Քարոզիր և հիմնովին վկայություն տուր
1 Որպես «առաջնորդ եւ հրամանատար»՝ Հիսուսն իր աշակերտներին նախապատրաստեց քարոզչական հսկայական գործին, որ նրանց առջևում էր (Ես. 55։4; Ղուկ. 10։1–12; Գործք 1։8)։ Պետրոս առաքյալը Հիսուսի տված առաջադրանքը նկարագրում է այսպիսի խոսքերով. «Պատուիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ [«հիմնովին», ՆԱ] վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին» (Գործք 10։42)։ Ի՞նչ է նշանակում հիմնովին վկայություն տալ։
2 Շատ բան կարող ենք սովորել՝ քննելով Պողոս առաքյալի օրինակը։ Եփեսոսի ժողովի երեցների հետ հանդիպման ժամանակ Պողոսը նրանց հիշեցրեց. «Ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ։ Հրէաներին եւ Յոյներին [«հիմնովին», ՆԱ] վկայութիւն տալով՝ ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ»։ Չնայած իր կրած փորձություններին՝ Պողոսը ջանք չէր խնայում բարի լուրը հնարավորին չափ շատ մարդկանց հաղորդելու։ Նա չէր բավարարվում՝ իրեն լսողներին միայն հիմնական ճշմարտությունները հայտնելով, այլև աշխատում էր «Աստուծոյ բոլոր կամքը» պատմել։ Դրա համար նա պատրաստ էր ջանքեր գործադրել և զոհողությունների գնալ։ Պողոսը շարունակում է. «Ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ այն պաշտօնը որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհաց աւետարանին [«հիմնովին», ՆԱ] վկայեմ» (Գործք 20։20, 21, 24, 27)։
3 Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր ընդօրինակել Պողոսին (Ա Կորնթ. 11։1)։ Դա կարող ենք անել՝ արժանի անհատներ փնտրելով նույնիսկ այն դեպքում, երբ ինքներս ենք դժվարություններ կրում, նաև ձգտելով բարի լուրը հաղորդել բոլոր ռասաների ու ազգերի պատկանող մարդկանց, ինչպես նաև նրանց հետաքրքրությունը զարգացնելով (Մատթ. 10։12, 13)։ Իսկ այդ ամենի համար ժամանակ, ջանք և մարդկանց հանդեպ սեր է պահանջվում։
4 Կարո՞ղ ես ծառայել որպես ենթառահվիրա։ Մարտ և ապրիլ ամիսները քո առջև հիանալի հնարավորություն են բացում հիմնովին վկայություն տալու, ինչը կարող ես անել՝ որպես ենթառահվիրա ծառայելով։ Որքան քաջալերական էր տեսնել, որ քարոզիչներից շատերն անցած տարի մեծ ջանքեր գործադրեցին ենթառահվիրա ծառայելու համար։
5 Ութսունամյա տարեց մի քրոջ, որ մի շարք առողջական խնդիրներ ուներ, մեծ ոգևորություն պատճառեց Եհովայի կազմակերպության կողմից տրված քաջալերանքը։ Նա գրում է. «Այն արթնացրեց սրտիս ցանկությունը, որ վաղուց փայփայում էի, և ես հասկացա, որ գոնե մեկ անգամ էլ պետք է ծառայեմ որպես ենթառահվիրա»։ Նա որոշեց այդ նպատակն իրականացնել մարտ ամսին։ «Ես նախ նստեցի ու հաշվեցի «ծախսը»,— ասում է նա։— Պլաններս քննարկեցի աղջկաս հետ, քանի որ նրա օգնության կարիքն էի ունենալու։ Նա ինձ հաճելի անակնկալ մատուցեց՝ իր համար էլ ենթառահվիրայության բլանկ վերցնելով»։ Մարտ ամսին այս տարեց քույրը 52 ժամ անցկացրեց ծառայության մեջ։ «Շատ անգամ, երբ զգում էի, որ ուժասպառ եմ լինում, խնդրում էի Եհովային, որ վերականգնի ուժերս։ Ամսվա վերջում ես ուրախություն ու բավարարվածության զգացում ապրեցի և շատ անգամ շնորհակալություն հայտնեցի Եհովային այն բանի համար, որ նա օգնեց ինձ։ Ես կցանկանայի կրկին փորձել»։ Այս քրոջ հրաշալի օրինակը կարող է ոգևորել նրանց, ովքեր, չնայած իրենց առողջական լուրջ խնդիրներին, շատ են ցանկանում ծառայել որպես ենթառահվիրա։
6 Մի եղբայր, որն անսպասելիորեն կորցրեց աշխատանքը, առիթն օգտագործեց ծառայության այս ձևին մասնակցելու համար։ Այդ ամիս նա սովորականից ավելի մեծ եռանդ էր գործադրում ծառայության մեջ, իսկ ամսվա վերջում Աստվածաշնչի մի նոր տնային ուսումնասիրություն սկսեց։ Խորհելով իր հաջողությունների մասին՝ նա ասաց. «Ի՜նչ հրաշալի ամիս էր»։ Որքա՜ն ուրախ էր նա Եհովայից ստացած առաջնորդության ու օգնության համար։ Այո՛, Եհովան առատորեն օրհնել է այդ եղբորը ծառայության մեջ գործադրած իր ջանքերի համար։ Նույնանման ձևով նա կօրհնի նաև քեզ (Մաղ. 3։10)։
7 Շատ քարոզիչների համար ենթառահվիրայությունը հեշտ գործ չէ։ Այնուամենայնիվ, չնայած ընտանեկան և այլ կարգի պարտականություններին, նաև անձնական խնդիրներին՝ մեծ թվով եղբայրների ու քույրերի հաջողվել է մասնակցել ծառայության այս ձևին։ Հիմնովին վկայություն տալու համար հաճախ անհրաժեշտ է լինում զոհել թանկարժեք ժամանակը և ուժերը, սակայն օրհնություններն անհամեմատ ավելի մեծ են (Առակ. 10։22)։
8 Մարտ և ապրիլ ամիսները հրաշալի ժամանակ են ենթառահվիրա ծառայելու համար։ Մարտն ունի հինգ շաբաթ–կիրակի։ Այդ հանգամանքից օգտվելով, ինչպես նաև խելամտորեն օգտագործելով երեկոյան ժամերը՝ նրանք, ովքեր աշխատում են ամբողջ աշխատանքային օր, գուցեև կարողանան ենթառահվիրա ծառայել։ Բացի այդ, կարող ես օգտագործել ապրիլ ամսվա տոն օրերը։ Հնարավոր է՝ որոշ օրեր ոմանք ազատ լինեն իրենց դասերից կամ աշխատանքից, ինչը նրանց կօգնի լրացնել պահանջվող ժամերի քանակը, որ կազմում է 50 ժամ։ Կարո՞ղ ես օգտվել սույն հոդվածում առաջարկված գրաֆիկներից, որպեսզի կարողանաս ճիշտ պլանավորել ժամանակդ՝ մարտ և ապրիլ ամիսներին 50 ժամ ծառայելու համար։ Քո անձնական գրաֆիկը կազմելուց հետո քննարկիր այն մտերիմներիդ հետ։ Անշուշտ, դա ցանկություն կարթնացնի նրանցից ոմանց մեջ համագործակցելու քեզ հետ։ Եթե չես կարող ծառայել որպես ենթառահվիրա, այդ դեպքում հատուկ նպատակ դիր քո առջև՝ այս երկու ամիսների ընթացքում համագործակցելու նրանց հետ, ովքեր ի վիճակի են դա անելու։ Արդեն հիմա կարող ես պլաններ կազմել մարտ և ապրիլ ամիսներին ծառայությունդ ընդլայնելու համար։
9 Գնահատանք ցույց տուր Հիշատակի երեկոյի հանդեպ։ Ամեն տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում փրկագնի համար երախտագիտությունը մղում է հազարավորների «գնե[լ] ժամանակը»՝ ենթառահվիրա ծառայելու համար (Եփես. 5։15, 16)։ Անցած տարի Միացյալ Նահանգներում մարտ ամսին ենթառահվիրաների թիվը կազմում էր 126 378 հոգի, իսկ ապրիլին՝ 51 217։ Այդ երկու ամիսներից յուրաքանչյուրի ընթացքում ենթառահվիրաների թիվը միջին հաշվով կազմում էր 88 797։ Համեմատենք այս թիվը նույն ծառայողական տարվա նախորդ ամիսներից յուրաքանչյուրի ենթառահվիրաների միջին թվի հետ, որը կազմում էր 21 505։ Այս տարի ևս Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանը կարող ենք հրաշալիորեն օգտագործել, որպեսզի Քրիստոսի զոհաբերության հանդեպ մեր անկեղծ գնահատանքը ցույց տանք՝ քարոզչական ծառայության մեջ ավելի մեծ մասնակցություն ունենալով։
10 Մինչ մոտենում է ապրիլի 16–ը, խորհիր, թե ինչ նշանակություն ունի քեզ համար Հիշատակի երեկոն։ Մտորիր այն իրադարձությունների շուրջ, որոնք տեղի են ունեցել մինչև Քրիստոսի մահը, ինչպես նաև այն հարցերի շուրջ, որոնք խիստ մտահոգություն էին պատճառում նրան։ Նաև մտածիր այն ուրախության մասին, որ սպասում էր Հիսուսին, և թե ինչպես դա օգնեց նրան դիմանալու նման դաժան վերաբերմունքի։ Խորհիր, թե ներկայումս ինչպիսի դիրք ունի նա որպես ժողովի Գլուխ, որ ղեկավարում է քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Ա Կորնթ. 11։3; Եբր. 12։2; Յայտն. 14։14–16)։ Ապա լիարժեքորեն մասնակցելով քարոզչական գործին, որքանով որ թույլ են տալիս հանգամանքներդ՝ ցույց տուր երախտագիտությունդ բոլոր այն բաների համար, որ արել է Քրիստոսը։
11 Հորդորիր մյուսներին, որ նրանք էլ հիմնովին վկայություն տան։ Ծառայելով որպես ենթառահվիրա՝ երեցներն ու ծառայող օգնականները քաջալերանքի աղբյուր են դառնում մյուսների համար։ Քարոզիչների հետ համագործակցելիս և հովվական այցելություններ կատարելիս նրանք կարող են անձնական օգնություն ցույց տալ եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք լիարժեքորեն մասնակցեն այս հատուկ գործունեությանը։ Եկեք աղոթենք, որ հաջողությամբ ընթանա այս գործը։ Դրանով կամրապնդվի մեր վճռականությունը՝ ավելի միահամուռ կերպով ու հիմնովին վկայություն տալու համար։
12 Թեպետ մարտ և ապրիլ ամիսներին քարոզչությունն ընդլայնելու գործում ժողովի հետ կհամագործակցեն բոլոր երեցներն ու ծառայող օգնականները, սակայն այս գործի կազմակերպման մասին պետք է հոգ տանի հատկապես ծառայողական վերակացուն։ Նա պետք է միջոցներ ձեռնարկի քարոզչական ծառայության հանդիպումների անցկացման վայրեր ունենալու համար։ Նաև այնպես պետք է պլանավորի օրերն ու ժամերը, որ դրանք հարմար լինել քարոզիչների մեծամասնությանը։ Այդ հանդիպումների մասին պետք է հայտարարվի մի քանի Ծառայողական հանդիպումների ժամանակ։ Հարկավոր է հոգ տանել, որ քարոզչական ծառայության հանդիպումները անցկացվեն օրվա տարբեր ժամերի, որպեսզի ժողովում բոլորը հնարավորություն ունենան մասնակցելու ծառայության տարբեր ձևերի։ Դրանց թվին են պատկանում գործարար տարածքներում, փողոցում և տնից տուն քարոզելը, կրկնակի այցելություններ կատարելը և հեռախոսով վկայություն տալը։ Բացի այդ, ծառայողական վերակացուն պետք է հոգա, որ այդ ամիսներին ժողովում բավարար քանակությամբ գրականություն, պարբերագրեր, նաև քարոզչական տարածքներ լինեն։
13 Մարտ ամսին տարածելու ենք «Գիտություն» գիրքը, և մեր նպատակը լինելու է Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելը։ Գիրքն առաջարկելու մասին օգտակար խորհուրդներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի ներդիրում։ Ապրիլին տարածելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Աշխատիր օգտագործել այն մատուցումները, որ տրված են «Ինչպես առաջարկել պարբերագրերը» խորագրի տակ։ Բոլոր քարոզիչները պետք է ժամանակ հատկացնեն լավ նախապատրաստվելուն, որպեսզի կարողանան հիմնովին վկայություն տալ։
14 Որքա՜ն ուրախալի է, որ գործում ենք ժողովի Գլխի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո, և որ առանձնաշնորհում ունենք բարի լուրը հաղորդելու մարդկանց։ Մինչ մոտենում են մարտ և ապրիլ ամիսները, եկեք ձգտենք դրանք դարձնել ծառայության լավագույն ամիսներ՝ հնազանդվելով քարոզելու և հիմնովին վկայություն տալու մասին Քրիստոսի պատվերին։