կարդալ այն։
Եթե գտել եք որևէ արդյունավետ մատուցում, որը լավ արդյունքներ է բերում մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու գործում, շարունակեք գործածել այն։ Պարզապես հարմարեցրեք տարածելու համար նախատեսված ընթացիկ գրականությանը։
Մյուս հրատարակությունները
Մյուս գրքերի և գրքույկների համար մատուցումներ կարելի է գտնել ««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկում»՝ ներքոհիշյալ խորագրի տակ.
Մատուցումներ
Հրատարակությունների ցանկը
Ուղղակիորեն դիմելը
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար փորձեք ներքոհիշյալ մատուցումներից որևէ մեկը՝ ուղղակիորեն անհատին դիմելով.
«Գիտե՞ք, որ ընդամենը մի քանի րոպեում դուք կարող եք գտնել Աստվածաշնչի վերաբերյալ որևէ կարևոր հարցի պատասխանը։ Օրինակ՝ ....»։ Ապա ուղղեք նրան մի հարց, որը զետեղված է «Աստված պահանջում է» գրքույկի դասերից որևէ մեկում և որը, ձեր կարծիքով, կհետաքրքրի անհատին։
«Այցելեցի ձեզ, որ ծանոթացնեմ Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար ծրագրին։ Դա ցույց տալու համար ընդամենը 5 րոպե է հարկավոր։ Ունե՞ք հինգ րոպե»։ Դրական պատասխան լսելու դեպքում «Աստված պահանջում է» գրքույկի առաջին դասի հիման վրա ցույց տվեք, թե ինչպես է անցնում ուսումնասիրությունը, ընտրեք տրված սուրբգրային համարներից մեկը կամ երկուսը և կարդացեք։ Դրանից հետո հարցրեք. «Ե՞րբ կունենաք 15 րոպե հաջորդ գլուխը քննարկելու համար»։
«Շատերն ունեն Աստվածաշունչ, սակայն նրանք տեղյակ չեն, որ այն պարունակում է ապագայի վերաբերյալ մեզ բոլորիս մտահոգող հարցերի պատասխանները։ Ուսումնասիրության այս ձեռնարկի օգնությամբ [«Աստված պահանջում է» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը] շաբաթական մեկ ժամում կամ մոտավորապես այդքան ժամանակում դուք կարող եք ընդհանուր հասկացողություն ձեռք բերել Աստվածաշնչի մասին ընդամենը մի քանի ամիսների ընթացքում։ Ես սիրով կարող եմ ցույց տալ ձեզ, թե ինչպես է գործում այդ ծրագիրը»։
«Իմ այցելության նպատակը ձեզ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն առաջարկելն է։ Եթե թույլ տաք, ես ընդամենը մի քանի րոպեում ցույց կտամ, թե ինչպես են շուրջ 200 երկրներում մարդիկ ընտանիքներով ուսումնասիրում Աստվածաշունչն իրենց իսկ տներում։ Քննարկման համար որպես հիմք կարելի է վերցնել այս թեմաներից որևէ մեկը։ [Ցույց տվեք «Գիտություն» գրքի բովանդակությունը։] Ո՞րն է ձեզ հատկապես հետաքրքրում»։ Սպասեք մինչև անհատը կընտրի թեմաներից մեկը։ Բաց արեք ընտրված գլուխը և սկսեք ուսումնասիրությունը հենց առաջին պարբերությունից։
«Ես Աստվածաշնչի անվճար դասեր եմ անցկացնում և իմ գրաֆիկում ազատ ժամանակ ունեմ ուրիշների համար էլ։ Աստվածաշնչի ուսումնասիրության համար մենք գործածում ենք այս ձեռնարկը։ [Ցույց տվեք «Գիտություն» գիրքը։] Դասընթացը տևում է ընդամենը մի քանի ամիս, որի ընթացքում այնպիսի հարցերի պատասխաններ է տրվում, ինչպիսիք են՝ ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը, ինչո՞ւ ենք ծերանում և մահանում, ի՞նչ է տեղի ունենում մեր մահացած հարազատների հետ, և ինչպե՞ս կարող ենք մոտենալ Աստծուն։ Թույլ կտա՞ք, որ ցույց տամ, թե ինչպես է տեղի ունենում ուսումնասիրությունը»։