Ինչպիսի՞ նպատակներ ենք հետապնդում
1 Բոլորս էլ ինչ–որ չափով մտածում ենք մեր ապագա պլանների մասին։ Երկրային կյանքի հույսն ունեցող անհատներն ակնկալում են ապագայում ապրել Աստծո արդար նոր աշխարհում։ Սակայն կան բաներ, որոնք կարող են սառեցնել այդ հույսը մեր սրտերում։ Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր կյանքը կառուցենք Թագավորության շահերի շուրջ և չխոտորվենք՝ մարմնի ցանկություններով հրապուրվելով (Ա Յովհ. 2։15–17)։
2 Աշխարհը պարզապես չի կարող հասկանալ այն նպատակները, որոնց ցանկանում է հասնել հոգևոր ձգտումներ ունեցող անհատը (Ա Կորնթ. 2։14)։ Մինչ մարդիկ պայքարում են համբավ, իշխանություն կամ հարստություն ձեռք բերելու համար, մենք ձգտում ենք հոգևոր գանձեր կուտակել (Մատթ. 6։19–21)։ Արդյոք երբևիցե կհասնե՞նք մեր հոգևոր նպատակներին, եթե փորձենք մեր մտածելակերպը հարմարեցնել ապագայի վերաբերյալ աշխարհի տեսակետին։ Մեր սրտերը շուտով կլցվեն աշխարհիկ բաներով։ Իսկ ինչպե՞ս կարող ենք կանխել դա։
3 «Զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով»։ Կերպերից մեկը, որով կարող ենք տեսնել՝ արդյոք Թագավորության շահերի շուրջ ենք կառուցում մեր ապագան, թե՝ ոչ, մեր խոսակցությունները քննելն է։ Ինչպիսի՞ թեմաների շուրջ ենք մենք անվերջ խոսում. նյութական իրերի ու աշխարհիկ հետաքրքրությունների՞։ Եթե այո, ապա պետք է մտածենք, թե մեր սրտերը չե՞ն շեղվում արդյոք հոգևոր արժեքների վրա կենտրոնանալուց։ Գուցե, հարկ լինի ավելի շատ ուշադրություն դարձնել ‘Տեր Հիսուս Քրիստոսով զգեստավորվելու’ վրա և ոչ թե «մարմնի ցանկութիւնները կատարելու հետամուտ» լինելու (ՆԿ–ի ՆԱԹ) (Հռովմ. 13։14)։
4 Երիտասարդները կարող են ‘զգեստավորվել Քրիստոսով’՝ նպատակ ունենալով օրերից մի օր լիաժամ ծառայություն սկսել։ Մի երիտասարդ քրիստոնյա ցանկանում էր ընդհանուր ռահվիրա դառնալ, սակայն նա մեծացել էր մի միջավայրում, որտեղ ընդունված էր, որ երիտասարդները պետք է նախ ֆինանսապես ապահովվեին իրենց։ Ուստի, նա սկսեց խորանալ բիզնեսի մեջ։ Նա այնքան էր տարվել իր գործով, որ արդեն սկսել էր պարզապես մեքենայորեն հաճախել ժողովի հանդիպումներին ու մասնակցել ծառայությանը։ Սակայն եկավ մի պահ, երբ նա սկսեց վստահել Մատթէոս 6։33–ում արձանագրված Հիսուսի խոսքերին, թողեց իր այդ ընթացքը և լիաժամ ծառայության անցավ։ Այսօր նա մաքուր խղճով ծառայում է Եհովային, ինչպես ինքն է ասում, իր ուժերի ներածին չափով։
5 Աստվածաշունչն ասում է, որ ապագայի համար ծրագրեր կազմելը իմաստուն քայլ է (Առակ. 21։5, Արևմտ. Աստ.)։ Ուրեմն, եկեք բոլորս էլ հետևենք այդ քայլին՝ մեր հիշողության մեջ վառ պահելով Աստծո կամքը (Եփես. 5։15–17)։