ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30
ԵՐԳ 97 Մարդ կապրի Աստծու Խոսքով
Արժեքավոր դասեր՝ հիմնարար ուսմունքներից
«Մտադիր [եմ] միշտ հիշեցնել ձեզ այն բաների մասին, ինչ գրում եմ, թեև դուք գիտեք դրանք և ամուր հաստատված եք ճշմարտության մեջ» (2 ՊԵՏ. 1։12)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես կարող ենք կիրառել այն արժեքավոր դասերը, որոնք քաղում ենք տարիներ առաջ սովորած աստվածաշնչյան հիմնարար ճշմարտություններից։
1. Երբ սկսեցիր Աստվածաշունչ ուսումնասիրել, ի՞նչ ազդեցություն ունեցան քեզ վրա սովորածդ ուսմունքները։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ հիմնարար ուսմունքները փոխել են մեր կյանքը։ Երբ իմացանք, որ Աստծու անունը Եհովա է, մղվեցինք մտերմանալու նրա հետ (Ես. 42։8)։ Երբ իմացանք, թե իրականում ինչ վիճակում են գտնվում մահացածները, դադարեցինք անհանգստանալ այն մտքից, որ նրանք տառապում են (Ժող. 9։10)։ Իսկ երբ իմացանք Աստծու այն խոստման մասին, որ երկրի վրա դրախտ է լինելու, ապագայի վերաբերյալ մեր անհանգստությունները վերացան։ Մենք այդ ժամանակ համոզվածությամբ լցվեցինք, որ ապրելու ենք ոչ թե մի ակնթարթ՝ 70 կամ 80 տարի, այլ հավիտյան (Սաղ. 37։29; 90։10)։
2. 2 Պետրոս 1։12, 13 համարներից ինչպե՞ս է երևում, որ անգամ հասուն քրիստոնյաներն են օգուտներ քաղում աստվածաշնչյան հիմնարար ուսմունքներից։
2 Երբեք չպետք է սովորական բան համարենք այն հիմնարար ուսմունքները, որոնք սովորել ենք Աստվածաշնչից։ Հետաքրքիր է, որ Պետրոսն իր երկրորդ նամակն ուղղել է այն քրիստոնյաներին, ովքեր «ամուր հաստատված էին ճշմարտության մեջ» (կարդա 2 Պետրոս 1։12, 13)։ Սակայն այդ ժամանակ ժողովում կային կեղծ ուսուցիչներ և աստվածամերժ մարդիկ, ովքեր հոգևոր լուրջ վտանգ էին ներկայացնում քրիստոնյաների համար (2 Պետ. 2։1-3)։ Պետրոսն ուզում էր զորացնել իր հավատակիցներին, որպեսզի նրանք կարողանային դիմակայել նրանց ազդեցությանը։ Ուստի նա հիշեցրեց մի քանի ուսմունքներ, որոնք նրանք արդեն գիտեին։ Դա կօգներ նրանց մինչև վերջ հավատարիմ մնալ։
3. Օրինակով բացատրիր, թե ինչու պետք է բոլոր քրիստոնյաները խորհրդածեն աստվածաշնչյան հիմնարար ուսմունքների շուրջ։
3 Հոգևորապես հասունանալուն զուգընթաց մենք կարող ենք նոր դասեր սովորել հիմնարար ուսմունքներից։ Պատկերացնենք մի օրինակով։ Թե՛ հմուտ, թե՛ սկսնակ խոհարարները որևէ ուտեստ պատրաստելու համար օգտագործում են նույն պարզ բաղադրիչները։ Սակայն ժամանակի ընթացքում հմուտ խոհարարը սովորել է այդ նույն բաղադրիչներով նորանոր և հետաքրքիր կերակուրներ պատրաստել։ Նմանապես՝ Եհովային երկար տարիներ ծառայող մարդիկ և նրանք, ովքեր նոր են սկսել ուսումնասիրել Աստվածաշունչը, թերևս տարբեր տեսանկյուններից նայեն աստվածաշնչյան միևնույն ուսմունքին։ Մկրտությունից ի վեր մեր հանգամանքներն ու Եհովայի գործում ստացած հանձնարարությունները հավանաբար փոխվել են։ Ուստի եթե ի մտի ունենալով մեր ներկայիս հանգամանքները՝ խորհրդածենք տարիներ առաջ մեր սովորած ճշմարտությունների շուրջ, գուցե նոր և գործնական դասեր քաղենք։ Այժմ եկեք քննենք աստվածաշնչյան երեք հիմնարար ուսմունք և տեսնենք, թե հասուն քրիստոնյաները ինչ դասեր կարող են սովորել դրանցից։
ԵՀՈՎԱՆ ԱՐԱՐԻՉՆ Է
4. Երբ իմացանք, որ Եհովան է Արարիչը, ի՞նչ ազդեցություն դա ունեցավ մեզ վրա։
4 «Ամեն բան ստեղծողն Աստված է» (Եբր. 3։4)։ Մեր մոլորակը և կյանքը ստեղծվել են Արարչի կողմից, ով ամենաիմաստունն ու ամենազորեղն է։ Այս պարզ ճշմարտությունը շատ բան է հայտնում մեզ։ Քանի որ Եհովան է ստեղծել մեզ, նա գիտի մեր ամեն մի բջիջը։ Դեռ ավելին՝ նա հոգ է տանում մեր մասին և գիտի, թե ինչն է ամենաօգտակարը մեզ համար։ Այո՛, այն բանի իմացությունը, որ Եհովան Արարիչն է, իրականում մեծ ազդեցություն է ունեցել մեզ վրա և մեր կյանքը իմաստով է լցրել։
5. Այն ճշմարտությունը, որ Եհովան Արարիչն է, ի՞նչ է մեզ սովորեցնում (Եսայիա 45։9-12)։
5 Այն ճշմարտությունը, որ Եհովան Արարիչն է, մեզ սովորեցնում է, որ պետք է խոնարհ լինենք։ Դա շատ լավ երևում է Հոբի օրինակից։ Երբ նա չափից շատ կենտրոնացավ իր և այլ մարդկանց վրա, Եհովան հիշեցրեց նրան, որ ինքը ամենազոր Ստեղծիչն է (Հոբ 38։1-4)։ Այդ հիշեցումը Հոբին օգնեց հասկանալ, որ ի տարբերություն մարդկանց գործերի՝ Եհովայի գործերը միշտ արդար են։ Այդ մտքին համահունչ են Եսայիա մարգարեի՝ հետագայում գրած խոսքերը. «Մի՞թե կավը կասի Բրուտին. «Ի՞նչ ես պատրաստում»» (կարդա Եսայիա 45։9-12)։
6. Հատկապես ե՞րբ է կարևոր խորհել Եհովայի՝ որպես Ստեղծչի վեհ դիրքի մասին (տես նաև նկարները)։
6 Փորձ հավաքելուն զուգընթաց քրիստոնյան գուցե սկսի ավելի շատ հիմնվել իր տեսակետի վրա, քան Եհովայի տեսակետի և նրա Խոսքում տեղ գտած սկզբունքների (Հոբ 37։23, 24)։ Բայց եթե նա խորությամբ մտածի Արարչի անհատակ իմաստության և եզակի զորության մասին, դա կօգնի նրան խոնարհ մնալ ու սեփական կարծիքի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալ (Ես. 40։22; 55։8, 9)։
Ի՞նչը կօգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալ մեր կարծիքի վերաբերյալ (տես պարբերություն 6)d
7. Ի՞նչ արեց Ռահելա անունով մի քույր, որպեսզի ընդունի մի փոփոխություն։
7 Ստեղծչի մասին մտածելը Սլովենիայում ապրող Ռահելա անունով մի քրոջ օգնել է հարմարվել կազմակերպության մեջ արված մի փոփոխության։ Քույրը պատմում է. «Միշտ չէ, որ կարողանում եմ հեշտությամբ ընդունել առաջնորդող եղբայրների կայացրած որոշումները։ Անգամ «2023 թ. Կառավարիչ մարմնի հաշվետվություն №8»-ը դիտելուց հետո, միևնույն է, ցնցվեցի, երբ մորուքով մի եղբայր բեմ բարձրացավ, որ ելույթ ներկայացնի։ Ուստի աղոթեցի Եհովային, որ օգնի՝ հարմարվեմ այդ փոփոխությանը»։ Ռահելան հասկացավ, որ Եհովան, լինելով երկնքի ու երկրի Արարիչը, գիտի, թե ինչպես լավագույնս ղեկավարել իր կազմակերպությունը։ Եթե քեզ համար էլ է դժվար ընդունել որևէ հարցի վերաբերյալ նոր բացատրությունը կամ հարմարվել որոշ փոփոխությունների, ժամանակ հատկացրու, որ խորապես մտածես, թե որքան իմաստուն ու զորեղ է մեր Ստեղծիչը (Հռոմ. 11։33-36)։
ԻՆՉՈՒ Է ԱՍՏՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ
8. Տառապանքի մասին ճշմարտությունն իմանալը ի՞նչ օգուտ է բերել մեզ։
8 Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ տառապենք։ Չգտնելով այս հարցի պատասխանը՝ որոշ մարդիկ Աստծու հանդեպ զայրույթով են լցվել կամ եկել են այն եզրակացության, թե Աստված ընդհանրապես գոյություն չունի (Առակ. 19։3)։ Ի տարբերություն նրանց՝ դու սովորել ես, որ ոչ թե Եհովան է տառապանքի պատճառը, այլ մեր ժառանգած մեղքն ու անկատարությունը։ Դու նաև իմացել ես, որ Եհովայի համբերատարության շնորհիվ միլիոնավոր մարդիկ հնարավորություն են ունեցել ճանաչելու նրան և իմանալու, որ նա իսպառ վերացնելու է տառապանքը (2 Պետ. 3։9, 15)։ Այս ճշմարտությունը մխիթարել է քեզ և մտերմացրել Աստծու հետ։
9. Հատկապես ե՞րբ գուցե կարիք լինի մտածելու այն մասին, թե ինչու է Եհովան թույլ տալիս տառապանքը։
9 Մինչ սպասում ենք այն ժամանակին, երբ Եհովան վերջ կդնի տառապանքին, հասկանում ենք, որ պետք է համբերատար լինենք։ Սակայն եթե մենք կամ մեր ընտանիքի անդամները դժվարություններ ենք կրում, անարդարության բախվում կամ հարազատ կորցնում, գուցե վրդովվենք և մտածենք, թե Աստված դանդաղ է գործում (Ամբ. 1։2, 3)։ Նման պահերին իմաստուն վարված կլինենք, եթե մտաբերենք այն պատճառները, թե ինչու է Եհովան թույլ տալիս, որ արդարները նեղություններ կրեն (Սաղ. 34։19)։a Բացի այդ՝ կարող ենք հիշել, որ նա նպատակ ունի մեկընդմիշտ վերացնելու տառապանքը։
10. Ի՞նչն է օգնում Էնին մխիթարվել։
10 Տառապանքի մասին ճշմարտությունը կարող է օգնել մեզ դիմանալ դժվարություններին։ Հնդկական օվկիանոսի Մայոտ կղզում ապրող Էն անունով մի քույր պատմում է. «Մի քանի տարի առաջ մահացավ մայրս, և դա ինձ մեծ ցավ պատճառեց։ Ես անընդհատ ինքս ինձ հիշեցնում եմ, որ Եհովան չէ տառապանքի պատճառը։ Հակառակը՝ նա ցանկանում է վերջ դնել տառապանքին և հարություն տալ մեր սիրելիներին։ Այդ ճշմարտությունների մասին խորհրդածելը միտքս աներևակայելի խաղաղությամբ է լցնում»։
11. Տառապանքի մասին ճշմարտությունն իմանալը ինչպե՞ս է օգնում, որ շարունակենք քարոզել։
11 Այն բանի իմացությունը, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, կարող է մղել մեզ, որ շարունակենք քարոզել։ Պետրոս առաքյալը բացատրեց, որ Եհովայի համբերության շնորհիվ զղջացող մարդիկ հնարավորություն ունեն փրկվելու։ Այնուհետև գրեց. «Մտածեք, թե ինչպիսի մարդիկ պետք է լինեք. դուք պետք է սուրբ վարք ունենաք և աստվածանվեր գործեր անեք» (2 Պետ. 3։11)։ Նրա նշած «աստվածանվեր գործերից» մեկը քարոզչությունն է։ Մեր Հայրը սիրում է մարդկանց, մենք՝ նույնպես։ Մենք ուզում ենք, որ նրանք ապրեն Աստծու խոստացած նոր աշխարհում, որտեղ արդարություն կտիրի։ Եհովան, համբերություն դրսևորելով, մեր տարածքի մարդկանց իրեն երկրպագելու հնարավորություն է տալիս, ուստի մեծ պատիվ ունենք լինելու նրա համագործակիցը և օգնելու հնարավորինս շատ մարդկանց ճանաչել նրան, նախքան այս աշխարհի վերջը կգա (1 Կորնթ. 3։9)։
ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ «ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ»
12. Ինչո՞ւմ ենք համոզվում՝ իմանալով, որ ապրում ենք «վերջին օրերում»։
12 Աստվածաշունչը ճշգրտորեն նկարագրում է, թե ինչպիսին են լինելու մարդիկ «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1-5)։ Այս մարգարեության կատարումը տեսնելու համար բավական է պարզապես ուշադրություն դարձնել մեր շուրջն ապրող մարդկանց։ Նրանց մտածելակերպն ու վարքը գնալով ապականվում են, ինչը տեսնելով՝ ավելի ենք համոզվում, որ Աստծու Խոսքը ճշմարիտ է (2 Տիմոթ. 3։13-15)։
13. Ի՞նչ ենք սովորում անխոհեմ մարդու մասին Հիսուսի պատմած առակից (Ղուկաս 12։15-21)։
13 Վերջին օրերի մասին ճշմարտությունն իմանալը մեզ հրատապության զգացումով է լցնում։ Իսկ հրատապության զգացում ունենալը ինչո՞ւ է կարևոր։ Այս հարցի պատասխանը իմանում ենք Հիսուսի պատմած առակից, որն արձանագրված է Ղուկաս 12։15-21 համարներում (կարդա)։ Նկատենք, որ առակում Աստված հարուստ մարդուն կոչում է «անխոհեմ»։ Խնդիրը նրա հարստությունը չէր, այլ այն էր, որ նա սխալ առաջնահերթություններ ուներ։ Նա «իր համար գանձ էր կուտակում, բայց հարուստ չէր Աստծու աչքին»։ Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ հրատապությունը։ Աստված ասաց նրան. «Այս գիշեր կզրկվես կյանքիցդ»։ Այս աշխարհը օր օրի մոտենում է իր վերջին, և լավ կլինի՝ հարցնենք ինքներս մեզ. «Իմ նպատակներից երևո՞ւմ է, որ հրատապության զգացում ունեմ։ Երեխաներիս խրախուսում եմ, որ ի՞նչ նպատակներ դնեն։ Իմ ուժը, ժամանակը և նյութական միջոցները օգտագործում եմ ունեցվածք դիզելո՞ւ, թե՞ երկնքում գանձեր կուտակելու համար»։
14. Միկիի օրինակից ինչպե՞ս է երևում, որ կարևոր է խորհրդածել աստվածաշնչյան այն ապացույցների մասին, որոնք փաստում են, որ ապրում ենք «վերջին օրերում»։
14 Կյանքի վերաբերյալ մեր տեսակետը կարող է փոխվել, եթե մտածենք այն փաստի մասին, որ ապրում ենք վերջին օրերում։ Այդպես եղավ Միկի անունով մի քրոջ դեպքում։ Նա պատմում է. «Դպրոցն ավարտելուց հետո երազում էի համալսարան ընդունվել և կենդանաբանություն ուսումնասիրել։ Միևնույն ժամանակ ուզում էի ռահվիրա դառնալ և տեղափոխվել մի տարածք, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Հասուն ընկերներս խորհուրդ տվեցին, որ լավ մտածեմ, թե արդյոք ինձ համար իրատեսական է համատեղել իմ ուզած կարիերան և հոգևոր նպատակները։ Նրանք հիշեցրին, որ այս համակարգը շուտով կործանվելու է, և որ նոր աշխարհում ես հավիտյան կկարողանամ անել այն, ինչ սիրում եմ՝ ուսումնասիրել կենդանիներին։ Ուստի որոշեցի այլ հմտություն ձեռք բերելու համար կարճ դասընթաց անցնել։ Դրա շնորհիվ այնպիսի աշխատանք ձեռք բերեցի, որը հնարավորություն տվեց ինձ ռահվիրայություն անել, իսկ հետագայում տեղափոխվել Էկվադոր, որտեղ շատ քարոզիչների կարիք կա»։ Այժմ Միկին և նրա ամուսինը այդ երկրում շրջագայական ծառայություն են անում։
15. Ինչպե՞ս կարող է բարի լուրի հանդեպ մարդկանց արձագանքը փոխվել։ Բեր օրինակ (տես նաև նկարները)։
15 Չպետք է թևաթափ լինենք, երբ մարդիկ հետաքրքրություն ցույց չեն տալիս բարի լուրի հանդեպ. չէ՞ որ նրանք կարող են փոխվել։ Դա լավ երևում է Հիսուսի եղբայր Հակոբոսի օրինակից։ Նա տեսել էր, թե ինչպես է Հիսուսը մեծացել, դարձել Մեսիան և այնպես ուսուցանել, ինչպես ոչ ոք երբևէ չէր արել։ Այնուամենայնիվ՝ Հակոբոսը տարիներ շարունակ Հիսուսի աշակերտ չէր դառնում։ Միայն Հիսուսի հարությունից հետո նա աշակերտ դարձավ, և այն էլ՝ եռանդուն աշակերտ (Հովհ. 7։5; Գաղ. 2։9)։b Ուստի հույսդ մի կտրիր, որ հարազատներդ, ովքեր դեռ անտարբեր են բարի լուրի հանդեպ, կամ այն մարդիկ, ովքեր չեն ցանկացել զրուցել բարի լուրի մասին, մի օր կբացեն իրենց սրտի դռները։ Հիշիր, որ ապրում ենք վերջին օրերում, և քարոզչական գործը հրատապ է։ Ինչ որ կասես նրանց այսօր, կարող է մեծապես ազդել նրանց վրա հետագայում, գուցե անգամ մեծ նեղությունը սկսվելուց հետո։c
Ի՞նչը կարող է մղել մեզ, որ մեր հույսը չկտրենք ճշմարտությամբ չհետաքրքրվող մեր հարազատներից (տես պարբերություն 15)e
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՆՐԱ ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
16. Եհովայի հիշեցումները ի՞նչ օգուտներ են բերում քեզ (տես նաև «Օգնիր ուրիշներին» շրջանակը)։
16 Հոգևոր սննդի մի մասը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր երբեք չեն լսել աստվածաշնչյան հիմնարար ճշմարտությունները։ Օրինակ՝ ամեն շաբաթ ներկայացվող հանրային ելույթները, jw.org կայքի որոշ հոդվածներ և տեսանյութեր, ինչպես նաև հանրության համար նախատեսված ամսագրերը հիմնականում ոչ Վկաների համար են։ Մենք այդ նյութերում տեղ գտած հիշեցումներից էլ ենք օգուտներ քաղում։ Դրանք խորացնում են մեր սերը Եհովայի նկատմամբ, ամրացնում են մեր հավատը նրա Խոսքի հանդեպ և օգնում արդյունավետորեն ուսուցանել Աստվածաշնչի հիմնարար ուսմունքները (Սաղ. 19։7)։
17. Ո՞ր իրավիճակներում արժե խորհել Աստվածաշնչի հիմնարար ճշմարտությունների մասին։
17 Մենք ոգևորվում ենք, երբ սուրբգրային որևէ ճշմարտության վերաբերյալ բացատրությունը ճշգրտվում է։ Բայց շնորհակալ ենք Եհովային նաև հիմնարար ուսմունքների համար, որոնց շնորհիվ մտերմացել ենք նրա հետ։ Եթե երբևէ ուզենանք Եհովայի կազմակերպությունից եկող ցուցումներին հետևելու փոխարեն մեր կարծիքը պնդել, լավ կլինի՝ խոնարհաբար հիշենք, որ այս կազմակերպությունը ղեկավարում է ամենազորեղ ու ամենաիմաստուն Արարիչը։ Երբ մենք կամ մեր հարազատը դժվարության միջով ենք անցնում, ճիշտ կլինի՝ համբերատար լինել և խորհել այն մասին, թե ինչու է Եհովան թույլ տալիս տառապանքը։ Իսկ երբ որոշում ենք, թե ինչպես օգտագործել մեր ժամանակն ու միջոցները, հիշենք, որ վերջին օրերը սրընթաց մոտենում են իրենց ավարտին։ Թող որ Եհովայի հիշեցումները զորացնեն մեզ, մղեն գործերի և իմաստուն դարձնեն։
ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում
a Տես «Ինչու է տառապանքի վերջը մոտ» հոդվածը «Դիտարանի» 2007թ. մայիսի 15 համարում (էջ 21-25)։
c Տես «Ի՞նչ գիտենք Եհովայի գալիք դատաստանների մասին» հոդվածը «Դիտարանի» 2024 թ. մայիսի համարում (էջ 8-13)։
d ՆԿԱՐ։ Երեցների խորհուրդը չի ընդունում երեցներից մեկի առաջարկը։ Ավելի ուշ եղբայրը նայում է աստղազարդ երկնքին ու մղվում է շտկելու իր վերաբերմունքը իր կարծիքի հանդեպ։
e ՆԿԱՐ։ Անձնական ուսումնասիրության ժամանակ քույրը քննում է այն ապացույցները, որ ապրում ենք վերջին օրերում։ Դա մղում է նրան զանգահարել իր քրոջը և քարոզել նրան։