Ջանք թափիր, որ նրանք շարունակեն վկայություն ստանալ
1 Բարի լուրը քարոզելիս մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, որոնք մեր տարածքում չեն ապրում կամ խոսում են օտար լեզվով, այդ թվում ժեստերի լեզվով։ Մյուսները, որոնց հետ աստվածաշնչյան հիանալի քննարկումներ ենք անցկացրել, գուցե տեղափոխվեն մեր տարածքից մեկ ուրիշ տարածք։ Ի՞նչ կարող ենք անել, որ այդ մարդիկ շարունակեն վկայություն ստանալ։ Այդ նպատակով հարկավոր է լրացնել «Խնդրում ենք, հոգ տարեք, որ համապատասխան քարոզիչ այցելի այս անհատին» (S-70) բլանկը։
2 Հաճախ մարդիկ ավելի ուշադիր են լսում բարի լուրը, երբ այն ներկայացվում է իրենց մայրենի լեզվով (Գործք 22։1, 2)։ Հետևաբար օտար լեզվով խոսող անհատի հանդիպելիս գրեթե բոլոր դեպքերում պետք է լրացնենք այդ բլանկը, նույնիսկ եթե անհատը հետաքրքրություն ցույց չի տալիս Թագավորության պատգամի հանդեպ։ Սակայն եթե տվյալ վայրում մեծ թվով օտարախոս բնակիչներ կան, որոնք կանոնավորաբար վկայություն են ստանում իրենց մայրենի լեզվով, թերևս կարիք չկա լրացնել բլանկը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մարդը հետաքրքրություն է դրսևորել։
3 Ինչպես լրացնել բլանկը։ Նրբանկատորեն փորձիր իմանալ անհատի անունը, հասցեն և հեռախոսի համարը։ Բլանկում նշիր, թե նա որքան հետաքրքրություն է ցուցաբերել, երբ է հարմար, որ իրեն այցելեն, ինչ գրականություն ես թողել, կամ ինչ հրատարակություն է նա խնդրել և որ լեզվով է ավելի լավ հասկանում։ Լրացնելուց հետո բլանկը անմիջապես հանձնիր ժողովի քարտուղարին, որն էլ իր հերթին այն կուղարկի համապատասխան ժողովին կամ խմբին։
4 Բլանկն ուղարկելը։ Եթե քարտուղարը չգիտի, թե որ ժողովին կամ խմբին պետք է ուղարկել բլանկը կամ որ հասցեով, նա կարող է զանգահարել իրենց տարածքի մասին հոգ տանող մասնաճյուղի ծառայողական բաժին և ստանալ անհրաժեշտ տեղեկությունները։ Բլանկն ուղարկելու հարցում այլևս անհրաժեշտ չէ դիմել քաղաքային վերակացուին։
5 Երբ որևէ ժողով կամ խումբ ստանում է «Խնդրում ենք, հոգ տարեք, որ համապատասխան քարոզիչ այցելի այս անհատին» լրացված բլանկը, հարկավոր է միջոցներ ձեռնարկել անմիջապես այցելելու տվյալ անհատին։ Ջանադրաբար անելով մեզանից կախված ամեն բան՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կբացի «հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ.... տրամադրված» մարդկանց սրտերը (Գործք 13։48, ՆԱ)։