Գանձերը կարող են քո՛նը լինել
1. Ինչո՞ւ կարող ես մտածել ընդհանուր ռահվիրա դառնալու մասին։
1 Ցանկանո՞ւմ ես ավելի գոհացուցիչ և ուրախ կյանքով ապրել։ Իսկ հաճույքո՞վ ես օգնում ուրիշներին։ Ուզո՞ւմ ես ավելի շատ ծառայել Եհովային։ Եթե այս հարցերից որևէ մեկին «այո» ես պատասխանում, ուրեմն կարող ես մտածել ընդհանուր ռահվիրա դառնալու մասին։ Ինչ խոսք, այս մասին մտածելիս պետք է նկատի առնես նաև քո ընտանեկան և սուրբգրային մյուս պատասխանատվությունները, ինչպես նաև առողջական և ֆիզիկական վիճակը։
2. Որո՞նք են հոգևոր գանձերից մի քանիսը, որ ձեռք են բերում ընդհանուր ռահվիրաները։
2 Սողոմոնը՝ Աստծու ներշնչանքով, Եհովայի օրհնությունը կապեց նյութապես հարստանալու հետ (Առակ. 10։22)։ Այսօր Եհովայի օրհնությունը գլխավորապես հոգևոր հարստություն է բերում։ Ընդհանուր ռահվիրաները այս առումով շատ հարուստ են։ Օրինակ՝ «գնելով այն ժամանակը», որ կարող էին տրամադրել իրենց անձնական բաներին՝ նրանք մեծ ուրախություն են ստանում ուրիշներին տալուց (Կող. 4։5; Գործ. 20։35)։ Եհովան նկատում և գնահատում է մարդկանց հանդեպ ռահվիրաների ցուցաբերած սերը։ «Երկնքում դիզած նրանց գանձերը» երբեք չեն արժեզրկվի (Մատթ. 6։20; Եբր. 6։10)։ Երբ ռահվիրաները իրենց «աչքը պարզ» են պահում, ինչպես նաև վստահ են, որ Եհովան կապահովի իրենց անհրաժեշտ բաներով, Աստծու հետ նրանց փոխհարաբերություններն ավելի են ամրանում (Մատթ. 6։22, 25, 32; Եբր. 13։5, 6)։
3. Ի՞նչ տարբերություն կա նյութական բաների հետևից ընկնելու և հոգևոր հարստության ձգտելու միջև։
3 Նյութական բաների հետևից ընկնելը հաճախ ծնում է «բազում անմիտ ու վնասակար ցանկություններ» (1 Տիմոթ. 6։9, 10; Հակ. 5։1–3)։ Սակայն Եհովայի օրհնությանը ձգտելը երբեք նման բանի չի տանում։ Քանի որ ընդհանուր ռահվիրաները իրենց ժամանակի զգալի մասը հատկացնում են ծառայությանը, նրանք կարողանում են հոգևորապես հավասարակշռված մնալ և կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա (Փիլիպ. 1։10)։ Մի եղբայր, որն ինժեներ է, թողեց իր ժամանակատար աշխատանքը և դարձավ ռահվիրա։ Նա ասաց. «Աշխատանքս մեծ լարվածություն էր պահանջում։ Սակայն ռահվիրայությունն այդպես չէ։ Այժմ ես օգնում եմ մարդկանց՝ ճշմարտությունը նրանց սովորեցնելով։ Այս գործը շատ ավելի գոհացուցիչ է և հետաքրքիր»։
4. Օրհնություն բերելով ուրիշներին՝ ինչպե՞ս են օրհնվում հենց իրենք՝ ընդհանուր ռահվիրաները։
4 Օրհնություն՝ ուրիշների համար։ Այսօր բոլորի համար «չափազանց դժվար ժամանակներ» են (2 Տիմոթ. 3։1)։ Ամենուրեք մարդիկ շատ մեծ կարիք ունեն հույսի։ Թագավորության քարոզիչները ուրախանում են՝ տեսնելով, թե ինչպես է մարդկանց դեմքին հուսահատությունը փոխարինվում լավատեսությամբ, երբ նրանք դրականորեն են արձագանքում բարի լուրին։ Իսկ որքա՜ն մեծ է ընդհանուր ռահվիրաների ուրախությունը, որոնք այդ փրկարար գործին տարեկան ավելի քան 800 ժամ են տրամադրում (1 Տիմոթ. 4։16)։
5, 6. Ի՞նչը կարող օգնել քեզ, որ ընդհանուր ռահվիրա դառնաս։
5 Լրջորեն խորհո՞ւմ ես ընդհանուր ռահվիրա ծառայելու մասին։ Ծառայության այդ ձևին մասնակցելու համար հարկ կլինի, որ քիչ կարևոր բաներից «հարմար ժամանակ գնես» (Եփես. 5։15, 16)։ Շատերը, այդպես վարվելով, պարզեցրել են իրենց ապրելակերպը։ Դա հնարավորություն է տվել ավելի քիչ աշխատել, ինչի շնորհիվ նրանք կարողացել են ավելի շատ ժամանակ տրամադրել Թագավորության գործին։ Կարո՞ղ ես այնպես կազմակերպել գործերդ, որ միանաս ռահվիրաներին։
6 Եհովայից իմաստություն խնդրիր, որ կարողանաս գործնական գրաֆիկ ունենալ (Հակ. 1։5)։ Իսկ ի՞նչ օրհնություն կարող ես ակնկալել։ Առատ հոգևոր գանձեր։ Բացի այդ, Եհովան կօրհնի քեզ այն նյութական բաներով, որոնց կարիքը դու ունես (Մատթ. 6։33)։ Ովքեր փորձեն Եհովային այս առումով, կստանան այնքան «օրհնութիւն.... մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի» (Մաղ. 3։10)։