Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ելք 1 ։ 1–40 ։ 38
  • Ելք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ելք
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ելք

ԵԼՔ

1 Եվ ահա սրանք են անունները Իսրայելի որդիների, այսինքն՝ Հակոբի որդիների, ովքեր նրա հետ եկան Եգիպտոս՝ այն բոլոր տղամարդկանց, որ եկան իրենց ընտանիքներով.+ 2 Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա,+ 3 Իսաքար, Զաբուղոն, Բենիամին, 4 Դան, Նեփթաղիմ, Գադ և Ասեր:+ 5 Հակոբից սերած* բոլոր մարդիկ 70 հոգի էին: Իսկ Հովսեփն արդեն Եգիպտոսում էր:+ 6 Անցավ ժամանակ, և Հովսեփը մահացավ:+ Մահացան նաև նրա բոլոր եղբայրներն ու այդ ողջ սերունդը: 7 Իսրայելացիները* շատ երեխաներ ունեցան, և նրանց թիվը խիստ աճեց: Նրանք արտասովոր արագությամբ շատանում էին ու հզորանում, այնպես որ երկիրը նրանցով լցվեց:+

8 Որոշ ժամանակ անց Եգիպտոսում սկսեց իշխել նոր թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում: 9 Նա ասաց իր ժողովրդին. «Իսրայելացիները ավելի մեծաթիվ ու հզոր են, քան մենք:+ 10 Եկեք խորագիտությամբ վարվենք նրանց հետ, այլապես նրանք կշարունակեն շատանալ, ու եթե պատերազմ բռնկվի, նրանք, միանալով մեր թշնամիներին, կկռվեն մեր դեմ և կհեռանան մեր երկրից»:

11 Ուստի իսրայելացիների վրա վերահսկիչներ նշանակեցին, որ ծանր աշխատանքի դնելով՝ չարչարեն նրանց:+ Եվ իսրայելացիները փարավոնի համար կառուցեցին Փիթոմ ու Ռամսես+ քաղաքները որպես պահեստավայրեր: 12 Բայց որքան շատ էին ճնշում իսրայելացիներին, այնքան նրանք ավելի մեծաքանակ էին դառնում և ընդլայնում էին իրենց բնակության սահմանները, այնպես որ եգիպտացիները նրանց հանդեպ վախով ու ատելությամբ լցվեցին:+ 13 Այդ պատճառով նրանք բռնի ուժով ստրկացրին իսրայելացիներին:+ 14 Նրանք դառնացրին իսրայելացիների կյանքը՝ պարտադրելով տաժանակիր աշխատանք կատարել՝ կավի շաղախ ու աղյուսներ պատրաստել և դաշտերում ամեն տեսակ գործ անել: Եգիպտացիները նրանց ստիպում էին ծանր պայմաններում ստրկական աշխատանք կատարել:+

15 Այնուհետև Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցի մանկաբարձուհիներ Սեփրայի և Փուայի հետ: 16 Նա ասաց. «Երբ եբրայեցի կանանց օգնում եք ծննդաբերել,+ տեսեք, եթե ծնվածը տղա է, սպանեք նրան, իսկ եթե աղջիկ, ողջ թողեք»: 17 Սակայն մանկաբարձուհիները ակնածալից վախ ունեին ճշմարիտ Աստծու հանդեպ և չէին անում Եգիպտոսի թագավորի ասածը: Նրանք ողջ էին թողնում տղա երեխաներին:+ 18 Որոշ ժամանակ հետո Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձուհիներին և ասաց. «Ինչո՞ւ եք տղա երեխաներին ողջ թողել»: 19 Մանկաբարձուհիները պատասխանեցին փարավոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են և մինչև մանկաբարձուհու գալը ծննդաբերում են»:

20 Այդ ամենի համար Աստված բարիք էր անում մանկաբարձուհիներին: Իսկ ժողովուրդը շատանում էր ու հզորանում: 21 Ճշմարիտ Աստված մանկաբարձուհիներին իրենց աստվածավախության համար հետագայում ընտանիքներ պարգևեց: 22 Ի վերջո փարավոնն իր ամբողջ ժողովրդին հրամայեց. «Եբրայեցի ամեն նորածին տղայի Նեղոս գե՛տը գցեք, բայց ամեն աղջկա ո՛ղջ թողեք»:+

2 Այդ ժամանակներում Ղևիի ցեղից մի մարդ կնության առավ նույն ցեղի աղջիկներից մեկին:+ 2 Կինը հղիացավ ու մի որդի ծնեց: Տեսնելով, թե որքան գեղեցիկ է երեխան՝ նա երեք ամիս թաքցրեց նրան:+ 3 Երբ այլևս չէր կարող թաքցնել,+ պապիրուսից պատրաստված մի զամբյուղ* վերցրեց, պատեց հանքաձյութով ու կուպրով, երեխային պառկեցրեց մեջը և զամբյուղը դրեց Նեղոս գետի ափին՝ եղեգների մեջ: 4 Իսկ երեխայի քույրը+ կանգնեց հեռվում, որ տեսնի, թե ինչ կլինի նրան:

5 Որոշ ժամանակ հետո փարավոնի դուստրը եկավ Նեղոս գետում լողանալու: Նրա սպասուհիները քայլում էին գետի ափով: Հանկարծ նա նկատեց եղեգների մեջ դրված զամբյուղը և անմիջապես իր աղախնին ուղարկեց, որ բերի այն:+ 6 Զամբյուղը բացելով՝ փարավոնի դուստրը տեսավ երեխային. տղան լաց էր լինում: Նա խղճաց մանկանը և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»: 7 Այդ ժամանակ երեխայի քույրը ասաց փարավոնի դստերը. «Գնա՞մ եբրայեցիների միջից մի կերակրող կին կանչեմ երեխայի համար»: 8 Փարավոնի դուստրն ասաց. «Գնա»: Աղջիկն էլ անմիջապես գնաց ու կանչեց երեխայի մորը:+ 9 Փարավոնի դուստրը երեխայի մորն ասաց. «Տար մանկանը ու կերակրիր: Ես դրա համար կվճարեմ քեզ»: Կինը տարավ երեխային ու սկսեց կերակրել նրան: 10 Երբ երեխան մեծացավ, մայրը բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա դարձավ նրա որդին:+ Փարավոնի դուստրը տղայի անունը Մովսես* դրեց՝ ասելով. «Ջրից եմ հանել նրան»:+

11 Երբ Մովսեսն արդեն չափահաս մարդ էր դարձել,* մի օր գնաց իր եղբայրների մոտ՝ տեսնելու այն տաժանակիր աշխատանքը, որ նրանք անում էին:+ Նա տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին: 12 Շուրջը նայելով ու տեսնելով, որ ոչ ոք չկա՝ նա սպանեց եգիպտացուն+ ու թաքցրեց ավազի մեջ:

13 Հաջորդ օրը, երբ Մովսեսը դուրս գնաց, տեսավ, որ երկու եբրայեցի կռվում են իրար հետ, և մեղավորին ասաց. «Ինչո՞ւ ես խփում ընկերոջդ»:+ 14 Նա էլ պատասխանեց. «Քեզ ո՞վ է իշխան ու դատավոր նշանակել մեզ վրա: Չլինի՞ ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես այն եգիպտացուն սպանեցիր»:+ Մովսեսը վախեցավ ու մտածեց. «Հաստատ այդ մասին իմացել են»:

15 Փարավոնը լսեց, թե ինչ է եղել, և ցանկացավ սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ նրանից ու գնաց Մադիանի+ երկիր, որ այնտեղ բնակվի: Տեղ հասնելով՝ նա նստեց մի ջրհորի մոտ: 16 Մադիանի+ քահանան յոթ աղջիկ ուներ: Նրանք եկան, որ ջուր հանեն ու լցնեն գուռերը՝* իրենց հոր հոտին խմեցնելու համար: 17 Բայց հովիվները եկան և, ինչպես միշտ, քշեցին նրանց: Այդ ժամանակ Մովսեսը վեր կացավ ու օգնեց* աղջիկներին, նաև ջուր տվեց նրանց հոտին: 18 Երբ նրանք եկան տուն՝ իրենց հոր՝ Ռագուելի*+ մոտ, նա զարմացած հարցրեց. «Ինչպե՞ս է, որ այսօր այդքան շուտ եկաք»: 19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի+ ազատեց մեզ հովիվների ձեռքից: Նա նույնիսկ ջուր հանեց, որ մեր հոտը խմի»: 20 Ռագուելն էլ ասաց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա: Ինչո՞ւ եք այդ մարդուն թողել այնտեղ: Կանչեք նրան, որ հաց ուտի մեզ հետ»: 21 Հետո Մովսեսը համաձայնվեց բնակվել Ռագուելի մոտ, և նա իր աղջկան՝ Սեպփորային,+ կնության տվեց Մովսեսին: 22 Որոշ ժամանակ անց Սեպփորան որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը Գերսամ*+ դրեց՝ ասելով. «Ես պանդուխտ դարձա օտար երկրում»:+

23 Երկար ժամանակ անցավ, և Եգիպտոսի թագավորը մահացավ,+ սակայն իսրայելացիները շարունակում էին ստրկության լծի տակ հառաչել ու դառնագին աղաղակել: Նրանք շարունակ օգնության էին կանչում ճշմարիտ Աստծուն:+ 24 Աստված լսեց նրանց հառաչանքը+ և որոշեց գործի անցնել ու կատարել իր ուխտը,* որ հաստատել էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ:+ 25 Աստված ուշադրություն դարձրեց իսրայելացիներին և տեսավ նրանց տառապանքը:

3 Մովսեսը սկսեց հովվել Մադիանի քահանա Հոթորի՝+ իր աներոջ հոտը: Մի անգամ, երբ նա հոտը տանում էր դեպի անապատի արևմտյան կողմը, հասավ Քորեբ՝ ճշմարիտ Աստծու լեռը:+ 2 Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան մի այրվող փշաթփի բոցի մեջ:+ Մովսեսը նայեց ու տեսավ, որ թեև թուփն այրվում է, բայց չի սպառվում: 3 Ուստի ասաց. «Գնամ տեսնեմ, թե այդ ինչ արտասովոր երևույթ է՝ ինչպես է, որ թուփը այրվում է, բայց չի սպառվում»: 4 Երբ Եհովան տեսավ, որ նա մոտ է գալիս, որ նայի, կանչեց նրան թփի միջից՝ ասելով. «Մովսե՛ս, Մովսե՛ս»: Նա էլ ասաց. «Լսում եմ»: 5 Աստված ասաց. «Դրանից ավել մի՛ մոտեցիր: Հանի՛ր սանդալներդ, որովհետև սուրբ հողի վրա ես կանգնած»:

6 Նա շարունակեց. «Ես քո հայրերի* Աստվածն եմ՝ Աբրահամի Աստվածը,+ Իսահակի Աստվածը+ և Հակոբի Աստվածը»:+ Մովսեսը ծածկեց երեսը, որովհետև վախենում էր նայել ճշմարիտ Աստծուն: 7 Եհովան ավելացրեց. «Ես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի կեղեքիչների լծի պատճառով նրանց բարձրացրած աղաղակը: Ես լավ գիտեմ, թե ինչ տառապանքներ են նրանք կրում:+ 8 Ուստի կիջնեմ,* որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից,+ հանեմ այդ երկրից ու տանեմ մի բարեբեր, ընդարձակ երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում՝+ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ երկիրը: 9 Իսրայելի ժողովրդի աղաղակը ինձ հասավ, ու ես տեսա, թե եգիպտացիներն ինչպես են անգթորեն չարչարում նրանց:+ 10 Հիմա ես քեզ կուղարկեմ փարավոնի մոտ, և դու իմ ժողովրդին՝ իսրայելացիներին, կհանես Եգիպտոսից»:+

11 Բայց Մովսեսն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և իսրայելացիներին հանեմ Եգիպտոսից»: 12 Նա էլ ասաց. «Ես քեզ հետ կլինեմ,+ և ահա թե ինչը նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա+ դուք կպաշտեք* ճշմարիտ Աստծուն»:

13 Սակայն Մովսեսն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ենթադրենք՝ գնամ իսրայելացիների մոտ ու ասեմ՝ «Ձեր նախահայրերի Աստվածը ինձ ուղարկել է ձեզ մոտ», և նրանք հարցնեն՝ «Ի՞նչ է նրա անունը»,+ այդ դեպքում ի՞նչ ասեմ նրանց»: 14 Աստված ասաց Մովսեսին. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»:*+ Եվ ավելացրեց. «Ահա թե ինչ կասես իսրայելացիներին. ««Ես կդառնամ»-ն է ինձ ուղարկել ձեզ մոտ»»:+ 15 Աստված կրկին ասաց Մովսեսին.

«Իսրայելացիներին ասա. «Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը,+ Իսահակի Աստվածը+ և Հակոբի Աստվածը»:+ Սա է իմ անունը հավիտյան,+ և այս անունով ինձ կհիշեն սերնդեսերունդ: 16 Գնա, հավաքիր Իսրայելի երեցներին ու ասա նրանց. «Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, հայտնվեց ինձ ու ասաց. «Ես ուշադրություն եմ դարձրել ձեզ+ և տեսել եմ, թե ձեզ հետ ինչպես են վարվում Եգիպտոսում: 17 Ուստի ասում եմ՝ ես կազատեմ ձեզ եգիպտացիների կեղեքումից+ ու կտանեմ քանանացիների, քետացիների, ամորհացիների,+ փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»»:+

18 Նրանք հաստատ կլսեն քո ձայնին,+ և դու Իսրայելի երեցների հետ կգնաս Եգիպտոսի թագավորի մոտ: Նրան կասեք. «Եբրայեցիների+ Աստված Եհովան խոսել է մեզ հետ: Ուստի խնդրում ենք, թող երեք օրով* գնանք անապատ և զոհ մատուցենք մեր Աստված Եհովային»:+ 19 Բայց ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տա գնալ, մինչև որ մի զորավոր ձեռք չստիպի նրան:+ 20 Ուստի ես կմեկնեմ ձեռքս ու չտեսնված բաներ անելով՝ կհարվածեմ Եգիպտոսին. դրանից հետո նա ազատ կարձակի ձեզ:+ 21 Ես այնպես կանեմ, որ եգիպտացիները բարեհաճ լինեն ձեր հանդեպ, և հեռանալիս բնավ դատարկաձեռն+ չեք գնա: 22 Յուրաքանչյուր կին իր հարևանից և իր տանն ապրող կնոջից պետք է արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի, ինչպես նաև հագուստներ. դրանք կհագցնեք ձեր որդիներին ու աղջիկներին: Այդպես ավար կվերցնեք եգիպտացիներից»:+

4 Սակայն Մովսեսը պատասխանեց. «Իսկ ի՞նչ անեմ, եթե նրանք չհավատան ինձ ու չլսեն իմ ձայնին:+ Նրանք կասեն՝ Եհովան քեզ չի հայտնվել»: 2 Եհովան հարցրեց. «Այդ ի՞նչ է ձեռքիդ»: Մովսեսը պատասխանեց. «Գավազան»: 3 Նա էլ ասաց. «Գետնին գցիր»: Մովսեսը գավազանը գետնին գցեց, և այն օձ դարձավ,+ ու Մովսեսը փախավ դրանից: 4 Ապա Եհովան ասաց նրան. «Մեկնիր ձեռքդ ու բռնիր դրա պոչից»: Մովսեսը ձեռքը մեկնեց, բռնեց այն, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում: 5 Աստված ասաց. «Այդպես կանես, որպեսզի նրանք հավատան, որ Եհովան՝ իրենց նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը,+ հայտնվել է քեզ»:+

6 Եհովան նորից ասաց Մովսեսին. «Ձեռքդ ծոցդ տար, խնդրեմ»: Նա ձեռքը ծոցը տարավ, և երբ հանեց, այն բորոտությունից ձյան պես սպիտակ էր դարձել:+ 7 Հետո Աստված ասաց. «Ձեռքդ նորից ծոցդ տար»: Նա էլ ձեռքը ծոցը տարավ, ու երբ հանեց, այն իր ողջ մարմնի պես առողջ էր: 8 Աստված ասաց. «Եթե նրանք չհավատան քեզ ու առաջին նշանին ուշադրություն չդարձնեն, ապա հաջորդ նշանին+ հաստատ ուշադրություն կդարձնեն: 9 Իսկ եթե այս երկու նշանները տեսնելով էլ չհավատան ու չլսեն քո ձայնին, այդ դեպքում Նեղոսից մի քիչ ջուր կվերցնես ու կթափես գետնին. Նեղոսից վերցված ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»:+

10 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Ներիր ինձ, Եհո՛վա, բայց ես երբեք վարժ չեմ խոսել՝ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա՝ ծառայիդ հետ քո խոսելուց հետո, քանի որ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ»:+ 11 Իսկ Եհովան ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել: Ո՞վ է ի զորու համր ու խուլ դարձնել նրան, տեսողություն տալ կամ կույր դարձնել: Չէ՞ որ ես՝ Եհովաս: 12 Ուրեմն գնա՛. երբ խոսես, ես քեզ հետ կլինեմ* ու կսովորեցնեմ, թե ինչ ասես»:+ 13 Սակայն Մովսեսն ասաց. «Ներիր ինձ, Եհո՛վա: Խնդրում եմ, ուրիշին ուղարկիր՝ ում որ կուզես»: 14 Այդ պահին Եհովան խիստ բարկացավ Մովսեսի վրա և ասաց. «Իսկ ղևտացի Ահարո՞նը՝+ քո եղբայրը. ես գիտեմ, որ նա շատ լավ է խոսում: Նա արդեն գալիս է, որ հանդիպի քեզ, ու երբ տեսնի, կուրախանա:*+ 15 Խոսիր նրա հետ և հաղորդիր իմ խոսքերը:+ Ես քեզ հետ ու նրա հետ կլինեմ, երբ խոսեք,+ ու կսովորեցնեմ ձեզ, թե ինչ անեք: 16 Նա քո փոխարեն կխոսի ժողովրդի հետ և քեզ համար խոսնակ կլինի, իսկ դու նրա համար՝ ինչպես Աստված:*+ 17 Այս գավազանը ձեռքդ վերցրու, որ դրանով անես հրաշքները»:+

18 Մովսեսը վերադարձավ իր աներոջ՝+ Հոթորի մոտ ու ասաց. «Ուզում եմ վերադառնալ եղբայրներիս մոտ, որ Եգիպտոսում են, ու տեսնել՝ ողջ-առո՞ղջ են»: Հոթորն էլ ասաց Մովսեսին. «Գնա խաղաղությամբ»: 19 Դրանից հետո, երբ Մովսեսը դեռ Մադիանում էր, Եհովան ասաց նրան. «Գնա, վերադարձիր Եգիպտոս, որովհետև բոլոր նրանք, ովքեր ուզում էին սպանել քեզ,* մահացել են»:+

20 Մովսեսը իր կնոջն ու որդիներին նստեցրեց էշին և ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս: Նա իր հետ վերցրեց ճշմարիտ Աստծու գավազանը: 21 Հետո Եհովան Մովսեսին ասաց. «Երբ վերադառնաս Եգիպտոս, փարավոնի առաջ անպայման կանես այն բոլոր հրաշքները, որոնք անելու զորություն եմ տվել քեզ:+ Բայց ես կթողնեմ, որ նրա սիրտը համառ դառնա,+ և նա ժողովրդին թույլ չի տա գնալ:+ 22 Փարավոնին կասես. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Իսրայելը իմ որդին է՝ իմ առաջնեկը:+ 23 Ուստի, ասում եմ, թող որդիս գնա, որ ծառայի ինձ, իսկ եթե չթողնես, ես կսպանեմ քո որդուն՝ քո առաջնեկին»»»:+

24 Ճանապարհին, երբ նա կանգ էր առել մի իջևանատեղում, Եհովան*+ հայտնվեց նրան և ուզում էր նրան* սպանել:+ 25 Այդ ժամանակ Սեպփորան,+ վերցնելով մի կայծքար,* կտրեց իր որդու թլիփը և այն գցեց նրա* ոտքերի մոտ՝* ասելով. «Դու արյան փեսա ես ինձ համար»: 26 Ուստի Աստված թողեց նրան: Թլփատության պատճառով էր, որ այդ ժամանակ Սեպփորան ասաց՝ արյան փեսա:

27 Եհովան Ահարոնին ասաց. «Գնա անապատ՝ Մովսեսին ընդառաջ»:+ Ահարոնն էլ գնաց, հանդիպեց նրան ճշմարիտ Աստծու լեռան+ մոտ և համբուրելով ողջունեց: 28 Մովսեսը Ահարոնին հաղորդեց Եհովայի բոլոր խոսքերը, որ իրեն ուղարկելիս ասել էր,+ և պատմեց այն բոլոր հրաշքների մասին, որ իրեն պատվիրել էր անել:+ 29 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին իսրայելացիների բոլոր երեցներին:+ 30 Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան ասել էր Մովսեսին, և Մովսեսը ժողովրդի աչքի առաջ արեց այդ հրաշքները:+ 31 Տեսնելով այդ ամենը՝ ժողովուրդը հավատաց:+ Երբ նրանք լսեցին, որ Եհովան ուշադրություն է դարձրել իսրայելացիներին+ և որ տեսել է իրենց չարչարանքները,+ ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:

5 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Թո՛ղ իմ ժողովրդին, որ գնա և իմ պատվին տոն նշի անապատում»»: 2 Բայց փարավոնն ասաց. «Եհովան ո՞վ է,+ որ հնազանդվեմ նրան և Իսրայելին թույլ տամ՝ գնա:+ Ես Եհովային չե՛մ ճանաչում և Իսրայելին էլ չե՛մ թողնի, որ գնա»:+ 3 Սակայն նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածը խոսել է մեզ հետ: Խնդրում ենք, թույլ տուր, որ անապատ գնանք երեք օրով* ու մեր Աստված Եհովային զոհ մատուցենք,+ այլապես նա կպատուհասի մեզ հիվանդությամբ կամ սրով»: 4 Եգիպտոսի թագավորն էլ ասաց. «Մովսե՛ս ու Ահարո՛ն, ինչո՞ւ եք ժողովրդին գործից կտրում: Գնացեք աշխատե՛ք»:+ 5 Փարավոնն ավելացրեց. «Այս երկրում ձեր ժողովուրդը մեծաթիվ է, իսկ դուք ուզում եք այդ բոլոր մարդկանց գործից կտրել»:

6 Հենց նույն օրը փարավոնը վերահսկիչներին ու իսրայելացի գործավարներին հրամայեց. 7 «Ժողովրդին այլևս հարդ* մի՛ տվեք աղյուս պատրաստելու համար:+ Թող իրե՛նք գնան ու հավաքեն: 8 Բայց շարունակե՛ք նրանցից պահանջել աղյուսի նույն քանակը, ինչ առաջ: Չնվազեցնե՛ք այն: Նրանք գլուխ են պահում:* Դրա համար էլ աղաղակում են, թե՝ «Ուզում ենք գնալ, ուզում ենք զոհ մատուցել մեր Աստծուն»: 9 Ավելի շա՛տ աշխատեցրեք նրանց, զբաղվա՛ծ պահեք, որ ուշադրություն չդարձնեն փուչ խոսքերի»:

10 Ուստի վերահսկիչներն+ ու գործավարները գնացին և ասացին ժողովրդին. «Փարավոնն ասում է. «Ձեզ այլևս հարդ չեմ տա: 11 Գնացե՛ք ու ինքնե՛րդ հայթայթեք, որտեղից որ կարող եք, բայց ձեր գործը բոլորովին չի պակասեցվի»»: 12 Եվ Եգիպտոսի ողջ տարածքում ժողովուրդը դեսուդեն ընկավ, որ ծղոտ հավաքի հարդ պատրաստելու համար: 13 Իսկ վերահսկիչները անընդհատ ճնշում էին նրանց՝ ասելով. «Ամեն օր պետք է աղյուսի նույն քանակությունն ապահովեք, ինչ այն ժամանակ, երբ ձեզ հարդ էր տրվում»: 14 Բացի այդ՝ փարավոնի վերահսկիչները ծեծեցին իսրայելացիների գործավարներին, որոնց իրենք նշանակել էին նրանց վրա,+ և ասացին. «Ինչո՞ւ առաջվա պես սահմանված քանակով աղյուս չեք պատրաստել: Երեկ էլ չեք արել, այսօր էլ»:

15 Իսրայելացիների գործավարներն էլ գնացին փարավոնի մոտ ու բողոքեցին. «Ինչո՞ւ ես ծառաներիդ հետ այդպես վարվում: 16 Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց ասում են՝ «Աղյուսնե՛ր պատրաստեք»: Հետո էլ մեզ՝ քո ծառաներին, ծեծում են, այնինչ քո ժողովուրդն է մեղավոր»: 17 Բայց նա ասաց. «Գլո՛ւխ եք պահում, դուք բոլորդ գլո՛ւխ եք պահում:*+ Դրա համար էլ ասում եք. «Ուզում ենք գնալ, ուզում ենք զոհ մատուցել Եհովային»:+ 18 Այնպես որ գնացեք աշխատե՛ք: Ձեզ հարդ չի տրվելու, բայց դուք պիտի սահմանված քանակով աղյուսներ պատրաստեք»:

19 Իսրայելացիների գործավարները հասկացան, որ աղետալի դրության մեջ են հայտնվել այդ հրամանի պատճառով, ըստ որի՝ իրենք բոլորովին չպետք է պակասեցնեն աղյուսների օրական քանակը: 20 Դուրս գալով փարավոնի մոտից՝ գործավարները հանդիպեցին Մովսեսին ու Ահարոնին, որոնք կանգնել էին այնտեղ, որ դիմավորեն նրանց: 21 Նրանք ասացին. «Թող Եհովան տեսնի ձեր արածը և դատի, քանի որ այնպես արեցիք, որ փարավոնն ու իր ծառաները ատեն մեզ,* և նրանց ձեռքը սուր տվեցիք, որ մեզ սպանեն»:+ 22 Այդ ժամանակ Մովսեսը դիմեց Եհովային ու ասաց. «Եհո՛վա, ինչո՞ւ չարիք պատճառեցիր այս ժողովրդին: Ինչո՞ւ ուղարկեցիր ինձ: 23 Այն ժամանակվանից, ինչ գնացել եմ փարավոնի մոտ՝ քո անունից խոսելու,+ նա ավելի վատ է վերաբերվում ժողովրդին,+ իսկ դու այդպես էլ չես ազատել նրանց»:+

6 Եհովան ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ես ինչ կանեմ փարավոնին:+ Իմ զորավոր ձեռքով կստիպեմ, որ ազատ արձակի իմ ժողովրդին, իմ հզոր ձեռքով կպարտադրեմ, որ դուրս հանի նրանց իր երկրից»:+

2 Ապա Աստված Մովսեսին ասաց. «Ես Եհովան եմ: 3 Աբրահամին, Իսահակին ու Հակոբին ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված,+ բայց իմ Եհովա անունով+ ինձ հայտնի չեմ դարձրել նրանց:*+ 4 Նաև իմ ուխտն եմ հաստատել նրանց հետ, որ նրանց տամ Քանանի երկիրը՝ այն երկիրը, որտեղ նրանք ապրել են որպես պանդուխտ:+ 5 Ես լսեցի իսրայելացիների հառաչանքը, որոնց ստրկացրել են եգիպտացիները: Ես հիշում եմ իմ ուխտը:+

6 Ուստի Իսրայելի ժողովրդին ասա. «Ես Եհովան եմ: Ես կազատեմ ձեզ եգիպտացիների լծից ու կազատագրեմ ստրկությունից,+ կփրկեմ ձեզ իմ հզոր* բազկով ու մեծ դատաստաններով:+ 7 Ես ձեզ իմ ժողովուրդը կդարձնեմ ու ձեր Աստվածը կլինեմ,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով ազատում է ձեզ Եգիպտոսի լծից: 8 Ես կտանեմ ձեզ այն երկիրը, որ երդվել եմ* տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին: Այն ձեզ կտամ որպես սեփականություն:+ Ես Եհովան եմ»»:+

9 Մովսեսն այս ամենը հաղորդեց իսրայելացիներին, բայց նրանք չլսեցին, քանի որ տառապում էին ստրկության ծանր լծի տակ ու վհատված էին:+

10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 11 «Գնա փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի մոտ ու նրան ասա, որ իսրայելացիներին թույլ տա գնալ իր երկրից»: 12 Սակայն Մովսեսն ասաց Եհովային. «Եթե անգամ իսրայելացինե՛րը չլսեցին ինձ,+ փարավոնն ինչպե՞ս կլսի: Չէ՞ որ ես դժվարությամբ եմ խոսում»:*+ 13 Բայց Եհովան Մովսեսին ու Ահարոնին կրկին ասաց, թե ինչ հրամաններ հաղորդեն իսրայելացիներին ու փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, որ իսրայելացիներին դուրս հանեն Եգիպտոսից:

14 Ահա թե ովքեր էին իսրայելացիների տոհմերի գլուխները: Իսրայելի առաջնեկ Ռուբենի+ որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+ Այս անուններով են կոչվում Ռուբենի ցեղի տոհմերը:

15 Շմավոնի որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Սավուղը՝ քանանացի կնոջ որդին:+ Այս անուններով են կոչվում Շմավոնի ցեղի տոհմերը:

16 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+ Այս անուններով են կոչվում նրանց տոհմերը: Ղևին ապրել է 137 տարի:

17 Գերսոնի որդիներն էին Լոբենը և Սեմեին: Այս անուններով են կոչվում նրանց տոհմերը:+

18 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը:+ Կահաթն ապրել է 133 տարի:

19 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին:

Սրանք էին ղևտացիների տոհմերը՝ թվարկված ըստ իրենց ծագման:+

20 Ամրամը կնության առավ իր հոր ազգականուհուն՝* Հոքաբեթին:+ Նա Ամրամի համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին:+ Ամրամն ապրեց 137 տարի:

21 Իսահառի որդիներն էին Կորխը,+ Նաֆեկը և Զեքրին:

22 Օզիելի որդիներն էին Միսայելը, Ելիսաֆանը+ և Սեթրին:

23 Ահարոնը կնության առավ Եղիսաբեթին՝ Ամինադաբի աղջկան՝ Նաասոնի+ քրոջը: Եղիսաբեթը նրա համար ծնեց Նադաբին, Աբիուին, Եղիազարին ու Իթամարին:+

24 Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը:+ Այս անուններով են կոչվում Կորխյանների+ տոհմերը:

25 Ահարոնի որդին՝ Եղիազարը,+ կնության առավ Փուտիելի աղջիկներից մեկին: Նա Եղիազարի համար ծնեց Փենեհեսին:+

Սրանք էին ղևտացիների գերդաստանների գլուխները՝ թվարկված ըստ իրենց տոհմերի:+

26 Սա է Ահարոնի ու Մովսեսի տոհմածառը: Նրանց էր, որ Եհովան ասաց. «Իսրայելի ժողովրդին կազմակերպված խմբերով* հանեք Եգիպտոսից»:+ 27 Մովսեսն ու Ահարոնն էին, որ խոսեցին փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի հետ, որ Իսրայելի ժողովրդին հանեն Եգիպտոսից:+

28 Այն օրը, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսում, 29 Եհովան ասաց նրան. «Ես Եհովան եմ: Հաղորդի՛ր փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, այն ամենը, ինչ ասում եմ քեզ»: 30 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Չէ՞ որ ես դժվարությամբ եմ խոսում,* ուրեմն ինչպե՞ս փարավոնը կլսի ինձ»:+

7 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Տես, ես քեզ նշանակել եմ, որ լինես ինչպես Աստված* փարավոնի առաջ, իսկ քո եղբայր Ահարոնը քո մարգարեն կլինի:+ 2 Դու քո եղբայր Ահարոնին կհաղորդես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, նա էլ կխոսի փարավոնի հետ, և ի վերջո փարավոնը իսրայելացիներին թույլ կտա գնալ իր երկրից: 3 Ես կթողնեմ, որ փարավոնի սիրտը համառ դառնա,+ և բազում զորավոր գործեր ու հրաշքներ կանեմ Եգիպտոսում:+ 4 Փարավոնը ձեզ չի լսի, և ես իմ զորավոր ձեռքով կգործեմ ընդդեմ Եգիպտոսի ու մեծ դատաստաններով այնտեղից կհանեմ իմ մեծաթիվ ժողովրդին՝* իսրայելացիներին:+ 5 Ու երբ զորավոր ձեռքով գործեմ ընդդեմ Եգիպտոսի և իսրայելացիներին հանեմ նրանց միջից, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+ 6 Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց. նրանք հենց այդպես արեցին: 7 Մովսեսը 80 տարեկան էր, իսկ Ահարոնը՝ 83, երբ խոսեցին փարավոնի հետ:+

8 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 9 «Եթե փարավոնն ասի՝ «Մի հրաշք արեք», դու՝ Մովսե՛ս, Ահարոնին կասես. «Վերցրու գավազանդ ու նետիր փարավոնի առաջ»: Այդ ժամանակ այն մեծ օձ կդառնա»:+ 10 Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր: Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի ու նրա ծառաների առաջ, և այն մեծ օձ դարձավ: 11 Սակայն փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, և Եգիպտոսի այդ քրմերը*+ իրենց մոգությամբ նույնն արեցին:+ 12 Յուրաքանչյուրն իր գավազանը ցած գցեց, և դրանք մեծ օձեր դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները: 13 Այդուհանդերձ, փարավոնի սիրտը համառ դարձավ,+ և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր:

14 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացած է:+ Նա չի համաձայնվում ազատ արձակել ժողովրդին: 15 Ուստի առավոտյան գնա փարավոնի մոտ: Նա ջրի մոտ կգա: Իսկ դու կանգնիր Նեղոս գետի ափին, որ հանդիպես նրան: Հետդ վերցրու այն գավազանը, որն օձ էր դարձել:+ 16 Փարավոնին ասա. «Եհովան՝ եբրայեցիների Աստվածն է ինձ ուղարկել քեզ մոտ:+ Նա ասում է. «Բա՛ց թող իմ ժողովրդին, որ գնա և անապատում պաշտի* ինձ»: Բայց մինչև հիմա դու չես հնազանդվում: 17 Ուստի ահա թե ինչ է ասում Եհովան. «Սրանի՛ց կիմանաս, որ ես Եհովան եմ.+ իմ գավազանով կհարվածեմ Նեղոս գետի ջրին, և այն արյուն կդառնա: 18 Նեղոս գետի ձկները կսատկեն, գետը կգարշահոտի, ու եգիպտացիները չեն կարողանա գետից ջուր խմել»»»:

19 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ ձեռքդ վերցրու և մեկնիր դեպի Եգիպտոսի ջրերը՝+ նրանց գետերը, Նեղոսի ջրանցքները, ճահիճներն+ ու բոլոր ջրամբարները, որ դրանց ջրերը արյուն դառնան»: Եվ ողջ Եգիպտոսում արյուն կլինի, անգամ փայտե ու քարե տարաներում»: 20 Մովսեսն ու Ահարոնը իսկույն արեցին այնպես, ինչպես պատվիրեց Եհովան. Ահարոնը բարձրացրեց գավազանը, փարավոնի ու նրա ծառաների աչքի առաջ հարվածեց Նեղոսի ջրին, և գետի ամբողջ ջուրը արյուն դարձավ:+ 21 Նեղոս գետի ձկները սատկեցին,+ և գետը սկսեց գարշահոտել, այնպես որ եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել գետից:+ Ողջ Եգիպտոսում արյուն էր:

22 Բայց Եգիպտոսի քրմերը իրենց կախարդությամբ+ նույնն արեցին, ուստի փարավոնի սիրտը համառ մնաց, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ճիշտ ինչպես Եհովան ասել էր:+ 23 Փարավոնը վերադարձավ տուն, և այս անգամ էլ իր տեսածը ոչ մի ազդեցություն չթողեց իր վրա: 24 Բոլոր եգիպտացիները սկսեցին փորել Նեղոսի շրջակայքը, որ խմելու ջուր գտնեն, քանի որ գետի ջրից չէին կարողանում խմել: 25 Անցավ յոթ լրիվ օր այն բանից հետո, երբ Եհովան պատուհասեց Նեղոս գետը:

8 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ և ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ:+ 2 Բայց եթե կրկին չհամաձայնվես ազատ արձակել նրանց, ես քո ամբողջ տարածքը գորտերով կպատուհասեմ:+ 3 Գորտերը կվխտան Նեղոս գետում և դուրս կգան ու կմտնեն քո տուն, քո ննջարան, քո անկողին, քո ծառաների տները, կցատկեն քո ժողովրդի վրա, կմտնեն քո վառարանների ու խմորատաշտերի մեջ:+ 4 Գորտերը կցատկեն քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա»»»:

5 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ մեկնիր դեպի գետերը, Նեղոսի ջրանցքներն ու ճահիճները և Եգիպտոսի վրա գորտեր դուրս բեր»»: 6 Ահարոնը ձեռքը մեկնեց Եգիպտոսի ջրերի վրա, և ջրերից սկսեցին գորտեր դուրս գալ. դրանք ծածկեցին Եգիպտոսի ողջ տարածքը: 7 Սակայն մոգությամբ զբաղվող քրմերը իրենց հնարքներով նույնն արեցին՝ գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի վրա:+ 8 Այդ ժամանակ փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Եհովային, որ ինձնից ու իմ ժողովրդից հեռացնի գորտերին,+ քանի որ հիմա համաձայն եմ ազատ արձակել ժողովրդին, որ Եհովային զոհ մատուցի»: 9 Մովսեսն ասաց փարավոնին. «Դու ինքդ որոշիր, խնդրեմ, թե երբ աղաչեմ, որ գորտերը հեռացվեն քեզնից, քո ծառաներից, քո ժողովրդից ու քո տներից: Դրանք միայն Նեղոս գետում կմնան»: 10 Նա էլ պատասխանեց՝ վաղը: Եվ Մովսեսն ասաց. «Թող քո ասածով լինի, որպեսզի իմանաս, որ մեր Աստված Եհովայի պես ուրիշը չկա:+ 11 Գորտերը կհեռանան քեզնից, քո տներից, քո ծառաներից ու քո ժողովրդից: Դրանք միայն Նեղոսում կմնան»:+

12 Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից, և Մովսեսը աղերսեց Եհովային, որ վերացնի գորտերին, որոնց բերել էր փարավոնի վրա:+ 13 Եհովան կատարեց Մովսեսի խնդրանքը, և գորտերը սկսեցին սատկել տներում, բակերում ու դաշտերում: 14 Մարդիկ դիզում էին դրանք անթիվ-անհամար կույտերով, և երկիրը սկսեց գարշահոտել: 15 Երբ փարավոնը տեսավ, որ պատուհասը դադարեց, իր սիրտը կարծրացրեց.+ նա չկամեցավ լսել Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր:

16 Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ մեկնիր ու հարվածիր գետնի փոշուն, և այն ողջ Եգիպտոսով մեկ մժեղների կվերածվի»»: 17 Նրանք այդպես էլ արեցին: Ահարոնը մեկնեց գավազանը, հարվածեց գետնի փոշուն, ու ողջ Եգիպտոսով մեկ այն վերածվեց մժեղների: Դրանք վրա տվեցին մարդկանց ու անասուններին:+ 18 Մոգությամբ զբաղվող քրմերը փորձեցին իրենց հնարքներով նույնն անել՝+ մժեղներ առաջ բերել, բայց չկարողացան: Մժեղները վրա էին տալիս մարդկանց ու անասուններին: 19 Ուստի քրմերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է սրա մեջ»:+ Սակայն փարավոնի սիրտը համառ մնաց, և նա չլսեց: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր:

20 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վեր կաց ու կանգնիր փարավոնի առաջ: Նա կգա ջրի մոտ: Նրան ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ: 21 Բայց եթե ազատ չարձակես, քեզ վրա, քո ծառաների, քո ժողովրդի և քո տների վրա խայթող ճանճեր* կուղարկեմ: Եգիպտոսի տները խայթող ճանճերով կլցվեն. դրանք կծածկեն անգամ նրանց ոտքի տակի հողը: 22 Այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմ երկիրը, որտեղ իմ ժողովուրդն է: Ոչ մի խայթող ճանճ չի լինի այնտեղ,+ և դրանից կիմանաս, որ ես՝ Եհովաս, այստեղ եմ՝ այս երկրում:+ 23 Ես տարբերություն կդնեմ իմ ժողովրդի ու քո ժողովրդի միջև: Վաղը այս նշանը կլինի»»»:

24 Եհովան այդպես էլ արեց: Խայթող ճանճերի խիտ պարսերը ներխուժեցին փարավոնի ու նրա ծառաների տները, մտան Եգիպտոսի ողջ տարածք:+ Դրանք մեծ վնաս պատճառեցին ողջ երկրին:+ 25 Ի վերջո փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացեք ու ձեր Աստծուն զոհ մատուցեք այս երկրում»: 26 Բայց Մովսեսն ասաց. «Դա անհնար է, քանի որ մենք մեր Աստված Եհովային զոհաբերելու ենք մի բան, ինչը գարշելի է եգիպտացիների համար:+ Եթե հենց եգիպտացիների աչքի առաջ զոհաբերենք նրանց համար գարշելի մի բան, մի՞թե մեզ չեն քարկոծի: 27 Մենք պետք է անապա՛տ գնանք երեք օրով* և այնտե՛ղ մեր Աստված Եհովային զոհ մատուցենք, ինչպես որ նա ասել է մեզ»:+

28 Փարավոնն ասաց. «Ես ազատ կարձակեմ ձեզ, որ անապատում զոհ մատուցեք ձեր Աստված Եհովային: Միայն թե շատ հեռու չգնաք: Նաև ինձ համար աղաչանք կանեք»:+ 29 Մովսեսն էլ ասաց. «Հիմա ես գնում եմ քո մոտից և աղաչանք կանեմ Եհովային, ու վաղը, ո՛վ փարավոն, խայթող ճանճերը կհեռանան քեզնից, քո ծառաներից ու քո ժողովրդից: Միայն թե բավակա՛ն է՝ փարավոնը մոլորեցնի մեզ՝* թույլ չտալով ժողովրդին գնալ ու զոհ մատուցել Եհովային»:+ 30 Հետո Մովսեսը գնաց փարավոնի մոտից և աղաչանք արեց Եհովային:+ 31 Եհովան կատարեց Մովսեսի խնդրանքը, և խայթող ճանճերը հեռացան փարավոնից, նրա ծառաներից ու ժողովրդից. մեկն էլ չմնաց: 32 Բայց այս անգամ էլ փարավոնը կարծրացրեց իր սիրտը և ազատ չարձակեց ժողովրդին:

9 Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ և ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ:+ 2 Բայց եթե չհամաձայնվես նրանց ազատ արձակել ու պահես նրանց, 3 ապա Եհովան իր ձեռքը+ կբարձրացնի դաշտում եղող քո անասունների վրա: Հիվանդաբեր պատուհաս+ կգա ձիերի, էշերի, ուղտերի, ինչպես նաև նախիրների ու հոտերի վրա: 4 Եհովան տարբերություն կդնի Իսրայելի ու Եգիպտոսի անասունների միջև, և իսրայելացիներին պատկանող ոչ մի անասուն չի սատկի»»»:+ 5 Եհովան ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը ես՝ Եհովաս, կանեմ դա այս երկրում»:

6 Հենց հաջորդ օրը Եհովան արեց դա. եգիպտացիներին պատկանող ամեն տեսակ անասուն սատկեց,+ բայց իսրայելացիների անասուններից մեկն անգամ չսատկեց: 7 Փարավոնը հարցուփորձ արեց ու պարզեց, որ իսրայելացիների անասուններից մեկն անգամ չի սատկել: Սակայն փարավոնի սիրտը կարծր մնաց, և նա ազատ չարձակեց ժողովրդին:+

8 Այդ ժամանակ Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Թրծավառարանից երկու լիքը բուռ մոխիր վերցրեք, և թող Մովսեսը փարավոնի առաջ շաղ տա օդում: 9 Այն կվերածվի մանր փոշու, որը կծածկի ողջ Եգիպտոսը, և ամբողջ երկրում մարդկանց ու անասունների վրա թարախապալարներ կհայտնվեն»:

10 Նրանք թրծավառարանից մոխիր վերցրին ու կանգնեցին փարավոնի առաջ: Մովսեսն այն շաղ տվեց օդում, և մարդկանց ու անասունների վրա թարախապալարներ հայտնվեցին: 11 Դրանց պատճառով մոգությամբ զբաղվող քրմերը չկարողացան գալ ու կանգնել Մովսեսի առաջ. թարախապալարներ էին գոյացել թե՛ նրանց, թե՛ բոլոր եգիպտացիների վրա:+ 12 Բայց Եհովան թողեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր Մովսեսին:+

13 Հետո Եհովան Մովսեսին ասաց. «Վաղ առավոտյան վեր կաց, կանգնիր փարավոնի առաջ ու ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ, 14 այլապես հիմա իմ բոլոր հարվածները կուղղեմ քո դեմ, քո ծառաների ու քո ժողովրդի դեմ, որպեսզի իմանաս, որ ամբողջ երկրի վրա ինձ նմանը չկա:+ 15 Ես վաղուց կարող էի բարձրացնել ձեռքս և սարսափելի հիվանդությամբ պատուհասել քեզ ու քո ժողովրդին, և դու բնաջինջ կլինեիր երկրի երեսից: 16 Բայց հենց սրա համար եմ քեզ ողջ թողել, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ:+ 17 Դու մինչև հիմա մեծամտությամբ ես վարվում և ազատ չես արձակում իմ ժողովրդին: 18 Դրա համար վաղը՝ մոտավորապես այս ժամերին, սաստիկ կարկուտ կտեղամ՝ այնպիսին, որի նմանը երբեք չի եղել Եգիպտոսում նրա հիմնադրման օրից ի վեր: 19 Այնպես որ հրաման տուր, որ քո բոլոր անասուններին, դաշտում գտնվող քո բոլոր մարդկանց և ունեցվածքդ ծածկի տակ բերեն: Ցանկացած մարդ կամ անասուն, որ կմնա դաշտում և ծածկի տակ չի լինի, կմեռնի, երբ կարկուտը թափվի նրանց վրա»»»:

20 Փարավոնի մարդկանցից բոլոր նրանք, ովքեր վախեցան Եհովայի խոսքից, շտապ տուն բերեցին իրենց ծառաներին ու անասուններին: 21 Իսկ ովքեր չվախեցան և ուշադրություն չդարձրին Եհովայի խոսքին, իրենց ծառաներին ու անասուններին թողեցին դաշտում:

22 Եհովան ասաց Մովսեսին. «Մեկնիր ձեռքդ դեպի երկինք, որ կարկուտ գա ողջ Եգիպտոսի վրա՝+ այս երկրի մարդկանց, անասունների և դաշտի ողջ բուսականության վրա»:+ 23 Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Եհովան որոտ ու կարկուտ բերեց: Երկրի վրա կրակ* էր թափվում: Եհովան կարկուտ էր տեղում Եգիպտոսի վրա: 24 Կարկուտ էր թափվում, և դրա հետ՝ փայլատակող կրակ: Կարկուտը շատ սաստիկ էր. դրա նմանը երբևէ չէր եղել Եգիպտոսում այն ժամանակվանից ի վեր, երբ այնտեղ ազգ էր ձևավորվել:+ 25 Եգիպտոսի ողջ տարածքում կարկուտը հարվածեց դաշտում գտնվող ամեն ինչի՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, ավերեց ողջ բուսականությունը և ջարդուխուրդ արեց դաշտում եղած բոլոր ծառերը:+ 26 Կարկուտ չեկավ միայն Գեսեմ երկրում, որտեղ իսրայելացիներն էին:+

27 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Հիմա ընդունում եմ, որ մեղք եմ գործել: Եհովան արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը մեղավոր ենք: 28 Աղաչե՛ք Եհովային, որ դադարեցնի իր որոտն ու կարկուտը: Այդ ժամանակ ազատ կարձակեմ ձեզ. էլ չեք մնա այստեղ»: 29 Մովսեսն էլ ասաց նրան. «Քաղաքից դուրս գալուն պես ես ձեռքերս դեպի վեր կտարածեմ ու կաղոթեմ Եհովային: Որոտը կդադարի, ու այլևս կարկուտ չի գա, և դու կիմանաս, որ երկիրը Եհովային է պատկանում:+ 30 Բայց ես արդեն գիտեմ, որ դու և քո ծառաները նույնիսկ այդ ժամանակ չեք վախենա* Եհովա Աստծուց»:

31 Կարկուտը ոչնչացրել էր վուշն* ու գարին, որովհետև այդ ժամանակ գարին արդեն հասկեր էր տվել, իսկ վուշը բողբոջել էր: 32 Սակայն ցորենն ու հաճարը չէին վնասվել, քանի որ դրանք ավելի ուշ են հասնում: 33 Փարավոնի մոտից գնալով՝ Մովսեսը դուրս եկավ քաղաքից և ձեռքերը դեպի վեր տարածելով՝ աղոթեց Եհովային: Այդ ժամանակ որոտը, կարկուտն ու հորդառատ անձրևը դադարեցին:+ 34 Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտն ու որոտը դադարեցին, կրկին մեղք գործեց՝ կարծրացրեց իր սիրտը,+ թե՛ նա, թե՛ իր ծառաները: 35 Փարավոնի սիրտը համառ մնաց, և նա ազատ չարձակեց իսրայելացիներին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր Մովսեսի միջոցով:+

10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Գնա փարավոնի մոտ: Ես թույլ եմ տվել, որ նրա և իր ծառաների սիրտը կարծրանա,+ որպեսզի իմ այս հրաշքներն անեմ նրա առաջ,+ 2 և որպեսզի որդիներիդ ու թոռներիդ պատմես, թե ինչպիսի խստությամբ պատժեցի եգիպտացիներին, թե ինչ հրաշքներ արեցի նրանց մեջ:+ Այդ ժամանակ բոլորդ կիմանաք, որ ես Եհովան եմ»:

3 Ուստի Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ եբրայեցիների Աստվածը. «Մինչև ե՞րբ ես հրաժարվելու ինձ ենթարկվել:+ Ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ ծառայի ինձ: 4 Եթե այսուհետ էլ բաց չթողնես իմ ժողովրդին, վաղը մորեխներ կուղարկեմ քո երկիր: 5 Դրանք կծածկեն երկրի երեսը, և գետինը չի երևա: Դրանք կխժռեն այն, ինչ մնացել է կարկուտից հետո, և կուտեն ձեր դաշտերում աճող բոլոր ծառերը:+ 6 Դրանք կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և ամբողջ Եգիպտոսի տները, այնպիսի քանակությամբ կգան, որ քո հայրերն ու պապերը չեն տեսել այս երկրում իրենց օրերից մինչև այսօր»»:+ Այս խոսքերն ասելով՝ նրանք շրջվեցին ու դուրս եկան փարավոնի մոտից:

7 Դրանից հետո փարավոնի ծառաներն ասացին նրան. «Մինչև ե՞րբ է այս մարդը սպառնալիք* լինելու մեզ համար: Ազատ արձակիր նրանց, որ ծառայեն իրենց Աստված Եհովային: Մի՞թե դեռ չես գիտակցում, որ Եգիպտոսը կործանվել է»: 8 Ուստի Մովսեսին ու Ահարոնին հետ կանչեցին փարավոնի մոտ, և նա ասաց նրանց. «Գնացե՛ք, ծառայե՛ք ձեր Աստված Եհովային: Իսկ ովքե՞ր են լինելու գնացողները»: 9 Մովսեսն ասաց. «Մենք գնալու ենք մեր երեխաների, ծերերի, որդիների ու դուստրերի հետ և մեզ հետ տանելու ենք մեր ոչխարներն ու խոշոր եղջերավոր անասունները,+ քանի որ Եհովայի պատվին տոն ենք նշելու»:+ 10 Նա էլ ասաց. «Մի՞թե կարծում եք, թե ես բաց կթողնեմ ձեզ ու ձեր երեխաներին: Եթե երբևէ նման բան լինի, ուրեմն Եհովան իսկապես ձեզ հետ է:+ Միանգամայն պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք: 11 Ձեր ասածով չի՛ լինի: Ձեր ուզածը Եհովային ծառայելը չէ՞: Ուրեմն թող միայն ձեր տղամարդի՛կ գնան ու ծառայեն նրան»: Եվ նրանց դուրս արեցին փարավոնի մոտից:

12 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի եգիպտացիների երկիրը, որ մորեխներ հարձակվեն Եգիպտոսի վրա և խժռեն երկրի ողջ բուսականությունը՝ այն ամենը, ինչ մնացել է կարկուտից հետո»: 13 Մովսեսն իսկույն գավազանը մեկնեց դեպի եգիպտացիների երկիրը, և Եհովան երկրի վրա արևելյան քամի բերեց, որը փչեց այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը՝ մինչև առավոտ: Այդ քամին իր հետ մորեխներ բերեց: 14 Մորեխները հարձակվեցին ամբողջ Եգիպտոսի վրա ու ծածկեցին երկրի ողջ տարածքը:+ Հարձակումը շատ աղետալի էր.+ այդքան շատ մորեխ նախկինում երբեք չէր եղել և հետո էլ չէր լինելու: 15 Մորեխները ծածկեցին ողջ երկիրը, և երկիրը մթնեց:* Մորեխները խժռեցին երկրի ողջ բուսականությունն ու ծառերի բոլոր պտուղները, որ մնացել էին կարկուտից հետո: Ամբողջ Եգիպտոսում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի վրա, ո՛չ էլ դաշտերում:

16 Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Ես մեղք եմ գործել ձեր Աստված Եհովայի ու ձեր դեմ: 17 Խնդրում եմ, այս անգամ էլ թող իմ մեղքը ներվի: Աղաչե՛ք ձեր Աստված Եհովային, որ այս մահաբեր պատուհասը հեռացնի ինձանից»: 18 Նա* էլ գնաց փարավոնի մոտից ու աղաչեց Եհովային:+ 19 Այդ ժամանակ Եհովան փոխեց քամու ուղղությունը, և ուժգին արևմտյան քամի փչեց: Այն քշեց մորեխներին ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտոսի ողջ տարածքում մի մորեխ անգամ չմնաց: 20 Սակայն Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը կրկին համառ դառնա,+ և նա բաց չթողեց իսրայելացիներին:

21 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնիր դեպի երկինք, որ Եգիպտոսի վրա խավար իջնի՝ շատ թանձր, ասես շոշափելի խավար»: 22 Մովսեսն անմիջապես ձեռքը մեկնեց դեպի երկինք, և ողջ Եգիպտոսի վրա թանձր խավար իջավ,+ որը տևեց երեք օր: 23 Մարդիկ իրար չէին տեսնում, և երեք օր շարունակ ոչ ոք իր տեղից վեր չէր կենում, մինչդեռ իսրայելացիների բնակավայրերում լույս էր:+ 24 Այդ ժամանակ փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. «Գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային:+ Ձեր երեխաներն էլ կարող են գալ ձեզ հետ: Միայն թե ձեր ոչխարներն ու խոշոր եղջերավոր անասունները պետք է մնան»: 25 Բայց Մովսեսն ասաց. «Ո՛չ, դու կենդանիներին էլ մեր ձեռքը կտաս զոհաբերությունների ու ողջակեզների համար, և մենք դրանք կմատուցենք մեր Աստված Եհովային:+ 26 Այնպես որ մեր անասուններն էլ կգան մեզ հետ: Մի անասուն անգամ չի մնա, որովհետև մենք պետք է այդ կենդանիներից զոհ մատուցենք մեր Աստված Եհովային՝ նրան պաշտելու համար, և մինչև տեղ չհասնենք, չենք կարող իմանալ, թե ինչ ենք մատուցելու Եհովային որպես զոհ»: 27 Եհովան թողեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա չհամաձայնվեց ազատ արձակել իսրայելացիներին:+ 28 Փարավոնն ասաց Մովսեսին. «Չքվի՛ր աչքիցս: Էլ չփորձե՛ս հանդիպել ինձ հետ, այլապես հենց նույն օրը կմեռնես»: 29 Մովսեսը պատասխանեց. «Թող քո ասածով լինի: Ես այլևս չեմ փորձի հանդիպել քեզ հետ»:

11 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ եմ բերելու փարավոնի ու Եգիպտոսի վրա: Դրանից հետո նա կթողնի ձեզ գնալ այստեղից:+ Եվ ոչ թե պարզապես կթողնի, այլ կվռնդի:+ 2 Իսրայելի ժողովրդին ասա, որ յուրաքանչյուր տղամարդ և կին իր հարևանից արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի»:+ 3 (Եհովան այնպես արեց, որ եգիպտացիները բարեհաճ լինեն ժողովրդի հանդեպ: Մովսեսն ինքն էլ անվանի մարդ էր դարձել Եգիպտոսում՝ փարավոնի ծառաների և ժողովրդի մեջ):

4 Մովսեսն ասաց փարավոնին. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մոտավորապես կեսգիշերին ես կանցնեմ Եգիպտոսի միջով,+ 5 և Եգիպտոսի ամեն առաջնեկ կմեռնի՝+ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև երկանքով* աղացող աղախնի առաջնեկը, ինչպես նաև անասունների բոլոր առաջնեկները:+ 6 Եվ ամբողջ Եգիպտոսում մեծ ողբ կբարձրանա, որի նմանը երբեք չի եղել, ոչ էլ երբևէ կլինի:+ 7 Իսկ իսրայելացիներին և նրանց անասուններին ոչ մի վնաս չի լինի, անգամ շուն չի հաչի նրանց վրա, որպեսզի դուք իմանաք, որ Եհովան կարող է տարբերություն դնել եգիպտացիների ու իսրայելացիների միջև»:+ 8 Քո բոլոր ծառաները կգան ինձ մոտ, ծնկի գալով՝ մինչև գետին կխոնարհվեն ու կասեն. «Գնացե՛ք դու և քեզ հետևող ողջ ժողովուրդը»:+ Ու դրանից հետո ես կգնամ»: Դա ասելով՝ նա խիստ բարկացած դուրս եկավ փարավոնի մոտից:

9 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնը չի լսի ձեզ:+ Այդպես կլինի, որպեսզի ես ավելի շատ հրաշքներ անեմ Եգիպտոսում»:+ 10 Մովսեսն ու Ահարոնը այդքան հրաշքներ էին արել փարավոնի առաջ,+ բայց Եհովան թողել էր, որ փարավոնի սիրտը համառ դառնա, այնպես որ նա թույլ չտվեց իսրայելացիներին գնալ իր երկրից:+

12 Եգիպտոսում Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբը կլինի: Ձեզ համար այն առաջինը կլինի տարվա ամիսների մեջ:+ 3 Խոսեք Իսրայելի ողջ հանրության առաջ և ասեք. «Այս ամսվա տասներորդ օրը ձեզանից յուրաքանչյուրը թող մի գառ+ վերցնի իր ընտանիքի* համար, մի տան համար՝ մի գառ: 4 Բայց եթե ընտանիքն այնքան փոքր է, որ չի կարող մի ամբողջ գառ ուտել, թող իր տուն հրավիրի հարևան ընտանիքին և գառը բաժանի ըստ մարդկանց թվի: Բաշխելիս հաշվի առեք, թե ով ինչքան կուտի: 5 Գառը պետք է լինի առանց արատի:+ Այն պետք է մեկ տարեկան արու լինի: Գառան փոխարեն կարող եք ուլ վերցնել: 6 Պահեք այն մինչև այս ամսվա 14-րդ օրը,+ և Իսրայելի ժողովրդի ամեն ընտանիք* թող մթնշաղին* մորթի այն:+ 7 Վերցրեք դրա արյունից և այն տներում, որտեղ ուտելու եք գառը, արյունը ցողեք դռան երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին:+

8 Միսը պետք է այդ գիշեր ուտեք:+ Այն պետք է խորովեք կրակի վրա և ուտեք անթթխմոր հացով+ ու դառը խոտաբույսերով:+ 9 Միսը հում* կամ խաշած չուտեք, այլ կխորովեք կրակի վրա գլխի, սրունքների և փորոտիքի հետ միասին: 10 Դրանից ոչինչ չպահեք մինչև առավոտ. ինչ որ մնա մինչև առավոտ, պետք է այրեք:+ 11 Երբ գառն ուտելիս լինեք, ձեր գոտին պետք է ամուր կապված լինի, սանդալները ձեր ոտքերին լինեն, և ցուպը՝ ձեր ձեռքին: Շտապելո՛վ կերեք այն: Դա Եհովայի Պասեքն* է: 12 Այդ գիշեր ես կանցնեմ Եգիպտոսի միջով և կհարվածեմ Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև կենդանի:+ Եգիպտոսի բոլոր աստվածների նկատմամբ դատաստան կտեսնեմ:+ Ես Եհովան եմ: 13 Արյունը, որ ցողված կլինի այն տների վրա, որտեղ կգտնվեք, որպես նշան կծառայի: Ես կտեսնեմ այն և կանցնեմ ձեր կողքով, ու երբ հարվածեմ Եգիպտոսին, կործանիչ պատուհասը ձեզ վրա չի գա:+

14 Այդ օրը ձեզ համար հիշարժան օր կլինի: Սերնդեսերունդ պետք է այն նշեք որպես տոն Եհովայի պատվին: Տոնեք այն. դա մնայուն կանոն է: 15 Յոթ օր անթթխմոր հաց կերեք:+ Առաջին իսկ օրը ձեր տներից հանեք թթխմորը, որովհետև նա, ով առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով պատրաստված որևէ բան ուտի, պետք է վերացվի Իսրայելի միջից: 16 Առաջին օրը սուրբ հավաքույթ կազմակերպեք: Մեկ այլ սուրբ հավաքույթ էլ կազմակերպեք յոթերորդ օրը: Այդ երկու օրերին ոչ մի գործ չպետք է անեք,+ այլ միայն կերակուր պատրաստեք, որ ամեն մարդ ուտելու բան ունենա:

17 Դուք պետք է նշեք Անթթխմոր հացերի տոնը,+ որովհետև հենց այդ օրը ես Եգիպտոսից հանելու եմ ձեզ՝ այս մեծաթիվ ժողովրդին:* Նշեք այդ օրը սերնդեսերունդ. սա մնայուն կանոն է: 18 Առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյից մինչև այդ ամսվա 21-րդ օրվա երեկոն անթթխմոր հաց պետք է ուտեք.+ 19 յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է լինի, որովհետև եթե որևէ մեկը թթխմորով պատրաստված բան ուտի՝ լինի պանդուխտ, թե բնիկ,+ պետք է վերացվի Իսրայելի հանրության միջից:+ 20 Թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտեք: Ձեր բոլոր տներում անթթխմոր հաց պետք է ուտեք»»:

21 Մովսեսն անմիջապես կանչեց Իսրայելի բոլոր երեցներին+ ու ասաց. «Գնացեք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մատղաշ անասուն* ընտրեք և մորթեք որպես Պասեքի զոհ: 22 Վերցրեք մի փունջ զոպա,* թաթախեք տաշտում լցված արյան մեջ և ցողեք տան շեմքի վերին հատվածին ու դռան երկու կողափայտերին: Մինչև առավոտ ձեզնից ոչ ոք իր տան շեմքից չպետք է դուրս գա: 23 Երբ Եհովան անցնելիս լինի եգիպտացիներին պատուհասելու համար ու տեսնի շեմքի վերին հատվածին և դռան երկու կողափայտերին ցողված արյունը, Եհովան կանցնի մուտքի կողքով ու թույլ չի տա, որ մահաբեր պատուհասը մտնի ձեր տները:+

24 Նշեք այս տոնը. այն մնայուն կանոն է ձեզ համար և ձեր որդիների համար:+ 25 Երբ գնաք այն երկիր, որը Եհովան խոստացել է տալ ձեզ, շարունակեք կատարել այս արարողությունը:+ 26 Եթե ձեր որդիները հարցնեն՝ «Ի՞նչ նշանակություն ունի այս արարողությունը»,+ 27 նրանց ասեք. «Սա Պասեքի զոհն է, որ մատուցվում է Եհովային. նա եգիպտացիներին պատուհասելիս անցավ Եգիպտոսում գտնվող մեր տների կողքով և խնայեց մեր ընտանիքները»»:

Այդ ժամանակ ժողովուրդը ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: 28 Իսրայելացիները գնացին և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին:+ Նրանք հենց այդպես արեցին:

29 Կեսգիշերին Եհովան հարվածեց Եգիպտոսի ամեն առաջնեկի՝+ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև բանտում գտնվող կալանավորի առաջնեկը, ինչպես նաև անասունների բոլոր առաջնեկները:+ 30 Գիշերը փարավոնը վեր կացավ, նրա հետ՝ նաև իր բոլոր ծառաներն ու մյուս բոլոր եգիպտացիները: Եվ մեծ ողբ բարձրացավ եգիպտացիների մեջ, քանի որ տուն չկար, որտեղ մեկը մեռած չլիներ:+ 31 Հենց այդ գիշեր փարավոնը իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին+ և ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք իմ ժողովրդի միջից դուք և մյուս բոլոր իսրայելացիները: Գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային, ինչպես որ ասում էիք:+ 32 Ձեր ասածի պես վերցրե՛ք ձեր հոտերն ու նախիրները և գնացե՛ք:+ Բայց նաև խնդրե՛ք Աստծուն, որ օրհնի ինձ»:

33 Եգիպտացիները սկսեցին շտապեցնել ժողովրդին,+ որ արագ հեռանան երկրից, քանի որ ասում էին. «Մենք բոլորս կմեռնենք»:+ 34 Ուստի իսրայելացիները վերցրին իրենց պատրաստած խմորը, որի մեջ թթխմոր չէին ավելացրել, և խմորատաշտերը շորի մեջ փաթաթելով, իրենց ուսերին դրած՝ տարան: 35 Իսրայելացիները արեցին այն, ինչ Մովսեսն ասել էր իրենց. եգիպտացիներից արծաթյա ու ոսկյա իրեր և հագուստներ խնդրեցին:+ 36 Եհովան այնպես արեց, որ եգիպտացիները բարեհաճ եղան ժողովրդի հանդեպ, ուստի տվեցին նրանց խնդրածը: Այդպես իսրայելացիները ավար վերցրին եգիպտացիներից:+

37 Իսրայելացիները՝ մոտ 600 000 տղամարդ՝* չհաշված երեխաներին,+ Ռամսեսից+ ճանապարհ ընկան դեպի Սոկքոթ:+ 38 Նրանց հետ դուրս եկավ նաև մի խառը բազմություն,*+ ինչպես նաև հոտեր ու նախիրներ՝ մեծ թվով անասուններ: 39 Նրանք Եգիպտոսից բերած խմորից կլոր հացեր թխեցին՝ անթթխմոր հացեր: Խմորը դեռ չէր հասունացել, քանի որ նրանց շտապ դուրս էին արել Եգիպտոսից, և նրանք չէին հասցրել պաշար պատրաստել:+

40 Երբ իսրայելացիները դուրս էին գալիս Եգիպտոսից,+ այդ ժամանակ նրանք արդեն 430 տարի էր՝+ օտարության մեջ էին: 41 Երբ ավարտվեցին 430 տարիները, հենց նույն օրը Եհովայի մեծաթիվ ժողովուրդը* դուրս եկավ Եգիպտոսից: 42 Եվ քանի որ այդ գիշեր Եհովան նրանց հանեց Եգիպտոսից, նրանք պետք է տոն նշեն ի հիշատակ այդ իրադարձության: Բոլոր իսրայելացիները սերնդեսերունդ պետք է այդ գիշերը նշեն որպես տոն Եհովայի պատվին:+

43 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Պասեքի վերաբերյալ կանոնը սա է. ոչ մի օտարական չպետք է ուտի Պասեքի զոհից:+ 44 Փողով գնված ծառա ունեցողը նախ պետք է թլփատի նրան.+ միայն այդ դեպքում ծառան կարող է ուտել դրանից: 45 Եկվորն ու վարձու աշխատողը չեն կարող ուտել այդ զոհից: 46 Այն պետք է մի տան մեջ ուտվի: Զոհի մսից ոչ մի կտոր դուրս չհանեք տնից և դրա ոսկորներից ոչ մեկը չկոտրեք:+ 47 Իսրայելի ողջ հանրությունը պետք է նշի Պասեքը: 48 Եթե որևէ օտարական, որ բնակվում է ձեզ հետ, ցանկանա տոնել Պասեքը Եհովայի պատվին, նա և իր տան արական սեռի բոլոր անդամները պետք է թլփատվեն: Միայն այդ ժամանակ նա կարող է տոնել այն, և նա բնիկի պես կդառնա: Բայց ոչ մի անթլփատ մարդ չի կարող ուտել Պասեքի զոհից:+ 49 Մեկ օրենք պետք է լինի թե՛ բնիկի, թե՛ ձեր մեջ բնակվող պանդուխտի համար»:+

50 Բոլոր իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին: Նրանք հենց այդպես արեցին: 51 Հենց այդ օրը Եհովան բոլոր իսրայելացիներին* հանեց Եգիպտոսից:

13 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիների միջից ամեն արու առաջնեկի* ինձ նվիրիր:* Ինչպես մարդկանց, այնպես էլ անասունների արու առաջնեկը ինձ է պատկանում»:+

3 Ապա Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշեք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝+ ձեր ստրկության երկրից,* երբ Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ այստեղից:+ Թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է ուտեք: 4 Դուք դուրս եկաք այս օրը՝ աբիբ* ամսին:+ 5 Երբ Եհովան ձեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը, որը նա ձեր նախահայրերին երդվել էր ձեզ տալ,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ ամեն տարի այս ամսին նշեք այս տոնը: 6 Յոթ օր անթթխմոր հաց պետք է ուտեք,+ իսկ յոթերորդ օրը տոն կլինի Եհովայի պատվին: 7 Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք.+ թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է լինի ձեզ մոտ,+ և ձեր ողջ տարածքում* ընդհանրապես թթխմոր չպետք է լինի: 8 Այդ օրը ձեր զավակներին կասեք. «Այս ամենը արվում է ի հիշատակ այն բանի, թե Եհովան ինչ արեց մեզ համար, երբ դուրս եկանք Եգիպտոսից»:+ 9 Սա ձեզ համար հիշեցում կլինի՝ ասես ձեր ձեռքին ու ճակատին*+ դրված մի նշան, որպեսզի Եհովայի օրենքը ձեր շուրթերին* լինի: Չէ՞ որ Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ Եգիպտոսից: 10 Դուք պետք է պահեք այս կանոնը և տարեցտարի՝ սահմանված ժամանակին, նշեք այս տոնը:+

11 Երբ Եհովան ձեզ տանի քանանացիների երկիր, որը նա ձեզ ու ձեր նախահայրերին երդվել էր տալ ձեզ,+ 12 ձեր ամեն արու առաջնեկին պետք է նվիրեք Եհովային, ինչպես նաև ձեր ձեռք բերած անասունների ամեն առաջնեկին: Արու առաջնեկները Եհովային են պատկանում:+ 13 Էշի առաջնեկին ոչխարով փրկագնեք,* իսկ եթե չփրկագնեք, ապա դրա վիզը կոտրեք: Նաև պետք է փրկագնեք ձեր ամեն առաջնեկ որդուն:+

14 Եթե հետագայում ձեր զավակները հարցնեն ձեզ՝ «Ինչի՞ համար է արվում սա», նրանց կասեք. «Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից՝ մեր ստրկության երկրից:+ 15 Երբ փարավոնը համառորեն հրաժարվում էր ազատ արձակել մեզ,+ Եհովան սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնեկները:+ Ահա թե ինչու ենք անասունների բոլոր արու առաջնեկներին զոհ բերում Եհովային, իսկ մեր բոլոր առաջնեկ որդիներին փրկագնում ենք»: 16 Սա ձեզ համար ասես նշան կլինի՝ դրված ձեր ձեռքին, և ասես ժապավեն՝ կապված ձեր ճակատին,+ որպեսզի հիշեք, որ Եհովան հզոր ձեռքով հանեց ձեզ Եգիպտոսից»:

17 Երբ փարավոնն ազատ արձակեց ժողովրդին, Աստված նրանց չտարավ փղշտացիների երկրով անցնող ճանապարհով, չնայած որ այն կարճ էր: Նա ասաց. «Պատերազմ տեսնելով՝ ժողովուրդը գուցե մտքափոխ լինի և վերադառնա Եգիպտոս»: 18 Այդ պատճառով Աստված ժողովրդին տարավ Կարմիր ծովի մոտ գտնվող անապատի շրջանցիկ ճանապարհով:+ Իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան մարտական կարգով: 19 Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը Իսրայելի որդիներին երդվել էր տվել՝ ասելով. «Երբ Աստված ուշադրություն դարձնի ձեզ, խոստացեք, որ իմ ոսկորները կտանեք այստեղից»:+ 20 Իսրայելացիները մեկնեցին Սոկքոթից և ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին:

21 Եհովան գնում էր նրանց առջևից. ցերեկը՝ ամպի սյունով՝ ցույց տալով ճանապարհը,+ իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ լուսավորելով նրանց: Այդպես նրանք կարողանում էին գնալ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը:+ 22 Ցերեկը ժողովրդի առջևից չէր հեռանում ամպի սյունը, իսկ գիշերը՝ կրակի սյունը:+

14 Եհովան ասաց Մովսեսին. 2 «Պատվիրիր իսրայելացիներին, որ հետ շրջվեն, գնան ու ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց՝ Մագդոլի և ծովի միջև ընկած տարածքում, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը:+ Ճամբար դրեք դրա հանդիպակաց կողմում՝ ծովի մոտ: 3 Այդ ժամանակ փարավոնը իսրայելացիների մասին կասի. «Նրանք մոլորված թափառում են, թակարդի մեջ են. շուրջբոլորն անապատ է»: 4 Ես կթողնեմ, որ փարավոնի սիրտը համառ դառնա,+ և նա կհետապնդի իսրայելացիներին: Ես կփառավորեմ ինձ՝ պարտության մատնելով փարավոնին ու նրա ողջ զորքին:+ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+ Իսրայելացիներն արեցին այնպես, ինչպես իրենց ասվեց:

5 Եգիպտոսի թագավորին տեղեկացրին, որ իսրայելացիները հեռացել են: Փարավոնն ու իր ծառաները փոշմանեցին, որ ազատ են արձակել ժողովրդին,+ և ասացին. «Այս ի՞նչ արեցինք: Ինչո՞ւ ազատ արձակեցինք իսրայելացիներին՝ մեր ստրուկներին»: 6 Ուստի փարավոնը պատրաստեց իր մարտակառքերը և հավաքեց իր ռազմիկներին:+ 7 Նա վերցրեց 600 ընտիր կառք և Եգիպտոսի մյուս բոլոր մարտակառքերը՝ ռազմիկներ կարգելով դրանցից յուրաքանչյուրի վրա: 8 Եհովան թողեց, որ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի սիրտը համառ դառնա, և փարավոնն ընկավ իսրայելացիների հետևից, մինչ նրանք հաղթական* դուրս էին գալիս երկրից:+ 9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց:+ Փարավոնն իր բոլոր ձիակառքերով, հեծելազորով ու զորքով գրեթե հասավ նրանց, երբ ճամբար էին դրել ծովի մոտ՝ Փիաիրոթի մերձակայքում՝ Բաալ-Սեֆոնի հանդիպակաց կողմում:

10 Երբ փարավոնը մոտեցավ, իսրայելացիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից: Իսրայելացիները սարսափահար եղան ու սկսեցին օգնության կանչել Եհովային:+ 11 Նրանք ասացին Մովսեսին. «Ի՞նչ է, Եգիպտոսում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում մեռնելու:+ Այս ի՞նչ արեցիր մեզ, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: 12 Այնտեղ քեզ չէինք ասո՞ւմ. «Հանգի՛ստ թող մեզ: Թող ծառայենք եգիպտացիներին»: Ավելի լավ է՝ ծառայենք եգիպտացիներին, քան մեռնենք անապատում»:+ 13 Այդ ժամանակ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք:+ Անվրդով կանգնե՛ք և տեսե՛ք, թե Եհովան ինչպես է փրկելու ձեզ այսօր:+ Այս եգիպտացիներին, որոնց այսօր տեսնում եք, այլևս երբեք չեք տեսնի:+ 14 Եհովան ինքը կպատերազմի ձեզ համար,+ իսկ դուք հանգիստ կանգնած կլինեք»:

15 Եհովան ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես այդպես անհանգստացած օգնության կանչում ինձ: Իսրայելացիներին ասա, որ հավաքեն ճամբարը: 16 Իսկ դու ձեռքիդ գավազանը մեկնիր դեպի ծովը և բաժանիր այն, որ նրանք չոր հատակի վրայով անցնեն դրա միջով: 17 Ես կթողնեմ, որ եգիպտացիների սիրտը համառ դառնա, ու նրանք կհետապնդեն իսրայելացիներին: Այդ ժամանակ ես պարտության կմատնեմ փարավոնին իր ողջ զորքով, մարտակառքերով ու հեծելազորով հանդերձ և այդպիսով կփառավորեմ ինձ:+ 18 Երբ փառավորեմ ինձ՝ պարտության մատնելով փարավոնին իր մարտակառքերով ու հեծելազորով հանդերձ, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+

19 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը,+ որ գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, գնաց ու կանգնեց նրանց հետևի կողմում: Եվ ամպի սյունը, որ նրանց առջևում էր, տեղափոխվեց նրանց հետևի կողմը:+ 20 Այդպես այն կանգնեց եգիպտացիների ու իսրայելացիների ճամբարների միջև:+ Մի կողմի համար այն խավար ամպ էր, իսկ մյուս կողմում լուսավորում էր գիշերը,+ այնպես որ եգիպտացիները ամբողջ գիշեր չմոտեցան իսրայելացիներին:

21 Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի ծովը,+ ու Եհովան արևելյան ուժգին քամի բերեց: Այն ամբողջ գիշեր փչելով՝ ծովը հետ քշեց, այնպես որ ջրերը բաժանվեցին,+ և ծովի հատակը չորացավ:+ 22 Իսրայելացիները անցան ծովի միջով՝ չոր գետնի վրայով,+ մինչ ջրերը պատի նման վեր էին խոյացել նրանց աջ ու ձախ կողմերում:+ 23 Եգիպտացիներն էլ հետապնդեցին նրանց: Փարավոնի բոլոր ձիերը, մարտակառքերն ու հեծելազորը նրանց հետևից ծովը մտան:+ 24 Լուսադեմին* Եհովան ամպի ու կրակի սյան+ միջից նայեց եգիպտացիների զորքին և խուճապի մեջ գցեց նրանց: 25 Նա սկսեց հանել կառքերի անիվները, ուստի նրանք դժվարությամբ էին առաջ շարժվում: Եգիպտացիներն ասացին. «Եկեք փախչե՜նք իսրայելացիներից, որովհետև Եհովան նրանց համար պատերազմում է մեր դեմ»:+

26 Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր դեպի ծովը, որ ջրերը հետ գան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց մարտակառքերն ու հեծելազորը»: 27 Մովսեսն իսկույն ձեռքը մեկնեց դեպի ծովը, և առավոտյան դեմ հետ քաշված ջրերը վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել, բայց Եհովան նրանց բոլորին հետ շպրտեց ծովը:+ 28 Հետ եկող ջրերը ծածկեցին մարտակառքերը, հեծելազորը և փարավոնի ողջ զորքը, որ իսրայելացիների հետևից ծովն էին մտել:+ Նրանցից մեկն անգամ ողջ չմնաց:+

29 Իսկ իսրայելացիներն անցան ծովի չոր հատակի վրայով,+ մինչ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերում պատի նման վեր էին խոյացել:+ 30 Այսպիսով՝ Եհովան այդ օրը Իսրայելին փրկեց եգիպտացիների ձեռքից:+ Իսրայելացիները եգիպտացիներին մեռած տեսան ծովի ափին: 31 Իսրայելի ժողովուրդը տեսավ, թե Եհովան ինչ մեծ զորությամբ* գործեց եգիպտացիների դեմ, և Եհովայի հանդեպ վախով լցվեց, սկսեց հավատալ Եհովային ու նրա ծառա Մովսեսին:+

15 Այդ ժամանակ Մովսեսը և իսրայելացիները փառաբանեցին Եհովային այս երգով.+

«Կգովերգեմ Եհովային. նա փառավորվեց մեծ փառքով,+

Նա ծովը նետեց ձին իր հեծյալով:+

 2 Իմ ուժն ու զորությունը Յահն* է. ինձ փրկողը նա է:+

Նա իմ Աստվածն է. ես կգովերգեմ նրան,+

Իմ հոր Աստվածն է.+ ես կմեծարեմ նրան:+

 3 Եհովան հզոր պատերազմող է:+ Եհովա է նրա անունը:+

 4 Նա ծովը նետեց փարավոնի կառքերն ու զորքը:+

Կարմիր ծովում խորտակվեցին նրա լավագույն ռազմիկները:+

 5 Նրանց ծածկեցին մոլեգնած ջրերը.

Նրանք քարի պես իջան ջրի խորքերը:+

 6 Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, անչափ զորավոր է:+

Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, փշրում է թշնամուն:

 7 Այնքան մեծ ու զորավոր ես, որ տապալում ես նրանց, ովքեր քո դեմ են դուրս գալիս:+

Ինչպես կրակն է լափում ծղոտը, այնպես էլ բարկությունդ է նրանց կուլ տալիս:

 8 Ռունգերիդ շնչից մեկտեղ հավաքվեցին ջրերը,

Պատնեշի պես կանգնեցին՝ հետ պահելով հեղեղները,

Ծովի սրտում քարացան ալեկոծ ջրերը:

 9 Թշնամին ասաց. «Կհետապնդեմ նրանց, վրա կհասնեմ հանկարծ,

Ավար կվերցնեմ այնքան, մինչև որ հագենամ:

Սուրս կմերկացնեմ, նրանց բռիս մեջ կառնեմ»:+

10 Բայց դու փչեցիր, և ծովը նրանց ծածկեց.+

Ահռելի ջրերի մեջ սուզվեցին կապարի պես:

11 Եհո՜վա, աստվածների մեջ ո՞վ է քեզ նման,+

Վեհագույն սրբությամբ ո՞վ կա քեզ նման:+

Դու նա ես, ումից պետք է ակնածել,

Նա ես, ում պետք է գովերգել,

Դու հրաշքներ անող ես:+

12 Աջ ձեռքդ մեկնեցիր, ու երկիրը կուլ տվեց նրանց:+

13 Հավատարիմ սիրով առաջնորդեցիր քո փրկագնած ժողովրդին,+

Քո զորությամբ կտանես նրանց քո սուրբ բնակատեղին:

14 Կլսեն ու կսարսռան ժողովուրդները,+

Տագնապի* մեջ կընկնեն փղշտացիները:

15 Այդժամ Եդոմի ցեղապետները սարսափահար կլինեն,

Մովաբի հզոր ղեկավարները դողով կբռնվեն,+

Քանանի բոլոր բնակիչները կհուսահատվեն:+

16 Ահ ու սարսափ կընկնի նրանց վրա:+

Բազկիդ ուժը տեսնելով՝ քարի պես կանշարժանան,

Մինչև անցնի քո ժողովուրդը, ո՜վ Եհովա,

Մինչև անցնի+ քո ստեղծած ժողովուրդը:+

17 Դու կբերես ժողովրդիդ ու կտնկես այն լեռան վրա, որ քոնն է՝*+

Հաստատված տեղում, որ պատրաստել ես քո բնակության համար, ո՜վ Եհովա,

Այն սրբարանում, որ քո ձեռքերն են հաստատել, ո՜վ Եհովա:

18 Հավիտյանս հավիտենից կթագավորի Եհովան:+

19 Երբ ծովը մտան փարավոնի ձիերը մարտակառքերով ու հեծյալներով,+

Եհովան հետ բերեց ծովի ջրերը՝ նրանց ծածկելով,+

Իսկ Իսրայելը ծովն անցավ չոր գետնի վրայով»:+

20 Մարգարեուհի Մարիամը՝ Ահարոնի քույրը, դափն իր ձեռքը վերցրեց, և բոլոր կանայք, հետևելով նրան, սկսեցին դափ զարկել ու պարել: 21 Մարիամն էլ, ի պատասխան տղամարդկանց, երգեց.

«Գովերգե՛ք Եհովային. նա փառավորվեց մեծ փառքով,+

Նա ծովը նետեց ձին իր հեծյալով»:+

22 Հետո Մովսեսը իսրայելացիներին Կարմիր ծովից տարավ, և նրանք դուրս եկան Սուր անապատ: Երեք օր շարունակ նրանք անապատում քայլեցին, բայց ջուր չգտան: 23 Նրանք հասան Մեռա,*+ բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, քանի որ այն դառն էր: Ահա թե ինչու այդ վայրը Մեռա կոչվեց: 24 Ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի դեմ՝+ ասելով. «Ի՞նչ ենք խմելու»: 25 Նա էլ օգնության համար դիմեց Եհովային,+ ու Եհովան նրան մի ծառ ցույց տվեց: Երբ Մովսեսը ծառը գցեց ջրի մեջ, ջուրը քաղցրահամ դարձավ:

Այնտեղ Աստված նրանց համար կանոն հաստատեց՝ օրինակ, որը ցույց էր տալու, թե նա ինչի հիման վրա է դատելու նրանց: Նա ստուգեց նրանց, որ տեսնի՝ արդյոք կհնազանդվեն իրեն, թե ոչ:+ 26 Նա ասաց. «Եթե անվերապահորեն լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին և անեք այն, ինչ ճիշտ է իմ աչքին, եթե ուշադրություն դարձնեք իմ պատվիրաններին ու պահեք իմ բոլոր կանոնները,+ ձեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից ոչ մեկը, որ բերեցի եգիպտացիների վրա,+ որովհետև ես՝ Եհովաս, բուժում եմ ձեզ»:+

27 Դրանից հետո նրանք եկան Ելիմ, որտեղ ջրի 12 աղբյուր կար և 70 արմավենի: Այնտեղ՝ ջրի մոտ, նրանք ճամբար դրեցին:

16 Իսրայելի ողջ հանրությունը Ելիմից մեկնեց և Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ ամսվա 15-րդ օրը եկավ Սին անապատ,+ որը գտնվում է Ելիմի ու Սինայի միջև:

2 Անապատում ողջ հանրությունը սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ:+ 3 Նրանք ասում էին. «Երանի՜ թե Եհովայի ձեռքով մեռնեինք Եգիպտոսում, որտեղ նստում էինք մսի կաթսաների մոտ+ և կուշտ հաց էինք ուտում: Իսկ հիմա դուք մեզ այս անապատն եք բերել, որ այս ողջ ժողովրդին* սովամահ անեք»:+

4 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Ես հաց կտեղամ երկնքից,+ ու թող յուրաքանչյուր մարդ ամեն օր դուրս գա, որ հավաքի այնքան, որքան իրեն պետք է օրվա համար:+ Այդպես ես կստուգեմ նրանց, որ տեսնեմ՝ կվարվե՞ն իմ օրենքի համաձայն, թե՞ ոչ:+ 5 Բայց վեցերորդ օրը+ նրանք թող ամեն օրվա հավաքածից կրկնակի շատ հավաքեն ու պատրաստեն»:+

6 Մովսեսն ու Ահարոնը բոլոր իսրայելացիներին ասացին. «Երեկոյան դուք կիմանաք, որ Եհովան է ձեզ հանել Եգիպտոսից:+ 7 Իսկ առավոտյան կտեսնեք Եհովայի փառքը, որովհետև Եհովան լսել է իր դեմ ուղղված ձեր տրտունջները: Մենք ո՞վ ենք, որ մեր դեմ եք տրտնջում»: 8 Մովսեսը շարունակեց. «Երեկոյան Եհովան ձեզ միս կտա, որ ուտեք, իսկ առավոտյան՝ կշտանալու չափ հաց: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Եհովան լսել է իր դեմ ուղղված ձեր տրտունջները: Մենք ո՞վ ենք: Ձեր տրտունջները մեր դեմ չեն, այլ Եհովայի դեմ են»:+

9 Ապա Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի ողջ հանրությանն ասա. «Եկեք ու կանգնեք Եհովայի առաջ, քանի որ նա լսել է ձեր տրտունջները»»:+ 10 Հենց որ Ահարոնը խոսեց իսրայելացիների հետ, նրանք շրջվեցին դեմքով դեպի անապատը և տեսան Եհովայի փառքը՝ ամպով հայտնված:+

11 Եհովան ասաց Մովսեսին. 12 «Ես լսեցի իսրայելացիների տրտունջները:+ Նրանց ասա. «Մթնշաղին* միս կուտեք, իսկ առավոտյան հացով կկշտանաք,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+

13 Այդ երեկո լորեր թռան եկան ու ծածկեցին ճամբարը,+ իսկ առավոտյան ճամբարի շուրջբոլորը ցող էր նստել: 14 Երբ ցողը գոլորշիացավ, անապատում՝ գետնի երեսին, թեփանման ինչ-որ մանր բան երևաց՝+ գետնին նստող եղյամի պես մանր: 15 Երբ իսրայելացիները տեսան դա, չիմանալով, թե ինչ է՝ իրար հարցրին. «Ի՞նչ է սա»: Մովսեսն ասաց. «Սա այն հացն է, որ Եհովան տվել է ձեզ՝ ուտելու համար:+ 16 Ահա թե ինչ է պատվիրում Եհովան. «Ձեզնից յուրաքանչյուրը թող հավաքի այնքան, ինչքան կարող է ուտել: Ամեն մարդու համար մեկ օմեր*+ հավաքեք ըստ ձեր վրանում բնակվող մարդկանց թվի»»: 17 Իսրայելացիներն այդպես էլ արեցին՝ գնացին ու հավաքեցին, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ: 18 Երբ հավաքածը օմերով չափեցին, տեսան, որ շատ հավաքողը ավելցուկ չուներ, իսկ քիչ հավաքողը՝ պակասորդ:+ Ամեն մեկը հավաքեց այնքան, ինչքան կարող էր ուտել:

19 Հետո Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Ոչ մեկը չպետք է դրանից թողնի մինչև առավոտ»:+ 20 Բայց նրանք չլսեցին Մովսեսին: Ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ, և այն որդնեց ու հոտեց: Մովսեսը բարկացավ նրանց վրա: 21 Եվ այսպես՝ ամեն առավոտ նրանք հավաքում էին այդ հացից, յուրաքանչյուրն այնքան, ինչքան կարող էր ուտել: Երբ արևը թեժանում էր, այն հալվում էր:

22 Վեցերորդ օրը նրանք երկու անգամ շատ հավաքեցին այդ հացից,+ յուրաքանչյուր մարդու համար՝ երկու օմեր: Ժողովրդի բոլոր տոհմապետները եկան ու դրա մասին տեղեկացրին Մովսեսին: 23 Այդ ժամանակ նա ասաց. «Եհովան ասել է. «Վաղը կլինի հանգստի հատուկ օր՝* սուրբ Շաբաթ Եհովայի պատվին:+ Ինչ որ թխելու եք, թխեք, ինչ որ եփելու եք, եփեք,+ ինչ էլ կավելանա, հավաքեք ու պահեք մինչև առավոտ»»: 24 Նրանք էլ պահեցին մինչև առավոտ, ինչպես որ Մովսեսը պատվիրեց, և այն չհոտեց, ու դրա մեջ որդեր չառաջացան: 25 Ապա Մովսեսն ասաց. «Այսօր կերեք ձեր պահածը, որովհետև այսօր Շաբաթ է Եհովայի պատվին, և դուք գետնին ոչինչ չեք գտնի: 26 Վեց օր հավաքեք, իսկ յոթերորդ օրը, որ Շաբաթ է,+ ոչինչ չեք գտնի»: 27 Այդուհանդերձ, ժողովրդից ոմանք յոթերորդ օրը գնացին հավաքելու, բայց ոչինչ չգտան:

28 Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ եք հրաժարվելու պահել իմ պատվիրաններն ու օրենքները:+ 29 Մի՛ մոռացեք, որ ես՝ Եհովաս, ձեզ տվել եմ Շաբաթը+ որպես հանգստի օր: Դրա համար էլ վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց եմ տալիս: Յոթերորդ օրը բոլորը պետք է իրենց տեղում մնան. թող ոչ ոք ոչ մի տեղ չգնա»: 30 Այսպիսով՝ ժողովուրդը յոթերորդ օրը սկսեց պահել Շաբաթը:*+

31 Իսրայելի ժողովուրդը այդ հացը մանանա* կոչեց: Այն համեմի սերմի պես սպիտակավուն էր, իսկ համը մեղրաբլիթի համի էր նման:+ 32 Հետո Մովսեսն ասաց. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան. «Դրանից մեկ օմեր հավաքեք ու պահեք սերնդեսերունդ, որ ձեր սերունդները տեսնեն այն հացը, որ տվեցի ձեզ անապատում, երբ հանեցի Եգիպտոսից»»:+ 33 Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի սափոր վերցրու, դրա մեջ մեկ օմեր մանանա լցրու և դիր Եհովայի առաջ, որ պահվի սերնդեսերունդ»:+ 34 Ահարոնը մանանան դրեց Վկայության*+ առաջ, որ պահվի, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 35 Իսրայելացիները 40 տարի շարունակ մանանա կերան,+ մինչև որ եկան բնակեցված երկիր:+ Մինչև Քանանի երկրի սահման+ հասնելը նրանք մանանա կերան: 36 (Օմերը արդուի* տասներորդ մասն է):

17 Իսրայելի ողջ հանրությունը ճանապարհ ընկավ Սին անապատից՝+ Եհովայի կարգադրությամբ գնալով մի վայրից մյուսը:+ Ի վերջո նրանք ճամբար դրեցին Ռաֆիդիմում:+ Սակայն այնտեղ ջուր չկար, որ ժողովուրդը խմեր:

2 Այդ պատճառով նրանք սկսեցին վիճել Մովսեսի հետ՝+ ասելով. «Ջո՛ւր տուր՝ խմենք»: Իսկ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք վիճում ինձ հետ: Ինչո՞ւ եք անընդհատ փորձում Եհովային»:+ 3 Բայց մարդիկ շատ ծարավ էին, ուստի շարունակեցին տրտնջալ Մովսեսի դեմ+ և ասել. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից: Որ մենք, մեր որդիներն ու անասունները ծարավից մեռնե՞նք»: 4 Ի վերջո Մովսեսը, դիմելով Եհովային, աղաղակեց. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին: Քիչ է մնում՝ քարկոծեն ինձ»:

5 Եհովան ասաց Մովսեսին. «Ժողովրդից առաջ անցիր՝ քեզ հետ վերցնելով Իսրայելի երեցներից մի քանիսին, նաև քո գավազանը, որով հարվածեցիր Նեղոս+ գետին: Այն ձեռքդ վերցրու և գնա: 6 Քորեբի մոտ ես կկանգնեմ քո առաջ՝ ժայռի վրա: Դու կհարվածես ժայռին. այնտեղից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»:+ Մովսեսը Իսրայելի երեցների աչքի առաջ հենց այդպես էլ արեց: 7 Նա այդ վայրը կոչեց Մասսա*+ և Մերիբա,*+ քանի որ իսրայելացիները վիճեցին իր հետ ու փորձեցին Եհովային՝+ ասելով. «Եհովան մեզ հե՞տ է, թե՞ ոչ»:

8 Հետո ամաղեկացիները+ եկան ու Ռաֆիդիմում կռվեցին Իսրայելի դեմ:+ 9 Այդ ժամանակ Մովսեսն ասաց Հեսուին.+ «Մարդիկ ընտրիր ու գնա կռվիր ամաղեկացիների դեմ: Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ ճշմարիտ Աստծու գավազանը ձեռքիս»: 10 Հեսուն արեց ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ասաց իրեն,+ և գնաց կռվելու ամաղեկացիների դեմ: Իսկ Մովսեսը, Ահարոնն ու Հուրը+ բլրի գագաթը բարձրացան:

11 Քանի դեռ Մովսեսն իր ձեռքերը բարձրացրած էր պահում, իսրայելացիներն էին հաղթում, բայց երբ իջեցնում էր, ամաղեկացիներն էին հաղթում: 12 Երբ Մովսեսի ձեռքերը հոգնեցին, Ահարոնն ու Հուրը մի քար բերեցին, որ նա նստի դրա վրա, իսկ իրենք պահում էին նրա ձեռքերը, մեկը՝ մի կողմից, մյուսն էլ՝ մյուս կողմից, այնպես որ Մովսեսի ձեռքերը մինչև մայրամուտ անշարժ մնացին: 13 Այդպիսով՝ Հեսուն հաղթեց ամաղեկացիներին և սրի քաշեց նրանց:+

14 Եհովան ասաց Մովսեսին. «Հետևյալ խոսքերը գրքում գրիր որպես հիշեցում և Հեսուին էլ հաղորդիր դրանք. «Ես լիովին բնաջինջ կանեմ ամաղեկացիներին, և նրանց հիշատակն անգամ չի մնա երկնքի տակ»»:+ 15 Մովսեսը մի զոհասեղան շինեց և այն Եհովա-Նիսսի* կոչեց՝ 16 ասելով. «Քանի որ Ամաղեկն իր ձեռքը բարձրացրել է Յահի+ գահի դեմ, Եհովան կպատերազմի նրա դեմ սերնդեսերունդ»:+

18 Մադիանի քահանա Հոթորը՝ Մովսեսի աները,+ լսեց այն ամենի մասին, ինչ Աստված արել էր Մովսեսի և իր ժողովրդի՝ Իսրայելի համար, թե ինչպես էր Եհովան Իսրայելին հանել Եգիպտոսից:+ 2 Հոթորը իր հոգածության տակ էր առել Սեպփորային՝ Մովսեսի կնոջը, որին Մովսեսն իր մոտ էր ուղարկել, 3 նաև նրա երկու որդիներին:+ Նրանցից մեկի անունը Մովսեսը Գերսամ*+ էր դրել, քանի որ ասել էր՝ «Ես պանդուխտ դարձա օտար երկրում», 4 իսկ մյուսի անունը Եղիեզեր* էր դրել, քանի որ ասել էր՝ «Իմ հոր Աստվածը իմ օգնականն է. նա ազատեց ինձ փարավոնի սրից»:+

5 Հոթորը՝ Մովսեսի աները, վերցնելով նրա որդիներին ու կնոջը, եկավ նրա մոտ՝ անապատ, որտեղ նա ճամբար էր դրել ճշմարիտ Աստծու լեռան+ մոտակայքում: 6 Հոթորը+ լուր ուղարկեց Մովսեսին՝ ասելով. «Ես՝ քո աներ Հոթորս, քեզ մոտ եմ գալիս կնոջդ ու երկու որդիներիդ հետ»: 7 Մովսեսն իսկույն դուրս եկավ իր աներոջը դիմավորելու: Նա խոնարհվեց նրա առաջ և համբուրելով ողջունեց: Նրանք միմյանց որպիսությունը հարցրին, ապա վրանը մտան:

8 Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենի մասին, ինչ Եհովան հանուն Իսրայելի արել էր փարավոնին ու Եգիպտոսին,+ այն բոլոր դժվարությունների մասին, որոնց բախվել էին ճանապարհին, նաև թե ինչպես էր Եհովան ազատագրել իրենց:+ 9 Հոթորը ուրախացավ՝ լսելով, թե Եհովան ինչ լավ բաներ է արել իսրայելացիների համար՝ եգիպտացիների ձեռքից փրկելով նրանց: 10 Նա ասաց. «Թող փառաբանվի Եհովան, ով փրկեց ձեզ եգիպտացիների ու փարավոնի ձեռքից, ով ժողովրդին ազատագրեց Եգիպտոսի լծից: 11 Հիմա ես գիտեմ, որ Եհովան ավելի մեծ է, քան մյուս բոլոր աստվածները,+ որովհետև իր ժողովրդին պաշտպանեց հանդուգն թշնամիներից»: 12 Այնուհետև Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ ու զոհեր բերեց Աստծուն, և Ահարոնն ու Իսրայելի բոլոր երեցները եկան, որ Մովսեսի աներոջ հետ հաց ուտեն ճշմարիտ Աստծու առաջ:

13 Հաջորդ օրը Մովսեսը սովորականի պես նստեց՝ ժողովրդի դատերը վարելու. ժողովուրդը առավոտից երեկո կանգնած էր Մովսեսի առաջ: 14 Երբ նրա աները տեսավ այն ողջ գործը, որ նա անում է ժողովրդի համար, ասաց. «Ինչո՞ւ ես այդպես անում. ինչո՞ւ ես մենակ նստում՝ դատ վարելու, իսկ ողջ ժողովուրդը առավոտից երեկո կանգնած է մնում քո առաջ»: 15 Մովսեսը պատասխանեց. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծու կամքը հարցնելու: 16 Երբ մարդկանց միջև խնդիր է առաջանում, այն ինձ են ներկայացնում, և ես դատում եմ, թե երկու կողմերից որն է ճիշտ, ու հայտնում եմ ճշմարիտ Աստծու վճիռներն ու օրենքները»:+

17 Մովսեսի աներն ասաց. «Այդպես լավ չէ: 18 Դու հաստատ կհյուծվես, ու ոչ միայն դու, այլև այս ժողովուրդը: Սա չափազանց մեծ բեռ է քեզ համար, չես կարող մենակ կրել այն: 19 Հիմա լսիր ինձ. քեզ խորհուրդ կտամ, և Աստված էլ քեզ հետ կլինի:+ Դու շարունակիր ժողովրդի ներկայացուցիչը լինել ճշմարիտ Աստծու առաջ+ և նրանց գործերը ներկայացրու ճշմարիտ Աստծուն:+ 20 Նրանց սովորեցրու Աստծու կանոններն ու օրենքները,+ հայտնիր, թե ինչ ճանապարհով պետք է ընթանան և թե ինչ պետք է անեն: 21 Բայց նաև ժողովրդի միջից ընտրիր ընդունակ, աստվածավախ և հուսալի տղամարդկանց,+ որոնք ատում են անազնիվ ճանապարհով ձեռք բերված եկամուտը,+ և նրանց նշանակիր հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ:+ 22 Նրանք թող դատեն ժողովրդին, երբ խնդիրներ առաջանան.* յուրաքանչյուր դժվար գործ թող քեզ ներկայացնեն,+ իսկ ամեն փոքր հարց թող իրենք լուծեն: Հեշտացրու գործդ՝ թույլ տալով, որ նրանք կիսեն քո բեռը:+ 23 Եթե այդպես անես, և Աստված էլ հավանություն տա, ուժասպառ չես լինի, և բոլորը բավարարված տուն կգնան»:

24 Մովսեսը առանց հապաղելու լսեց իր աներոջը և արեց այն ամենը, ինչ նա ասաց: 25 Նա ամբողջ Իսրայելից ընտրեց ընդունակ տղամարդկանց և նրանց գլխավորներ նշանակեց ժողովրդի վրա՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ: 26 Նրանք դատում էին ժողովրդին, երբ խնդիրներ էին առաջանում: Դժվար գործերը ներկայացնում էին Մովսեսին,+ իսկ բոլոր փոքր գործերը իրենք էին քննում: 27 Հետո Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը,+ և նա գնաց իր երկիր:

19 Եգիպտոսից դուրս գալուց հետո երրորդ ամսում իսրայելացիները եկան Սինա անապատ: 2 Այն նույն օրը, երբ նրանք ճանապարհ ընկան Ռաֆիդիմից,+ եկան Սինա անապատ և ճամբար դրեցին այնտեղ՝ Սինա լեռան դիմաց:+

3 Մովսեսը բարձրացավ լեռը, որ ներկայանա ճշմարիտ Աստծու առաջ: Եհովան լեռան վրայից կանչեց նրան՝+ ասելով. «Ահա թե ինչ պետք է ասես Հակոբի սերունդներին՝ իսրայելացիներին. 4 «Դուք տեսաք, թե ես եգիպտացիներին ինչ արեցի,+ որ ձեզ ինձ մոտ բերեմ՝ արծվի պես թևերիս վրա առած:+ 5 Եվ հիմա, եթե անվերապահորեն հնազանդվեք ինձ ու պահեք իմ ուխտը, դուք կդառնաք իմ հատուկ* սեփականությունը, որ ընտրել եմ բոլոր ժողովուրդների միջից,+ քանի որ ամբողջ երկիրը ինձ է պատկանում:+ 6 Ինձ համար դուք քահանայական թագավորություն և սուրբ ազգ կդառնաք»:+ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես իսրայելացիներին»:

7 Մովսեսը գնաց, իր մոտ կանչեց ժողովրդի երեցներին և նրանց հայտնեց Եհովայի ասած բոլոր խոսքերը:+ 8 Դրանից հետո ամբողջ ժողովուրդը միաձայն պատասխանեց. «Եհովայի բոլոր ասածները կանենք»:+ Մովսեսն էլ ժողովրդի խոսքերը իսկույն հաղորդեց Եհովային: 9 Եհովան ասաց Մովսեսին. «Ես քեզ մոտ կգամ մութ ամպի մեջ, որ երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և քեզ էլ միշտ հավատա»: Այսպիսով՝ Մովսեսը ժողովրդի խոսքերը հաղորդեց Եհովային:

10 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Գնա ժողովրդի մոտ և պատվիրիր, որ այսօր ու վաղը սրբագործեն* իրենց, և թող լվանան իրենց հագուստները: 11 Նրանք պետք է պատրաստ լինեն երրորդ օրվան, որովհետև երրորդ օրը Եհովան ամբողջ ժողովրդի աչքի առաջ կիջնի Սինա լեռան վրա: 12 Լեռան շուրջբոլորը սահմանանշաններ դիր ժողովրդի համար և ասա. «Զգուշացե՛ք. հանկարծ լեռը չբարձրանա՛ք ու չդիպչե՛ք դրա փեշին: Եթե որևէ մեկը դիպչի լեռանը, կսպանվի: 13 Ոչ ոք չպետք է դիպչի օրինազանցին: Նա կա՛մ պետք է քարկոծվի, կա՛մ խոցվի:* Լինի մարդ, թե կենդանի՝ չպետք է ողջ մնա»:+ Ժողովուրդը կարող է լեռանը մոտենալ միայն այն ժամանակ, երբ հնչի եղջերափողի* ձայնը»:+

14 Հետո Մովսեսը լեռան վրայից իջավ ժողովրդի մոտ ու պատվիրեց, որ սրբագործեն իրենց, և նրանք լվացին իրենց հագուստները:+ 15 Մովսեսն ասաց. «Պատրաստվե՛ք երրորդ օրվան: Սեռական հարաբերություն չունենաք»:*

16 Երրորդ օրը՝ առավոտյան, որոտներ ու կայծակներ սկսվեցին, մի թանձր ամպ+ իջավ լեռան վրա, և եղջերափողի շատ ուժգին ձայն սկսեց հնչել: Ճամբարում գտնվող ամբողջ ժողովուրդը ահուդողի մեջ ընկավ:+ 17 Մովսեսը ժողովրդին ճամբարից տարավ, որ ներկայանան ճշմարիտ Աստծու առաջ: Եվ նրանք կանգնեցին լեռան ստորոտի մոտ: 18 Սինա լեռը ամբողջությամբ ծխի մեջ էր, քանի որ Եհովան կրակի մեջ+ իջել էր դրա վրա. լեռից ծուխ էր բարձրանում, ասես թրծավառարանից, և ողջ լեռը ուժգին ցնցվում էր:+ 19 Եղջերափողի ձայնը ավելի ու ավելի բարձր էր հնչում: Այդ ընթացքում Մովսեսը խոսում էր, իսկ ճշմարիտ Աստված պատասխանում էր* նրան:

20 Այսպիսով՝ Եհովան իջավ Սինա լեռան վրա՝ դրա գագաթին: Ապա Եհովան Մովսեսին կանչեց այնտեղ, և Մովսեսը բարձրացավ:+ 21 Եհովան նրան ասաց. «Իջիր և զգուշացրու ժողովրդին. «Չփորձե՛ք սահմանն անցնել, որ տեսնեք Եհովային, այլապես շատերդ կմեռնեք: 22 Քահանաները,* որոնք կանոնավորաբար գալիս են Եհովայի մոտ, թող սրբագործեն իրենց, որ Եհովան նրանց չկործանի»»:+ 23 Մովսեսն էլ ասաց Եհովային. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու արդեն զգուշացրել ես մեզ ու ասել. «Սահմանանշաններ դիր լեռան մոտ և սուրբ հայտարարիր այն»»:+ 24 Սակայն Եհովան ասաց նրան. «Գնա, իջիր և հետո Ահարոնի հետ բարձրացիր, բայց քահանաներն ու ժողովուրդը թող սահմանանշաններից չանցնեն: Նրանց զգուշացրու. «Մի՛ բարձրացեք Եհովայի մոտ, որ ձեզ չկործանի»»:+ 25 Մովսեսն իջավ ժողովրդի մոտ ու հաղորդեց այդ ամենը:

20 Այնուհետև Աստված ասաց այս բոլոր խոսքերը.+

2 «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:+ 3 Ինձնից բացի՝* ուրիշ աստվածներ չունենաս:+

4 Քեզ համար կուռք չպատրաստես և ոչ էլ որևէ պատկեր, որ նման լինի երկնքում, երկրի վրա կամ ջրերում եղող ինչ-որ բանի:+ 5 Դրանց առաջ չխոնարհվես ու չծառայես դրանց,*+ որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+ Աստված եմ և թողնում եմ, որ ինձ ատող հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը, 6 իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների+ հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:

7 Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չգործածես,+ քանի որ Եհովան իր անունը անպատշաճ ձևով գործածողին անպատիժ չի թողնի:+

8 Հիշի՛ր, դու պետք է սուրբ համարես Շաբաթ օրը:+ 9 Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը:+ 10 Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին: Ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ, ո՛չ ընտանի կենդանիդ և ո՛չ էլ ձեր բնակավայրերում ապրող պանդուխտը,+ 11 որովհետև Եհովան վեց օրում ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան, իսկ յոթերորդ օրը սկսեց հանգստանալ:+ Ահա թե ինչու Եհովան օրհնեց Շաբաթը և այն սուրբ դարձրեց:

12 Պատվիր քո հորն ու մորը,+ որ երկար ապրես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ:+

13 Մի՛ սպանիր:+

14 Մի՛ շնացիր:*+

15 Մի՛ գողացիր:+

16 Որևէ մեկի* դեմ սուտ վկայություն մի՛ տուր:+

17 Որևէ մեկի տունը մի՛ ցանկացիր: Մի՛ ցանկացիր տիրանալ ուրիշի կնոջը,+ նրա ծառային, աղախնին, նրա ցլին, էշին կամ նրան պատկանող որևէ այլ բանի»:+

18 Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, եղջերափողի ձայնը և տեսնում էր կայծակի փայլատակումներն ու լեռից բարձրացող ծուխը: Այդ ամենից ահուդողի մեջ ընկած՝ նրանք կանգնել էին հեռվում:+ 19 Ժողովուրդն ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, իսկ Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»:+ 20 Մովսեսն էլ ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք. ճշմարիտ Աստված եկել է, որ ստուգի ձեզ,+ և որ դուք միշտ խորին հարգանք* ունենաք իր հանդեպ, որպեսզի մեղք չգործեք»:+ 21 Այսպիսով՝ ժողովուրդը հեռվում կանգնած մնաց, իսկ Մովսեսը մոտեցավ այն մութ ամպին, որտեղ ճշմարիտ Աստվածն էր:+

22 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք անձամբ տեսաք, որ ես երկնքից խոսեցի ձեզ հետ:+ 23 Արծաթից կամ ոսկուց աստվածներ չպատրաստեք, քանի որ ինձնից բացի՝ ուրիշ աստված չպետք է ունենաք:+ 24 Ինձ համար հողից զոհասեղան կպատրաստեք և դրա վրա կմատուցեք ձեր ողջակեզներն ու խաղաղության զոհերը, ձեր մանր ու խոշոր եղջերավոր անասունները: Ինչ վայր էլ ես ընտրեմ, որ իմ անունը հիշատակվի* այնտեղ,+ ես կգամ ձեզ մոտ ու կօրհնեմ ձեզ: 25 Եթե ինձ համար զոհասեղան պատրաստելու լինեք քարերից, ապա չպետք է օգտագործեք գործիքով կտրված* քարեր,+ քանի որ եթե հատիչով աշխատեք զոհասեղանի քարերի վրա, կպղծեք այն: 26 Զոհասեղանիս վրա աստիճաններով չբարձրանաք, որ ձեր սեռական օրգանները* չերևան»»:

21 «Ահա այն իրավական կանոնները, որ պետք է հաղորդես ժողովրդին:+

2 Եթե եբրայեցի ստրուկ գնես,+ նա վեց տարի կծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում պետք է նրան ազատ արձակես առանց որևէ վճար պահանջելու:+ 3 Եթե նա մենակ է եկել, մենակ էլ կգնա, իսկ եթե կնոջ հետ է եկել, ապա կինը նրա հետ պետք է գնա: 4 Եթե տերը ծառային կին տա, և կինը նրա համար որդիներ ու աղջիկներ ծնի, ապա այդ կինն ու երեխաները տիրոջը կմնան, իսկ ծառան մենակ կգնա:+ 5 Բայց եթե ծառան հաստատակամորեն ասի՝ «Ես սիրում եմ իմ տիրոջը, իմ կնոջն ու զավակներին և չեմ ուզում ազատ արձակվել»,+ 6 նրա տերը ճշմարիտ Աստծու առաջ պետք է նրան բերի կանգնեցնի դռան կամ դրա կողափայտի դիմաց ու բզով ծակի նրա ականջը, և նա ողջ կյանքում նրա ծառան կլինի:

7 Եթե մեկը իր աղջկան վաճառի ստրկության, ապա նրա ազատ արձակվելը կլինի ոչ այնպես, ինչպես ստրկացած տղամարդունը: 8 Եթե տերը գոհ չլինի նրանից և չուզենա նրան դարձնել իր հարճը, այլ որոշի վաճառել մեկ ուրիշի, ով ուզում է գնել* նրան, ապա նա կարող է դա անել, բայց իրավունք չունի նրան վաճառելու օտարազգիներին: Նա անարդարացիորեն է վարվել նրա հետ: 9 Իսկ եթե աղջկան գնել է, որ կնության տա իր որդուն, ապա նրան պետք է ընձեռի այն նույն իրավունքները, ինչ ունենում է դուստրը: 10 Եթե որդին* մեկ ուրիշ կին էլ առնի, ապա չպետք է պակասեցնի առաջին կնոջ սնունդն ու հագուստը և պետք է առաջվա պես կատարի նրա հանդեպ իր ամուսնական պարտքը:+ 11 Եթե այս երեք բաները չտա կնոջը, ապա կնոջը պետք է ազատ արձակեն առանց դրա դիմաց որևէ վճար պահանջելու:

12 Եթե մի մարդ ինչ-որ մեկին այնպես հարվածի, որ նա մահանա, ապա այդ մարդը պետք է մահվան մատնվի:+ 13 Բայց եթե նա առանց դիտավորության անի դա, և ես՝ ճշմարիտ Աստվածս, թույլ տամ, որ այդպիսի բան պատահի, ապա մի տեղ կսահմանեմ ձեզ համար, ուր նա կարող է փախչել:+ 14 Իսկ եթե մի մարդ, իր դրացու վրա խիստ բարկանալով, դիտավորյալ սպանի նրան,+ ապա պետք է մահվան մատնվի, նույնիսկ եթե հարկ լինի նրան տանելու իմ զոհասեղանի մոտից, որտեղ գուցե փորձի պաշտպանություն գտնել:+ 15 Իր հորը կամ մորը հարվածողը պետք է մահվան մատնվի:+

16 Եթե որևէ մեկը մարդ առևանգի+ ու վաճառի, կամ եթե նրա մոտ առևանգված մարդ գտնեն,+ ապա նա պետք է մահվան մատնվի:+

17 Իր հորը կամ մորը անիծողը պետք է մահվան մատնվի:+

18 Ահա թե ինչպես պետք է վարվեք, եթե մարդիկ վեճի բռնվեն, և մեկը քարով կամ բռունցքով* հարվածի մյուսին, ու նա չմեռնի, բայց անկողին ընկնի: 19 Եթե նա ի վիճակի լինի վեր կենալ և ձեռնափայտի օգնությամբ դրսում քայլել, ապա նրան հարվածողը կազատվի պատժից: Նա կփոխհատուցի միայն այն ժամանակի համար, որի ընթացքում տուժածը չի կարողանա աշխատել, այսինքն՝ մինչև որ նա լիովին ապաքինվի:

20 Եթե մի մարդ փայտով հարվածի իր ստրուկին կամ ստրկուհուն, և նա այդ ժամանակ* մահանա, ապա մահացողի համար պետք է վրեժ առնվի:+ 21 Սակայն եթե ստրուկը կամ ստրկուհին մեկ-երկու օր ապրի ու հետո մեռնի, ապա պետք չէ վրեժ առնել, որովհետև նրա տերն արդեն իսկ կորցրել է նրան, ում գնել էր իր փողով:

22 Եթե տղամարդիկ իրար հետ կռիվ անելիս հարվածեն հղի կնոջ, և նա ժամանակից շուտ ծննդաբերի՝+ առանց մահվան ելքի,* ապա մեղավորը պետք է վճարի կնոջ ամուսնու կողմից դրված տույժը, որը պետք է հաստատվի դատավորների կողմից:+ 23 Բայց եթե մահվան ելքով ավարտվի, կյանքի դիմաց կյանք* պետք է տա,+ 24 աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,+ 25 այրվածքի դիմաց այրվածքով պետք է հատուցի, վերքի դիմաց՝ վերքով, հարվածի դիմաց՝ հարվածով:

26 Եթե մարդը հարվածի իր ստրուկի կամ ստրկուհու աչքին, և աչքը կուրանա, ապա որպես փոխհատուցում նրան պետք է ազատ արձակի:+ 27 Եթե նա հարվածելով դուրս գցի իր ստրուկի կամ ստրկուհու ատամը, ապա որպես փոխհատուցում նրան պետք է ազատ արձակի:

28 Եթե ցուլը պոզահարի որևէ տղամարդու կամ կնոջ, ու նա մեռնի,+ ապա ցուլը պետք է քարկոծվի, և դրա միսը չպետք է ուտվի: Իսկ ցլի տերը պատիժ չի կրի: 29 Բայց եթե ցուլը առաջ էլ է պոզահարող եղել, ու տիրոջը զգուշացրել են, սակայն նա հսկողության տակ չի պահել ցլին, և ցուլը սպանել է որևէ տղամարդու կամ կնոջ, ապա կենդանին պետք է քարկոծվի, և տերը նույնպես պետք է մահվան մատնվի: 30 Եթե նրանից փրկագին* պահանջվի իր կյանքի համար, նա պետք է վճարի այնքան, որքան կսահմանվի: 31 Այս իրավական կանոնի համաձայն է հարկավոր վարվել նաև այն դեպքում, երբ ցուլը տղա կամ աղջիկ երեխա է պոզահարել: 32 Եթե ցուլը ստրուկի կամ ստրկուհու պոզահարի, ապա ցլի տերը 30 սիկղ* պետք է վճարի ստրուկի տիրոջը, իսկ ցուլը պետք է քարկոծվի:

33 Եթե որևէ մեկը փոսի բերանը բաց թողնի կամ փոս փորի ու չծածկի այն, և դրա մեջ ցուլ կամ էշ ընկնի, 34 ապա այդ մարդը* պետք է փոխհատուցում տա.+ նա պետք է անասունի տիրոջը վճարի դրա գինը, իսկ սատկած անասունը իրեն պահի: 35 Եթե ինչ-որ մեկի ցուլը պոզահարի ուրիշի ցլին, և այն սատկի, ապա նրանք պետք է վաճառեն կենդանի ցուլը և դրա փողը կիսեն: Նրանք պետք է կիսեն նաև սատկած կենդանուն: 36 Իսկ եթե հայտնի է, որ ցուլը առաջ էլ է պոզահարող եղել, բայց տերը հսկողության տակ չի պահել դրան, ապա ցլի դիմաց ցլով պետք է հատուցի, իսկ սատկածը իրեն կմնա»:

22 «Եթե մեկը ցուլ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, ապա պետք է ցլի դիմաց հինգ ցուլ հատուցի, իսկ ոչխարի դիմաց՝ չորս ոչխար:+

2 (Եթե գիշերով գողին+ բռնեն տուն ներխուժելիս ու հարվածեն, և նա մահանա, ապա հարվածողը արյունապարտ չի լինի: 3 Բայց եթե դա տեղի ունենա արևածագից հետո, ապա հարվածողը արյունապարտ կլինի):

Գողը պետք է փոխհատուցում տա: Եթե ոչինչ չունի, ապա իր գողացած իրերի դիմաց վճարելու համար պետք է ստրկության վաճառվի: 4 Եթե գողացված կենդանին նրա մոտ ողջ գտնվի՝ լինի ցուլ, էշ, թե ոչխար, նա պետք է կրկնակի չափով փոխհատուցի:

5 Եթե որևէ մեկը իր անասուններին տանի արտ կամ խաղողի այգի՝ արածեցնելու, և թողնի, որ գնան ուրիշի արտում արածեն, ապա պետք է վնասի դիմաց փոխհատուցի իր արտի կամ խաղողի այգու լավագույն բերքով:

6 Եթե մեկը կրակ վառի, ու այն տարածվի փշաթփերի մեջ, և դրա պատճառով այրվեն որևէ մեկի հացահատիկի խրձերը, չքաղված հասկերը կամ արտը, ապա կրակ վառողը պետք է փոխհատուցի պատճառված վնասը:

7 Եթե մի մարդ փող կամ իրեր պահ տա ինչ-որ մեկին, և դրանք գողանան նրա տնից, ապա եթե գողը գտնվի, պետք է կրկնակի չափով փոխհատուցի:+ 8 Բայց եթե գողը չգտնվի, ապա տանտերը պետք է բերվի ճշմարիտ Աստծու առաջ՝+ պարզելու համար, թե արդյոք նա ձեռք չի՞ դրել իր դրացու ունեցվածքի վրա: 9 Բոլոր այն դեպքերում, երբ մարդ մեկ ուրիշին մեղադրում է ապօրինի կերպով որևէ բան սեփականացնելու մեջ՝ լինի ցուլ, էշ, ոչխար, հագուստ կամ ցանկացած այլ կորած բան, և ասում է, թե դա իրենն է, ապա երկու կողմն էլ իրենց գործը պետք է ներկայացնեն ճշմարիտ Աստծու առաջ:+ Ում որ Աստված մեղավոր հայտարարի, նա պետք է կրկնակի չափով փոխհատուցի իր դրացուն:+

10 Եթե մարդ ինչ-որ մեկին էշ, ցուլ, ոչխար կամ որևէ այլ ընտանի կենդանի պահ տա, և կենդանին սատկի կամ խեղանդամ դառնա կամ էլ հափշտակվի, ու տեսնող չլինի, 11 ապա նա, ում վստահվել է կենդանին, պետք է երդվի Եհովայի առաջ, որ ձեռքը չի դրել դրացու ունեցվածքի վրա: Կենդանու տերը պետք է ընդունի տրված երդումը, և այդ մարդը պարտավոր չի լինի փոխհատուցում տալ:+ 12 Բայց եթե կենդանին գողացվել է նրա անփութության պատճառով, ապա նա պարտավոր է փոխհատուցել տիրոջը: 13 Եթե կենդանուն վայրի գազան է հոշոտել, նա հոշոտված կենդանուն պետք է բերի որպես ապացույց և պարտավոր չի լինի փոխհատուցել դրա դիմաց:

14 Եթե որևէ մեկը իր դրացուց որոշ ժամանակով ընտանի կենդանի վերցնի, և այն խեղանդամ դառնա կամ սատկի, երբ տերը մոտը չէ, ապա վերցնողը պետք է փոխհատուցում տա: 15 Բայց եթե տերը մոտն է եղել, վերցնողը պարտավոր չէ փոխհատուցել: Եթե կենդանին վարձով էր վերցվել, ապա տրված վարձավճարը կլինի փոխհատուցումը:

16 Եթե մի տղամարդ չնշանված կույսի գայթակղի և սեռական հարաբերություն ունենա նրա հետ, ապա պետք է վճարի սահմանված հարսնագինը և կնության առնի նրան:+ 17 Եթե աղջկա հայրը կտրականապես մերժի տալ նրան այդ մարդուն, միևնույն է, այդ մարդը պետք է վճարի հարսնագնի չափով գումար:

18 Կախարդությամբ զբաղվողին* ողջ չթողնես:+

19 Ով սեռական հարաբերություն ունենա կենդանու հետ, անպատճառ պետք է մահվան մատնվի:+

20 Ով որ Եհովայից բացի ուրիշ աստվածների զոհ մատուցի, պետք է ոչնչացվի:+

21 Պանդուխտին վատ չվերաբերվես ու չնեղես,+ որովհետև դուք էլ Եգիպտոսում պանդուխտ եք եղել:+

22 Այրուն կամ որբին* չճնշես:+ 23 Եթե նրանց ճնշես, ու նրանք օգնության կանչեն ինձ, ես անպայման կլսեմ նրանց աղաղակը,+ 24 և իմ բարկությունը կբորբոքվի: Ես կկործանեմ ձեզ սրով: Ձեր կանայք այրի կդառնան, իսկ ձեր զավակները որբ* կմնան:

25 Եթե պարտքով փող տաս իմ ժողովրդից որևէ չունևոր մարդու, ապա չվարվես վաշխառուի պես՝ փորձելով նրանից շահ ստանալ: Նրա վրա տոկոս չդնես:+

26 Եթե որևէ մեկի հագուստը պարտքի դիմաց գրավ վերցնես,+ մայրամուտին վերադարձրու այն, 27 քանի որ դա նրա միակ հագուստն է, որ իրեն տաք է պահում, որով նա ծածկում է իր մարմինը: Ինչո՞վ նա կպառկի քնելու:+ Երբ օգնության կանչի ինձ, ես անպայման կլսեմ, որովհետև ես կարեկից եմ:+

28 Չանիծես* Աստծուն+ և չանիծես քո ժողովրդի տոհմապետներից* ոչ մեկին:+

29 Չվարանես ընծա մատուցել քո առատ բերքից և քո հնձանների ու ձիթհանների լիառատ արդյունքից:+ Քո առաջնեկ որդուն ինձ պետք է տաս:+ 30 Ինչ վերաբերում է քո ցլերի ու ոչխարների առաջնեկներին,+ այսպես արա. յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը ինձ պետք է տաս:+

31 Դուք պետք է սուրբ ժողովուրդ լինեք ինձ համար.+ գազանի կողմից հոշոտված կենդանու միս չուտեք:+ Շների՛ն գցեք այն»:

23 «Սուտ լուրեր չտարածես:+ Անօրեն մարդու հետ չհամագործակցես՝ դառնալով չարակամ վկա:+ 2 Բազմությանը հետևելով՝ չար գործեր չանես: Մեծամասնությանը հաճեցնելու համար արդարությունը խեղաթյուրող վկայություն չտաս: 3 Աղքատ մարդու գործը քննելիս նրա կողմը չբռնես, ինչ է թե նա աղքատ է:+

4 Եթե տեսնես թշնամուդ մոլորված ցուլը կամ էշը, այն պետք է նրան վերադարձնես:+ 5 Եթե տեսնես, որ քեզ ատողի էշը բեռի ծանրությունից գետնին է ընկել, ապա անտարբեր չանցնես: Օգնիր նրան, որ կենդանուն բեռից ազատի:+

6 Աղքատի դատական գործը քննելիս նրա հանդեպ անարդար չվարվես:+

7 Կեղծ մեղադրանքի մեջ բաժին չունենաս: Անմեղ ու արդար մարդու մահվան պատճառ չլինես. այդպիսի չարիք անողին ես արդար չեմ հայտարարի:*+

8 Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է արդար դատողին և կարող է աղավաղել արդար մարդկանց խոսքերը:+

9 Պանդուխտին չճնշես, քանի որ գիտես՝ ինչ է նշանակում պանդուխտ լինել: Չէ՞ որ դուք էլ եք պանդուխտ եղել Եգիպտոսում:+

10 Վեց տարի հողդ ցանիր և հավաքիր դրա բերքը,+ 11 իսկ յոթերորդ տարում մի՛ մշակիր այն. թող հանգստանա: Ինչ որ աճի, թող քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ ինչ որ նրանք թողնեն, վայրի կենդանիները կուտեն: Այդպես պետք է վարվես նաև քո խաղողի և ձիթենու այգու հետ:

12 Վեց օր քո գործն արա, իսկ յոթերորդ օրը պետք է դադար տաս, որ քո ցուլն* ու էշը հանգստանան, և ծառադ* ու պանդուխտը վերականգնեն իրենց ուժերը:+

13 Տես, որ կատարես իմ ասած բոլոր բաները.+ ուրիշ աստվածների անունները չհիշատակես:* Դրանք չպետք է հնչեն քո շուրթերից:+

14 Տարին երեք անգամ իմ պատվին տոն նշիր:+ 15 Նշիր Անթթխմոր հացերի տոնը.+ յոթ օր անթթխմոր հաց կուտես, ինչպես որ պատվիրել եմ: Դա կանես աբիբ ամսվա մեջ՝+ նշանակված ժամանակին, քանի որ այդ ամսում դուրս եկար Եգիպտոսից: Ոչ ոք թող դատարկաձեռն չներկայանա իմ առաջ:+ 16 Նաև նշիր Հնձի տոնը,* երբ կքաղես քո արտում ցանածի առաջին պտուղները՝ աշխատանքիդ արդյունքը:+ Իսկ տարվա վերջում նշիր Բերքահավաքի տոնը,* երբ արտից կհավաքես քո աշխատանքի վերջին պտուղները:+ 17 Տարին երեք անգամ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի առաջ:+

18 Ինձ համար բերված զոհի արյունը չմատուցես թթխմորով պատրաստված որևէ բանի հետ: Իմ տոների ժամանակ ինձ մատուցվող ճարպը չպետք է մնա մինչև առավոտ:

19 Հողիդ առաջին բերքի լավագույն պտուղները պետք է բերես քո Աստված Եհովայի տուն:+

Ուլն իր մոր կաթի մեջ չեփես:+

20 Ես հրեշտակ եմ ուղարկում, որ ձեր առջևից գնալով՝+ ճանապարհին պահպանի ձեզ ու բերի այն վայրը, որը պատրաստել եմ ձեզ համար:+ 21 Լսե՛ք և հնազանդվե՛ք նրան: Նրա դեմ մի՛ ապստամբեք, որովհետև նա չի ների ձեր հանցանքները.+ չէ՞ որ նա իմ անունից է գործում:* 22 Սակայն եթե անվերապահորեն հնազանդվեք նրա ձայնին ու անեք այն ամենը, ինչ ասում եմ, ապա ես թշնամություն կանեմ ձեր թշնամիների հետ և դուրս կգամ նրանց դեմ, ովքեր դուրս կգան ձեր դեմ: 23 Իմ հրեշտակը կգնա ձեր առջևից ու կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ու ես բնաջինջ կանեմ նրանց:+ 24 Չխոնարհվեք նրանց աստվածների առաջ, չծառայեք դրանց* և չորդեգրեք այդ ազգերի սովորույթները:+ Նրանց կուռքերը կոչնչացնեք և նրանց սուրբ սյուները ջարդուփշուր կանեք:+ 25 Դուք պետք է Եհովային՝ ձեր Աստծուն ծառայեք,+ և ես կօրհնեմ ձեր հացն ու ջուրը:+ Ձեր միջից կվերացնեմ հիվանդությունը:+ 26 Ձեր երկրում կանայք չեն վիժի, ոչ էլ անպտուղ կլինեն:+ Ես երկար կյանք կտամ ձեզ:

27 Այնպես կանեմ, որ ձեր գնալուց առաջ իմ ահը տարածվի բոլոր այն ժողովուրդների մեջ,+ որոնց հանդիպելու եք: Ես շփոթության մեջ կգցեմ նրանց: Ձեր բոլոր թշնամիները, պարտության մատնված, կփախչեն ձեզանից:+ 28 Նախքան ձեր գնալը վհատության* մեջ կգցեմ ձեր թշնամիներին+ և ձեր առջևից կքշեմ խևացիներին, քանանացիներին ու քետացիներին:+ 29 Նրանց ձեր առջևից կքշեմ, բայց ոչ մեկ տարում, որպեսզի երկիրը չամայանա, և վայրի կենդանիները չշատանան ու չվնասեն ձեզ:+ 30 Ես աստիճանաբար կքշեմ նրանց, մինչև որ բազմանաք ու տիրանաք այդ երկրին:+

31 Ձեր սահմանը կտարածեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև Եփրատ գետը,*+ իսկ այդ տարածքի բնակիչներին ձեր ձեռքը կտամ, և դուք կվռնդեք նրանց:+ 32 Ուխտ չկապեք նրանց հետ ու նրանց աստվածների հետ:+ 33 Նրանք չպետք է բնակվեն ձեր երկրում, որ չդրդեն ձեզ մեղք գործել իմ դեմ: Եթե ծառայեք նրանց աստվածներին, դա, անշուշտ, ծուղակ կդառնա ձեզ համար»:+

24 Հետո Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացեք լեռը՝ ինձ մոտ՝ Եհովայի մոտ, դու, Ահարոնը, Նադաբն ու Աբիուն,+ նաև Իսրայելի երեցներից 70 հոգի և հեռվից խոնարհվեք: 2 Դու, Մովսե՛ս, պետք է մենա՛կ մոտենաս Եհովային, իսկ մյուսները չպետք է մոտենան: Ժողովուրդը չպետք է բարձրանա քեզ հետ»:+

3 Մովսեսը եկավ ու ժողովրդին հաղորդեց Եհովայի բոլոր խոսքերն ու իրավական կանոնները,+ և ամբողջ ժողովուրդը միաձայն ասաց. «Եհովայի բոլոր ասածները կանենք»:+ 4 Մովսեսը գրի առավ Եհովայի բոլոր խոսքերը:+ Այնուհետև վաղ առավոտյան վեր կացավ ու լեռան ստորոտում մի զոհասեղան շինեց, նաև 12 քարե սյուն կանգնեցրեց՝ Իսրայելի 12 ցեղերի թվին համապատասխան: 5 Դրանից հետո նա ընտրեց իսրայելացի երիտասարդ տղամարդկանց, և նրանք Եհովային ողջակեզներ մատուցեցին ու ցլեր զոհաբերեցին որպես խաղաղության զոհեր:+ 6 Ապա Մովսեսը վերցրեց արյան կեսը և լցրեց թասերի մեջ, իսկ մյուս կեսը շաղ տվեց զոհասեղանի վրա: 7 Հետո վերցրեց ուխտի գիրքը* ու ժողովրդի առաջ կարդաց այնտեղ գրված օրենքները:+ Նրանք էլ ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք ու կհնազանդվենք նրան»:+ 8 Ապա Մովսեսը վերցրեց արյունը, շաղ տվեց+ ժողովրդի վրա ու ասաց. «Այս արյունով վավերացվում է ուխտը, որը Եհովան ձեզ հետ կապել է ձեր լսած այս բոլոր խոսքերի հիման վրա»:+

9 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուն, նաև Իսրայելի երեցներից 70-ը բարձրացան լեռը 10 և տեսան Իսրայելի Աստծուն:*+ Նրա ոտքերի տակ շափյուղե սալահատակի պես ինչ-որ բան կար՝ մաքուր, ինչպես ջինջ երկինքը:+ 11 Աստված ձեռք չբարձրացրեց իսրայելացիների միջից ընտրված մարդկանց վրա.+ նրանք տեսիլքով տեսան ճշմարիտ Աստծուն և կերան ու խմեցին:

12 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ինձ մոտ՝ լեռը բարձրացիր և մնա այստեղ. ես քեզ կտամ քարե տախտակներ, որոնց վրա կգրեմ այն օրենքներն ու պատվիրանները, որ հարկավոր է սովորեցնել ժողովրդին»:+ 13 Ուստի Մովսեսն իր սպասավոր Հեսուի+ հետ սկսեց բարձրանալ լեռը: Հետո Մովսեսը շարունակեց ճանապարհը՝ բարձրանալով ճշմարիտ Աստծու մոտ:+ 14 Նախքան լեռը բարձրանալը նա երեցներին ասել էր. «Այստեղ սպասեք մեզ, մինչև վերադառնանք:+ Ահարոնն ու Հուրը ձեզ հետ են:+ Ով որ դատական գործ ունենա, թող նրանց դիմի»:+ 15 Երբ Մովսեսը լեռը բարձրացավ, այն ծածկված էր ամպով:+

16 Եհովայի փառքը+ Սինա լեռան վրա էր,+ և վեց օր շարունակ լեռը ծածկված էր ամպով: Յոթերորդ օրը նա ամպի միջից կանչեց Մովսեսին: 17 Իսրայելացիների աչքին Եհովայի փառքն ասես բոցավառ կրակ լիներ, որը պատել էր լեռան գագաթը: 18 Մովսեսը մտավ ամպի մեջ՝ գնալով վեր՝ դեպի լեռան գագաթը:+ Նա 40 օր ու 40 գիշեր մնաց լեռան վրա:+

25 Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ասա Իսրայելի ժողովրդին, որ ինձ համար նվիրաբերություն անեն. ինձ համար նվիրաբերություն ընդունեք յուրաքանչյուր մարդուց, ում սիրտը մղում է տալու:+ 3 Ահա թե ինչ պետք է ընդունեք նրանցից որպես նվիրաբերություն. ոսկի,+ արծաթ,+ պղինձ,+ 4 կապույտ թել, մանուշակագույն* ներկված բուրդ, վառ կարմիր* մանվածք, բարձրորակ վուշ,* այծի մազ, 5 խոյի* կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ,+ 6 յուղ՝ ճրագակալի համար,+ բալասան՝ օծման յուղի+ և անուշահոտ խնկի+ համար, 7 եղնգնաքարեր* և այլ քարեր՝ եփուդի*+ ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար: 8 Դուք պետք է սուրբ վրան* շինեք ինձ երկրպագելու համար, և ես կբնակվեմ ձեր մեջ:+ 9 Այդ խորանն* ու դրա ամբողջ կահկարասին պետք է պատրաստեք այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց կտամ:+

10 Ակացիայի փայտից տապանակ պետք է պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+ 11 Ապա այն պետք է պատեք մաքուր ոսկով:+ Պատեք այն ներսից ու դրսից և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք:+ 12 Չորս ոսկե օղակ ձուլեք տապանակի համար և ամրացրեք դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ տապանակի մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում: 13 Ակացիայի փայտից ձողեր պատրաստեք և դրանք պատեք ոսկով:+ 14 Ձողերն անցկացրեք տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն: 15 Ձողերը պետք է մնան տապանակի օղակների մեջ: Դրանք չպետք է հանվեն այնտեղից:+ 16 Տապանակի մեջ կդնես Վկայության տախտակները,*+ որ ես կտամ քեզ:

17 Մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեք՝ երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ:+ 18 Պատրաստեք նաև երկու ոսկե քերովբեներ: Դրանք պետք է կոփելով պատրաստեք և դնեք կափարիչի երկու ծայրերին:+ 19 Քերովբեները պետք է լինեն կափարիչի երկու ծայրերին, ամեն ծայրին՝ մեկ քերովբե: 20 Քերովբեների երկու թևերը պետք է տարածված լինեն դեպի վեր՝ ծածկելով կափարիչը:+ Քերովբեները պետք է դեմ դիմաց լինեն: Նրանց երեսները պետք է դեպի կափարիչն ուղղված լինեն: 21 Կափարիչը տապանակի վրա կդնես:+ Վկայության տախտակները, որ կտամ քեզ, կդնես տապանակի մեջ: 22 Ես կհայտնվեմ քեզ կափարիչի վերևում՝+ Վկայության տապանակի վրայի երկու քերովբեների մեջտեղում, և կխոսեմ քեզ հետ ու կհայտնեմ այն բոլոր պատվիրանները, որ պետք է հաղորդես իսրայելացիներին:

23 Նաև ակացիայի փայտից մի սեղան+ պատրաստեք՝ երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ:*+ 24 Պատեք այն մաքուր ոսկով և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք: 25 Ապա սեղանը շրջանակող եզրակալ տեղադրեք՝ ափի լայնությամբ,* և դրա շուրջբոլորը եզերելու համար ևս մեկ ոսկե եզրազարդ պատրաստեք: 26 Սեղանի համար չորս ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք չորս անկյուններին այն հատվածներում, որտեղ չորս ոտքերն են ամրացվելու: 27 Օղակները պետք է լինեն եզրակալի անմիջապես ներքևում, և դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 28 Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք. սեղանը դրանցով պետք է տանեք:

29 Պատրաստեք դրա վրա դրվելիք ափսեները, անոթները, ինչպես նաև կժերը և թասերը, որոնցով ըմպելիքի ընծաներ պետք է մատուցվեն: Այդ ամենը պետք է մաքուր ոսկուց պատրաստեք:+ 30 Սեղանի վրա կանոնավորաբար պետք է դրվեն այն հացերը, որոնք պետք է իմ առաջ լինեն:+

31 Մաքուր ոսկուց ճրագակալ+ պատրաստեք: Այն պետք է կոփելով պատրաստեք: Դրա պատվանդանը, բունը, ճյուղերը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+ 32 Ճրագակալի բնից վեց ճյուղ պետք է դուրս գա. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 33 Ճրագակալի մի կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից յուրաքանչյուրի վրա նույնպես պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: Այսպիսին պետք է լինեն ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 34 Իսկ ճրագակալի բնի վրա պետք է լինի նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում են իրար: 35 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, պետք է լինի մեկ կոկոն: Մեկ կոկոն էլ պետք է լինի հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես պետք է դասավորված լինեն կոկոնները բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 36 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը պետք է մեկ ամբողջական կտոր լինեն՝ կոփված մաքուր ոսկուց:+ 37 Յոթ ճրագ պետք է պատրաստեք ճրագակալի համար: Եվ երբ ճրագները վառված լինեն, կլուսավորեն դիմացի տարածությունը:+ 38 Ճրագների պատրույգը հանելու ունելիներն ու ամանները պետք է մաքուր ոսկուց լինեն:+ 39 Ճրագակալն իր պիտույքներով պետք է պատրաստվի մեկ տաղանդ* մաքուր ոսկուց: 40 Հետևիր, որ դրանք պատրաստվեն այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»:+

26 «Խորանը+ պատրաստեք տասը պաստառներով, որոնք պետք է գործված լինեն մանված բարձրորակ վուշից,* ինչպես նաև կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից: Դրանց վրա պետք է քերովբեներ+ ասեղնագործվեն:+ 2 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը պետք է լինի 28 կանգուն, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր պաստառները պետք է միևնույն չափսի լինեն:+ 3 Հինգ պաստառները պետք է իրար միացվեն ու դառնան մեկ ամբողջական կտոր: Նույն ձևով իրար պետք է միացվեն նաև մյուս հինգ պաստառները: 4 Ստացված կտորի վերջին պաստառի եզրին կապույտ թելից կապօղակներ պատրաստեք: Նույնպիսի կապօղակներ պատրաստեք նաև մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 5 Պատրաստեք 50 կապօղակ մի կտորի եզրին և 50 կապօղակ՝ մյուսի եզրին, այնպես որ միացվելիս դրանք դեմ դիմաց լինեն: 6 Պատրաստեք 50 ոսկե կեռիկ և դրանցով երկու կտորներն իրար միացրեք, որպեսզի մեկ ամբողջական ծածկոց ստացվի խորանի համար:+

7 Պատրաստեք նաև այծի մազից+ պաստառներ՝ խորանը ծածկելու համար. 11 պաստառ պետք է պատրաստեք:+ 8 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը պետք է լինի 30 կանգուն, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր 11 պաստառները պետք է միևնույն չափսի լինեն: 9 Հինգ պաստառները իրար միացրեք: Նույն ձևով իրար միացրեք նաև մնացած վեց պաստառները: Խորանի առջևի մասում վեցերորդ պաստառը կծալեք դեպի վեր: 10 Ստացված կտորի վերջին պաստառի եզրին 50 կապօղակ պատրաստեք և 50 կապօղակ էլ պատրաստեք մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 11 Պատրաստեք 50 պղնձե կեռիկ և դրանք անցկացնելով կապօղակների մեջ՝ երկու կտորներն իրար միացրեք, որպեսզի ստացվի մեկ ամբողջական ծածկոց: 12 Ծածկոցի պաստառի ավելացած մասը պետք է կախված մնա: Պաստառի այդ կես մասը թող կախված մնա խորանի հետևի կողմից: 13 Իսկ երկու կողքերից կախված մասերը պետք է կտավի ծածկոցից մեկ կանգուն* երկար լինեն՝ յուրաքանչյուր կողմից՝ մեկ կանգուն, որպեսզի երկու կողմերից ծածկեն խորանը:

14 Խորանի համար պատրաստեք ևս մեկ ծածկոց խոյի* կարմիր ներկված կաշվից, մի ծածկոց էլ դրա վրա գցելու համար՝ փոկի կաշվից:+

15 Խորանի կառուցման համար ակացիայի փայտից շրջանակներ+ պատրաստեք, որոնք պետք է ուղղահայաց կանգնեցվեն:+ 16 Յուրաքանչյուր շրջանակի երկարությունը պետք է լինի տասը կանգուն, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն:* 17 Ամեն շրջանակ պետք է իրար զուգահեռ երկու ելուստ ունենա: Այդպես պետք է պատրաստեք խորանի բոլոր շրջանակները: 18 Խորանի հարավային կողմի համար 20 շրջանակ պատրաստեք:

19 Այդ 20 շրջանակները կանգնեցնելու համար 40 արծաթե պատվանդան պատրաստեք,+ յուրաքանչյուրի վրա՝ մեկական ակոս, այսինքն՝ երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:+ 20 Քսան շրջանակ էլ պատրաստեք խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար, 21 ինչպես նաև 40 արծաթե ակոսավոր պատվանդան. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան: 22 Խորանի հետնամասի, այսինքն՝ դեպի արևմուտք նայող կողմի համար վեց շրջանակ պատրաստեք:+ 23 Խորանի հետնամասի համար պատրաստեք ևս երկու շրջանակ՝ որպես անկյունային հենարաններ: 24 Դրանք ներքևից վերև պետք է բաղկացած լինեն երկու միանման տախտակներից, որոնք վերևում՝ առաջին ոսկե օղակի մոտ, պետք է իրար միանան: Երկու շրջանակն էլ այդպես պետք է պատրաստվեն: Դրանք կծառայեն որպես երկու անկյունային հենարաններ: 25 Այսպիսով՝ պետք է լինի ութ շրջանակ՝ իրենց 16 արծաթե ակոսավոր պատվանդաններով. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:

26 Շրջանակներն իրար միացնելու համար ակացիայի փայտից ձողեր պատրաստեք. հինգ ձող՝* խորանի հարավային կողմի համար,+ 27 հինգ ձող՝ խորանի հյուսիսային կողմի համար և հինգ ձող՝ խորանի արևմտյան կողմի, այսինքն՝ հետնամասի համար: 28 Յուրաքանչյուր կողմի մեջտեղի ձողը, որն անցնելու է շրջանակների կենտրոնով, պետք է ձգվի մի ծայրից մյուս ծայրը:

29 Շրջանակները ոսկով պատեք+ և դրանց վրա ամրացնելու համար ոսկե օղակներ պատրաստեք, որոնց միջով կանցկացվեն ձողերը: Ձողերը նույնպես ոսկով պատեք: 30 Խորանը կառուցեք այն նախագծի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա:+

31 Մի վարագույր+ պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Դրա վրա պետք է քերովբեներ ասեղնագործվեն: 32 Այն կկախեք ակացիայի փայտից պատրաստված ու ոսկով պատված չորս սյուներից: Դրանց վրայի կախիչները պետք է ոսկուց լինեն: Սյուները պետք է չորս արծաթե ակոսավոր պատվանդանների վրա կանգնեցվեն: 33 Վարագույրը կկախեք կեռիկների* հենց ներքևում և Վկայության տապանակը+ վարագույրից ներս կբերեք: Վարագույրը պետք է Սրբությունը+ բաժանի Սրբությունների Սրբությունից:+ 34 Վկայության տապանակի կափարիչը դրեք վրան և տապանակը տեղադրեք Սրբությունների Սրբությունում:

35 Սեղանը դրեք վարագույրից դուրս՝ խորանի հյուսիսային կողմում, իսկ սեղանի դիմաց՝ հարավային կողմում, դրեք ճրագակալը:+ 36 Վրանի մուտքի համար վարագույր պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ 37 Վարագույրը կախելու համար ակացիայի փայտից հինգ սյուն պատրաստեք և ոսկով պատեք: Դրանց վրայի կախիչները պետք է ոսկուց լինեն: Սյուների համար պղնձից հինգ ակոսավոր պատվանդան ձուլեք»:

27 «Ակացիայի փայտից մի զոհասեղան պատրաստեք՝+ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ: Այն պետք է քառակուսի լինի՝ երեք կանգուն բարձրությամբ:*+ 2 Դրա չորս անկյուններին եղջյուրներ+ պատրաստեք: Դրանք զոհասեղանի հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն: Զոհասեղանը պղնձով պատեք:+ 3 Դրա մոխիրը* հավաքելու համար դույլեր պատրաստեք, նաև բահեր, թասեր, մեծ պատառաքաղներ ու կրակամաններ: Զոհասեղանի բոլոր պիտույքները պետք է պղնձից լինեն:+ 4 Զոհասեղանի համար պղնձե ճաղավանդակ՝ ցանց պատրաստեք և դրա վրա՝ չորս անկյուններում՝ պղնձե չորս օղակներ: 5 Ցանցը դրեք զոհասեղանի մեջ՝ եզրակալից ներքև. այն մոտավորապես զոհասեղանի մեջտեղում պետք է լինի: 6 Զոհասեղանի համար ակացիայի փայտից ձողեր պատրաստեք ու պղնձով պատեք: 7 Ձողերը պետք է երկու կողմերից անցկացվեն օղակների միջով, որ զոհասեղանը դրանցով տարվի:+ 8 Զոհասեղանը պետք է պատրաստվի տախտակներից և նման լինի դատարկ արկղի: Այն պետք է պատրաստվի ճիշտ այնպես, ինչպես քեզ ցույց տրվեց լեռան վրա:+

9 Խորանի շուրջը պետք է գավիթ*+ լինի: Գավիթի հարավային կողմը պետք է սահմանազատված լինի մանված բարձրորակ վուշից* պաստառներով և ունենա 100 կանգուն* երկարություն:+ 10 Գավիթի այդ կողմի 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները պետք է պղնձից լինեն, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 11 Գավիթի հյուսիսային կողմը նույնպես պետք է պաստառներով սահմանազատված լինի և ունենա 100 կանգուն երկարություն: Այդ կողմի 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդաններն էլ պետք է պղնձից լինեն, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝ արծաթից: 12 Արևմտյան կողմից գավիթի ողջ լայնությամբ պետք է ձգվի 50 կանգուն* երկարության ցանկապատ՝ իր պաստառներով, տասը սյուներով և տասը ակոսավոր պատվանդաններով: 13 Գավիթի լայնությունը 50 կանգուն պետք է լինի նաև արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմում: 14 Այդ կողմում՝ մուտքից դեպի աջ պետք է ձգվի 15 կանգուն* երկարության ցանկապատ՝ իր պաստառներով, երեք սյուներով ու երեք ակոսավոր պատվանդաններով:+ 15 Մուտքից դեպի ձախ նույնպես պետք է լինի 15 կանգուն երկարության ցանկապատ իր պաստառներով, երեք սյուներով ու երեք ակոսավոր պատվանդաններով:

16 Գավիթի մուտքի համար վարագույր պատրաստեք, որը մի կողմից մյուսը պետք է ունենա 20 կանգուն* երկարություն: Այն պատրաստեք կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ Մուտքը պետք է չորս սյուն ունենա՝ չորս ակոսավոր պատվանդաններով:+ 17 Գավիթի շուրջը տեղադրվելիք բոլոր սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները պետք է արծաթից լինեն, իսկ սյուների ակոսավոր պատվանդանները՝ պղնձից:+ 18 Գավիթի ցանկապատի երկարությունը պետք է 100 կանգուն լինի,+ լայնությունը՝ 50 կանգուն, բարձրությունը՝ 5 կանգուն:* Ցանկապատի պաստառները պետք է պատրաստված լինեն մանված բարձրորակ վուշից, իսկ սյուների ակոսավոր պատվանդանները՝ պղնձից: 19 Այն բոլոր պիտույքները, որ նախատեսված են խորանում մատուցվելիք ծառայությունների համար, ինչպես նաև խորանի ու գավիթի բոլոր սեպերը պետք է պղնձից լինեն:+

20 Իսրայելացիներին պատվիրիր, որ ծեծված ձիթապտղի մաքուր յուղ բերեն ճրագների համար, որպեսզի դրանք միշտ վառված լինեն:+ 21 Ահարոնն ու նրա որդիները պետք է հոգ տանեն, որ հանդիպման վրանում՝ Վկայության տապանակի կողքի վարագույրից դուրս,+ ճրագները երեկոյից մինչև առավոտ վառված լինեն իմ՝ Եհովայիս առաջ:+ Սա մնայուն կանոն է, որը իսրայելացիները պետք է պահեն սերնդեսերունդ»:+

28 «Իսրայելացիների միջից քեզ մոտ կանչիր քո եղբայր Ահարոնին+ ու նրա որդիներին՝+ Նադաբին, Աբիուին,+ Եղիազարին և Իթամարին,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ:+ 2 Քո եղբայր Ահարոնի համար սուրբ հանդերձանք պատրաստիր՝ արժանավայել ու գեղեցիկ:+ 3 Խոսիր բոլոր նրանց հետ, ովքեր հմուտ են,* և ում իմաստությամբ* եմ լցրել:+ Նրանք կպատրաստեն Ահարոնի հագուստները, և այդ հանդերձանքը նշան կլինի, որ նա սրբագործվել* է՝ ծառայելու ինձ որպես քահանա:

4 Ահա թե ինչ հանդերձանք* պետք է պատրաստեն նրանք. կրծքապանակ,+ եփուդ,*+ անթև վերնահագուստ,+ շախմատաձև գործվածքով երկար զգեստ, գլխափաթթոց+ և գոտի:+ Պետք է սուրբ հանդերձանք պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որ նրանք ծառայեն ինձ որպես քահանաներ: 5 Վարպետները թող օգտագործեն ոսկու թել, կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք և բարձրորակ վուշ:*

6 Եփուդը պետք է պատրաստեն ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Այն պետք է ասեղնագործված+ լինի 7 և պետք է ունենա երկու ուսային կտորներ, որոնցով առաջամասը կմիացվի հետևամասին: 8 Գոտին,+ որն ամրացվելու է եփուդին՝ այն ձիգ կապելու համար, պետք է պատրաստված լինի նույն հումքից՝ ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:

9 Վերցրու երկու եղնգնաքար*+ ու դրանց վրա փորագրիր Իսրայելի որդիների անունները.+ 10 վեցի անունները՝ մի քարի վրա, մյուս վեցինը՝ մյուսի: Նրանց անունները փորագրիր ըստ իրենց տարիքի՝ մեծից փոքր: 11 Փորագրող վարպետը Իսրայելի որդիների անունները պետք է փորագրի այդ երկու քարերի վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում:+ Քարերը պետք է տեղադրվեն ոսկե շրջանակների մեջ: 12 Երկու քարերը պետք է դրվեն եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակ Իսրայելի որդիների համար,+ և Ահարոնը իր երկու ուսային կտորների վրա պետք է Եհովայի առաջ կրի նրանց անունները որպես հիշատակ: 13 Քարերի համար ոսկե շրջանակներ պատրաստիր: 14 Նաև պատրաստիր մաքուր ոսկուց երկու շղթա՝ ոլորած պարանի նման,+ և այդ պարանաձև շղթաներն ամրացրու շրջանակներին:+

15 Ասեղնագործող վարպետին հանձնարարիր պատրաստել դատավճռի կրծքապանակը:+ Եփուդի նման սա էլ պետք է պատրաստվի ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:+ 16 Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի պետք է լինի՝ մեկ թիզ* երկարության և մեկ թիզ լայնության: 17 Դրա վրա պետք է չորս շարքով քարեր տեղադրվեն: Առաջին շարքում՝ ռուբին,* տպազիոն և զմրուխտ. 18 երկրորդ շարքում՝ փիրուզ, շափյուղա և հասպիս. 19 երրորդ շարքում՝ լեշեմ,* ագաթ և ամեթիստ. 20 չորրորդ շարքում՝ ոսկեքար,* եղնգնաքար* և ժադեիտ: Դրանք պետք է տեղադրվեն ոսկե շրջանակների մեջ: 21 Քարերը պետք է համապատասխանեն Իսրայելի 12 որդիների թվին: Ամեն քարի վրա պետք է փորագրվի մեկի անունը՝ կնիքի վրա արվող փորագրության պես: Յուրաքանչյուր անուն կներկայացնի Իսրայելի 12 ցեղերից մեկին:

22 Պարանի պես ոլորված շղթաներ պատրաստիր մաքուր ոսկուց և ամրացրու կրծքապանակի վրա:+ 23 Նաև երկու ոսկե օղակ պատրաստիր կրծքապանակի համար և այդ երկու օղակներն ամրացրու կրծքապանակի երկու ծայրերին:* 24 Երկու ոսկե շղթաներն անցկացրու կրծքապանակի ծայրերին ամրացված երկու օղակների միջով: 25 Երկու շղթաների մյուս ծայրերը եփուդի առջևի մասից անցկացրու դրա ուսային կտորների վրա ամրացված երկու շրջանակների միջով: 26 Պատրաստիր երկու ոսկե օղակ ու ամրացրու կրծքապանակի ներքևի երկու ծայրերին ներսի կողմից, այսինքն՝ եփուդին հպվող կողմից:+ 27 Երկու ոսկե օղակ էլ պատրաստիր և ամրացրու եփուդի առաջամասին՝ երկու ուսային կտորներից ներքև՝ գոտու անմիջապես վերևում՝ այն մասում, որտեղ գոտին կցվում է եփուդին:+ 28 Կրծքապանակի օղակները պետք է կապույտ կապիչներով կապվեն եփուդի օղակներին, որ կրծքապանակը եփուդի վրա մնա իր տեղում՝ գոտուց վեր:

29 Սրբարան մտնելիս Ահարոնը իր սրտի մոտ՝ դատավճռի կրծքապանակի վրա, պետք է կրի Իսրայելի որդիների անունները՝ որպես մշտական հիշեցում Եհովայի առաջ: 30 Դատավճռի կրծքապանակի մեջ կդնես ուրիմն ու թումիմը,*+ և դրանք պետք է Ահարոնի սրտի մոտ լինեն, երբ նա կանգնի Եհովայի առաջ: Իսրայելացիների համար դատավճիռներ կայացնելու այդ պիտույքները Ահարոնը պետք է միշտ իր սրտի մոտ կրի Եհովայի առաջ կանգնելիս:

31 Եփուդի տակից հագնելու անթև վերնահագուստ պատրաստիր՝ ամբողջությամբ կապույտ թելից:+ 32 Դրա վերնամասի մեջտեղում գլխի համար բացվածք պետք է լինի, և մանածագործը* դրա եզրերը պետք է հյուսի այնպես, որ այն զրահի բացվածքի պես ամուր լինի ու չպատռվի: 33 Կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից ու վառ կարմիր մանվածքից նռներ պատրաստիր և ամրացրու վերնահագուստի փեշին՝ դրա երկայնքով մեկ, իսկ նռների արանքներում՝ ոսկե զանգակներ: 34 Անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով ամեն զանգակից հետո պետք է մեկ նուռ լինի: 35 Ահարոնը իր ծառայությունը կատարելիս պետք է հագնի այդ վերնահագուստը, որպեսզի երբ Եհովայի մոտ՝ սրբարան մտնի ու դուրս գա, զանգակների ձայնը լսվի, և նա չմեռնի:+

36 Մաքուր ոսկուց մի փայլուն թիթեղ պատրաստիր և դրա վրա, ինչպես որ կնիքի վրա են փորագրում, հետևյալ խոսքերը փորագրիր՝ «Սրբությունը Եհովայինն է»:+ 37 Կապույտ կապիչով այն ամրացրու գլխափաթթոցին:+ Այն պետք է ամրացված մնա գլխափաթթոցի առջևի մասում: 38 Թիթեղը պետք է Ահարոնի ճակատի վրա լինի, և Ահարոնը պետք է պատասխանատվություն կրի, երբ ինչ-որ մեկը հանցանք գործի սուրբ բաների դեմ,+ այսինքն՝ այն բաների, որոնք իսրայելացիները կսրբագործեն՝* մատուցելով որպես սուրբ ընծաներ: Այդ թիթեղը միշտ պետք է նրա ճակատի վրա մնա, որպեսզի ժողովուրդը ստանա Եհովայի հավանությունը:

39 Շախմատաձև գործվածքով երկար զգեստը, ինչպես նաև գլխափաթթոցը պատրաստիր բարձրորակ վուշից: Գոտին պատրաստիր գործվածքից:+

40 Ահարոնի որդիների համար էլ երկար զգեստներ, գոտիներ և գլխադիրներ պատրաստիր՝+ արժանավայել ու գեղեցիկ:+ 41 Այնուհետև քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին հագցրու իրենց հանդերձանքը, օծիր նրանց,+ նշանակիր որպես քահանաներ*+ ու սրբագործիր: Նրանք կծառայեն ինձ որպես քահանաներ: 42 Նրանց համար կտավե վարտիքներ պատրաստիր, որ ծածկեն իրենց մերկությունը:*+ Դրանք պետք է լինեն գոտկատեղից մինչև ազդրերը: 43 Երբ Ահարոնն ու նրա որդիները մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին՝ սուրբ վայրում ծառայություն անելու, դրանք պետք է նրանց հագին լինեն, որպեսզի նրանք հանցավոր չդառնան ու չմեռնեն: Սա մնայուն կանոն է Ահարոնի ու նրա սերնդի համար»:

29 «Ահա թե ինչ պետք է անես Ահարոնին ու նրա որդիներին սրբագործելու* համար, որպեսզի նրանք ծառայեն ինձ որպես քահանաներ. վերցրու մեկ մատղաշ ցուլ ու երկու անարատ արու ոչխար,+ 2 ինչպես նաև անթթխմոր հացեր, յուղով հունցած օղակաձև անթթխմոր հացեր և վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ,+ որոնք պետք է պատրաստվեն ցորենի մանր աղացած* ալյուրից: 3 Դրանք տեղավորիր զամբյուղի+ մեջ և բեր դիր իմ առաջ, նաև բեր ցուլն ու երկու արու ոչխարները:

4 Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ+ և ջրով լվացվել տուր* նրանց:+ 5 Հետո Ահարոնին հագցրու երկար զգեստը,+ եփուդի* տակից հագնելու անթև վերնահագուստը, եփուդը և կրծքապանակը: Հետո եփուդի գոտին ամուր կապիր նրա մեջքին:+ 6 Գլխափաթթոցը նրա գլխին դիր և նվիրման սուրբ նշանը* կապիր գլխափաթթոցի վրա:+ 7 Վերցրու օծման յուղը+ և նրա գլխին լցնելով՝ օծիր նրան:+

8 Այնուհետև իմ առաջ բեր Ահարոնի որդիներին ու նրանց հագցրու երկար զգեստները,+ 9 կապիր նրանց գոտիները, ինչպես որ Ահարոնինը, ու նրանց գլխադիրները դիր գլխներին: Քահանայությունը նրանց է պատկանելու. սա մնայուն կանոն է:+ Այսպես պետք է Ահարոնին ու նրա որդիներին նշանակես, որ ծառայեն ինձ որպես քահանաներ:*+

10 Ապա ցուլը բեր հանդիպման վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները թող իրենց ձեռքերը ցլի գլխին դնեն:+ 11 Ցուլը մորթիր Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 12 Վերցրու ցլի արյունից ու մատով քսիր զոհասեղանի եղջյուրներին,+ իսկ մնացած ամբողջ արյունը լցրու զոհասեղանի հիմքի մոտ:+ 13 Վերցրու փորի ամբողջ ճարպը,+ լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և այրիր զոհասեղանի վրա,+ որ դրանց ծուխը վեր բարձրանա: 14 Իսկ ցլի միսը, կաշին ու աղիքների պարունակությունը այրիր ճամբարից դուրս: Սա մեղքի զոհ է:

15 Հետո բեր արու ոչխարներից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դրա գլխին դնեն:+ 16 Մորթիր արու ոչխարը, ապա վերցրու դրա արյունն ու շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 17 Ոչխարը կտոր-կտոր արա, լվա դրա փորոտիքն ու սրունքները+ և այդ բոլոր կտորները գլխի հետ միասին հերթով շարիր զոհասեղանի վրա: 18 Ոչխարն ամբողջությամբ այրիր զոհասեղանի վրա, որ դրա ծուխը վեր բարձրանա: Սա Եհովային մատուցվող ողջակեզ է, որի բույրը հաճելի է* նրան:+ Սա հրկիզվող ընծա է Եհովային:

19 Ապա բեր մյուս արու ոչխարը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն դրա գլխին:+ 20 Ոչխարը մորթիր, վերցրու դրա արյունից ու քսիր Ահարոնի և նրա որդիների աջ ականջի բլթակին, նրանց աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: Հետո արյունը շաղ տուր զոհասեղանի բոլոր կողապատերին: 21 Վերցրու զոհասեղանի վրայի արյունից, նաև օծման յուղից+ և ցողիր Ահարոնի ու նրա հագուստների, ինչպես նաև նրա որդիների ու նրանց հագուստների վրա, որպեսզի Ահարոնն ու նրա որդիները և նրանց հագուստները սուրբ լինեն:+

22 Վերցրու արու ոչխարի ճարպը, այսինքն՝ դմակը, փորի ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, ինչպես նաև երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը+ և աջ ոտքը. սա քահանաների նշանակման համար մատուցվող արու ոչխարն է:+ 23 Նաև Եհովայի առաջ դրված անթթխմոր հացերի զամբյուղից վերցրու մի կլոր հաց, մի օղակաձև հաց՝ յուղով հունցած, և մի լոշիկ: 24 Այդ ամենը դիր Ահարոնի ու նրա որդիների ձեռքերին և տարուբերելով երերացնելու ընծա մատուցիր Եհովային: 25 Հետո դրանք վերցրու նրանց ձեռքից և զոհասեղանին եղած ողջակեզի վրա դնելով՝ այրիր, որ Եհովան առնի դրանց հաճելի* բուրմունքը: Դա հրկիզվող ընծա է Եհովային:

26 Այնուհետև վերցրու Ահարոնի նշանակման համար մատուցված արու ոչխարի կրծքամասը+ և երերացրու այն՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային. դա քո բաժինը կլինի: 27 Ապա որպես քահանաների բաժին առանձնացրու* Ահարոնի ու նրա որդիների նշանակման համար մատուցված արու ոչխարի կրծքամասը, որը մատուցվել է որպես երերացնելու ընծա,+ և ոտքը, որը մատուցվել է որպես սուրբ բաժին: 28 Դրանք պետք է Ահարոնինը և նրա որդիներինը լինեն որպես սուրբ բաժին. սա մնայուն կանոն է, որին պետք է հետևեն իսրայելացիները: Դա կլինի իսրայելացիների տված սուրբ բաժինը՝+ այն սուրբ բաժինը, որ նրանք Եհովային կտան իրենց խաղաղության զոհերից:+

29 Ահարոնի սուրբ հանդերձանքը+ կօգտագործեն իր որդիները,+ որոնք կհաջորդեն իրեն, երբ օծվեն ու քահանա նշանակվեն: 30 Ահարոնի որդիներից այն քահանան, որը կհաջորդի նրան և կմտնի հանդիպման վրան՝ սուրբ վայրում ծառայություն անելու, յոթ օր շարունակ պետք է կրի այդ հագուստները:+

31 Վերցրու նշանակման համար մատուցված արու ոչխարի միսը և սուրբ վայրում եփիր այն:+ 32 Ահարոնն ու նրա որդիները հանդիպման վրանի մուտքի մոտ պետք է ուտեն+ ոչխարի միսը և զամբյուղի միջի հացը: 33 Նրանք պետք է ուտեն այն, ինչով քավություն է արվել իրենց քահանա նշանակելու* և սրբագործելու համար: Բայց քահանա չեղող* ոչ մի մարդ չի կարող ուտել դրանք, որովհետև դրանք սուրբ են:+ 34 Իսկ եթե նշանակման արարողության զոհի մսից ու հացից մինչև առավոտ ինչ-որ բան մնա, ապա այդ մնացորդը այրիր:+ Այն չի կարելի ուտել, քանի որ սուրբ է:

35 Ահարոնի ու նրա որդիների հետ կապված ամեն բան արա այնպես, ինչպես պատվիրեցի քեզ: Նրանց քահանա նշանակելու* արարողությունը յոթ օր կտևի:+ 36 Ամեն օր քավության համար մեկ ցուլ մատուցիր որպես մեղքի զոհ. այդպիսով մաքրագործիր զոհասեղանը և օծելով սրբագործիր այն:+ 37 Զոհասեղանի քավության համար քեզանից յոթ օր կպահանջվի. այն պետք է սրբագործես, որ անչափ սուրբ դառնա:+ Զոհասեղանին դիպչողը պետք է սուրբ լինի:

38 Ահա թե ինչ պետք է մշտապես մատուցվի զոհասեղանի վրա. ամեն օր մեկ տարեկան երկու արու գառ մատուցեք:+ 39 Մի գառը մատուցեք առավոտյան, իսկ մյուսը՝ մթնշաղին:*+ 40 Առաջին գառան հետ պետք է մատուցվի մանր աղացած ալյուր՝ մեկ տասներորդ արդուի* չափ, որը պետք է խառնած լինի մեկ քառորդ հիմեն* ծեծված ձիթապտղի յուղի հետ: Նաև պետք է մեկ քառորդ հիմեն գինի մատուցեք որպես ըմպելիքի ընծա: 41 Երկրորդ արու գառը, որը մատուցվելու է մթնշաղին, մատուցեք հացի ընծայի և ըմպելիքի ընծայի հետ, ինչպես որ առավոտյան: Այն մատուցեք Եհովային որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: 42 Այս ողջակեզը ամեն օր սերնդեսերունդ պետք է մատուցվի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ իմ՝ Եհովայիս առաջ, որտեղ ես կհայտնվեմ իմ ժողովրդին ու կխոսեմ քեզ հետ:+

43 Այնտեղ ես կհայտնվեմ իսրայելացիներին, և իմ փառքով այդ վայրը կսրբագործվի:+ 44 Ես կսրբագործեմ հանդիպման վրանն ու զոհասեղանը, կսրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ: 45 Ես կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ ու նրանց Աստվածը կլինեմ:+ 46 Եվ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ՝ իրենց Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսից, որպեսզի բնակվեմ իրենց մեջ:+ Ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»:

30 «Խնկարկության համար մի սեղան պատրաստեք.+ այն պետք է ակացիայի փայտից պատրաստվի:+ 2 Սեղանը պետք է քառակուսի լինի՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը պետք է լինի երկու կանգուն:* Սեղանից պետք է եղջյուրներ դուրս գան, որոնք դրա հետ պետք է մեկ ամբողջական կտոր լինեն:+ 3 Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները, մաքուր ոսկով պատեք: Դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեք: 4 Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեք և ամրացրեք եզրազարդի ներքևում: Դրանց միջով պետք է ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 5 Ձողերը ակացիայի փայտից պատրաստեք ու ոսկով պատեք: 6 Սեղանը դրեք այն վարագույրի առաջ, որը Վկայության տապանակի+ և դրա վրա դրված կափարիչի կողքին է, որի վերևում ես կհայտնվեմ քեզ:+

7 Ահարոնը+ պետք է անուշահոտ խունկ+ ծխի սեղանի վրա:+ Նա պետք է խունկ ծխի ամեն առավոտ, երբ գա ճրագները նախապատրաստելու:+ 8 Ահարոնը պետք է խունկ ծխի նաև մթնշաղին,* երբ վառի ճրագները: Այսպես պետք է կանոնավորաբար խնկարկություն արվի Եհովայի առաջ սերնդեսերունդ: 9 Սեղանի վրա անթույլատրելի խունկ չմատուցեք,+ ոչ էլ ողջակեզ, հացի ընծա կամ ըմպելիքի ընծա: 10 Ահարոնը տարին մեկ անգամ պետք է վերցնի որպես մեղքի զոհ մատուցված կենդանու արյունից ու քսի սեղանի եղջյուրներին՝+ այն մաքրագործելու համար: Այդպես տարին մեկ անգամ պետք է սերնդեսերունդ քավություն արվի սեղանի համար:+ Այն անչափ սուրբ է Եհովայի համար»:

11 Ապա Եհովան ասաց Մովսեսին. 12 «Ամեն անգամ, երբ մարդահամար անեք և հաշվեք իսրայելացի տղամարդկանց,+ թող այդ ժամանակ յուրաքանչյուր ոք իր կյանքի համար փրկագին տա Եհովային: Դա պետք է արվի, որպեսզի երբ հաշվառվեն, նրանց վրա պատուհաս չգա: 13 Ահա թե ինչ պետք է տան բոլոր հաշվառվողները. կես սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է):+ Նվիրաբերությունը, որ պետք է տրվի Եհովային, կես սիկղ արծաթ է:+ 14 Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր հաշվառված մարդ պետք է Եհովային տա այս նվիրաբերությունը:+ 15 Ձեր կյանքի համար որպես քավություն Եհովային տրվող նվիրաբերությունը պետք է կես սիկղ արծաթ լինի. հարուստը դրանից ավել չպետք է տա, աղքատն էլ՝ դրանից պակաս: 16 Իսրայելացիներից վերցրեք արծաթը, որ պետք է տրվի որպես քավություն, և օգտագործեք հանդիպման վրանում կատարվող ծառայության համար: Այդ արծաթը Եհովային կհիշեցնի իսրայելացիների մասին, և դրանով քավություն կարվի նրանց կյանքի համար»:

17 Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 18 «Լվացվելու համար պատրաստեք մի պղնձե ավազան իր պատվանդանով:+ Այն դրեք հանդիպման վրանի ու զոհասեղանի միջև և մեջը ջուր լցրեք:+ 19 Ահարոնն ու նրա որդիները պետք է այդ ջրով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը:+ 20 Երբ նրանք մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին, որ ծառայեն Եհովային և հրկիզվող ընծա մատուցեն նրան, թող նախապես ջրով լվացվեն, որ չմեռնեն: 21 Նրանք պետք է լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որ չմեռնեն: Սա մնայուն կանոն է Ահարոնի ու նրա որդիների համար սերնդեսերունդ»:+

22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 23 «Վերցրեք ամենաընտիր անուշահոտությունները՝ 500 սիկղ* պինդ զմուռս,* դրա կես չափով՝ 250 սիկղ* քաղցրաբույր դարչին, 250 սիկղ քաղցրաբույր խնկեղեգ 24 և 500 սիկղ կասիա* (այս ամենը՝ սուրբ վայրի կշռաչափով),*+ ինչպես նաև մեկ հիմեն* ձիթապտղի յուղ: 25 Այդ բոլորից պատրաստեք օծման սուրբ յուղ: Այն պետք է պատրաստվի վարպետորեն, ինչպես որ պատրաստում են անուշաբույր խառնուրդները:+ Դա պետք է լինի օծման սուրբ յուղը:

26 Դրանով օծիր հանդիպման վրանը,+ Վկայության տապանակը, 27 սեղանն ու դրա բոլոր պիտույքները, ճրագակալն ու դրա պիտույքները, խնկարկության սեղանը, 28 ողջակեզի զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը: 29 Սրբագործիր* դրանք, որ անչափ սուրբ լինեն:+ Դրանց դիպչողը պետք է սուրբ լինի:+ 30 Օծիր Ահարոնին+ ու նրա որդիներին+ և սրբագործիր նրանց, որ ծառայեն ինձ որպես քահանաներ:+

31 Խոսիր իսրայելացիների հետ և ասա. «Սերնդեսերունդ սա՛ պետք է լինի օծման յուղը, որը սուրբ է ինձ համար:+ 32 Ուրիշ ոչ մի մարդու մարմնի վրա այն չպետք է քսվի, և այդպիսի բաղադրությամբ ուրիշ ոչինչ չպատրաստեք: Այն սուրբ է և պետք է միշտ սուրբ լինի ձեզ համար: 33 Եթե որևէ մեկը դրա նման քսուք պատրաստի ու քսի քահանա չեղող* մարդու վրա, պետք է վերացվի իր ժողովրդի միջից»»:+

34 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրեք հավասար չափաբաժնով անուշահոտություններ՝+ ստաշխի կաթիլներ, օնիքա,* անուշաբույր քաղբան* ու մաքուր կնդրուկ:* 35 Դրանցից խունկ պատրաստեք՝+ խառնելով դրա բաղադրիչները, ինչպես վարպետներն են անում: Այդ հոտավետ խառնուրդին պետք է աղ ավելացվի,+ և այն պետք է մաքուր ու սուրբ լինի: 36 Դրա մի մասը ծեծելով մանր փոշի դարձրեք, ապա այդ փոշու մի մասը դրեք հանդիպման վրանի մեջ՝ Վկայության տապանակի առաջ, որտեղ ես կհայտնվեմ քեզ: Խունկը պետք է ձեզ համար անչափ սուրբ լինի: 37 Ձեզ համար այսպիսի բաղադրությամբ խունկ չպատրաստեք:+ Դուք պետք է այն դիտեք որպես Եհովայի աչքին սուրբ մի բան: 38 Ով որ դրա նման խունկ պատրաստի դրա բույրը վայելելու համար, պետք է վերացվի իր ժողովրդի միջից»:

31 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահա ես ընտրել եմ* Բեսելիելին՝+ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից:+ 3 Ես նրան կլցնեմ իմ ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի 4 և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով, 5 քարեր մշակել ու տեղադրել+ և փայտից ամեն տեսակ իրեր պատրաստել:+ 6 Իսկ նրան օգնելու համար նշանակել եմ Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, որ Դանի ցեղից է: Ես իմաստություն կտամ բոլոր նրանց, ովքեր արհեստավարժ են,* որպեսզի պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ՝+ 7 հանդիպման վրանը,+ Վկայության տապանակն+ ու դրա կափարիչը,+ վրանի կահկարասին, 8 սեղանն+ ու դրա պիտույքները, մաքուր ոսկուց ճրագակալն ու դրա բոլոր պիտույքները,+ խնկարկության սեղանը,+ 9 ողջակեզի զոհասեղանն+ ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը,+ 10 նուրբ մանվածքով հագուստները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը, նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը,+ 11 ինչպես նաև օծման յուղն ու սրբարանի անուշահոտ խունկը:+ Նրանք կանեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ»:

12 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 13 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա. «Անպատճառ պահեք Շաբաթի մասին իմ տված օրենքը,+ քանի որ դա սերնդեսերունդ նշան է իմ ու ձեր միջև: Այն ձեզ կհիշեցնի, որ ես՝ Եհովաս, ընտրել եմ ձեզ, որ իմ հատուկ ժողովուրդը լինեք:* 14 Դուք պետք է պահեք Շաբաթը, որովհետև այն սուրբ է:+ Ով որ պղծի Շաբաթը, պետք է մահվան մատնվի: Նա, ով այդ օրը գործ անի, պետք է վերացվի իր ժողովրդի միջից:+ 15 Վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը Շաբաթ է՝ հանգստի հատուկ օր:+ Այն սուրբ է Եհովայի համար: Ով որ Շաբաթ օրը գործ անի, պետք է մահվան մատնվի: 16 Իսրայելացիները պետք է պահեն Շաբաթը. այն պետք է պահեն սերնդեսերունդ: Դա տևական ուխտ է: 17 Իմ ու իսրայելացիների միջև այն նշան է դարեդար,+ քանի որ վեց օրում ես՝ Եհովաս, ստեղծեցի երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեցի ու սկսեցի հանգստանալ»»:+

18 Երբ Աստված Սինա լեռան վրա Մովսեսի հետ խոսելը վերջացրեց, նրան տվեց Վկայության երկու տախտակները՝+ այն քարե տախտակները, որոնց վրա գրել էր իր մատով:+

32 Այդ ընթացքում ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսը երկար ժամանակ չի իջնում լեռան վրայից,+ հավաքվեց Ահարոնի շուրջն ու ասաց. «Վե՛ր կաց, մեզ համար մի աստվա՛ծ շինիր, որ առաջնորդի մեզ,+ որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այդ Մովսեսին, ով հանեց մեզ Եգիպտոսից»: 2 Ահարոնն էլ ասաց նրանց. «Ձեր կանանց, որդիների ու աղջիկների ականջներից հանեք ոսկե օղերը+ և բերեք ինձ մոտ»: 3 Եվ ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերն ու բերեց Ահարոնի մոտ: 4 Նա վերցրեց նրանց բերած ոսկին և հորթի արձան պատրաստեց՝ քանդակելու գործիքով վերջնական տեսք տալով դրան:+ Ապա ժողովուրդը սկսեց բացականչել. «Ո՜վ Իսրայել, սա է մեր Աստվածը, որը հանեց մեզ Եգիպտոսից»:+

5 Դա տեսնելով՝ Ահարոնը հորթի առաջ մի զոհասեղան շինեց: Հետո ասաց. «Վաղը տոն է Եհովայի պատվին»: 6 Ուստի հաջորդ օրը ժողովուրդը վաղ առավոտյան արթնացավ և սկսեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցել: Ապա նստեց կերուխում անելու, իսկ հետո սկսեց զվարճանալ:+

7 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Իջի՛ր, գնա՛, որովհետև քո ժողովուրդը, որին հանել ես Եգիպտոսից, ապականվել է:+ 8 Նրանք շատ շուտ շեղվեցին այն ուղուց, որով պատվիրել եմ գնալ:+ Իրենց համար հորթի արձան են շինել, խոնարհվում են դրա առաջ, զոհեր մատուցում և ասում. «Ո՜վ Իսրայել, սա է մեր Աստվածը, որը հանեց մեզ Եգիպտոսից»»: 9 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Տեսնում եմ, որ սա համառ* ժողովուրդ է:+ 10 Սաստիկ բարկացած եմ նրանց վրա. թող՝ ոչնչացնեմ նրանց ու փոխարենը քեզնի՛ց մեծ ազգ ստեղծեմ»:+

11 Մովսեսը սկսեց իր Աստված Եհովային աղերսել.*+ «Ո՜վ Եհովա, դու քո ժողովրդին հանեցիր Եգիպտոսից մեծ զորությամբ ու հզոր բազկով, ուրեմն ինչո՞ւ հիմա քո մեծ բարկությունը թափես նրանց վրա:+ 12 Ինչո՞ւ եգիպտացիներն ասեն. «Նա չար միտումով հանեց նրանց: Ուզում էր նրանց սպանել լեռներում ու բնաջնջել երկրի երեսից»:+ Խնդրում եմ, մի՛ թափիր բորբոքված բարկությունդ և փոխիր քո ժողովրդին բնաջնջելու որոշումդ:* 13 Հիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց երդվել ես քո անձով ու ասել. «Քո սերունդը երկնքի աստղերի չափ կշատացնեմ+ և քո սերնդին կտամ այն երկիրը, որը նախատեսել եմ նրանց համար, որպեսզի այն դարեդար նրանց սեփականությունը լինի»»:+

14 Այդ ժամանակ Եհովան փոխեց ժողովրդին կործանելու իր որոշումը,* որի մասին ասել էր:+

15 Մովսեսը հետ դարձավ ու իջավ լեռան վրայից՝ Վկայության երկու քարե տախտակները+ ձեռքին:+ Դրանք երկու կողմից փորագրված էին՝ թե՛ առջևի կողմից, թե՛ հետևի: 16 Աստված ինքն էր պատրաստել այդ քարե տախտակները և իր խոսքերը փորագրել դրանց վրա:+ 17 Հեսուն, լսելով ժողովրդի բարձրացրած աղմուկն ու նրանց բացականչությունները, Մովսեսին ասաց. «Ճամբարից պատերազմի ձայներ են լսվում»: 18 Սակայն Մովսեսն ասաց.

«Սա երգի ձայն է,

Բայց ո՛չ հաղթական երգի,

Ո՛չ էլ պարտության ողբերգի:

Ես ուրիշ երգի ձայն եմ լսում»:

19 Հենց որ Մովսեսը մոտեցավ ճամբարին և տեսավ հորթն+ ու մարդկանց պարերը, նրա բարկությունը բորբոքվեց, և նա ցած գցեց քարե տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լեռան ստորոտում:+ 20 Այնուհետև նա վերցրեց նրանց շինած հորթը, այրեց այն, փշրելով փոշու վերածեց,+ հետո փոշին շաղ տվեց ջրի երեսին ու խմել տվեց իսրայելացիներին:+ 21 Ապա ասաց Ահարոնին. «Ինչպե՞ս այս ժողովուրդը համոզեց քեզ, որ դու այսպիսի մեծ մեղքի մեջ գցեցիր նրանց»: 22 Ահարոնը պատասխանեց. «Մի՛ բորբոքվիր, տե՛ր իմ: Դու լավ գիտես, որ այս ժողովուրդը հակված է չարն անելու:+ 23 Նրանք ինձ ասացին. «Մեզ համար մի աստված շինիր, որ առաջնորդի մեզ, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այդ Մովսեսին, ով հանեց մեզ Եգիպտոսից»:+ 24 Ուստի ես ասացի նրանց. «Ով որ ոսկի ունի, թող հանի և ինձ տա»: Ես այն գցեցի կրակը, և այս հորթը ստացվեց»:

25 Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը սանձարձակ է դարձել, քանի որ Ահարոնը թույլ էր տվել դա: Իր այդ վարքով ժողովուրդը խայտառակել էր իրեն թշնամիների առաջ: 26 Ուստի Մովսեսը կանգնեց ճամբարի մուտքի մոտ ու ասաց. «Ո՞վ է Եհովայի կողմը. ինձ մո՛տ եկեք»:+ Եվ բոլոր ղևտացիները հավաքվեցին նրա շուրջը: 27 Նա ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ձեզնից ամեն մեկը թող կապի իր սուրը և անցնի ողջ ճամբարի միջով՝ մի ծայրից մյուսը՝* սպանելով բոլոր մեղք գործածներին՝ լինի դա իր եղբայրը, հարևանը, թե մտերիմ ընկերը»»:+ 28 Ղևտացիներն արեցին Մովսեսի ասածը: Այդ օրը ժողովրդից մոտ 3 000 տղամարդ սպանվեց: 29 Հետո Մովսեսն ասաց. «Առանձնացե՛ք այսօր, որ ծառայեք Եհովային: Աստված կօրհնի ձեզ այսօր,+ քանի որ դուք պատրաստ եղաք դուրս գալ ձեր իսկ որդիների ու եղբայրների դեմ»:+

30 Հաջորդ օրը Մովսեսը ժողովրդին ասաց. «Դուք շատ մեծ մեղք եք գործել: Հիմա ես լեռը կբարձրանամ՝ Եհովայի մոտ. տեսնեմ՝ կկարողանա՞մ արդյոք քավություն անել ձեր մեղքի համար»:+ 31 Այսպիսով՝ Մովսեսը վերադարձավ Եհովայի մոտ ու ասաց. «Այս ժողովուրդը շա՜տ մեծ մեղք է գործել՝ իր համար ոսկե աստվա՜ծ է շինել:+ 32 Բայց դու ներիր նրանց, եթե կկամենաս:+ Եթե ոչ, ապա խնդրում եմ, ջնջիր իմ անունը քո գրքից»:+ 33 Սակայն Եհովան Մովսեսին ասաց. «Ով իմ դեմ մեղք է գործել, ես նրա՛ անունը կջնջեմ իմ գրքից: 34 Այժմ գնա, առաջնորդիր ժողովրդին այն տեղը, որի մասին ասել եմ քեզ: Իմ հրեշտակը կգնա քո առջևից:+ Եվ այն օրը, երբ ես նրանցից հաշիվ պահանջեմ, նրանց կպատժեմ իրենց մեղքի համար»: 35 Եվ Եհովան պատուհասեց ժողովրդին նրանց շինած հորթի համար՝ այն հորթի, որ Ահարոնն էր շինել:

33 Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Դու և ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսից, ճանապարհ ընկեք այստեղից: Գնացեք այն երկիրը, որի համար Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդվել եմ՝ ասելով. «Քո սերնդին եմ տալու այն»:+ 2 Ձեզնից առաջ հրեշտակ կուղարկեմ+ և կվռնդեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին:+ 3 Գնացեք այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր+ է հոսում. ես չեմ գա ձեզ հետ, որովհետև դուք համառ* ժողովուրդ եք,+ և ես գուցե ոչնչացնեմ ձեզ ճանապարհին»:+

4 Երբ ժողովուրդը լսեց այդ խիստ խոսքերը, սկսեց սուգ անել: Նրանցից ոչ մեկը զարդեր չդրեց: 5 Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք համառ* ժողովուրդ եք:+ Մի ակնթարթում կարող էի անցնել ձեր ճամբարով ու ոչնչացնել ձեզ:+ Ուրեմն զարդեր մի՛ կրեք, մինչև որոշեմ, թե ինչ անեմ ձեզ»»: 6 Այսպիսով՝ Քորեբ լեռան մոտ տեղի ունեցածից հետո իսրայելացիները զարդեր չկրեցին:*

7 Մովսեսը մի վրան տարավ ու կանգնեցրեց ճամբարից դուրս՝ դրանից որոշ հեռավորության վրա, և այն կոչեց հանդիպման վրան:* Ով որ ցանկանում էր ինչ-որ բան հարցնել Եհովայից,+ գնում էր հանդիպման վրան՝ ճամբարից դուրս: 8 Երբ Մովսեսը գնում էր դեպի վրանը, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը կանգնում էր իր վրանի մուտքի մոտ ու հայացքով հետևում Մովսեսին, մինչև որ նա վրան մտներ: 9 Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն+ իջնում էր ու կանգնում վրանի մուտքի մոտ, մինչ Աստված խոսում էր Մովսեսի հետ:+ 10 Երբ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը՝ վրանի մուտքի մոտ կանգնած, յուրաքանչյուրը խոնարհվում էր իր վրանի մուտքի մոտ: 11 Եհովան Մովսեսի հետ խոսում էր երես առ երես,+ ինչպես որ մարդը մարդու հետ է խոսում: Երբ Մովսեսը վերադառնում էր ճամբար, Նավեի որդի Հեսուն՝+ նրա սպասավորն ու օգնականը,+ մնում էր վրանում:

12 Եվ ահա Մովսեսն ասաց Եհովային. «Դու ինձ ասում ես՝ «Առաջնորդիր այս ժողովրդին», բայց չես ասել, թե ում ես ուղարկելու ինձ հետ: Դու նաև ասում ես՝ «Ես քեզ լավ* եմ ճանաչում,* և դու ունես իմ բարեհաճությունը»:* 13 Եթե արժանացել եմ քո բարեհաճությանը, խնդրում եմ, սովորեցրու ինձ քո ճանապարհները,+ որ ճանաչեմ քեզ ու միշտ ունենամ քո հավանությունը: Նաև հիշիր, որ այս ազգը քո ժողովուրդն է»:+ 14 Աստված ասաց. «Ես կգամ քեզ հետ+ ու խաղաղություն* կտամ քեզ»:+ 15 Մովսեսն էլ ասաց. «Եթե չես գալու, մեզ այստեղից ոչ մի տեղ մի՛ ուղարկիր: 16 Ինչի՞ց կերևա, որ ես ունեմ քո բարեհաճությունը, ինչպես ես, այնպես էլ քո ժողովուրդը: Չէ՞ որ այն բանից, որ գաս մեզ հետ:+ Այդպես ես ու քո ժողովուրդը կտարբերվենք երկրի երեսին ապրող մյուս բոլոր ժողովուրդներից»:+

17 Եհովան պատասխանեց Մովսեսին. «Քո այս խնդրանքն էլ կկատարեմ, որովհետև դու ունես իմ բարեհաճությունը, և ես քեզ լավ* եմ ճանաչում»: 18 Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Խնդրում եմ, ցույց տուր ինձ քո փառքը»: 19 Աստված ասաց. «Ես կանցնեմ քո առջևով՝ ցույց տալով այն բոլոր լավ բաները, որ կան իմ մեջ,* և քո առաջ կհռչակեմ իմ Եհովա անունը:*+ Ես բարեհաճ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ բարեհաճ լինել, ու գթասիրտ կլինեմ, ում հանդեպ որ կամենամ գթասիրտ լինել»:+ 20 Ապա ավելացրեց. «Բայց դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև ոչ մի մարդ չի կարող տեսնել ինձ ու ողջ մնալ»:

21 Այնուհետև Եհովան ասաց. «Դու կկանգնես այստեղ՝ իմ առաջ՝ ժայռի վրա: 22 Երբ իմ փառքով անցնելիս լինեմ, քեզ կպատսպարեմ ժայռի խոռոչում ու ձեռքիս ափով կծածկեմ քեզ, մինչև անցնեմ: 23 Դրանից հետո ափս կհեռացնեմ, և դու կտեսնես ինձ թիկունքից: Սակայն իմ երեսը չես կարող տեսնել»:+

34 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Քարից երկու տախտակ տաշիր նախորդների նման,+ և ես դրանց վրա կգրեմ այն խոսքերը, որ գրված էին քո կոտրած+ նախորդ տախտակների վրա:+ 2 Պատրաստվիր վաղվան, քանի որ առավոտյան պետք է բարձրանաս Սինա լեռը և այնտեղ՝ լեռան գագաթին, կանգնես իմ առաջ:+ 3 Ոչ ոք չպետք է քեզ հետ բարձրանա, և ուրիշ ոչ մեկը չպետք է լինի լեռան վրա, անգամ հոտերն ու նախիրները չպետք է արածեն դրա ստորոտին»:+

4 Ուստի Մովսեսը երկու քարե տախտակ տաշեց, որ նման էին նախորդներին: Վաղ առավոտյան նա վեր կացավ ու քարե տախտակները ձեռքին՝ բարձրացավ Սինա լեռը, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն: 5 Եհովան ամպով իջավ կանգնեց այնտեղ՝+ նրա մոտ, ու հռչակեց իր Եհովա անունը:*+ 6 Եհովան անցավ նրա երեսի առջևով ու հռչակեց. «Ես Եհո՜վան եմ, Եհո՜վան՝ գթառատ+ ու կարեկից+ Աստված, շուտ չեմ բարկանում,+ լի եմ հավատարիմ սիրով,+ և իմ ամեն խոսքը ճշմարիտ է:*+ 7 Ես հազարավորների հանդեպ հավատարիմ սեր եմ ցուցաբերում,+ ներում եմ հանցանքը, օրինազանցությունն ու մեղքը,+ բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում+ և թույլ եմ տալիս, որ հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:*+

8 Մովսեսն իսկույն ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: 9 Ապա ասաց. «Ո՛վ Եհովա, եթե ունեմ քո բարեհաճությունը, ապա խնդրում եմ, Եհո՛վա, եկ մեզ հետ,+ չնայած որ մենք համառ* ժողովուրդ ենք:+ Ներիր մեր հանցանքն ու մեղքը+ և ընդունիր մեզ որպես քո սեփական ժողովուրդ»: 10 Նա էլ ասաց. «Ահա ես ուխտ եմ կապում ձեզ հետ: Քո այս ամբողջ ժողովրդի առաջ ես հրաշքներ կանեմ, ինչպիսիք երբևէ չեն արվել ամբողջ երկրի վրա՝ բոլոր ազգերի մեջ,+ և բոլոր ժողովուրդները, որոնց մեջ դուք ապրում եք, կտեսնեն այն գործերը, որ ես՝ Եհովաս, կանեմ, որովհետև ակնածանք ներշնչող բաներ եմ անելու ձեզ համար:+

11 Ուշադրություն դարձրեք իմ պատվերներին, որ տալիս եմ այսօր:+ Ես ձեր առջևից կքշեմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին:+ 12 Զգուշացե՛ք. ուխտ չկապեք այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու եք,+ այլապես դա գուցե ծուղակ դառնա ձեզ համար:+ 13 Նրանց զոհասեղանները կքանդեք, նրանց սուրբ սյուները կկոտրեք ու սուրբ ձողերը* կկտրեք:+ 14 Ուրիշ աստծու առաջ չխոնարհվեք,+ որովհետև ես՝ Եհովաս, հայտնի եմ որպես* բացարձակ նվիրվածություն պահանջող:* Այո՛, ես բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ:+ 15 Զգուշացե՛ք. այդ երկրի բնակիչների հետ ուխտ չկապեք, որովհետև երբ նրանք պաշտեն իրենց աստվածներին* և զոհ մատուցեն նրանց,+ ձեզ կհրավիրեն, ու դուք կուտեք նրանց մատուցած զոհից:+ 16 Եվ դուք, անկասկած, նրանց աղջիկներին ձեր որդիների համար կին կբերեք.+ նրանց աղջիկները կպաշտեն իրենց աստվածներին* ու ձեր որդիներին էլ կդրդեն նույնն անել:+

17 Ձեզ համար ձուլածո աստվածներ չշինեք:+

18 Նշեք Անթթխմոր հացերի տոնը.+ յոթ օր անթթխմոր հաց կուտեք, ինչպես որ պատվիրել եմ ձեզ: Դա կանեք աբիբ* ամսվա մեջ՝+ նշանակված ժամանակին, քանի որ այդ ամսում դուրս եկաք Եգիպտոսից:

19 Ամեն արու առաջնեկ իմն է՝+ ներառյալ ձեր բոլոր անասունների արու առաջնեկները՝ թե՛ ցուլ, թե՛ ոչխար:+ 20 Էշի առաջնեկին ոչխարով փրկագնեք, իսկ եթե չփրկագնեք, ապա դրա վիզը կոտրեք: Նաև պետք է փրկագնեք ձեր ամեն առաջնեկ որդուն:+ Ձեզնից ոչ ոք թող դատարկաձեռն չներկայանա իմ առաջ:

21 Վեց օր կաշխատեք, իսկ յոթերորդ օրը կհանգստանաք,*+ անգամ հողը հերկելու և հնձի շրջանում:

22 Նշեք Շաբաթների տոնը* և մատուցեք ցորենի առաջին բերքի պտուղները: Տարվա վերջում նշեք Բերքահավաքի տոնը:*+

23 Տարին երեք անգամ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Տիրոջ առաջ:+ 24 Ես ձեր առջևից կքշեմ ազգերին+ և կընդարձակեմ ձեր տարածքը, ու երբ տարին երեք անգամ գնաք ձեր Աստված Եհովայի առաջ ներկայանալու, ոչ ոքի աչքը ձեր երկրի վրա չի լինի:

25 Ինձ համար բերված զոհի արյունը չմատուցեք թթխմորով պատրաստված որևէ բանի հետ:+ Պասեքի տոնի զոհը չպետք է պահեք մինչև առավոտ:+

26 Ձեր հողի առաջին բերքի լավագույն պտուղները պետք է բերեք ձեր Աստված Եհովայի տուն:+

Ուլն իր մոր կաթի մեջ չեփեք»:+

27 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. «Գրի առ այս խոսքերը,+ որովհետև այս խոսքերի հիման վրա ես ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»:+ 28 Մովսեսը 40 օր ու 40 գիշեր մնաց այնտեղ՝ Եհովայի մոտ: Ո՛չ հաց կերավ, ո՛չ էլ ջուր խմեց:+ Եվ Աստված* քարե տախտակների վրա գրեց Տասը պատվիրանները՝* ուխտի խոսքերը:+

29 Այնուհետև Մովսեսն իջավ Սինա լեռան վրայից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին:+ Նա չգիտեր, որ Աստծու հետ խոսելուց հետո իր երեսից լույս էր ճառագում: 30 Երբ Ահարոնն ու մյուս բոլոր իսրայելացիները տեսան Մովսեսին, նկատեցին, որ նրա երեսից լույս է ճառագում, և վախեցան մոտենալ նրան:+

31 Բայց Մովսեսը կանչեց նրանց, և Ահարոնն ու ժողովրդի բոլոր տոհմապետները եկան նրա մոտ, ու նա խոսեց նրանց հետ: 32 Ապա Մովսեսին մոտեցան նաև մյուս բոլոր իսրայելացիները, և նա հաղորդեց նրանց այն բոլոր պատվերները, որ Եհովան Սինա լեռան վրա տվել էր իրեն:+ 33 Այդուհետ՝ ամեն անգամ, երբ Մովսեսը ավարտում էր ժողովրդի հետ խոսելը, քողով ծածկում էր իր երեսը:+ 34 Սակայն երբ մտնում էր վրան՝ Եհովայի հետ խոսելու, իր երեսից հանում էր քողը, մինչև որ դուրս գար:+ Հետո դուրս էր գալիս ու իսրայելացիներին հայտնում էր այն, ինչ իրեն պատվիրվել էր:+ 35 Եվ իսրայելացիները տեսնում էին, որ Մովսեսի երեսից լույս է ճառագում: Այնուհետև Մովսեսը քողով կրկին ծածկում էր երեսը, մինչև որ նորից մտներ Աստծու* հետ խոսելու:+

35 Այս ամենից հետո Մովսեսը մեկտեղ հավաքեց Իսրայելի ողջ հանրությանը և ասաց. «Ահա թե ինչ է Եհովան պատվիրել, որ անենք.+ 2 վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը պետք է ձեզ համար սուրբ լինի: Այն հանգստի հատուկ օր է՝ Եհովային նվիրված Շաբաթ:+ Ով որ այդ օրը գործ անի, պետք է մահվան մատնվի:+ 3 Շաբաթ օրը ձեր բնակատեղիներում կրակ չվառեք»:

4 Ապա Մովսեսը Իսրայելի ողջ հանրությանն ասաց. «Եհովան սա է պատվիրել. 5 «Ձեր ունեցածից Եհովայի համար նվիրաբերություն արեք:+ Թող յուրաքանչյուր ոք, ում սիրտը մղում է տալու,+ Եհովայի համար նվիրաբերի ոսկի, արծաթ, պղինձ, 6 կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք, բարձրորակ վուշ,* այծի մազ,+ 7 խոյի* կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ, 8 յուղ՝ ճրագակալի համար, բալասան՝ օծման յուղի և անուշահոտ խնկի համար,+ 9 եղնգնաքարեր* և այլ քարեր՝ եփուդի* ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար:+

10 Ձեզնից բոլոր նրանք, ովքեր արհեստավարժ են,*+ թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ Եհովան պատվիրել է, 11 այսինքն՝ խորանը իր պաստառներով, ծածկոցներով, կեռերով, շրջանակներով, ձողերով, սյուներով ու ակոսավոր պատվանդաններով, 12 տապանակն+ ու դրա ձողերը,+ կափարիչը+ և բաժանող վարագույրը,+ 13 սեղանն+ ու դրա ձողերը, դրա բոլոր պիտույքները և Նրա առաջ դրվող հացերը,+ 14 ճրագակալն+ ու դրա պիտույքները, ճրագները և դրանց յուղը,+ 15 խնկի սեղանն+ ու դրա ձողերը, օծման յուղն ու անուշահոտ խունկը,+ խորանի մուտքի վարագույրը, 16 ողջակեզի զոհասեղանն+ ու դրա պղնձե ճաղավանդակը, ձողերը և մյուս բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը,+ 17 գավիթը+ սահմանազատող պաստառները, սյուներն ու դրանց ակոսավոր պատվանդանները, գավիթի մուտքի վարագույրը, 18 խորանի սեպերը, գավիթի պաստառների սեպերը և դրանց պարանները,+ 19 սրբարանում ծառայելու համար նախատեսված նուրբ մանվածքով հագուստները,+ Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը+ և նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը»»:

20 Երբ Մովսեսը խոսեց վերջացրեց, ժողովուրդը հեռացավ: 21 Այնուհետև ամեն ոք, ով հոժար սիրտ+ ուներ և պատրաստակամ ոգի, եկավ ու Եհովայի համար նվիրաբերություն արեց, որը պետք է օգտագործվեր հանդիպման վրանը կառուցելու, դրանում կատարվելիք բոլոր ծառայությունների և սուրբ հագուստները պատրաստելու համար: 22 Գալիս էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ բոլոր հոժար սիրտ ունեցողները, և բերում էին ճարմանդներ, ականջօղեր, մատանիներ և այլ զարդեր, ինչպես նաև զանազան ոսկե իրեր: Նրանք բոլորը այդ ոսկե իրերը բերում էին որպես ընծա* Եհովային:+ 23 Ամեն ոք, ով ուներ կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք, բարձրորակ վուշ, այծի մազ, խոյի կարմիր ներկված կաշի և փոկի կաշի, բերում էր այդ ամենը: 24 Ովքեր ցանկանում էին արծաթ ու պղինձ նվիրաբերել, այդ ամենը բերում էին որպես նվիրատվություն Եհովային, և ովքեր ակացիայի փայտ ունեին, այն բերում էին կառուցման տարբեր աշխատանքների համար:

25 Բոլոր արհեստավարժ կանայք+ իրենց ձեռքով մանում էին և բերում իրենց մանածը՝ կապույտ թելը, մանուշակագույն ներկված բուրդը, վառ կարմիր մանվածքը և բարձրորակ վուշը: 26 Հոժար սիրտ ունեցող բոլոր հմուտ կանայք այծի մազից թել էին մանում:

27 Իսկ տոհմապետները եղնգնաքարեր և այլ քարեր էին բերում եփուդի ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար, 28 նաև բալասան էին բերում ու յուղ՝ ճրագների, օծման յուղի+ և անուշահոտ խնկի համար:+ 29 Բոլոր տղամարդիկ ու կանայք, ում սիրտը մղում էր ինչ-որ բան տալու այն բոլոր աշխատանքների համար, որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, բերում էին իրենց նվերը. իսրայելացիները այդ ամենը բերում էին որպես կամավոր ընծա Եհովային:+

30 Հետո Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Ահա Եհովան ընտրել է Բեսելիելին՝ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից,+ 31 և նրան լցրել է իր ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի 32 և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով, 33 քարեր մշակել ու տեղադրել, նաև փայտից ամեն տեսակ գեղարվեստական իրեր պատրաստել: 34 Աստված Բեսելիելին և Դանի ցեղից Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, սովորեցնելու ունակություն է տվել:* 35 Նրանց հմտությամբ* է օժտել,+ որ կատարեն ամեն արհեստավորի գործ, այդ թվում՝ ասեղնագործի և մանածագործի աշխատանք՝ օգտագործելով կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք և բարձրորակ վուշ: Այդ տղամարդիկ կանեն ամեն տեսակ աշխատանք և տարբեր մտահղացումներ կիրագործեն»:

36 «Բեսելիելը պետք է աշխատի Օհոլիաբի և մյուս բոլոր արհեստավարժ* մարդկանց հետ, ում Եհովան իմաստություն ու հասկացողություն է տվել, որ իմանան՝ ինչպես անեն սուրբ ծառայության հետ կապված բոլոր գործերը: Նրանք ամեն բան պետք է անեն ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել է»:+

2 Մովսեսը կանչեց Բեսելիելին, Օհոլիաբին և մյուս բոլոր արհեստավարժ մարդկանց, ում Եհովան իմաստություն էր տվել,+ բոլոր նրանց, ում սիրտը մղում էր հոժարակամորեն կատարելու գործը:+ 3 Այդ մարդիկ Մովսեսից վերցրին ողջ նվիրատվությունը,+ որ իսրայելացիները բերել էին սուրբ ծառայությանն առնչվող գործի համար: Իսկ իսրայելացիները դեռ շարունակում էին ամեն առավոտ կամավոր ընծաներ բերել:

4 Սուրբ գործը սկսելուց հետո բոլոր արհեստավորները մեկը մյուսի հետևից գալիս էին 5 ու Մովսեսին ասում. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Եհովայի պատվիրած գործն անելու համար»: 6 Ուստի Մովսեսը պատվիրեց, որ ամբողջ ճամբարում հայտարարություն արվի. «Տղամարդի՛կ ու կանա՛յք, այլևս ոչինչ մի՛ բերեք որպես սուրբ նվիրատվություն»: Այդպես ժողովրդին հետ պահեցին, որ ավելին չբերի: 7 Նվիրաբերվածը բավական էր գործն անելու համար և դեռ մի բան էլ ավելին էր:

8 Այսպիսով՝ բոլոր հմուտ արհեստավորները+ խորանի+ համար սկսեցին պատրաստել տասը պաստառներ՝ մանված բարձրորակ վուշից,* ինչպես նաև կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից: Դրանց վրա քերովբեներ ասեղնագործվեցին:*+ 9 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը 28 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* Բոլոր պաստառները միևնույն չափսի էին: 10 Հետո Բեսելիելը հինգ պաստառները իրար միացրեց, նույն ձևով իրար միացրեց նաև մյուս հինգը: 11 Այնուհետև կապույտ թելից կապօղակներ պատրաստեց ստացված կտորի վերջին պաստառի եզրին, որտեղից այն պետք է միացվեր մյուս կտորին: Նույնը արեց մյուս կտորի վերջին պաստառի եզրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 12 Նա 50 կապօղակ մի կտորի եզրին պատրաստեց և 50 կապօղակ՝ մյուսի եզրին, այնպես որ միացվելիս դրանք դեմ դիմաց լինեն: 13 Իսկ հետո 50 ոսկե կեռիկ պատրաստեց և դրանցով երկու կտորներն իրար միացրեց: Այդպես ստացվեց մեկ ամբողջական ծածկոց խորանի համար:

14 Խորանը ծածկելու համար նա պատրաստեց նաև այծի մազից պաստառներ՝ 11 հատ:+ 15 Յուրաքանչյուր պաստառի երկարությունը 30 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 4 կանգուն:* 11 պաստառները միևնույն չափսի էին: 16 Հետո հինգ պաստառները միացրեց իրար, նույն ձևով իրար միացրեց նաև մյուս վեցը: 17 Ապա 50 կապօղակ պատրաստեց ստացված կտորի վերջին պաստառի ծայրին, որտեղից այն պետք է միացվեր մյուս կտորին: Եվ 50 կապօղակ էլ պատրաստեց մյուս կտորի վերջին պաստառի ծայրին, որպեսզի այդ մասից կտորներն իրար միացվեն: 18 Նա 50 պղնձե կեռիկ պատրաստեց, որ երկու կտորներն իրար միացվեն, ու ստացվի մեկ ամբողջական ծածկոց:

19 Խորանի համար նա պատրաստեց ևս մեկ ծածկոց խոյի* կարմիր ներկված կաշվից, մի ծածկոց էլ դրա վրա գցելու համար՝ փոկի կաշվից:+

20 Այնուհետև ակացիայի փայտից+ պատրաստեց խորանի շրջանակները, որոնք ուղղահայաց կանգնեցվեցին:+ 21 Յուրաքանչյուր շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, իսկ լայնությունը՝ մեկուկես կանգուն:* 22 Ամեն մի շրջանակն ուներ իրար զուգահեռ երկու ելուստ: Այդպես նա պատրաստեց խորանի բոլոր շրջանակները: 23 Խորանի հարավային կողմի համար 20 շրջանակ պատրաստեց: 24 Այդ 20 շրջանակները կանգնեցնելու համար նա 40 արծաթե պատվանդան պատրաստեց, յուրաքանչյուրի վրա՝ մեկական ակոս, այսինքն՝ երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:+ 25 Քսան շրջանակ էլ պատրաստեց խորանի մյուս, այսինքն՝ հյուսիսային կողմի համար, 26 ինչպես նաև 40 արծաթե ակոսավոր պատվանդան. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:

27 Խորանի հետնամասի, այսինքն՝ դեպի արևմուտք նայող կողմի համար Բեսելիելը վեց շրջանակ պատրաստեց,+ 28 երկու շրջանակ էլ պատրաստեց որպես անկյունային հենարաններ խորանի հետևի երկու անկյունների համար: 29 Դրանք ներքևից վերև բաղկացած էին երկու միանման տախտակներից, որոնք վերևում՝ առաջին ոսկե օղակի մոտ, իրար էին միանում: Այդպես նա պատրաստեց երկու անկյունային հենարանները: 30 Ընդհանուր հաշվով ութ շրջանակ պատրաստեց իրենց 16 արծաթե ակոսավոր պատվանդաններով. երկու ելուստ ունեցող յուրաքանչյուր շրջանակի համար՝ երկու պատվանդան:

31 Շրջանակներն իրար միացնելու համար նա ակացիայի փայտից ձողեր պատրաստեց. հինգ ձող՝* խորանի հարավային կողմի համար,+ 32 հինգ ձող՝ հյուսիսային կողմի համար և հինգ ձող՝ արևմտյան կողմի, այսինքն՝ հետնամասի համար: 33 Յուրաքանչյուր կողմի մեջտեղի ձողը, որն անցնելու էր շրջանակների կենտրոնով, պետք է ձգվեր մի ծայրից մյուս ծայրը: 34 Նա շրջանակները ոսկով պատեց և դրանց համար ոսկե օղակներ պատրաստեց, որոնց միջով անցկացվելու էին ձողերը: Ձողերը նույնպես ոսկով պատեց:+

35 Բեսելիելը մի վարագույր+ պատրաստեց կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Դրա վրա քերովբեներ+ ասեղնագործեց:+ 36 Այն կախելու համար ակացիայի փայտից չորս սյուն պատրաստեց ու ոսկով պատեց: Նաև ոսկուց կախիչներ պատրաստեց և սյուների համար չորս արծաթե ակոսավոր պատվանդաններ ձուլեց: 37 Վրանի մուտքի համար նույնպես վարագույր պատրաստեց կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից՝ միահյուսելով դրանք:+ 38 Նաև պատրաստեց վարագույրը կախելու հինգ սյուները և դրանց վրայի կախիչները: Սյուների գագաթներն ու ամրացնող հարմարանքները* նա ոսկով պատեց, իսկ դրանց հինգ ակոսավոր պատվանդանները պղնձից պատրաստեց:

37 Բեսելիելը+ ակացիայի փայտից պատրաստեց տապանակը:+ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:*+ 2 Նա ներսից ու դրսից մաքուր ոսկով պատեց այն և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց:+ 3 Հետո չորս ոսկե օղակ ձուլեց տապանակի համար, որ ամրացվեն դրա չորս ոտքերի վերևում. երկու օղակ՝ մի կողմում, երկու օղակ՝ մյուս կողմում: 4 Այնուհետև ակացիայի փայտից ձողեր պատրաստեց ու դրանք ոսկով պատեց:+ 5 Ձողերն անցկացրեց տապանակի երկու կողմերի օղակների միջով, որ տապանակը դրանցով տանեն:+

6 Հետո մաքուր ոսկուց կափարիչ պատրաստեց:+ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն:+ 7 Նաև կոփելով պատրաստեց երկու ոսկե քերովբեներ+ և դրեց կափարիչի երկու ծայրերին:+ 8 Մի քերովբեն մի ծայրին էր, իսկ մյուս քերովբեն՝ մյուս ծայրին: Քերովբեները կափարիչի երկու ծայրերին էին: 9 Քերովբեների երկու թևերը տարածված էին դեպի վեր և ծածկում էին կափարիչը:+ Քերովբեները դեմ դիմաց էին: Նրանց երեսները ուղղված էին դեպի կափարիչը:+

10 Հետո նա ակացիայի փայտից պատրաստեց սեղանը:+ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն:*+ 11 Այն մաքուր ոսկով պատեց ու դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց: 12 Ապա սեղանը շրջանակող եզրակալ տեղադրեց՝ ափի լայնությամբ,* և դրա շուրջբոլորը եզերելու համար ևս մեկ ոսկե եզրազարդ պատրաստեց: 13 Այնուհետև սեղանի համար չորս ոսկե օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններին այն հատվածներում, որտեղ չորս ոտքերն էին ամրացված: 14 Օղակները եզրակալի անմիջապես ներքևում էին. դրանց միջով պետք է անցկացվեին ձողերը, որոնցով պետք է տարվեր սեղանը: 15 Այդ ձողերը նա ակացիայի փայտից պատրաստեց ու ոսկով պատեց: 16 Ապա մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի պիտույքները՝ ափսեները, անոթները, ինչպես նաև թասերը և կժերը, որոնցով ըմպելիքի ընծաներ պետք է մատուցվեին:+

17 Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալը.+ կոփելով պատրաստեց այն: Դրա պատվանդանը, բունը, ծաղկաբաժակները, կոկոնները և ծաղիկները մեկ ամբողջական կտոր էին:+ 18 Ճրագակալի բնից վեց ճյուղ էր դուրս գալիս. երեք ճյուղ՝ մի կողմից, երեք ճյուղ՝ մյուս կողմից: 19 Ճրագակալի մի կողմի ճյուղերից ամեն մեկի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Ճրագակալի մյուս կողմի ճյուղերից ամեն մեկի վրա նույնպես կար նշի ծաղկի ձև ունեցող երեք ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: Այսպիսին էին ճրագակալի բնից դուրս եկող վեց ճյուղերը: 20 Ճրագակալի բնի վրա կար նշի ծաղկի ձև ունեցող չորս ծաղկաբաժակ՝ յուրաքանչյուրն իր կոկոնով ու ծաղկով, որոնք հաջորդում էին իրար: 21 Բնի վրա՝ դրանից դուրս եկող առաջին երկու ճյուղերի տակ, մեկ կոկոն կար: Մեկ կոկոն էլ կար հաջորդ երկու ճյուղերի տակ, և մեկ կոկոն՝ վերջին երկու ճյուղերի տակ: Այսպես էին դասավորված կոկոնները ճրագակալի բնի վրա՝ դրանից դուրս եկող վեց ճյուղերի տակ: 22 Կոկոնները, ճյուղերը և ողջ ճրագակալը մեկ ամբողջական կտոր էին՝ կոփված մաքուր ոսկուց: 23 Հետո նա մաքուր ոսկուց պատրաստեց ճրագակալի յոթ ճրագները,+ պատրույգը հանելու ունելիներն ու ամանները: 24 Ճրագակալն իր բոլոր պիտույքներով պատրաստեց մեկ տաղանդ* մաքուր ոսկուց:

25 Այնուհետև Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց խնկարկության սեղանը:+ Այն քառակուսի էր՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ: Դրա բարձրությունը երկու կանգուն էր:* Սեղանից եղջյուրներ էին դուրս գալիս, որոնք դրա հետ մեկ ամբողջական կտոր էին:+ 26 Սեղանը՝ դրա վերևի մակերեսը, բոլոր կողմերն ու եղջյուրները նա մաքուր ոսկով պատեց, և դրա շուրջբոլորը եզերելու համար ոսկե եզրազարդ պատրաստեց: 27 Սեղանի կողմերից երկուսի համար, որոնք դեմ դիմաց են, երկուական ոսկե օղակ պատրաստեց և ամրացրեց եզրազարդի ներքևում, որպեսզի դրանց միջով ձողեր անցկացվեն սեղանը տանելու համար: 28 Ձողերը նա ակացիայի փայտից պատրաստեց ու ոսկով պատեց: 29 Նաև պատրաստեց օծման սուրբ յուղը+ և մաքուր, անուշաբույր խունկը.+ դրանք պատրաստեց վարպետորեն, ինչպես որ պատրաստում են անուշաբույր խառնուրդները:

38 Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց նաև ողջակեզի զոհասեղանը: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն: Այն քառակուսի էր՝ երեք կանգուն բարձրությամբ:*+ 2 Դրա չորս անկյուններին նա եղջյուրներ պատրաստեց: Դրանք զոհասեղանի հետ մեկ ամբողջական կտոր էին: Նա զոհասեղանը պղնձով պատեց:+ 3 Այնուհետև պատրաստեց զոհասեղանի բոլոր պիտույքները՝ դույլերը, բահերը, թասերը, մեծ պատառաքաղներն ու կրակամանները: Զոհասեղանի բոլոր պիտույքները պղնձից էին: 4 Զոհասեղանի համար նա պղնձե ճաղավանդակ՝ ցանց պատրաստեց ու դրեց զոհասեղանի մեջ՝ եզրակալից ներքև՝ մոտավորապես զոհասեղանի մեջտեղում: 5 Հետո չորս օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններում՝ պղնձե ճաղավանդակի մոտ, որ դրանց միջով ձողեր անցկացվեն: 6 Ապա նա ակացիայի փայտից պատրաստեց ձողերը և պղնձով պատեց: 7 Ձողերը անցկացրեց զոհասեղանի կողքերին ամրացված օղակների միջով, որ այն դրանցով տարվի: Զոհասեղանը պատրաստեց տախտակներից. այն նման էր դատարկ արկղի:

8 Այնուհետև նա պատրաստեց պղնձե ավազանը+ և դրա պղնձե պատվանդանը: Դրա համար օգտագործեց այն հայելիները,* որ հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող կանայք էին նվիրաբերել:

9 Իսկ հետո Բեսելիելը սկսեց պատրաստել այն պաստառները, որոնցով պետք է սահմանազատվեր գավիթը:+ Գավիթի հարավային կողմի համար նա մանված բարձրորակ վուշից* պաստառներ պատրաստեց, որոնց ընդհանուր երկարությունը 100 կանգուն* էր:+ 10 Այդ կողմի համար պատրաստված 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները պղնձից էին, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 11 Գավիթի հյուսիսային կողմի համար նույնպես պաստառներ պատրաստեց, որոնց ընդհանուր երկարությունը 100 կանգուն էր: Այդ կողմի համար նախատեսված 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները նույնպես պղնձից էին, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 12 Սակայն արևմտյան կողմի համար պատրաստված պաստառների ընդհանուր երկարությունը 50 կանգուն* էր: Այդ կողմի համար պատրաստվեցին տասը սյուներ և տասը ակոսավոր պատվանդաններ: Սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները* արծաթից էին: 13 Արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմի երկարությունը* 50 կանգուն էր: 14 Այդ կողմի աջ թևի համար պատրաստվեցին պաստառներ, որոնց ընդհանուր երկարությունը 15 կանգուն* էր, նաև երեք սյուներ ու երեք ակոսավոր պատվանդաններ: 15 Մյուս, այսինքն՝ մուտքից ձախ գտնվող թևի համար նույնպես պատրաստվեցին պաստառներ, որոնց ընդհանուր երկարությունը 15 կանգուն էր, նաև երեք սյուներ ու երեք ակոսավոր պատվանդաններ: 16 Գավիթը սահմանազատելու բոլոր պաստառները մանված բարձրորակ վուշից էին: 17 Սյուների ակոսավոր պատվանդանները պղնձից էին, իսկ սյուների կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: Գավիթի սյուների գագաթները արծաթով էին պատված, ու բոլոր սյուները արծաթե ամրակներ ունեին:+

18 Գավիթի մուտքի վարագույրը հյուսված էր կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Այն մի կողմից մյուսը ուներ 20 կանգուն երկարություն, իսկ դրա բարձրությունը 5 կանգուն էր՝* նույնքան, որքան գավիթի պաստառներինը:+ 19 Դրա չորս սյուներն ու չորս ակոսավոր պատվանդանները պղնձից էին, սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից, իսկ սյուների գագաթները պատված էին արծաթով: 20 Խորանի սեպերը և գավիթի ցանկապատի բոլոր սեպերը պղնձից էին:+

21 Մովսեսը պատվիրեց, որ Վկայության+ խորանի համար օգտագործված նյութերի հաշվառում արվի: Այդ պարտականությունը կատարեցին ղևտացիները+ Ահարոն քահանայի որդու՝ Իթամարի+ առաջնորդությամբ: 22 Բեսելիելը՝+ Հուդայի ցեղից Հուրի որդի Ուրիի որդին, արեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին: 23 Նրան օգնեց Օհոլիաբը՝+ Դանի ցեղից Աքիսամայի որդին, որը արհեստավոր էր, ասեղնագործ և մանածագործ: Նա գործվածք էր պատրաստում կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից ու մանված բարձրորակ վուշից:

24 Սուրբ վայրի ամբողջ աշխատանքի համար գործածվեց այն ոսկին, որ բերվել էր որպես երերացնելու ընծա.+ այն կազմեց 29 տաղանդ* և 730 սիկղ՝* սուրբ վայրի կշռաչափով:* 25 Իսկ արծաթը, որ բերել էին ժողովրդի մեջ հաշվառված բոլոր տղամարդիկ, 100 տաղանդ* և 1 775 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով: 26 Հաշվառվածները 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդիկ էին՝ 603 550 հոգի,+ որոնցից յուրաքանչյուրը կես սիկղ* էր բերել՝ սուրբ վայրի կշռաչափով:+

27 Սուրբ վայրի ակոսավոր պատվանդանները և վարագույրը կախելու սյուների ակոսավոր պատվանդանները ձուլելու համար 100 տաղանդ արծաթ օգտագործվեց, 100 տաղանդ՝ 100 ակոսավոր պատվանդանի համար, այսինքն՝ ամեն ակոսավոր պատվանդանի համար՝ մեկ տաղանդ:+ 28 Իսկ 1 775 սիկղ արծաթը օգտագործվեց սյուների վրայի կախիչները պատրաստելու, սյուների գագաթներն արծաթով պատելու, ինչպես նաև սյուներն իրար միացնող հարմարանքների համար:

29 Որպես ընծա* բերված պղինձը 70 տաղանդ* և 2 400 սիկղ* էր: 30 Դրանով Բեսելիելը պատրաստեց խորանի* մուտքի ակոսավոր պատվանդանները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե ճաղավանդակն ու բոլոր պիտույքները, 31 ինչպես նաև գավիթի շուրջը եղող ակոսավոր պատվանդանները, գավիթի մուտքի ակոսավոր պատվանդանները, խորանի բոլոր սեպերն ու գավիթը շրջապատող ցանկապատի բոլոր սեպերը:+

39 Արհեստավարժ մարդիկ կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից+ պատրաստեցին նուրբ մանվածքով հագուստները, որ նախատեսված էին սրբարանում ծառայելու համար: Նրանք պատրաստեցին Ահարոնի սուրբ հանդերձանքը+ ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

2 Բեսելիելը ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից* պատրաստեց եփուդը:*+ 3 Հետո արհեստավորները ոսկե թիթեղները ծեծելով բարակացրին, և Բեսելիելը դրանցից թելեր կտրեց: Նրանք ոսկու այդ թելերով, ինչպես նաև կապույտ թելով, մանուշակագույն բրդյա թելով ու վառ կարմիր մանվածքով ասեղնագործեցին բարձրորակ վուշից հյուսված կտորի վրա: 4 Եփուդի համար նրանք երկու ուսային կտորներ պատրաստեցին, որոնցով առաջամասը միացրին հետևամասին: 5 Գոտին, որը ամրացվեց եփուդին՝ այն ձիգ կապելու համար,+ պատրաստվեց նույն հումքից՝ ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

6 Հետո ոսկե շրջանակների մեջ տեղադրեցին եղնգնաքարերը* և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները, ինչպես կնիքի վրա են փորագրում:+ 7 Բեսելիելը դրանք դրեց եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակ Իսրայելի որդիների համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 8 Այնուհետև պատրաստեց կրծքապանակը,+ որն ասեղնագործված էր, ինչպես եփուդը: Այն պատրաստված էր ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:+ 9 Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի էր՝ մեկ թիզ* երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ: 10 Դրա վրա չորս շարքով քարեր տեղադրվեցին: Առաջին շարքում՝ ռուբին,* տպազիոն և զմրուխտ. 11 երկրորդ շարքում՝ փիրուզ, շափյուղա և հասպիս. 12 երրորդ շարքում՝ լեշեմ,* ագաթ և ամեթիստ. 13 չորրորդ շարքում՝ ոսկեքար,* եղնգնաքար* և ժադեիտ: Դրանք տեղադրվեցին ոսկե շրջանակների մեջ: 14 Քարերը համապատասխանում էին Իսրայելի 12 որդիների թվին: Քարերի վրա անունները փորագրվեցին կնիքի վրա արվող փորագրության պես: Յուրաքանչյուր անուն ներկայացնում էր Իսրայելի 12 ցեղերից մեկին:

15 Հետո նրանք մաքուր ոսկուց պատրաստեցին պարանի պես ոլորված շղթաներ և ամրացրին կրծքապանակի վրա:+ 16 Ապա պատրաստեցին երկու ոսկե շրջանակներ ու երկու ոսկե օղակներ և այդ երկու օղակներն ամրացրին կրծքապանակի երկու ծայրերին:* 17 Երկու ոսկե շղթաներն անցկացրին կրծքապանակի ծայրերին ամրացված երկու օղակների միջով: 18 Երկու շղթաների մյուս ծայրերը եփուդի առջևի մասից անցկացրին դրա ուսային կտորների վրա ամրացված երկու շրջանակների միջով: 19 Հետո երկու ոսկե օղակ պատրաստեցին ու ամրացրին կրծքապանակի ներքևի երկու ծայրերին ներսի կողմից, այսինքն՝ եփուդին հպվող կողմից:+ 20 Երկու ոսկե օղակ էլ պատրաստեցին և ամրացրին եփուդի առաջամասին՝ ուսային կտորներից ներքև՝ գոտու անմիջապես վերևում՝ այն մասում, որտեղ գոտին կցվում է եփուդին: 21 Ի վերջո կրծքապանակի օղակները կապույտ կապիչներով կապեցին եփուդի օղակներին, որ կրծքապանակը եփուդի վրա մնա իր տեղում՝ գոտուց վեր, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

22 Այնուհետև Բեսելիելը եփուդի տակից հագնելու անթև վերնահագուստը պատրաստեց՝ այն ամբողջությամբ հյուսելով կապույտ թելից:+ 23 Անթև վերնահագուստի մեջտեղում գլխի համար բացվածք կար, և դրա եզրերը հյուսված էին այնպես, որ այն զրահի բացվածքի պես ամուր լիներ ու չպատռվեր: 24 Իսկ հետո արհեստավորները, կապույտ թելը, մանուշակագույն ներկված բուրդն ու վառ կարմիր մանվածքը իրար հետ ոլորելով, նռներ պատրաստեցին ու ամրացրին վերնահագուստի փեշին: 25 Ապա մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու ամրացրին նռների արանքներում՝ անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով. 26 քահանայական ծառայության համար նախատեսված անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով ամեն զանգակից հետո մեկ նուռ ամրացվեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

27 Հետո արհեստավորները պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների երկար զգեստները՝ հյուսելով դրանք բարձրորակ վուշից:+ 28 Բարձրորակ վուշից պատրաստեցին նաև գլխափաթթոցը,+ նախշազարդ գլխադիրները+ և վարտիքները:+ 29 Իսկ գոտին պատրաստեցին բարձրորակ վուշից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից՝ միահյուսելով դրանք, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

30 Վերջում արհեստավորները մաքուր ոսկուց պատրաստեցին փայլուն թիթեղը՝ նվիրման սուրբ նշանը,* և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, հետևյալ խոսքերը փորագրեցին՝ «Սրբությունը Եհովայինն է»:+ 31 Ապա կապույտ թելից կապիչ ամրացրին թիթեղին, որ դրանով այն կապեն գլխափաթթոցի վրա, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

32 Այսպիսով՝ ավարտվեցին խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի կառուցման բոլոր աշխատանքները: Իսրայելացիները ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին.+ նրանք հենց այդպես արեցին:

33 Նրանք Մովսեսի մոտ բերեցին խորանի+ բոլոր մասերը. պաստառներն+ ու մյուս բոլոր պարագաները՝ կեռիկները,+ շրջանակները,+ ձողերը,+ սյուները, ակոսավոր պատվանդանները,+ 34 խոյի կարմիր ներկված կաշվից ծածկոցը,+ փոկի կաշվից ծածկոցը, բաժանող վարագույրը,+ 35 Վկայության տապանակը և դրա ձողերն+ ու կափարիչը,+ 36 սեղանը և դրա բոլոր պիտույքները,+ Աստծու առաջ դրվող հացերը, 37 մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալն իր ճրագներով,+ այսինքն՝ վրան շարված ճրագներով, ճրագակալի բոլոր պիտույքները,+ ճրագների յուղը,+ 38 խնկարկության ոսկե սեղանը,*+ օծման յուղը,+ անուշաբույր խունկը,+ վրանի մուտքի վարագույրը,+ 39 պղնձե զոհասեղանը,+ դրա պղնձե ճաղավանդակը, ձողերն+ ու բոլոր պիտույքները,+ ավազանը և դրա պատվանդանը,+ 40 գավիթի պաստառները, սյուները, ակոսավոր պատվանդանները,+ գավիթի մուտքի վարագույրը,+ պաստառների պարաններն ու սեպերը,+ ինչպես նաև խորանին, այսինքն՝ հանդիպման վրանին առնչվող ծառայության բոլոր պիտույքները, 41 սրբարանում ծառայելու համար նախատեսված նուրբ մանվածքով հագուստները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը+ և նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը:

42 Իսրայելացիները ամբողջ աշխատանքն արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 43 Մովսեսը ստուգեց նրանց արած ողջ գործը և տեսավ, որ նրանք ամեն բան արել են ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր: Եվ Մովսեսը օրհնեց նրանց:

40 Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 2 «Առաջին ամսվա առաջին օրը կանգնեցրու խորանը՝ հանդիպման վրանը:+ 3 Վկայության+ տապանակը դիր այնտեղ և վարագույրով+ առանձնացրու այն հատվածը, որտեղ տապանակն է: 4 Ներս տար սեղանը+ և վրան դասավորիր այն ամենը, ինչ պետք է դրվի դրա վրա: Հետո ներս տար ճրագակալը+ և վառիր ճրագները:+ 5 Խնկարկության ոսկե սեղանը*+ դիր Վկայության տապանակի դիմաց,* ապա կախիր խորանի մուտքի վարագույրը:+

6 Ողջակեզի զոհասեղանը+ դիր խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի դիմաց, 7 իսկ ավազանը դիր հանդիպման վրանի և զոհասեղանի միջև ու մեջը ջուր լցրու:+ 8 Խորանի գավիթի+ շուրջբոլորը ցանկապատ կանգնեցրու և կախիր գավիթի մուտքի վարագույրը:+ 9 Հետո վերցրու օծման յուղը+ և օծիր խորանն ու այնտեղ գտնվող ամեն բան:+ Խորանն ու դրա ողջ կահկարասին սրբագործիր,* որպեսզի սուրբ դառնան: 10 Օծիր ողջակեզի զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները և սրբագործիր զոհասեղանը, որ այն անչափ սուրբ դառնա:+ 11 Օծիր ավազանն ու դրա պատվանդանը և սրբագործիր դրանք:

12 Հետո Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ և ջրով լվացվել տուր* նրանց:+ 13 Ահարոնին հագցրու սուրբ հանդերձանքը,+ օծիր ու սրբագործիր նրան,+ և նա կծառայի ինձ որպես քահանա: 14 Ապա մոտ բեր նրա որդիներին և նրանց հագցրու երկար զգեստները:+ 15 Օծիր նրանց, ինչպես իրենց հորը,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ: Այդ օծումը նշան կլինի, որ նրանք ու իրենց որդիները սերնդեսերունդ ծառայելու են ինձ որպես քահանաներ»:+

16 Մովսեսն ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն.+ նա հենց այդպես արեց:

17 Այսպիսով՝ երկրորդ տարում՝ առաջին ամսվա առաջին օրը, խորանը կանգնեցվեց:+ 18 Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց ակոսավոր պատվանդանները,+ տեղադրեց շրջանակները,+ ձողերն+ անցկացրեց օղակների միջով և կանգնեցրեց սյուները: 19 Այնուհետև խորանի հիմնակմախքի վրա տարածեց ծածկոցը,+ դրա վրա էլ գցեց մյուս ծածկոցները,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

20 Դրանից հետո նա վերցրեց Վկայության տախտակներն+ ու դրեց տապանակի+ մեջ, տապանակի ձողերն+ անցկացրեց օղակների միջով և կափարիչը+ դրեց վրան:+ 21 Ապա Վկայության տապանակը բերեց խորան: Այն հատվածը, որտեղ տապանակն էր,+ առանձնացրեց բաժանող վարագույրով,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

22 Այնուհետև սեղանը+ դրեց վարագույրից դուրս՝ խորանի՝ հանդիպման վրանի հյուսիսային կողմում, 23 և հացերը+ դասավորեց դրա վրա՝ Եհովայի առաջ, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

24 Իսկ ճրագակալը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի հարավային կողմում՝ սեղանի դիմաց: 25 Մովսեսը Եհովայի առաջ վառեց ճրագները,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

26 Հետո Մովսեսը հանդիպման վրանում՝ վարագույրի* դիմաց, դրեց խնկարկության ոսկե սեղանը՝+ 27 դրա վրա անուշաբույր խունկ+ ծխեցնելու համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

28 Ապա կախեց խորանի մուտքի վարագույրը:+

29 Ողջակեզի զոհասեղանը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, որ դրա վրա ողջակեզ+ և հացի ընծա մատուցվի: Նա արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

30 Հետո հանդիպման վրանի և զոհասեղանի միջև դրեց ավազանը ու դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար:+ 31 Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով լվացին իրենց ձեռքերն ու ոտքերը: 32 Ամեն անգամ նախքան հանդիպման վրան մտնելն ու զոհասեղանին մոտենալը նրանք* լվացվում էին,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:

33 Վերջում Մովսեսը խորանի գավիթի+ շուրջբոլորը ցանկապատ կանգնեցրեց և կախեց գավիթի մուտքի վարագույրը:+

Այսպիսով՝ նա ավարտեց ամբողջ գործը: 34 Այդ ժամանակ ամպը ծածկեց խորանը,* և այն լցվեց Եհովայի փառքով:+ 35 Մովսեսը չէր կարողանում մտնել խորան,* որովհետև ամպը դրա վերևում էր. խորանը լցված էր Եհովայի փառքով:+

36 Երբ ամպը բարձրանում էր խորանի վրայից, իսրայելացիները հավաքում էին իրենց ճամբարն ու մեկնում. նրանք այդպես էին անում իրենց ողջ ճամփորդության ընթացքում:+ 37 Մինչև ամպը չբարձրանար, նրանք չէին հավաքում ճամբարը:+ 38 Ողջ ճամփորդության ընթացքում Իսրայելի ժողովուրդը տեսնում էր, որ ցերեկը Եհովայի ամպն է խորանի վերևում, իսկ գիշերը՝ կրակը:+

Բռց.՝ «երանքից դուրս եկած»:

Բռց.՝ «Իսրայելի որդիները»:

Կամ՝ «տապանակ», «արկղ»:

Նշանակում է «դուրս բերված», այսինքն՝ ջրից փրկված:

Կամ՝ «ուժեղ տղամարդ էր դարձել»:

Փոքր ավազան՝ անասուններին ջուր տալու համար:

Կամ՝ «պաշտպանեց»:

Այսինքն՝ Հոթորի:

Նշանակում է «պանդուխտ այնտեղ»:

Բռց.՝ «հիշեց իր ուխտը»: Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «հոր»:

Խոսքը ուշադրություն դարձնելու մասին է:

Բռց.՝ «կծառայեք»:

Կամ՝ «Ես կլինեմ այն, ինչ կլինեմ»: Տես հավելված Ա4:

Կամ հնարավոր է՝ «երեք օրվա ճանապարհ»:

Բռց.՝ «քո բերանի հետ կլինեմ»:

Բռց.՝ «նրա սիրտը կուրախանա»:

Կամ՝ «դու նրա համար կլինես Աստծու ներկայացուցիչ»:

Կամ՝ «փնտրում էին քո հոգին»:

Այսինքն՝ Եհովային ներկայացնող հրեշտակը:

Հնարավոր է՝ խոսքը Մովսեսի որդու մասին է:

Կամ՝ «կայծքարե դանակ»:

Հնարավոր է՝ խոսքը հրեշտակի մասին է:

Կամ՝ «դրանով դիպավ նրա ոտքերին»:

Կամ հնարավոր է՝ «երեք օրվա ճանապարհ»:

Հացահատիկի մանրած ցողուններ:

Կամ՝ «ծույլ են»:

Կամ՝ «Ծո՛ւյլ եք, ծո՛ւյլ»:

Կամ՝ «մեզ գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների համար»:

Ըստ ամենայնի, սա նշանակում է, որ նրանք լիովին չէին հասկանում Աստծու անվան նշանակությունը:

Բռց.՝ «մեկնած»:

Բռց.՝ «ձեռքս բարձրացրել եմ»:

Բռց.՝ «շուրթերով անթլփատ եմ»:

Բռց.՝ «իր հոր քրոջը»:

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:

Բռց.՝ «շուրթերով անթլփատ եմ»:

Բռց.՝ «ես քեզ Աստված եմ դարձրել»:

Բռց.՝ «իմ զորքերին՝ իմ ժողովրդին»:

Կամ՝ «մոգությամբ զբաղվող քրմերը»:

Բռց.՝ «ծառայի»:

Հավանաբար այնպիսի ճանճեր, ինչպիսիք են բոռերն ու մոզերը:

Կամ հնարավոր է՝ «երեք օրվա ճանապարհ»:

Կամ՝ «խաղեր խաղա մեզ հետ»:

Հավանաբար, այսպես նկարագրվում է հզոր կայծակը:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Կամ՝ «կտավը»:

Բռց.՝ «ծուղակ»:

Կամ՝ «գետինը սևացավ»:

Ըստ ամենայնի, Մովսեսը:

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:

Բռց.՝ «հայրերի տան»:

Բռց.՝ «Իսրայելի հանրության ողջ ժողովը»:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Այսինքն՝ հում կամ կիսահում:

Նշանակում է «վրայից անցնել», «կողքով անցնել»: Բառարանում տես «Պասեք»:

Բռց.՝ «զորքերը»:

Այսինքն՝ գառ կամ ուլ:

Բառարանում տես «Զոպա»:

Բռց.՝ «հետևակ տղամարդ»: Ըստ ամենայնի, վերաբերում է զինվորական ծառայության համար պիտանի տղամարդկանց:

Այսինքն՝ ոչ իսրայելացիներից կազմված բազմություն, որոնց մեջ կային նաև եգիպտացիներ:

Բռց.՝ «զորքերը»:

Բռց.՝ «Իսրայելի որդիներին իրենց զորքերով հանդերձ»:

Բռց.՝ «ամեն արգանդ բացող յուրաքանչյուր առաջնեկի»:

Բռց.՝ «սրբագործիր»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «տնից»:

Տես հավելված Բ15:

Բռց.՝ «բոլոր սահմաններում»:

Բռց.՝ «աչքերի միջև»:

Բռց.՝ «բերանում»:

Բառարանում տես «Փրկագին»:

Բռց.՝ «բարձրացրած ձեռքով»:

Բռց.՝ «Առավոտյան պահին»: Այսինքն՝ գիշերվա մոտ ժ. 2:00-ից մինչև առավոտվա մոտ ժ. 6:00-ն:

Բռց.՝ «ձեռքով»:

«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:

Բռց.՝ «Երկունքի ցավերի»:

Բռց.՝ «քո ժառանգության լեռան վրա»:

Նշանակում է «դառնություն»:

Բռց.՝ «ժողովը»:

Բռց.՝ «Երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «Շաբաթ պահելու օր»:

Կամ՝ «հանգստանալ»:

Հավանաբար ծագել է եբր. մա՞ն հու արտահայտությունից, որը նշանակում է «ի՞նչ է սա»:

Այստեղ «Վկայությունը», ըստ ամենայնի, վերաբերում է մի արկղի, որն օգտագործվում էր որպես պահոց կարևոր արձանագրությունների համար:

1 արդուն մոտ 22 լ է: Տես հավելված Բ14:

Նշանակում է «ստուգում», «փորձություն»:

Նշանակում է «վեճ»:

Նշանակում է «Եհովան իմ նշանասյունն է»:

Նշանակում է «պանդուխտ դարձա այնտեղ»:

Նշանակում է «իմ Աստվածը օգնական է»:

Բռց.՝ «ամեն ժամանակ»:

Կամ՝ «թանկագին»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Հավանաբար նետով:

Բռց.՝ «խոյի եղջյուրի»:

Բռց.՝ «Կնոջ մի՛ մոտեցեք»:

Բռց.՝ «ձայնով պատասխանում էր»:

Հավանաբար, խոսքը ընտանիքների գլուխների մասին է:

Կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով»: Բռց.՝ «Երեսիս դեմ»:

Կամ՝ «ու թույլ չտաս, որ քեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:

Բառարանում տես «Շնություն»:

Կամ՝ «Դրացուդ»:

Բռց.՝ «վախ»:

Կամ՝ «ինձ պաշտեն»:

Կամ՝ «տաշված»:

Բռց.՝ «մերկությունը»:

Բռց.՝ «փրկագնել»:

Կամ հնարավոր է՝ «տերը»: Բռց.՝ «նա»:

Կամ հնարավոր է՝ «գործիքով»:

Բռց.՝ «նրա ձեռքի տակ»:

Կամ՝ «լուրջ վնասվածքի»:

Կամ՝ «հոգու դիմաց հոգի»:

Կամ՝ «փոխհատուցում»:

Մոտ 342 գ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «փոսի տերը»:

Եբր. բառը մասնավորապես վերաբերում է կախարդությամբ զբաղվող կանանց:

Կամ՝ «անհայր երեխային»:

Կամ՝ «անհայր»:

Կամ՝ «Չհայհոյես»:

Կամ՝ «ղեկավարներից»:

Կամ՝ «չարագործին չեմ արդարացնի»:

Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:

Բռց.՝ «աղախնիդ որդին»:

Ըստ ամենայնի, սա վերաբերում է երկրպագելու նպատակով անունները հիշատակելուն:

Հայտնի է նաև որպես Շաբաթների տոն կամ Պենտեկոստե:

Հայտնի է նաև որպես Տաղավարների տոն:

Բռց.՝ «իմ անունը նրա մեջ է»:

Կամ՝ «թույլ չտաք, որ ձեզ ներքաշեն դրանց պաշտամունքի մեջ»:

Կամ հնարավոր է՝ «խուճապի», «սարսափի»:

Բռց.՝ «անապատից մինչև Գետը»:

Ըստ ամենայնի, այս գիրքն ընդգրկում էր 20:22-23:33-ում գրված օրենքները:

Այսինքն՝ տեսան Աստծու փառքը:

Կամ՝ «կարմրավուն մանուշակագույն»:

Կամ՝ «որդան կարմրով ներկված»:

Կամ՝ «կտավ»:

Այսինքն՝ արու ոչխարի:

Կամ՝ «օնիքսներ»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «սրբարան»:

Երկրպագության համար նախատեսված շարժական վրան, որ օգտագործում էին իսրայելացիները: Կոչվում է նաև «հանդիպման վրան»:

Տապանակի չափսերը՝ մոտ 111 × 67 × 67 սմ: Տես հավելված Բ14:

Սա վերաբերում է Տասը պատվիրանների տախտակներին:

Սեղանի չափսերը՝ մոտ 89 × 45 × 67 սմ:

Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:

Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «կտավից»:

Պաստառի չափսերը՝ մոտ 12,5 × 1,8 մ: Տես հավելված Բ14:

Պաստառի չափսերը՝ մոտ 13 × 1,8 մ:

Մոտ 44,5 սմ:

Այսինքն՝ արու ոչխարի:

Շրջանակի չափսերը՝ մոտ 4,5 × 0,7 մ:

Ըստ ամենայնի, յուրաքանչյուր կողմում՝ վերևում և ներքևում, օգտագործվում էին երկուական կարճ ձողեր, իսկ մեջտեղում՝ ծայրից ծայր՝ մեկ երկար ձող:

Ըստ երևույթին, խոսքը այն կեռիկների մասին է, որոնցով խորանի ծածկոցի երկու կտորները իրար էին միացվում:

Զոհասեղանի չափսերը՝ մոտ 2,2 × 2,2 × 1,3 մ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «ճարպոտ մոխիրը»: Այսինքն՝ զոհերի ճարպով ներծծված մոխիրը:

Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:

Կամ՝ «կտավից»:

Մոտ 44,5 մ:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Մոտ 22,3 մ:

Մոտ 6,7 մ:

Մոտ 8,9 մ:

Մոտ 2,2 մ:

Բռց.՝ «իմաստուն սիրտ ունեն»:

Բռց.՝ «իմաստության ոգով»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Տես հավելված Բ5:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «կտավ»:

Կամ՝ «օնիքս»:

Մոտ 22,2 սմ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուտակ»:

Տառադարձված է եբր.-ից: Անհայտ թանկարժեք քար: Հավանաբար, խոսքը սաթի, հակինթի, օպալի կամ տուրմալինի մասին է:

Կամ՝ «քրիզոլիթ»:

Կամ՝ «օնիքս»:

Այսինքն՝ վերևի անկյուններին:

Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:

Կամ՝ «ջուլհակը»:

Կամ՝ «կառանձնացնեն»:

Բռց.՝ «լցրու նրանց ձեռքը»:

Կամ՝ «սեռական օրգանները»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «բարձրորակ»:

Բռց.՝ «ջրով լվա»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «սուրբ պսակը»:

Բռց.՝ «լցնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքը»:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:

Բռց.՝ «սրբագործիր»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «իրենց ձեռքը լցնելու»:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Բռց.՝ «նրանց ձեռքը լցնելու»:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:

Խնկարկության սեղանի չափսերը՝ մոտ 44,5 × 44,5 × 89 սմ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:

Մոտ 5,7 գ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:

Մոտ 5,7 կգ:

Թանկարժեք, անուշաբույր խեժ:

Մոտ 2,9 կգ:

Անուշաբույր բուսանյութ, որը ստանում էին դարչնենիների ցեղի ծառատեսակից:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 3,67 լ: Տես հավելված Բ14:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:

Սա անհայտ ծագման բաղադրամաս է: Հնարավոր է՝ այն ստացել են որոշ անուշաբույր բույսերից կամ որոշ խեցիավոր փափկամարմիններից:

Բուսական ծագում ունեցող խեժ:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Բռց.՝ «անունով կանչել եմ»:

Բռց.՝ «բոլոր իմաստուն սիրտ ունեցողների սրտի մեջ իմաստություն եմ դնում»:

Բռց.՝ «սրբագործել եմ ձեզ»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «խստապարանոց»:

Բռց.՝ «իր Աստված Եհովայի երեսը փափկացնել»:

Կամ՝ «ափսոսա քո ժողովրդի դեմ մտադրած չարիքի համար»:

Կամ՝ «ափսոսաց իր ժողովրդի դեմ մտադրած չարիքի համար»:

Բռց.՝ «մի մուտքից մյուսը»:

Բռց.՝ «խստապարանոց»:

Բռց.՝ «խստապարանոց»:

Բռց.՝ «հանեցին իրենց զարդերը»:

Բառարանում տես «Հանդիպման վրան»:

Բռց.՝ «անունով»:

Կամ՝ «Ես ընտրել եմ քեզ»:

Բռց.՝ «բարեհաճություն ես գտել իմ աչքերում»:

Բռց.՝ «հանգստություն»:

Բռց.՝ «անունով»:

Կամ՝ «իմ ողջ բարեսիրությունը»: Բառարանում տես «Բարեսիրություն»:

Այսինքն՝ կհայտնի, թե ինչպիսի անձնավորություն է ինքը:

Այսինքն՝ հայտնեց, թե ինչպիսի անձնավորություն է ինքը:

Կամ՝ «միշտ հավատարիմ եմ»:

Կամ՝ «և հայրերի հանցանքների համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:

Բռց.՝ «խստապարանոց»:

Բառարանում տես «Սուրբ ձող»:

Կամ՝ «որովհետև Եհովայի անունն է»:

Կամ՝ «մրցակիցներ չհանդուրժող»:

Բռց.՝ «պոռնկություն գործեն իրենց աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Բռց.՝ «պոռնկություն կգործեն իրենց աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Տես հավելված Բ15:

Կամ՝ «կպահեք Շաբաթը»:

Հայտնի է նաև որպես Հնձի տոն կամ Պենտեկոստե:

Հայտնի է նաև որպես Տաղավարների տոն:

Բռց.՝ «նա»:

Բռց.՝ «Տասը խոսքերը»: Դրանք միասին կոչվում են նաև Տասնաբանյա կամ Դեկալոգ:

Բռց.՝ «նրա»:

Կամ՝ «կտավ»:

Այսինքն՝ արու ոչխարի:

Կամ՝ «օնիքսներ»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Բռց.՝ «իմաստուն սիրտ ունեն»:

Կամ՝ «երերացնելու ընծա»:

Բռց.՝ «սրտում դրել է սովորեցնել»:

Բռց.՝ «սրտի իմաստությամբ»:

Բռց.՝ «իմաստուն սիրտ ունեցող»:

Կամ՝ «կտավից»:

Կամ՝ «նա քերովբեներ ասեղնագործեց»: Ըստ ամենայնի, խոսքը Բեսելիելի մասին է:

Պաստառի չափսերը՝ մոտ 12,5 × 1,8 մ: Տես հավելված Բ14:

Պաստառի չափսերը՝ մոտ 13,4 × 1,8 մ:

Այսինքն՝ արու ոչխարի:

Շրջանակի չափսերը՝ մոտ 4,5 × 0,7 մ:

Ըստ ամենայնի, յուրաքանչյուր կողմում՝ վերևում և ներքևում, օգտագործվում էին երկուական կարճ ձողեր, իսկ մեջտեղում՝ ծայրից ծայր՝ մեկ երկար ձող:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Տապանակի չափսերը՝ մոտ 111 × 67 × 67 սմ: Տես հավելված Բ14:

Սեղանի չափսերը՝ մոտ 89 × 45 × 67 սմ:

Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:

Մոտ 34,2 կգ է: Տես հավելված Բ14:

Խնկարկության սեղանի չափսերը՝ մոտ 44,5 × 44,5 × 89 սմ:

Զոհասեղանի չափսերը՝ մոտ 2,2 × 2,2 × 1,3 մ: Տես հավելված Բ14:

Այսինքն՝ մետաղյա հայելիներ, որոնք լավ փայլեցված էին:

Կամ՝ «կտավից»:

Մոտ 44,5 մ:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Մոտ 22,3 մ:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Այսինքն՝ գավիթի լայնությունը:

Մոտ 6,7 մ:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Վարագույրի չափսերը՝ մոտ 8,9 × 2,2 մ:

Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:

Մոտ 992 կգ: Տես հավելված Բ14:

Մոտ 8,3 կգ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:

Մոտ 34,2 տ:

Մոտ 20,2 կգ:

Մոտ 5,7 գ:

Կամ՝ «երերացնելու ընծա»:

Մոտ 2,4 տ:

Մոտ 27,4 կգ:

Բռց.՝ «հանդիպման վրանի»:

Կամ՝ «կտավից»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «օնիքսները»:

Մոտ 22,2 սմ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «սուտակ»:

Տառադարձված է եբր.-ից: Անհայտ թանկարժեք քար: Հավանաբար, խոսքը սաթի, հակինթի, օպալի կամ տուրմալինի մասին է:

Կամ՝ «քրիզոլիթ»:

Կամ՝ «օնիքս»:

Այսինքն՝ վերևի անկյուններին:

Կամ՝ «սուրբ պսակը»:

Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»:

Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»:

Այսինքն՝ Վկայության տապանակի կողքին գտնվող բաժանող վարագույրից այն կողմ:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «ջրով լվա»:

Այսինքն՝ այն վարագույրի, որը առանձնացնում էր այն հատվածը, որտեղ Վկայության տապանակն էր:

Հնարավոր է՝ վերաբերում է Ահարոնին ու նրա որդիներին:

Բռց.՝ «հանդիպման վրանը»:

Բռց.՝ «հանդիպման վրան»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը