Երբ տանտերը խոսում է օտար լեզվով
1. Ինչո՞ւ է հարկավոր համագործակցել տարածքում քարոզելիս։
1 Շատ հաճախ ամբողջ աշխարհում Թագավորության քարոզիչները հանդիպում են մարդկանց, որոնք խոսում են օտար լեզվով։ Այսպիսի մարդկանց հոգևոր օգնություն ցույց տալու համար շատ մասնաճյուղեր հարկ են համարել կազմավորել օտարալեզու խմբեր և ժողովներ։ Հնարավոր է՝ մի տարածքում մարդիկ խոսեն տարբեր լեզուներով, հետևաբար միևնույն տարածքում կարող են քարոզել օտարախոս մի քանի ժողովներ։ Ինչպե՞ս կարող են ժողովները համագործակցել և համոզվել, որ քարոզչական գործունեությունը կատարվում է կարգուկանոնով (1 Կորնթ. 14։33)։
2. Տնետան ծառայության ժամանակ ինչպե՞ս կարող ենք համագործակցել մեր տարածքում գտնվող տարբեր օտարալեզու խմբերի և ժողովների հետ։
2 Լավ համագործակցություն։ Փողոցի կամ ոչ պաշտոնական վկայության ժամանակ քարոզիչը կարող է ազատորեն մոտենալ ցանկացած անհատի, այդ թվում նաև օտարախոս անձնավորության և գրականություն առաջարկել այն լեզվով, որով նա նախընտրում է կարդալ։ Սակայն երբ քարոզիչը ծառայում է տնետուն այնպիսի տարածքում, որտեղ քարոզում է նաև մեկ ուրիշ խումբ կամ ժողով, նա պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի հատկապես այն բնակիչների վրա, ովքեր խոսում են այն լեզվով, որով անցկացվում են իր այցելած ժողովի հանդիպումները։ Երբ միևնույն տարածքում քարոզում են տարբեր ժողովներ, կարևոր է ճիշտ գրառումներ կատարել և պահել դրանք։ Ծառայողական վերակացուները պետք է համագործակցեն միմյանց հետ և ամեն բան կազմակերպեն փոխադարձ համաձայնությամբ (Առակ. 11։14)։ Սակայն եթե քարոզիչը տնետան ծառայության ժամանակ հանդիպում է մի անձնավորության, որը խոսում է օտար լեզվով, և այդ լեզվով մոտակա տարածքում ժողով չկա, նա պետք է ջանք թափի վկայություն տալ և հետագայում էլ շարունակի օգնություն ցույց տալ հետաքրքրվող անհատին։
3. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք օտարախոս խմբի կամ ժողովի, որը նույնպես քարոզում է նույն տարածքում։
3 Կատարում ենք նույն գործը։ Ի՞նչ անել, եթե նույն օրը մի տարածքում պատահականորեն քարոզում են տարբեր ժողովներում ծառայող քարոզիչներ։ Անկախ այն բանից, թե ինչ լեզվով ենք խոսում՝ բոլորս պետք է քրիստոնեական սեր դրսևորենք։ Մեզ գլխավորապես պետք է հետաքրքրի այդ տարածքում ապրող մարդկանց կարիքները (Հովհ. 13։34, 35)։ Ուստի առաջնորդություն վերցնող եղբայրները խոհեմություն և սեր կդրսևորեն՝ որոշելով, թե ժամանակավորապես որ խումբը պետք է տեղափոխվի մեկ ուրիշ տարածք քարոզելու (Հակ. 3։17, 18)։
4. Ի՞նչ մարգարեություն է այսօր կատարվում։
4 Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ տարբեր լեզուներով խոսող մարդիկ լսելու էին բարի լուրը (Հայտն. 14։6, 7)։ Լավ համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք խուսափել միևնույն տարածքում նույն անձնավորությանը քարոզելուց, և արդյունքում շատերը, այդ թվում նաև օտարախոս մարդիկ կընդունեն բարի լուրը (Եփես. 4։16)։