Ուսուցումներ սկսել «Աստված պահանջում է» բրոշյուրով
1 Ամբողջ աշխարհից ստացված հաշվետվությունները ցույց են տալիս, որ «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» բրոշյուրը ազդեցիկ գործիք է ճշմարտությունը մարդկանց ուսուցանելու համար։ Այս բրոշյուրով ամեն շաբաթ Աստվածաշնչի հազարավոր ուսուցումներ են սկսվում։ Հաջողվո՞ւմ է քեզ «Աստված պահանջում է» բրոշյուրով սկսել և անցկացնել Աստվածաշնչի ուսուցում։
2 Մինչ շատերը հեշտությամբ են տարածում այդ բրոշյուրը, ոմանք չգիտեն, թե ինչ խոսեն ուսուցում սկսելու համար։ Ի՞նչն է օգնում նրանց, որպեսզի «Աստված պահանջում է» բրոշյուրով հաջողությամբ Աստվածաշնչի ուսուցումներ սկսեն։ Հետևյալ առաջարկությունները կարող են օգտակար լինել այդ հարցում։
3 Առաջարկիր ցույց տալ, թե ինչպես է անցկացվում ուսուցումը։ Երբ որևէ մեկին այցելում ենք առաջին անգամ կամ վերայցելություն ենք կատարում, պարզապես Աստվածաշնչի ուսուցում առաջարկելու փոխարեն, կարող ենք ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Սուրբ գրքի ուսուցումը։ Այդ կերպով՝ տանտերը կհասկանա «ուսուցում» բառի բուն նշանակությունը, և կվերանա այն անհանգստությունը, որն առաջանում է շատերի մոտ՝ այդ բառը լսելիս։ Երբ սովորենք ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսուցումը, կտեսնենք, որ պարզ, ներածական խոսքերով կարող ենք սկսել այն։
4 Նախապատրաստվելը հաջողության բանալին է։ Աստվածաշնչի ուսուցում սկսելու գործում նախաձեռնող լինելը անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե որքան լավ ենք նախապատրաստված։ Նախապես պատրաստվելը կօգնի մեզ հաղթահարել ամեն տեսակի անվճռականություն, որ կարող է առաջանալ ուսուցանելու գործում մեր մասնակցությունը բերելիս։ Ուսուցումը ներկայացնելու խոսքերը մի քանի անգամ կրկնելով՝ մենք ավելի հեշտ կսկսենք խոսակցությունը և կարող ենք ավելի բնական լինել ու սեփական բառերով արտահայտվել։ Դա ոչ միայն մեզ կօգնի լարված չլինել, այլ նաև տանտերն իրեն միանգամայն հանգիստ կզգա։
5 Նախօրոք պատրաստվելիս՝ օգտակար է հաշվել ուսուցումն անցկացնելու ժամանակը, որպեսզի տեղեկացնենք տանտիրոջը, թե որքա՞ն է տևելու Աստվածաշնչի ուսուցումը։ Մի եղբայր իր ով լինելը ներկայացնելուց հետո ասում է. «Ես հակիրճ կներկայացնեմ ձեզ, թե ինչպես են Աստվածաշնչի անվճար ուսուցում անցկացնում։ Դա կտևի մոտավորապես հինգ րոպե։ Կարո՞ղ եք տրամադրել այդքան ժամանակ»։ Կարելի է մոտ հինգ րոպեում ներկայացնել «Աստված պահանջում է» բրոշյուրի առաջին դասը։ Իհարկե, այդ սուղ ժամանակում կարող ես կարդալ միայն մեջբերված համարները, սակայն, այս մի քանի րոպեում առաջին դասն ավարտելով, տանտերը կարող է իր առաջին ուսուցման փորձն ունենալ։ Այնուհետև նրան տեղեկացրու, որ հաջորդ անգամ այցելելիս, երկրորդ դասի քննարկումն ընդամենը տասնհինգ րոպե կտևի։
6 Հետևյալ արդյունավետ կերպերը։ «Ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» բրոշյուրով Աստվածաշնչի պարզ, արագացված ուսուցում անցկացնել։ Շատերը տասնվեց շաբաթվա ընթացքում, շաբաթական 15 րոպե տրամադրելով, կարողացել են Աստվածաշնչում իրենց հուզող հարցերի բավարար պատասխանները գտնել»։ Համառոտակի ցույց տուր բրոշյուրի բովանդակությունը։ Անդրադարձիր առաջին դասին և ասա. «Եթե մոտ հինգ րոպե տրամադրեք, մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես է դա արվում։ Առաջին դասի վերնագիրն է՝ «Ինչպե՞ս կարելի է Աստծու պահանջածն իմանալ»»։ Այնուհետև կարդա դասի երեք հարցերը և բացատրիր փակագծերում դրված թվերի իմաստը։ Կարդա առաջին պարբերությունը և ցույց տուր տանտիրոջը, թե ինչպես կարելի է գտնել հարցի պատասխանը։ Կարելի է տանտիրոջը խնդրել, որպեսզի կարդա երկրորդ պարբերությունը։ Դրանից հետո այսպես խոսիր. «Այս տեղեկության վրա հիմնվելով՝ ինչպե՞ս կպատասխանեիք հետևյալ հարցին։ [Դարձյալ կարդա հարցը և թույլ տուր նրան մեկնաբանել այն]։ Հավանաբար նկատեցիք, որ յուրաքանչյուր պարբերության հետ սուրբգրային համարներ են ներկայացվում։ Դրանք մեր ուշադրությունը կենտրոնացնում են Աստվածաշնչի հիման վրա այս հարցերին պատասխանելուն։ Օրինակ՝ եկեք կարդանք Բ Տիմոթէոս 3։16, 17–ը և տեսնենք՝ այս համարը պատասխանո՞ւմ է այն հարցին, թե ով է Աստվածաշնչի հեղինակը»։ Երրորդ պարբերությունը կարդալուց, հարցը նայելուց և Յովհաննէս 17։3–ը մեջբերելուց հետո տանտիրոջ ուշադրությունը դարձրու այն գիտության վրա, որը նա ստացավ առաջին դասի քննարկումից։ Այստեղ կարող ես անդրադառնալ երկրորդ դասին և կարդալ վերջին հարցը. «Ո՞ր երկու կերպերով է հնարավոր Աստծու մասին տեղեկություն ձեռք բերել»։ Ապա հարցրու. «Դուք ե՞րբ կունենաք 15 րոպե ազատ ժամանակ, որպեսզի քննարկենք երկրորդ դասը և գտնենք այս հարցի պատասխանը»։
7 Կարևոր է, որ քննարկումը լինի պարզ, նաև կարևոր է առիթի դեպքում գովել տանտիրոջը։ Հաջորդ այցելության ժամանակ փոխանակ հարցնելու, թե նա կցանկանա՞ արդյոք շարունակել ուսուցումը, պարզապես քաջալերիր նրան շարունակել հաջորդ դասը ևս նման կերպով քննարկել։ Ցույց տուր, որ պատրաստ ես հաջորդ անգամ էլ այցելելու։ Որոշ քարոզիչներ առաջարկում են ուսուցումը հեռախոսով անցկացնել, եթե դժվար է պայմանավորվելը։ Դու կարող ես հորդորել ուսումնասիրողին, որ բրոշյուրը հարմար և ապահով տեղում պահի, որպեսզի հաջորդ այցելության ժամանակ անմիջապես իր ձեռքի տակ լինի։
8 Վճռական լինել։ Թեև հաջողության բանալին նախապատրաստվելն է, սակայն մենք պետք է վճռական լինենք՝ հետագա քայլերը կատարելու։ Մի քանի րոպեում մի դաս ուսուցանելը կարող է դժվար լինել, ուստի վճռական եղիր ցույց տալու կերպը կրկնել այնքան անգամ, որքան որ անհրաժեշտ է ուսուցումը սահուն անցկացնելու մեջ հմտանալու համար։ Փորձիր ուսուցում անցկացնել բոլորի հետ, ում կհանդիպես դռան մոտ, փողոցում և հեռախոսով վկայելիս։ Եթե դժվարանում ես Աստվածաշնչի ուսուցում գտնել, մի՛ հուսահատվիր։ Հաջողությամբ Աստվածաշնչի ուսուցում սկսելը պահանջում է վճռականություն և ճշմարտությունը ուրիշներին հաղորդելու անկեղծ ցանկություն (Գաղ. 6։9)։
9 Այս առաջարկությունները կիրառելով՝ դու նույնպես կարող ես առանձնաշնորհում ունենալ որևէ մեկին կյանքի ճանապարհով գնալու հարցում օգնելու՝ գործածելով «Աստված պահանջում է» բրոշյուրը և սկսելով Աստվածաշնչի ուսուցում (Մատթ. 7։14)։